Մայիսի 13-ին ճանաչողական այցով խորհրդարանում էին Երեւանի զբոսաշրջության, սպասարկման ու սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները:
Նրանց հետ հանդիպեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:
Նա ուսանողներին պատմեց` ինչպես է որոշել դառնալ գիտնական, իսկ հետո զբաղվել ծրագրավորմամբ, այնուհետեւ` քաղաքականությամբ:
Պատգամավորն ուսանողներին պատմեց իր հորեղբոր` Մովսես Գորգիսյանի մասին: Գեւորգ Գորգիսյանի համար հորեղբոր խոսքերը կարգախոս են դարձել. «Հայաստանը կարող է լուծել բոլոր խնդիրներն ու հարցերը, եթե լինի ուժեղ ու հզոր»:
Պատգամավորը խորհուրդ տվեց ունենալ երազանք եւ գնալ դրա ետեւից, չնայած բարդություններին` չհուսահատվել եւ պայքարել մինչեւ վերջ:
Հյուրերն այցելեցին խորհրդարանի թանգարան, որտեղ ծանոթացան ԱԺ-ի պատմությանը, իսկ գրադարանում՝ գրքերի բազմազանությանը: