National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.6.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
01.06.2021
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկեցին «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
1 / 14

Հունիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվեցին «ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը ներկայացրեց բյուջետային փաստաթղթի կազմման հիմնական առանձնահատկությունները եւ իրականացրած ծրագրերի տրամաբանությունը: Թեպետ հաշվետու տարվա համար տնտեսական զարգացման ոլորտային քաղաքականությունը եւ հարկաբյուջետային շրջանակը կառուցվել են Կառավարության ծրագրի առաջնահերթությունների հիման վրա, սակայն  կորոնավիրուսի համավարակը եւ Արցախյան պատերազմը նոր մարտահրավերներ ու խնդիրներ են առաջացրել:

«Այդ պայմաններում ծրագրային դրույթների կատարմանը զուգահեռ գերակա դարձավ շոկային իրավիճակով պայմանավորված սոցիալ-տնտեսական բացասական հետեւանքները մեղմելու անհրաժեշտությունը»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

Զեկուցողի խոսքով՝ չնայած համաշխարհային եւ տարածաշրջանային խորքային ցնցումներին՝ մեր երկրում ձեւավորված պետական ինստիտուտների կայացածությունը հնարավորություն է ընձեռել իրականացնելու շրջահայաց մակրոտնտեսական քաղաքականություն եւ համարժեք հակաճգնաժամային միջոցառումներ՝ պահպանելով դրամավարկային եւ հարկաբյուջետային կայուն միջավայրը:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ անցյալ աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողություններն իրենց ազդեցությունն են ունեցել 2020-ի բյուջեի կատարման ինչպես ընթացքի, այնպես էլ արդյունքների վրա. «Այդուհանդերձ, մեզ հաջողվել է ինստիտուցիոնալ առումով պահպանել բյուջետային գործընթացի տրամաբանությունը, եւ մենք գործնականում չենք ունեցել որեւէ չիրականացրած աշխատանք, որը կապված կլիներ բյուջեի հետ»:

Հաշվետու տարվա ընթացքում ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքելու համար անհրաժեշտություն է եղել Կառավարությանը վերապահված լիազորություների շրջանակում անդրադառնալու առաջնահերթությունների վերանայմանը եւ ըստ այդմ՝ փաստաթղթում փոփոխությունների իրականացմանը, որոնք չեն պահանջել օրենսդրական վերանայումներ:

Ըստ զեկուցողի՝ տարվա ընթացքում վերանայվել է հարկաբյուջետային քաղաքականությունը՝ այն համապատասխանեցնելով տնտեսական անկման ժամանակահատվածին:

63.5 տոկոս է կազմել Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, բյուջեի դիֆիցիտը՝ շուրջ 5 տոկոս: «Պետական բյուջեի պակասուրդը եւ Կառավարության պարտքը կրկին Հայաստանի համար չեն ունեցել բացառիկ զարգացում: Աշխարհի բոլոր երկրները գործնականում ունեցել են համանման իրավիճակ»,-ընդգծեց Ջանջուղազյանը:

Կրելով համավարակի եւ Արցախյան պատերազմի բացասական ազդեցությունները՝ 2020-ին ՀՀ տնտեսական աճը նվազել է՝ տարեկան արդյունքներով գրանցելով իրական ՀՆԱ-ի 7.6 տոկոս անկում: Ընդ որում, ՀՆԱ-ի անկումը պայմանավորված է եղել տնտեսության բոլոր ճյուղերի՝ ծառայությունների, գյուղատնտեսության, շինարարության եւ արդյունաբերության համապատասխանաբար 10.1 տոկոսով, 4.0 տոկոսով, 6.6 տոկոսով եւ 1.5 տոկոսով անկմամբ: Սպառման նվազումը կազմել է 10.2 տոկոս, հիմնական միջոցներում համախառն կուտակումը նվազել է 8.6 տոկոսով, արտահանումը՝  31.4 տոկոսով, ներմուծումը՝ 32.1 տոկոսով:

Ընթացիկ հաշվի պակասուրդը բարելավվել է՝ կազմելով ՀՆԱ-ի 3.1 տոկոսը՝ ի հաշիվ ներմուծման ավելի առաջանցիկ կրճատման, քան արտահանման:

Հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 561 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 895 մլրդ դրամ: Արձանագրվել է 334 մլրդ դրամի պակասուրդ:

Անդրադառնալով պետական պարտքի մակարդակին՝ զեկուցողը տեղեկացրեց, որ այն կազմել է 7 մլրդ 968 մլն ԱՄՆ դոլար:

Հաշվետվության վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը ներկայացրեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2020-ի հարկաբյուջետային քաղաքականությունն ունեցել է խթանող ազդեցություն համախառն պահանջարկի վրա եւ հարկաբյուջետային ազդակը կազմել է 5: Հաշվետու տարում հարկաբյուջետային եւ դրամավարկային ընդլայնող քաղաքականությունների արդյունավետ համադրման շնորհիվ հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունություն:

Հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի դրական եզրակացությունը ներկայացնելով՝ Լեւոն Յոլյանը բարձրաձայնեց մի շարք խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Նշվեց, որ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող բաժնետիրական ընկերությունների, հիմնադրամների ու ՀՈԱԿ-ների հաշիվները դեռեւս շարունակում են մնալ առեւտրային բանկերում, չեն շրջանառվում գանձապետական միասնական համակարգով: Զեկուցողի գնահատմամբ՝ դա չի բխում հանրային միջոցների կառավարման թափանցիկության եւ վերահսկելիության պահանջներից: Հաշվեքննիչ պալատի նախագահն ակնկալում է, որ այս խնդրի ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն:

Եկամուտների պլանավորման եւ հետագա հաշվետվողականության գործընթացի արդյունավետության բարձրացման համար պալատն առաջարկում է օրենսդրորեն ամրագրել եւ պետական բյուջեին վերաբերող օրենքներում ու տարեկան հաշվետվություններում ներառել պլանավորված ցուցանիշները՝ ըստ եկամտատեսակների:

Յոլյանը խոսեց նաեւ ներքին աուդիտի ոլորտում առկա բացթողումների մասին: