Կառավարության հեղինակած ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է փետրվարի 28-ի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում:
Օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել կենսաթոշակների հետ կապված դատավորների խնդիրները:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ փաթեթի նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն է ՍԴ որոշմանը, ինչպես նաեւ դատախազների եւ քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումն է:
Հարակից խոսքում ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները ոլորտում բարեփոխումների մեծ դաշտ են ապահովում: Նա փաստել է, որ փաթեթի ընդունմամբ պետական բյուջեի վրա մեծ ծանրաբեռնվածություն չի լինելու. այն կկազմի տարեկան 44 մլն դրամ:
Բանախոսները նաեւ պատասխանել են գործընկերների հարցերին:
Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: