National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.3.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
13.03.2022
ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը ստանձնել է Հանրապետության նախագահի պաշտոնը
1 / 16

ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի` պաշտոնի ստանձնման նպատակով 2022 թվականի մարտի 13-ին հրավիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Բացելով հատուկ նիստը` ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը նշել է.

«Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ,

Վեհափառ Տեր,

մեծարգո վարչապետ,

Արցախի մեծարգո նախագահ,
 
հարգելի պատգամավորներ,

Ձերդ գերազանցություն դեսպաններ, սիրելի հյուրեր,  տիկնայք եւ պարոնայք,

Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողության եւ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ՀՀ Սահմանադրության համաձայն հրավիրվել է Ազգային ժողովի հատուկ նիստ: Գրանցվել է 70 պատգամավոր, քվորում ունենք, կարող ենք սկսել աշխատանքը: ՀՀ Ազգային ժողովը 2022 թվականի մարտի 3-ին Հանրապետության նախագահ է ընտրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին: Հանրապետության նախագահի պաշտոնը  ստանձնելու երդման արարողության նպատակով հրավիրված ՀՀ Ազգային ժողովի  հատուկ նիստը հայտարարում եմ բացված»:

Զինվորական քայլերգի հնչյունների ներքո ներս են բերվել ՀՀ պետական դրոշը եւ նախագահական իշխանության խորհրդանիշը, ապա նաեւ` ՀՀ Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը:

Հակոբ Արշակյանը Հանրապետության նախագահի պարտականությունները ստանձնելու եւ երդման համար հրավիրել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին:

«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ` հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական եւ համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»,- ձեռքը ՀՀ Սահմանադրությանն ու Վեհամոր Ավետարանին դրած` ասել է Վահագն Խաչատուրյանը:

Հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը, որից հետո հայրապետական օրհնանքի խոսք է ասել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդը:

Նա նշել է, որ երեսուն տարի առաջ հայ ժողովուրդը հերոսական պայքարով վերակերտել է  իր անկախ պետականությունը` անցնելով մաքառումների եւ փորձությունների դժվարին ուղիով: Այդ տարիների ընթացքում հայոց պետականության կայացման ճանապարհին երկրի առաջնորդությունը հանձն են առել չորս նախագահներ: «Այսօր դուք եք ստանձնում այդ պատասխանատու պաշտոնը, որ խորհրդանիշն է հայոց անկախ պետականության»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը` հավելելով, որ ՀՀ նախագահի իրավասության տիրույթում են երկրում արդարության ու օրինականության գերակայությանը, համապետական եւ համազգային շահերի պաշտպանությանը հետամուտ լինելը:

Միասնական հոտնկայս աղոթքից հետո ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` մասնավորապես նշելով.

«Այսօր Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնում եմ Հայաստանի ապագայի համար կարեւոր մի ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջանային եւ միջազգային մարտահրավերների բարդ շրջանում: Մենք ականատեսն ենք արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրադարձությունների, որոնց արդյունքում գործող համաշխարհային անվտանգության համակարգերը վերափոխվում են: Այսօր մեզ, առավել քան երբեւէ, հարկավոր է իմաստություն, վստահություն, կայունություն, միաբանություն»:

Նորընտիր նախագահն ընդգծել է, որ անկախություն ստանալուց հետո մեր երկիրն ընտրել է զարգացման ուրույն ուղի: «Անցած երեսուն եւ ավելի տարիները մեծ փորձությունների ժամանակաշրջան էին մեր ժողովրդի համար: Ցավոք, պետության կայացման այդ շրջանում եղան նաեւ կորուստներ, անդառնալի կորուստներ: Խոսքս վերաբերում է հատկապես մարդկային կորուստներին` ՀՀ քաղաքացիներին, որոնք զոհվեցին` պահպանելով մեր հայրենիքը: Հավերժ փառք ու պատիվ բոլորին»:

Անդրադառնալով անելիքներին` Վահագն Խաչատուրյանը նշել է, որ փոքրաթիվ ժողովուրդները պետք է ավելի նորարար եւ ստեղծագործ լինեն: Ըստ նրա` այս ամենին հնարավոր է հասնել միայն մրցունակ կրթական համակարգով: «Կրթությունը, գիտելիքը, մշակույթը մեր ազգի երկարակեցության գրավականն են եղել»,-ասել է նախագահը:

Պաշտոնն ստանձնելու կապակցությամբ Հանրապետության նախագահին շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

«Հայաստանի Հանրապետության մեծարգո պարոն նախագահ, հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից եւս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու եւ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ Ձեր հարուստ կենսափորձը, գիտելիքն ու մարդկային որակները կծառայեցնեք համազգային նպատակների իրականացմանն ու ազգային միասնության եւ պետականության ամրապնդմանը` ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման, եւ ի բարօրություն հայ ժողովրդի:

Այս կարեւոր առաքելության ճանապարհին Ձեզ ամուր կամք եւ մտքի տոկունություն եմ մաղթում: Թող սերն ու բարությունը միշտ ուղեկից լինեն Ձեզ` յուրաքանչյուր գործում»- նշել է Հակոբ Արշակյանը:

Այնուհետեւ դահլիճից դուրս են բերվել ՀՀ պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանիշը, ՀՀ Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն Ազգային ժողովի հատուկ նիստը հայտարարել է փակված:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am