ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մատի 18-ին գումարել է արտահերթ նիստ: Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի տեղեկացմամբ՝ 2021թ. Կառավարությունը շարունակել է քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը, նրանց սոցիալական իրավունքների լիարժեք իրականացմանը միտված քաղաքականությունը:
Նախարարը նշել է, որ մեկնարկել է ժողովրդագրական ռազմավարության մշակումը, եւ առաջիկայում կլինի նաեւ ռազմավարությունից բխող գործողությունների շրջանակը:
2021թ. ընթացքում բարեփոխվել են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերը, որոնց շրջանակում 2021թ. ընթացքում աջակցություն է ստացել 1949 շահառու՝ շուրջ 1,3 մլրդ դրամի չափով:
Նախարարի խոսքով՝ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ ամսական 50.000 դրամի չափով եւ մինչեւ երեխայի 6 տարեկանը լրանալը դրամական աջակցության ծրագիրը: Տարեսկզբից որոշակի բարձրացվել են նվազագույն կենսաթոշակի, կենսաթոշակների եւ նպաստների չափերը: Փոփոխություններ են կատարվել սոցփաթեթի հատկացման կարգում, ընդլայնվել է տրամադրվող ծառայությունների շրջանակը:
2021թ. ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների եւ ապաստարանների գործունեության համար պետական բյուջեից հատկացումներ են արվել: Ընտանեկան բռնության ենթարկված անձանցից աջակցության կենտրոններին է դիմել եւ օգնություն ստացել 1516 շահառու, իսկ ապաստարանների ծառայություններից օգտվել է 160 շահառու: Այդ կենտրոններում ընտանիքում բռնության ենթարկվածներին, բացի օրենսդրությամբ նախատեսված սոցիալ-հոգեբանական եւ իրավաբանական աջակցության տրամադրումից, ուղղորդել եւ աջակցություն է ցուցաբերվել նաեւ հմտությունների ձեռքբերման, կարողությունների զարգացման եւ կայուն աշխատանք գտնելու գործում:
Նարեկ Մկրտչյանը նշել է, որ նախորդ տարվա պետական բյուջեով ավելի քան 1,1 մլրդ դրամ գումար է հատկացվել սահմանամերձ 23 համայնքների, 81 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի, գույքահարկի եւ հողի հարկի ամբողջական փոխհատուցման նպատակով: Շարունակվել է նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների սպառած բնական գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց պակաս սակագներով վճարելու գործընթացը: