ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկել են ««Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայնագրի նպատակն է բարձրացնել վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների անվտանգության մակարդակը` սահմանելով վտանգավոր նյութերի դասակարգման եւ պիտակավորման միասնական համակարգեր, ներդաշնակեցնելու այդ նյութերի փաթեթավորման, պիտակավորման ու դրանց փոխադրման պահանջները, կանխելու վտանգավոր բեռների փոխադրումների ընթացքում մարդկանց կյանքին եւ առողջությանը, ինչպես նաեւ շրջակա միջավայրին վնաս հասցնելը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Հովիկ Աղազարյանը:
Արմեն Սիմոնյանի ներկայացմամբ քննարկվել է նաեւ ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2021թ. նոյեմբերի 24-ին ստորագրված «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայնագրի շրջանակում ֆինանսավորման չափը կազմում է 20 մլն եվրո, իսկ վարկի ժամկետը սահմանվում է 15 տարի:
Նշվել է, որ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերության կողմից մշակվել եւ Երեւանի քաղաքապետարանին է տրամադրվել Երեւան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը, որի համաձայն` երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ձեռք բերել 845 հատ տարբեր չափսի ավտոբուսներ: Նոր տրանսպորտային ցանցի շարժակազմերի ներդրման ֆինանսական աջակցության հնարավորության հարցը Երեւանի քաղաքապետարանը դեռեւս 2019թ. գարնանը քննարկել է ՎԶԵԲ-ի հետ, որն ավտոբուսների ձեռքբերմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Նախնական գնահատմամբ` ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո:
Մրցութային հայտերի հանձնման վերջնաժամկետ սահմանված է եղել 2021թ. մարտի 31-ը:
Վերոնշյալ երկու համաձայնագրերի վավերացմանն առնչվող հարցերը քննարկվել են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն: Այս մասին բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Միքայել Թումասյանը:
Այնուհետեւ տեղի են ունեցել քվեարկություններ: Պատգամավորներն ընդունել են օրվա ընթացքում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:
Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: