National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.2.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
15.02.2006
2005 թ. արձանագրվել է գների անկում

         Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ  փետրվարի 15-ին օրենսդիրները, Ազգային վիճակագրական ծառայության, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներն ու շահագրգիռ մասնագետները հավաքվել էին խորհրդարանում` քննարկելու Հայաստանում գնաճի վարքագիծը:

         «Գնաճը Հայաստանում» թեմայով լսումները բացելով` հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նկատեց, որ ապրանքների գների թանկացման կամ անկման, ինչպես նաեւ  գների վրա դրամ-դոլար փոխարժեքի  ազդեցության հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջացել: Այդ հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ներկայացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը եւ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան  Սարգսյանը:

         Մինչ այդ, Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը ելույթում   անդրադարձավ  սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող այս հիմնախնդրի քննարկմանը: Դեռ տարեվերջին, երբ Կենտրոնական բանկի նախագահը խորհրդարանում ներկայացրեց  գնաճին վերաբերող խնդիրները, ԱԺ նախագահն   առաջարկել էր կազմակերպել գնաճի թեմայով խորհրդարանական լսումներ` հասկանալու համար Հայաստանում նկատվող միտումները: Մասնավորապես, թե գնաճի քաղաքականության հիմքում ինչպիսի՞ սկզբունքներ են ընկած, ինչպիսի՞ վիճակ է տիրում երկրում գնաճի խնդիրների շուրջ: ԱԺ նախագահը գտնում է,  որ կարեւոր է այս հարցերի շուրջ հանրությանը տալ սպառիչ տեղեկատվություն: Նա նշեց, որ կան տարբեր կարծիքներ. Կենտրոնական բանկի նախագահն, օրինակ,   հայտարարում է, որ Հայաստանում գների աճ չկա: ԶԼՄ-ները հեղեղված են տեղեկատվությամբ, որ հանրապետությունում ամեն օր սպառողական ապրանքների գները թանկանում են: Լսումները, ըստ Արթուր Բաղդասարյանի, հնարավորություն կընձեռեն լսելու տեսակետների հիմնավորումները, ծանոթանալու վիճակագրական ծառայության հաղորդումների հետ: Խորհրդարանի ղեկավարի գնահատմամբ, մի շարք ապրանքատեսակների գծով Հայաստանում կա գների աճ, եւ պետությունը պետք է փորձի, թույլատրելի գործիքների կիրառմամբ, նպաստել շուկայում   առաջին անհրաժեշտության ապրանքների գների կայունացմանը: Նաեւ պետք է անդրադառնալ տեղական եւ օտարերկրյա արտադրողների, արտահանման եւ ներմուծման խնդիրներին, գտնում է պրն. Բաղդասարյանը: ԱԺ նախագահի համոզմամբ, երկրում առկա    կոռուպցիոն ռիսկերը նպաստում են գների աճին: Այս բոլոր խնդիրները պետք է ստանան   սպառիչ պատասխաններ, ասում է պրն. Բաղդասարյանը: Նաո հույս հայտնեց լսումների ու արդյունավետ քննարկման արդյունքում հանգել ճիշտ եզրակացության` հետագայում այն   կիրառելով օրինաստեղծ եւ քաղաքական գործունեության մեջ:

         Վիճակագրական  ծառայության պետն իր ելույթում անդրադարձավ երեք հարցի. ի՞նչ է սպառողական գների ինդեքսը (գնաճը), ինչպե՞ս է այն հաշվարկվում եւ ինչու՞:  Ներկաներին ամենահուզող հարցը այն էր, թե դրամի արժեւորման եւ դոլարի արժեզրկման  պարագայում ինչու՞ են թանկացել մի շարք ապրանքատեսակներ, անգամ` հայրենական արտադրության: Այս մասին «Օրիինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանի հարցին ի պատասխան պրն. Մնացականյանը տեղեկացրեց, որ հաշվարկները կատարվում ե ն միջազգայնորեն ընդունված մեթոդներով, երբ ուսումնասիրվում են միայն   սպառողական նվազագույն զամբյուղի մեջ ընդգրկված ապրանքատեսակները: Պատգամավոր Թաթուլ Մանասերյանի հարցին`  նվազագույն սպառողական զամբյուղի ծավալի վերաբերյալ,  զեկուցողը պատասխանեց,   որ  պարենային զամբյուղը` կազմված առողջապահության նախարարության կողմից, 18 հազար դրամի սահմաններում է, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը` 29 հազար 800 դրամ: Սրանք նախորդ տարվա վերջին ցուցանիշներն են, որոնք կատարվել են 6 հազար 800 տնային տնտեսությունների ուսումնասիրությամբ եւ հաշվարկի հիմք ընդունելով 400 ապրանքատեսակ:  2005 թ. տվյալներով, գներն իջել են 0,2 տոկոսով, այսինքն` արձանագրվել է դեֆլյացիա, ինչն էլ պատգամավորներին իրական չի թվում:

         ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց, որ յուրաքանչյուր տարվա բյուջեով ամրագրված գնաճը թե կառավարության եւ թե բանկի ուշադրության կենտրոնում է: Վիճակագրական վարչության թվերը, ԿԲ նախագահի գնահատմամբ, համապատասխանում են իրականությանը. բանկն իր հերթին է ուսումնասիրություններ եւ վերլուծություներ կատարել եւ ստացել դեֆլյացիայի նույն մակարդակը: Նա ներկայացրեց այս  ցուցանիշի հաշվարկման մեթոդն ու կառուցվածքը, ինչն էլ բացատրեց  հաշվարկված ու փաստացի գնաճի  տարբերությունը: Որոշ  ապրանքատեսակների գները նախորդ տարի նվազել են` ձկնամթերքի, ձվի,  շաքարավազի: Հացամթերքն էժանացել է 4,2 տոկոսով, միրգը` 17 տոկոսով: Ոչ պարենային ապրանքատեսակների  ուղղությամբ նկատվել է գնաճ` 2,1 տոկոսով, ծառայությունները թանկացել են 1,9 տոկոսով: Բնակարանների գներն էլ են կտրուկ թանկացել: Սակայն, դրանց գերակշիռ մասն ընդգրկված չէ  սպառողական զամբյուղի կազմում, իսկ միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ, դիտարկվում են միայն զամբյուղի մաս կազմող ապրանքները. արդյունքում  հանգում ենք գնանկման ամրագրված ցուցանիշին: Ուշագրավ են վերջին տարիների համանուն ցուցանիշները. 2003-ին գրանցվել է 8,6 տոկոս գնաճ, 2004-ին` 2 տոկոս:     2006 թ. բյուջեի մասին օրենքով սահմանված գնաճի մակարդակը չպետք է գերազանցի  3 տոկոսը: Հունվարին արձանագրվել է գնաճի 2,6 տոկոս:  2006 թ. առաջին անգամ Կենտրոնական բանկն առաջնորդվելու է գնաճի նպատակադրման քաղաքականությամբ:   Այսինքն` հետեւելու է, որ գնաճն ունենա կայուն վարքագիծ: Իսկ ինչպե՞ս է բանկը փորձելու ազդել մենաշնորհ ունեցող տնտեսավարողներին, որոնք տնտեսությանը  թելադրում են սեփական գները: Սամվել Բալասանյանի այս հարցին ի պատասխան պրն. Սարգսյանը  նկատեց, որ մենաշնորհը տնտեսության մեջ ամենավտանգավոր երեւույթն է: ԿԲ նախագահի  կարծիքով, մենաշնորհի դեմ պայքարելու  ամենաարդյունավետ  տարբերակը նրանց գործունեության թափանցիկությունն ապահովելն է, հասարակական վերահսկողությունը:  Պրն. Բալասանյանի խնդրանքով,   գլխավոր դրամատան ղեկավարը պարզաբանեց գազի գների հնարավոր թանկացման ազդեցությունը գնաճի վրա: 2007 թ. անխուսափելի կլինի գնաճի տատանումը, երբ գազի թանկացմամբ պայմանավորված`  մի շարք ապրանքատեսակների ինքնարժեքը նույնպես բարձրանա: Այս ազդեցությունը չեզոքացնելու նպատակով  բանկն արդեն միջոցառումներ է ձեռնարկում`  ծրագրում է բարձրացնել վերաֆինանսավորման  տոկոսադրույքները: ԿԲ նախագահը լսումների ընթացքում տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում դրամի գնողունակությունն աճել է 0,2 տոկոսով:

         Հարցի վերաբերյալ  ելույթներում հնչեց միասնական տեսակետ հրապարակային քննարկման ու մասնագետների պարզաբանումների օգտակարության մասին:  Այս ամենին զուգահեռ, սակայն, պատգամավոր Աղասի Արշակյանին արժանահավատ չեն թվում գների անկման մասին  տվյալները: Սեփական փորձով նա համոզվել է, որ իրականությունն այլ է, գները թանկանում են: Պատգամավոր Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ,  պետք է նախ տնտեսական քաղաքականության առաջնահերթություններն ու կողմնորոշիչները սահմանել, աղքատության կրճատման հիմնահարցը քննարկել: Այլապես ստացվում է` պատճառը թողած, հետեւանքներն ենք քննարկում, ասում է պատգամավորը: Նա նաեւ համաձայն չէ հաշվարկների մեթոդաբանությամբ հետ: Նաեւ` գրանցված տնտեսական աճը    համարում է միայն վերականգնողական աճ: Պրն. Մանասերյանի դիտարկմամբ, նվազագույն սպառողական զամբյուղը չպետք է լինի պարզ ցուցանիշ, դրա հաշվարկման հիմքում պետք է լինեն թե նվազագույն աշխատավարձը եւ թե կենսաթոշակը: Անկախ վերլուծաբան Էդուարդ Աղաջանովը կանխատեսում է, որ գնաճի վերահսկման հարցում ԿԲ-ն այս տարի դժվարություններ է ունենալու` պայմանավորված   ոչ միայն գազի, այլ նաեւ հացահատիկի գնի թանկացմամբ ու աշնանացանի վնասմամբ (Ռուսաստանն արդեն հայտարարել է 7 դոլարով հացահատիկի 1 տոննան թանկացնելու մասին): Ցնցումները նվազագույնի հասցնելու նպատակով նա առաջարկում է պահեստարաններում այս ապրանքատեսակների մեծ պաշարներ հավաքել: ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան պրն. Սարգսյանն էլ առաջարկում է շարունակական դարձնել այսօրինակ քննարկումները եւ խնդիրներին տալ  համապարփակ  լուծումներ: Նա այն կարծիքին է, որ Հայաստանի տնտեսությունը դեռ  անցումային փուլում է, քանի դեռ հաստատված չեն մրցակցային առողջ պայմաններ: Իսկ գնաճի նպատակադրման քաղաքականության հաջողությունը նա կապում է շուկայի կայացման հետ, երբ իրական աշխատավարձը կպայմանավորի գնաճի մակարդակը:

         Եզրափակելով լսումները` ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ հանրությանը պետք էր ներկայացնել «գնաճ» երեւույթը` առանց ավելորդ տերմինաբանության: Պարզել` կա՞ գնաճ, թե՞ ոչ: Այս առումով նա լսումները համարեց կայացած ու հաջողված:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am