National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
14.10.2022
Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում խոսել է ԼՂ հակամարտությանն առնչվող խնդիրների մասին
1 / 1

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հոկտեմբերի 14-ի նիստում: Հայ պատվիրակը նշել է.

«Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, այս նստաշրջանի առաջին օրը մենք քննարկում ունեցանք Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին: Մի ասացվածք կա. «Ճշմարտության համար շնորհակալություն չեն հայտնում», բայց ես, այնուամենայնիվ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ճշմարտությունը բարձրաձայնելու խիզախության համար: Ես, անշուշտ, նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր ունեցան ճշմարտությունը բարձրաձայնելու խիզախություն այս եւ այլ ամբիոններից, բոլոր նրանց, ովքեր խուլ չմնացին իմ ժողովրդի ձայնի նկատմամբ: Խիզախության նմանատիպ դրսեւորումները մեր օրերում հազվադեպ են դարձել:

Այնուամենայնիվ, այդ քննարկման ժամանակ չխոսվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների մասին: Մենք չենք խոսել այն մարդկանց մասին, որոնք հավատում էին, որ համաշխարհային առաջնորդների ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում արված հինգ հայտարարություններն արժեք ունեին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համատեքստում: Մարդիկ, որոնք խաղաղ ապրում էին իրենց հայրենիքում ու հույս ունեին, որ «ուժի չկիրառում» բառերն ազդեցություն ունեն: Նրանք դաժանորեն խաբվեցին:

ՀՀ ներկայիս կառավարության վարած անմիտ դիվանագիտության հետեւանքով իրականություն է դառնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարանջատման գաղափարը: Աշխարհը պատրաստվում է թողնել փոքր Արցախին Ադրբեջանի դեմ մեն-մենակ: Ցավոք, այդ պատմությունը չի կարող ավարտվել Դավթի եւ Գողիաթի պատմության նման: Եւ պատճառը, բնավ, Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքի ապագային տեր կանգնելու կամքի պակասը չէ: Պատճառն այն է, որ միջազգային հարաբերությունների պատմության մեջ ազգերի ինքնորոշմանն առնչվող կոնֆլիկտները երբեք չեն կարգավորվել մետրոպոլիայի եւ փոքրամասնության միջեւ բանակցությունների արդյունքում: Այդ պատմությունը կավարտվի Արցախի համար նույն կերպ, ինչպես հայ զինվորական կնոջ պատմությունը, ով խոշտանգվել եւ սպանվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից: Ես բնավ չեմ անտեսում այս դահլիճում քննարկված որեւէ հարցի կարեւորությունը, սակայն խորապես համոզված եմ, որ կնոջ խոշտանգումը, որն ուղեկցվել էր կենդանի մաշկազերծումով, կրծքին եւ որովայնին գրություն թողնելով, ակնակապիճի մեջ քար, բերանում կտրված մատ թողնելով, առնվազն նույն կարեւորությունն է ներկայացնում, ինչ սպորտի աշխարհում կանանց հանդեպ խտրականության դրսեւորումները, որոնք երեկ քննարկում էինք: Արցախի պատմությունը կունենա նույն ավարտը, ինչ ադրբեջանական զորքերի կողմից գերեվարված եւ սպանված հայ ռազմագերիների պատմությունը, որոնք սպանվեցին «հաճույքի» համար՝ պարզապես որովհետեւ հայեր էին:

Գիտեմ, որ ձեզանից ոմանք հոգնել են այս խնդրի մասին մեր ելույթները լսելուց, մյուսները՝ սարսափած են ելույթումս ներկայացված դեպքերից: Սակայն, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դուրս մնա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակից, վստահ եղեք, որ ԵԽԽՎ ամբիոնից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերաբերյալ իմ հաջորդ ելույթները լինելու են առավել սարսափազդու, գուցե նաեւ գրված լինեն անցյալ ժամանակով:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, եթե շարունակեք անտեսել այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, ինձ համար շատ դժվար կլինի մաքրել նախագահողի երեսից այն ժպիտը, որով նա փորձում էր խանգարել ինձ ելույթ ունենալ»: