Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մարտի 23-ին հյուրընկալել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Պատգամավորը նշել է, որ Շվեդիայի դեսպանությունը Հայաստանում ակտիվ գործունեություն է ծավալում, եւ որպես օրինակելի օրենսդրություն ունեցող երկրի ներկայացուցիչ՝ շատ կարեւոր էր դեսպանի հետ իրենց հանդիպումը՝ նաեւ իբրեւ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ:
Թագուհի Թովմասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Շվեդիայի Թագավորության կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչների կողմից ադրբեջանական գործողությունները հասցեական քննադատելու համար:
Նա ներկայացրել է շրջափակման մեջ գտնվող 120.000 արցախահայության առջեւ ծառացած խնդիրները՝ ընդգծելով, որ աշխարհը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ եւ անկախ ապրելու իրավունքը՝ Կոսովոյի օրինակով:
Ներկաները խոսել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի կարեւորության եւ կենսունակության մասին: Այդ առումով հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը պետք է դառնա այն օղակը, որտեղ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները կարողանան նստել մի սեղանի շուրջ եւ խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որովհետեւ հակառակ ճանապարհը նշանակում է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ցեղասպանություն:
Դեսպանն արտահայտել է իր մտահոգությունը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված դժվար իրավիճակի ու հումանիտար խնդիրների շուրջ՝ նշելով, որ Շվեդիան սատարում է հակամարտության՝ կայուն եւ խաղաղ ճանապարհով կարգավորման միջազգային ջանքերին:
Պատրիկ Սվենսոնը նաեւ հայտնել է, որ Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան ագրեսիայից հետո եղել է Ջերմուկում, անձամբ տեսել, որ թիրախավորվել էին ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ե՛ւ դեսպանը, ե՛ւ պատգամավորը միաժամանակ արձանագրել են, որ Հայաստանը ժողովրդավարության ճանապարհով զարգանալու այլընտրանք չունի, եւ Շվեդիան պատրաստ է ներդնելու բոլոր ջանքերը Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար:
Դեսպանը նաեւ ողջունել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ակտիվ եւ կարեւոր գործունեությունը, ներկայացրել Շվեդիայի կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագրերը: