National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.3.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
02.03.2024
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովում
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովին:

ԱԺ փոխնախագահը ողջույնի խոսքում անդրադարձել է Հայաստանում տեխնոլոգիական թռիչքաձեւ զարգացման հնարավորություններին. «Դրա մասին տարիներ շարունակ մենք բազմիցս քննարկել ենք, եւ տարբեր երկրներ այդ թռիչքը կարողացել են ապահովել. դա անհնարին բան չէ: Կարծում եմ, որ մենք բոլոր հնարավորություններն ունենք Հայաստանի համար նման թռիչք ապահովելու»:

Հակոբ Արշակյանի խոսքով անհնար է պատկերացնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միայնակ զարգացումը. «Այստեղ մենք սիներգիայի կարիք ունենք` կրթություն, գիտություն եւ արդյունաբերություն կապի: Եթե մենք կարողանանք Հայաստանում ստեղծել այս կապը եւ դա արդյունավետ աշխատի, ապա կունենանք թռիչք: Վերջին երկու տարվա ընթացքում մեր կատարած բոլոր խորքային ու այլ երկրների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման թռիչք անհնար է ապահովել, եթե մենք չունենանք ռազմավարական մոտեցում թե' կրթության, թե' գիտության, թե' տեխնոլոգիաների ոլորտներում իրար հետ փոխկապակցված զարգացման ռազմավարության ներդրման տեսանկյունից»:

ԱԺ փոխխոսնակը կարեւորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարություն ունենալու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ բազմիցս աշխատանքներ են կատարվել տարբեր խմբերի կողմից: «Ցավոք, այս պահին չունենք ներդրված փաստաթուղթ եւ դրա պատճառներից մեկը նաեւ այն է, որ այն միայնակ չի կարող լինել: Այն պետք է լինի փոխկապակցված եւ մաս լինի համակարգին: Այս առումով մենք բախվել ենք մարտահրավերների»,- նշել է ԱԺ փոխնախագահը եւ հավելել, որ խնդիրը ոչ թե կոմունիկացիայի եւ համագործակցության մեջ է, այլ մարդկանց մոտեցումների եւ նրանց կողմից համակարգերը զարգացնելու առաջնահերթությունների:

Հակոբ Արշակյանը խոսել է ՀՀ վարչապետին կից Գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքների կարեւորության մասին, ընդգծել այդ աշխատանքներում հայտնի գիտնականների, ձեռներեցների, Հայաստանի զարգացման գործում ներդրում ունեցած մարդկանց եւ քաղաքական գործիչների ներգրավումը:
 
Ըստ ԱԺ փոխնախագահի` օրենսդիր մարմնի աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է այն հանգամանքից, թե Կառավարության գործընկերներն ինչպիսի ռազմավարություններ ունեն, քանի որ ինստիտուցիոնալ առումով խորհրդարանը վերահսկողություն է իրականացնում այդ ռազմավարությունների իրագործման եւ բյուջետային միջոցների արդյունավետ ծախսման վերաբերյալ: «Երբ մենք տեսնում ենք, որ որեւէ ոլորտում ռազմավարությունը բացակայում է, մենք մարտահրավերների առաջ ենք կանգնում»,- փաստել է Հակոբ Արշակյանը:

«Ուրախ կլինենք, որ գոնե հաջորդ տարի ունենանք երկու տեսակի ռազմավարություն: Մեկը` գիտությունը, կրթությունը եւ արդյունաբերությունը միմյանց կապող առաջնահերթություններով եւ ուղղահայաց ռազմավարություն` հենց բարձր տեխնոլոգիաների, ինովացիայի ուղղությամբ»,- եզրափակելով խոսքը` նշել է ԱԺ փոխխոսնակը եւ հաջողություն մաղթել աշխատաժողովի աշխատանքներին:

Միջոցառմանը բացման խոսքով ելույթներ են ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչ Աշրաֆ Աբուշադին եւ այլոք:

Մասնակիցները խոսել են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման վերաբերյալ իրենց պատկերացումների մասին, ներկայացրել միջազգային լավագույն փորձը, հանդես եկել նորարարական գաղափարներով: