National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.10.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
04.10.2007
Ավարտվեց Ազգային ժողովի հերթական քառօրյան

Ազգային ժողովի հոկտեմբերի 4-ի նիստում պատգամավորները քվեարկությամբ վավերացրին «2006 թ. հունիսի 12-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին», «2006 թ. նոյեմբերի 6-ին Աստանայում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիաները, «2006 թ. հոկտեմբերի 16-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ֆինլանդիայի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին», «2007 թ. մարտի 19-ին Մեղրիում ստորագրված` «ՀՀ կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերը, «2007 թ. ապրիլի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ վարկային համաձայնագիրը (Սեւանա լճի բնապահպանական ծրագիր) եւ «2006 թ. փետրվարի 7-ին Բրյուսելում եւ 2006 թ. ապրիլի 3-ին Երեւանում ստորագրված` ՀՀ եւ Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջեւ շրջանակային համաձայնագիրը:

Այնուհետեւ շարունակվեց «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, փաստեց, որ սահմանադրական փոփոխությունների հետեւանքով ոլորտը պետք է կարգավորվի ոչ թե գերատեսչական ակտերով, այլ օրենքով: Ըստ նրա` օրինագծում ներկայացված ընթացակարգերը հստակ են, յուրաքանչյուր գործողության համար սահմանված է հստակ ժամկետ:

Եզրափակիչ ելույթներում եւ հիմնական զեկուցող հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը, եւ հարակից զեկուցող Արա Նռանյանը պատրաստակամություն հայտնեցին առաջինից երկրորդ ընթերցում ներկայացվող առաջարկությունները քննարկել եւ օրինագիծը լրամշակել:

Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն առաջին ընթերցման ներկայացրեց նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Առաջարկվող լրացմամբ ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրի մեջ կեղծ տվյալներ մտցնելու եւ հայտարարագիրը հարկային մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելու համար սահմանվել է վարչական պատասխանատվություն:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանը` տեղեկացնելով, որ հայտարարագիրը հարկային մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելու համար սահմանված վարչական պատասխանատվությունը իրականացնելու է հարկային պետական ծառայությունը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը քննարկվեցին առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը նշեց, որ լրացումը պայմանավորված է հանրության, անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից առավել վտանգավոր  իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանելու եւ կատարված արարքին համարժեք վարչական տույժեր նշանակելու անհրաժեշտությամբ:

Հարակից զեկույցում ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մկրտիչ Մինասյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը` ընդգծելով, որ նախագիծը նպատակ ունի համապատասխանեցնել աշխատանքային եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի որոշ դրույթներ: Նշվեց, որ նախարարության ստուգումները պիտի ունենան թեմատիկ բնույթ:

ԱԺ պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը եւ Արմեն Մարտիրոսյանը կարեւորեցին օրինագծի ընդունումը: Ըստ տիկին Ալավերդյանի` գործատուներ եւ աշխատակիցներ հարաբերություններում գործատուները շահագործում են աշխատողներին. դա  դիտարկվեց մարդու իրավունքների ոտնահարում:
Եզրափակիչ ելույթում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը նշեց, որ օրինագծով հավասարակշռություն է ստեղծվում գործատուներ եւ աշխատակիցներ հարաբերություններում:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության օրինագիծը եւս առաջին ընթերցման ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդան յանը: Օրինագծի նպատակն է վերացնել օրենքի կիրառման  ընթացքում որոշակի դրույթների տարընթերցման պատճառով առաջացած դժվարությունները: Միանվագ օգնության հնարավորություն է տրվում երեխայի ծննդյան կամ ընտանիքի անդամի մահվան դեպքում, հստակեցվում է ընտանիքի մինչեւ 18 տարին չլրացրած, հավելում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը, հնարավորություն է տրվում երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակել նաեւ կյանքի 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխաների համար եւ այլն: Առաջարկվում է դրամական օժանդակություն տրամադրել զոհված ազգային հերոսների ընտանիքներին:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի համոզմամբ` հասարակության եւ պետության զարգացմանը զուգընթաց անհրաժեշտ են փոփոխություններ պետական նպաստների ոլորտում:

Գործադիրը «Ջրօգտագործողների ընկերություններին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրինագծով նախատեսում է ջրօգտագործողների ընկերություններին ազատել մինչեւ 2007 թ. հունվարի մեկի դրությամբ իրականացրած ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով շահութահարկի գծով ապառքների, շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, եկամտահարկի եւ սոցիալական ապահովագրության վճարի գծով հաշվարկված եւ չվճարված տույժերից ու տուգանքներից: Կառավարության ներկայացուցիչ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ հարկային եւ սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնությունների ընդհանուր գումարը կազմում է 392.3 մլն դրամ: Ըստ հիմնական զեկուցողի` նախագծի ընդունումը հնարավորություն կտա աջակցել եւ նպաստել ջրօգտագործողների ընկերությունների կայացմանը եւ զարգացմանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը` ջրային տնտեսության ոլորտում արձանագրելով դրական տեղաշարժ: Նա տեղեկացրեց, որ 2007 թ. ոլորտի ֆինանսավորումը կազմել է 700 մլն դրամ, մինչդեռ 2004-2005 թթ` 120-130 մլն դրամ էր կազմում: Պարոն Այվազյանը նշեց նաեւ, որ ջրօգտագործողների ընկերությունները կայացման փուլում են, ոլորտում կան մասնագիտական եւ կազմակերպական խնդիրներ:

ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանն արձանագրեց, որ համակարգն անմխիթար վիճակում է գտնվում եւ օժանդակության կարիք ունի, գյուղական համայնքներում ջրագծերը տասնամյակներ չեն վերանորոգվել: Ըստ նրա` վերջին երեք տարիներին ոլորտը բարեփոխվել է, բարձրացել է հավաքագրման տոկոսը: Պատգամավորը կոչ արեց գործընկերներին աջակցել համակարգին հարկային արտոնություններ տրամադրելուն: Պատգամավոր Արմեն Աշոտյանը գտնում է, որ անարդար է տույժեր սահմանել հարկերից չխուսափող ընկերությունների համար եւս:  Արմեն Աշոտյանը նախագծի ընդունմանը կողմ է քվեարկելու: Պատգամավոր Լարիսա Ալավերդյանի համոզմամբ` համակարգին հարկային արտոնություններ տրամադրելը կրկնվող երեւույթ է. 2007 թ. փետրվարին կառավարությունը նմանատիպ որոշում է ընդունել: Տիկին Ալավերդյանը գտնում է, որ գյուղական համայնքներում ջրաբաժանումն իրականացվում է ստվերային տեխնոլոգիաներով:

Եզրափակիչ ելույթում տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն անդրադարձավ պատգամավորներին հուզող հիմնահարցերին: Նա հաստատեց,  որ ոլորտում կան դեռ չլուծված խնդիրներ, համակարգում մասնակցային կառավարման սկզբունքի ներդրումը երկարատեւ աշխատանք է ենթադրում: Պարոն Անդրեասյանը վստահեցրեց, որ ոլորտում չկան արտոնյալ ջրօգտագործող ընկերություններ: Նրա հավաստմամբ` սա կազմակերպություններին հարկային արտոնություններ տրամադրելու առաջին դեպքն է, որն իրականացվում է կառավարության հանձնարարականով: Ըստ նրա` նախագիծը տուգանքների մասով ապառքների զիջմանը չի վերաբերում, բյուջեի մուտքերի պակասում չի ենթադրում:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցման ներկայացրեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Տեղեկացվեց, որ համայնքների բյուջեների վարչական մասում բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում առաջանում են դեֆիցիտներ (պակասուրդներ), որոնց ֆինանսավորման համար համայնքների բյուջեներին հնարավորություն չի լինում բյուջետային փոխատվություններ տրամադրել պետական կամ այլ համայնքների բյուջեներից, քանի որ բյուջետային փոխատվության տրամադրումը սահմանված չէ օրենքով: Օրինագծով համայնքի բյուջեի ֆոնդային մասից միջոցները կարող են ուղղվել համայնքի բյուջեյի վարչական մաս` համայնքի ավագանու որոշմամբ այդ առաջարկությունը ներկայացնելով կառավարության հաստատմանը։

Գլխադասային` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա, կարեւորելով օրինագծի ընդունումը, ընդգծեց, որ տեղափոխումը համայնքային բյուջեի վարչական մասից ֆոնդային մաս հնարավորություն է ստեղծում իրականացնել աշխատավարձերի վճարումներ:

Ըստ պատգամավորներ Վարդան Բոստանջյանի եւ Վարդան Այվազյանի` համայնքների բյուջեների վարչական մասից գումարները ֆոնդային մաս տեղափոխելը բացասական հետեւանքներ կունենա: Վարդան Բոստանջյանը տեղեկացրեց, որ դեմ է քվեարկելու նախագծի ընդունմանը: Վարդան Այվազյան էլ գտնում է, որ համայնքի ղեկավարի նկատմամբ պետք է կիրառվեն նաեւ պատասխանատվության միջոցներ:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով` օրինագծով պետք է սահմանափակել վարչականից ֆոնդային մաս տեղափոխվող գումարները, հստակեցնել, թե ինչ նպատակով է իրականացվում տեղափոխումը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ գումարը վերադարձվելու է նույն բյուջետային տարվա ընթացքում: Նա դեմ չէ, որ օրենքում ամրագրվեն գումարի սահմանափակումներ եւ նախատեսվեն խստացումներ:

Հիմնական զեկուցող տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը եզրափակիչ ելույթում խոստացավ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում անդրադառնալ պատգամավորների առաջարկներին: 
 
Երրորդ ընթերցման ընթացակարգով օրենսդիրը քննարկեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրինագիծը:

Ազգային ժողովը ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am