National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.4.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
11.04.2011
ԱԺ հերթական քառօրյա նիստերի առաջին օրը
1 / 6

Ապրիլի 11-ին  Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերն սկսվեցին իններորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի հաստատումով:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց ԱԺ բաց դռների քաղաքականության շրջանակներում նիստին ներկա  Երեւանի Էրեբունի վարչական շրջանի մի խումբ դպրոցների բարձր դասարանների աշակերտներին:

Պարոն Աբրահամյանը տեղեկացրեց, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 4-ին տեղի  ունեցած ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության վերաբերյալ խորհրդարանական լսումների արդյունքում ՀՅԴ խմբակցության հետ հանձնաժողովը ընդհանուր հայտարարի է եկել, որի մասին կտեղեկացնի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Վերջինս  հայտարարեց, որ քննարկումների արդյունքում որոշվել է հանձնաժողովի շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ` ուսումնասիրելու բարձրացված հարցը, իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, հաշվի առնելով ձեռք բերված համաձայնությունը, առաջարկեց շրջանառությունից հանել ՀՅԴ խմբակցության պատգամավորների ներկայացրած «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը:

ԱԺ պատգամավորները ավարտեցին նախորդ նիստում ընդհատված երկրորդ ընթերցման ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթի քննարկումը:

Քննարկվեց երկրորդ ընթերցման ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը նախքան երկրորդ ընթերցմամբ օրինագծին անդրադառնալը ներկայացրեց օրենքում նոր կատարված լրացումները, որոնք քննարկվեցին առաջին ընթերցմամբ: Մասնավորապես այդ դրույթները նախատեսում են, որ երեք շաբաթը մեկ գումարվող չորսօրյա նիստերի  գումարման օրը կարող է Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ տեղափոխվել նույն գումարման հերթական նստաշրջանի մեկ այլ երկուշաբթի օր: Նախատեսվում են նաեւ այն դեպքերը,  երբ չի կարող նիստը տեղափոխվել:

Մեկ այլ հոդվածով արձանագրվում է, որ ԱԺ պատգամավորների եւ Աշխատակազմում պետական ծառայողների գործուղման ծախսերը հաշվարկվում են պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած նորմաներին համապատասխան: Բայց ԱԺ նախագահի կարգադրությամբ ԱԺ պատգամավորների եւ Աշխատակազմում պետական ծառայողների գործուղման ծախսերը կարող են հատուցվել համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

Ազգային ժողովը քննարկեց 2010 թվականի օգոստոսի 20-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 1995 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 5 արձանագրությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ արձանագրությամբ ՀՀ տարածքում գտնվելու ընթացքում ռուսաստանյան ռազմակայանը բացի ՌԴ շահերի պաշտպանության գործառույթներից ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ապահովելու է նաեւ ՀՀ անվտանգությունը, որի համար ռուսական կողմը Հայաստանին աջակցելու է ժամանակակից եւ համատեղելի սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով: Սահմանվում է ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի գտնվելու ժամկետի երկարաձգում նախկին 25 տարվա փոխարեն 49 տարով:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Հավաքների ազատության մասին» օրինագիծը եւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը,  «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը եւ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: 
  
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրեց «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ դրա հետ կապված մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը:

«Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակն է ստեղծել բարենպաստ իրավական դաշտ ազատ տնտեսական գոտիների գործունեության իրականացման համար: Այն կարգավորում է ազատ տնտեսական գոտիների ստեղծման, կազմակերպման եւ լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները: Օրինագծով կարգավորվում են շահագործողին թույլտվություն տրամադրելուն, կազմակերպչի ընտրությանը, ազատ տնտեսական գոտուն ներկայացվող պահանջներին, պայմանագրի կնքմանը, լիազոր մարմնի լիազորություններին, կազմակերպչի եւ շահագործողի պարտականություններին, շահագործման սահմանափակումներին, հարկային ու մաքսային կարգավորմանը, պետության կողմից ծառայությունների մատուցմանն ու վերահսկողության իրականացմանն առնչվող հարցեր:

Օրենքի նախագծի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի` ապրիլի 12-ի նիստում:
 
 
 


11.04.2011
«Բաց դաս»-ին մասնակցեցին Երեւանի Էրեբունի վարչական շրջանի դպրոցների աշակերտները
Ապրիլի 11-ին մեկնարկած Ազգային ժողովի հերթական քառօրյա  նիստին, ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում մասնակցեցին Երեւանի Էրեբունի վարչական շրջանի դպրոցների աշակերտները:  Այնուհետեւ,  ավանդույթի համաձայն, նրանք հանդիպեցին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Զրույցը խորհրդարանի ղ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am