National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.4.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
14.04.2011
Խորհրդարանն ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 5

Ապրիլի 14-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գործընկերներին տեղեկացրեց, որ այս անգամ ավանդույթի համաձայն խորհրդարանի նիստի աշխատանքին մասնակցում են Գյումրու Ալիշանի անվան թիվ 8 դպրոցի աշակերտները: ԱԺ պատգամավորները ողջունեցին դպրոցականներին եւ մանկավարժներին:

Այնուհետեւ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ օրենսդրական փաթեթները, վավերացրին միջազգային պայմանագրերը: Առաջին ընթերցումով ընդունվեց նաեւ կառավարության հեղինակած «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի քվեարկությունը կառավարության խնդրանքով հետաձգվել էր: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը տեղեկացրին, որ քննարկումների ընթացքում ԱԺ պատգամավորների առաջարկների հիման վրա օրինագիծը փոփոխվել է. հաստատագրված վճարների դաշտում թողնվել են բեռնափոխադրումները եւ հյուրանոցային բիզնեսը, իսկ բենզինը եւ մանրածախ առեւտուրը` դաշտից հանվել:

Պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նաեւ ՀՀ ԱԺ չորրորդ գումարման իններորդ նստաշրջանի 2011 թ. մայիսի 2-5-ի չորսօրյա նիստերը մայիսի 9-12-ը տեղափոխելու մասին ԱԺ որոշման նախագիծը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարզաբանեց, որ տեղափոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կորեական «KOIKA» կազմակերպության 10 մասնագետներ արդեն 10 օր է խորհրդարանում են եւ իրենց 15 օր ժամանակ է պետք տեխնիկական խնդիրները ավարտին հասցնելու համար:

Այնուհետեւ խորհրդարանն անցավ օրակարգային հարցերի քննարկմանը: Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» կառավարության օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնեց փոխնախագահ Արտյուշ Շահբազյանը:

Մինչ հաջորդ հարցին անցնելը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ վաղը` ապրիլի 15-ին, ժամը 12.00-ին, կառավարութունը ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել` 4 վարկային համաձայնագրեր քննարկելու նպատակով:

Առաջին ընթերցման ընթացակարգով խորհրդարանը քննարկեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի ներկայացմամբ: Առաջարկվում է քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով որպես պատիժ սահմանել ազատազրկում ութից տասնհինգ տարի ժամկետով` նախկին վեցից տասներկուսի փոխարեն, իսկ 2-րդ մասով ազատազրկում` տասներկուսից  քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում` նախկին ութից տասնհինգ տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման փոխարեն: Փոփոխություններով նախատեսվում է ավելացնել  հանցագործությունների եւ դատավճիռների համակցությամբ ազատազրկման ձեւով վերջնական պատժի ժամկետը: Առաջարկվում է հրաժարվել հանցագործությունների կրկնակիության ինստիտուտից: Կրկնակիության ինստիտուտի վերացմամբ գործելու է համակցության ինստիտուտը: Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում սահմանել ռեցիդիվի (պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանք) համար պատիժ նշանակելու կանոններ` տարբերակում դնելով ռեցիդիվի տեսակների միջեւ: Նախագծի հաջորդ կարեւոր փոփոխությունը վերաբերում է որոշ հանցատեսակների ապաքրեականացմանը, օրինակ մանր գողություն (գրպանից, պայուսակից) կատարելու դեպքում անձը ազատազրկման չի ենթարկվի` վճարելով տուգանք աշխատավարձի մինչեւ հարյուրապատիկի չափով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ ելնելով հարցի կարեւորությունից` հանձնաժողովը որոշել է հարցի առնչությամբ կազմակերպել խորհրդարանական լսումներ, չնայած արդեն իսկ աշխատանքային քննարկումներ են եղել դատախազության, դատական դեպարտամենտի եւ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ներկայացուցիչների մասնակցությամբ: Մի շարք առաջարկներ են ներկայացվել, որոնց հիման վրա օրինագիծը էական փոփոխություններ է կրել: Պարոն Նահապետյանի գնահատմամբ` քրեական քաղաքականության օրենսդրական ապահովման առումով օրենսդրական փաթեթն ունի աննախադեպ նշանակություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Մելիքյանի եւ Հերմինե Նաղդալյանի հեղինակած «ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող Գագիկ Մելիքյանի` օրինագծերի ընդունունը պայմանավորված է մի շարք դրույթների հստակեցման եւ հակասությունների վերացման  անհրաժեշտությամբ: Օրինագծի 1-րդ հոդվածով առաջարկվել է օրենքի մի շարք հոդվածներում ամրագրված «կարգապահական ներքին կանոններով» բառերը փոխարինել «ներքին կարգապահական կանոններով» բառերով, որը համահունչ է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 218-րդ եւ այլ հոդվածներին: Ըստ պարոն Մելիքյանի` օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը կվերացնի օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի եւ օրենքով պետական ծառայողին պաշտոնից ազատելու դրույթների միջեւ առկա հակասությունը: Օրինագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխությունները ուղղակիորեն առնչվում են ՀՀ Սահմանադրության 83.5. հոդվածին, համաձայն որի, բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում ֆիզիկական անձանց իրավունքները եւ պարտականությունները: Նախագծի 5-րդ հոդվածում առաջարկվող լրացումը վերաբերում է Ազգային ժողովի կողմից ընտրվեու կամ նշանակվելու դեպքում պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերին: Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը բխում է միջազգային փորձի ուսումնասիրությունից: Այսպես, Սլովենիայի, Ռումինիայի, Մակեդոնիայի, Բուլղարիայի, Շվեդիայի, Չեխիայի, Էստոնիայի եւ մի շարք այլ պետությունների  խորհրդարանների աշխատակազմերը ղեկավարում են խորհրդարանի Գլխավոր քարտուղարները, որոնք նշանակվում  կամ  ընտրվում են խորհրդարանի նախագահի  կամ խորհրդարանի կողմից: Հետեւաբար, առաջարկվում է «Աշխատակազմի ղեկավար» եզրույթին զուգահեռ գործածել «Գլխավոր քարտուղար» եզրույթը: 7-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը վերաբերվում է օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի «այդ պաշտոնները» բառերը «պետական ծառայության պաշտոններ» բառերով  փոխարինելուն, քանի որ «այդ» բառը ուղղակիորեն շեշտում է միայն օրենքով սահմանված մրցութային կարգով պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին, մինչդեռ, օրենքի 21-րդ հոդվածով սահմանված ատեստավորման ինստիտուտը վերաբերվում է պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին:

Պարոն Մելիքյանը նշեց, որ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է «ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, համաձայն որի պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք կարող է հանդիսանալ պետական ծառայողի կողմից եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը, մինչդեռ, «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքում բացակայում է պետական ծառայողի կողմից եկամուտների հայտարարագիր ներկայացնելու դրույթը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը պատգամավորներին փոխանցեց Հովհաննես Սահակյանը:

Առաջին ընթերցումով ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրեց «Համահայկական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունն է «Հայահայկական բանկ» բաց բաժնետիրական ընկերության գործունեությունը համապատասխանեցնել Համահայկական բանկի գործունեության հայեցակարգային մոտեցումներին: Օրենքի նախագծի ընդունման դեպքում Համահայկական բանկը կարող է պարտատոմսեր եւ դեպոզիտային սերտիֆիկատներ տեղաբաշխել ոչ ռեզիդենտներին հրապարակային առաջարկի հիման վրա, իսկ ռեզիդենտներին` միայն ոչ հրապարակային առաջարկի հիման վրա:

Հարակից զեկույցում ներկայացնելով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը` Գագիկ Մինասյանը կարեւորեց Համահայկական բանկ եւ ՀՀ կառավարությունը համագործակցությունը: Նա կարեւորեց այն փոփոխությունը, ըստ որի ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության գլխավոր ուղղությունները պետք է արձանագրվեն Համահայկական բանկի տնտեսական  քաղաքականության Հայտարարագրի մեջ եւ հավանության արժանանան ՀՀ կառավարության կողմից:

Երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար պարոն Երիցյանը ներկայացրեց «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ դրան հարակից 3 օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնեց Գագիկ Մինասյանը:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը առաջին ընթերցումով ներկայացրեց նաեւ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որոնց նպատակն է լուծել գրավի առարկա գույքի բռնագանձման ժամանակ առաջացող հարկային խնդիրները: Այդ խնդիրները կապված են այն հանգամանքի հետ, որ գրավի առարկայի արտադատական իրացման` բանկերի համար առավել ձեռնտու եղանակը` հետագա իրացման նպատակով գույքը բանկին ի սեփականություն վերցնելը, գործող հարկային օրենսդրության շրջանակներում դիտվում է իբրեւ գրավատուի կողմից այդ գույքի իրացում, որն առաջացնում է եկամտահարկի վճարման պարտավորություն: Նման հանգամանքն անհավասար դրություն է ստեղծում իրացման այլ եղանակների հետ: Այստեղ բանկը, հանդես գալով իբրեւ հարկային գործակալ, ստիպված է լինում իր միջոցների հաշվին վճարել եկամտահարկը, քանի որ գրավի առարկայի հետագա իրացումը թույլ չի տալիս ծածկել ինչպես գրավով ապահովված պարտավորությունը, այնպես էլ վերոհիշյալ հարկի գումարը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տվել էր դրական եզրակացություն. այս մասին հաղորդեց հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը:

Քննարկվեց Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թ. ծրագրի կատարման 2009 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը ներկայացրեց հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում նշված նպատակների իրագործման աստիճանը եւ կառավարության կողմից իրականացված միջոցառումների նկարագրությունը, պետական գույքի մասնավորեցման վերաբերյալ տեղեկությունները, մասնավորեցման գործարքների վերաբերյալ քանակային ցուցանիշները, մասնավորեցման հետեւանքով պետական բյուջե մուտք եղած միջոցները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Վարդան Բոստանջյանը:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան հարակից 4 օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկվեց առաջին ընթերցումով: ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը տեղեկացրեց, որ օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ունենալ կատարելագործված եւ միասնական մոտեցումներ ամրագրող օրենսդրություն` քաղաքաշինական գործունեության օպտիմալացում, ծրագրային փաստաթղթերի մշակման մատչելիության եւ արդյունավետության ապահովում, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման գործընթացի խթանում, համայնքների ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում, ինչպես նաեւ կառուցապատման ընթացակարգերի թվի ու ծախսվող ժամանակի կրճատում:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը փաստեց, որ օրենսդրական փաթեթը շուրջ երկու տարվա ճանապարհ է անցել, 2010-ին աշխատանքային խումբ է ձեւավորվել այս հարցով եւ լրամշակվել է այն: Հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել էր դրական եզրակացություն:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2009 թ. գործունեության մասին հաղորդումը պատգամավորներին ներկայացրեց ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ  Գրիգոր Ամալյանը: Նշվեց, որ հանձնաժողովի կողմից հատկացված լիցենզիաների հիման վրա հաշվետու ժամանակաշրջանում գործել է 75 հեռուստաընկերություն, որից 42-ը` վերգետնյա եթերային, 1-ը` եթերամալուխային, 32-ը` մալուխային հեռարձակում իրականացնող: Հանձնաժողովը իր վերահսկողական գործառույթն իրականացնելու նպատակով կատարել է երեւանյան հեռուստառադիոընկերությունների եթերի 1923 օրերի տեսաձայնագրություններ: Մարզային հեռուստառադիոընկերությունների գործունեությունը վերահսկելու նպատակով տարվա ընթացքում իրականացվել է 15 ներհանրապետական գործուղում:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն` ակնկալելով, որ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն իր գործառույթներով կնպաստի հեռուստատեսության ոլորտում առողջ մրցակցության ապահովմանը:

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը պարոն Ամալյանին փոխանցեց վերջերս խորհրդարան այցելած աշակերտների մտահոգությունը դպրոցական կյանքին վերաբերող մի հեռուստասերիալի առնչությամբ, որը, երեխաների բնորոշմամբ, ուսանելի չէ:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ներկայացմամբ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» հարցը: Ծրագիրը մշակվել է ՀՀ Նախագահի` 2007 թ. փետրվարի 7-ի «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» հրամանագրի եւ «Կայուն զարգացման ծրագրի» հիմնադրույթներին համապատասխան: Ծրագրի հիմքում դրվել են նաեւ ՀՀ կառավարության կողմից հաստատված կրթության առանձին ոլորտների ռազմավարական ծրագրերը եւ զարգացման հայեցակարգերը, ինչպես նաեւ ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ մշակված «Կրթություն-2015» զարգացման հայեցակարգը:

Կարինե Աճեմյանը ներկայացրեց նաեւ քննարկվող հարցի վերաբերյալ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Նիստի ավարտին ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հիշեցրեց, որ վաղը` ժամը 12-ին, կառավարությունը հրավիրել է արտահերթ նիստ:

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:


14.04.2011
Հերթական «Բաց դասը» խորհրդարանում
Ազգային ժողովի «Բաց դռներ» քաղաքականության շրջանակում ապրիլի 14-ին խորհրդարանում հյուրընկալվել էին  Գյումրու Ալիշանի անվան թիվ 8 դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: ԱԺ նիստին ներկա գտնվելուց հետո նրանց հետ «Բաց դաս» անցկացրին  ԱԺ փոխնախագահներ Սամվել Նիկոյանը եւ Սամվել Բալասանյանը: ...

14.04.2011
Ապրիլի 15-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` կառավարության նախաձեռնությամբ, 2011թ. ապրիլի 15-ին, ժամը 12.00-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:   Արտահերթ նիստի օրակարգը...

14.04.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի պատմության թանգարան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ  ապրիլի 14-ին այցելեց Հայաստանի պատմության թանգարան:  ԱԺ նախագահը  ծանոթացավ թանգարանում բացված` Հայաստանի բրոնզեդարյան դամբարաններից  գտածոների ցուցադրությանը, Վերին նավեր (Ք. Ա. 22-14դդ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am