National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.4.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
23.04.2011
Հանդիպում խորհրդարանում
1 / 1

Ապրիլի 23-ին  ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի ասորական եւ հունական համայնքների ներկայացուցիչները հանդիպեցին Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ Երեւան ժամանած Սլովակիայի Հանրապետության կառավարության ազգային փոքրամասնությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Պոլլակի եւ եվրոպական «Տիժդեն» օրաթերթի լրագրող Անջեյ Բամի հետ։

 ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը համառոտ ներկայացրեց առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի, ասորական, հունական համայնքների եւ ազգային մյուս փոքրամասնությունների նկատմամբ թուրքական կառավարության ծրագրած եւ իրականացրած ցեղասպանության նախապատմությունը։

Նշվեց, որ 1915-1922թթ. տեղահանվեցին եւ կոտորվեցին Փոքր Ասիայի տարածքում բնակվող 2,5 միլիոն քրիստոնյաներ- 1,5 միլիոն հայ, 600 հազար հույն եւ շուրջ 400 հազար ասորի, եզիդի եւ այլ ազգային փոքրամասնություններ զոհ գնացին թուրքական կառավարության կազմակերպած ոճիրի հետեւանքով։

«Աշխարհի երկու տասնյակից ավելի երկրներ, այդ թվում Սլովակիան, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում, ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, - ասաց Վահան Հովհաննիսյանը։

Նշվեց, որ այսօր հայերին, հույներին, ասորիներին եւ ցեղասպանված մյուս ժողովուրդներին համախմբում են ընդհանուր ցավն ու պայքարը։

ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշելով, որ Թուրքիան իրականացրել է ոչ միայն հայերի ցեղասպանությունը, այլեւ աորիների, հույների, անհրաժեշտ համարեց, որպեսզի ցեղասպանությունը դատապարտող փաստաթղթերում նշվի այդ անհերքելի իրողությունը։

Պարոն Շարմազանովը նշեց նաեւ, որ պետք է ամեն ինչ անել, որ Թուրքիան ճանաչի քրիստոնյա ազգերի նկատմամբ կատարած ոճրագործությունը։

Հայաստանի հունական համայնքի ղեկավար Արկադի Խիտարովը եւ ասորական համայնքի ղեկավար Իրինա Գասպարյանը երախտիքի խոսք ուղղեցին Շվեդիայի խորհրդարանին, որն անցյալ տարի մարտ ամսին ընդունած Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթղթում ամրագրել է նաեւ հույների ու ասորիների նկատմամբ 20-րդ դարի սկզբում Թուրքիայի կազմակերպած եւ իրականացրած ոճիրը։

Իրինա Գասպարյանը հյուրերին տեղեկացրեց, որ միայն Հայաստանում են գործում ասորական դպրոցներ։

Նշվեց, որ ասորական եւ հունական համայնքները պաշտոնապես դիմել են Հայաստանի օրենսդիր իշխանությանը՝ Թուրքիայի կողմից ասորիների եւ հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու հարցով։

Ասորական եւ հունական համայնքների ներկայացուցիչները պատասխանեցին հյուրերին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։

Սլովակիայի Հանրապետության կառավարության ազգային փոքրամասնությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Պոլլակն ու «Տիժդեն» օրաթերթի լրագրող Անջեյ Բամը շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշեցին, որ իրենք տեղյակ չեն եղել ասորի եւ հույն համայնքների նկատմամբ Թուրքիայի կառավարության իրականացրած կոտորածների մասին։

Նշվեց, որ միջազգային հանրությունը պետք է ճանաչի եւ դատապարտի Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը եւ անի ամեն ինչ, որպեսզի նմանօրինակ ոճրագործությունները երբեւէ չկրկնվեն։

Պարոն Պոլլակն ասաց, որ ինքը Հայոց ցեղասպանության մասին տեղեկացել է աշխարհահռչակ գրողներ Վիլյամ Սարոյանի եւ Ֆրանց Վերֆելի ստեղծագործություններից։

«Երբ փորձեցի քարտեզի վրա փնտրել «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում նկարագրված գլուղերն ու քաղաքները, չկարողացա գտնել, քանի որ թուրքական կառավարությունը նաեւ քարտեզների վրայից էր ջնջել հայկական բնակավայրերը», - նշեց Միրոսլավ Պոլլակը։

Հանդիպման ավարտին Միրոսլավ Պոլլակն ու Անջեյ Բամը ցանկություն հայտնեցին հյուրընկալվել Հայաստանի հունական եւ ասորական համայնքների բնակավայրերում՝ տեղում ծանոթանալ նրանց կենցաղին, սովորություններին, վարքուբարքին։
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am