National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.2.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28
 
05.02.2013
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 9

Փետրվարի 5-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է կրթության ոլորտի ներկա բարեփոխումներով, որոնք հիմնականում ուղղված են Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացմանը: Նշվեց, որ կրթության բնագավառի հետագա զարգացումներում առաջնային տեղ է տրվելու մասնագիտական կրթության ոլորտին: Նախարարի տեղեկացմամբ՝ նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում արդեն իրականացվում են բարեփոխումներ, որոնք միտված են եվրոպական կրթական տարածքին ինտեգրվելուն: Արմեն Աշոտյանը նկատեց, որ շարունակելով ընթացիկ ծրագրերը` մշակվում է մասնագիտական կրթության համալիր վերակառուցման ռազմավարություն` բարեփոխումներն արագացնելու եւ արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ըստ նախարարի՝ իրավական ակտի ընդունումը բխում է կրթական ոլորտում պետական քաղաքականության միասնական չափանիշներ ուենալու, ուսումնական հաստատությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելու անհրաժեշտությունից, ինչը կնպաստի կրթության բնագավառում իրականացվող կրթական գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում կարեւորեց կրթական ոլորտում պետական միասնական քաղաքականություն վարելու, պետական միասնական չափորոշիչ, վերահսկողություն եւ գնահատական տալու խնդիրները:

Գլխադասային հանձնաժողովը նախագծին տվել էր դրական եզրակացություն, որը ներկայացրեց գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարինե Պողոսյանը: Պատգամավորը նշեց, որ նախագծի ընդունմամբ բոլոր ուսումնական հաստատությունների համար ստեղծվում են միասնական վերահսկման մեխանիզմներ՝ միտված լինելով կրթության որակի բարձրացմանը եւ համակարգի արդյունավետ գործունեությանը: Կարինե Պողոսյանը տեղեկացրեց, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունները բխում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքից:

Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց ելույթներում Աժ պատգամավորները կարեւորեցին կատարվող փոփոխությունները եւ արդարացված համարեցին լիցենզավորման վերաբերյալ խստացումները: Ըստ Արա Բաբլոյանի՝ լիցենզավորումը մեխանիկական գործընթաց չէ, այն հնարավորություն է տալիս ունենալու բժշկական համակարգ եւ որակ: Պատգամավորը կարծում է, որ հարցի կարգավորման պատասխանատվությունն իր վրա վերցրած պետության հիմնական նպատակը պետք է լինի որակյալ բժշկություն եւ բարձր մակարդակի առողջապահություն ունենալը:

Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քննարկվող հարցը կարեւոր է ոչ միայն այսօրվա Հայաստանի, այլեւ ապագա սերունդների համար: «Կրթության որակը եւ կրթության մրցունակ լինելը մեր հասարակության գերակա խնդիրներից մեկն է»,-ասաց ԱԺ փոխնախագահը: Էդուարդ Շարմազանովը կարեւոր, բայց նաեւ մի փոքր ուշացած համարեց կառավարության նախաձեռնությունը: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ եւ՛ պետական, եւ՛ լիցենզավորված մասնավոր բուհերը պետք է ապահովեն կրթության բարձր որակ, որի վերահսկողությունը պետք է իրականացնի ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը:

«ԲՀԿ» խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ պետության կարեւորագույն խնդիրներից է ունենալ գրագետ սերունդ եւ ապահովել որակյալ կրթություն: Ըստ խմբակցության քարտուղարի՝ պետական բուհերում կրթական չափորոշիչները որոշ չափով պահպանվում են, ինչը չի կարելի ասել մի շարք մասնավոր բուհերի մասին:

Ելույթ ունենալով «Օրինաց երկիր» խմբակցության անունից՝ Մհեր Շահգելդյանը նշեց, որ որոշ երկրներում պետությունը ոչ միայն իրականացնում է լիցենզավորման կամ վերահսկողության գործընթացը, այլեւ միայն ինքն իրեն է վերապահում այդ ոլորտում մասնագետների վերապատրաստումը: Ըստ Մհեր Շահգելդյանի՝ կրթությունը չի կարող համարվել միայն բիզնես, որովհետեւ կրթության ոլորտը կրում է սոցիալական ծանրաբեռնվածություն:

Եզրափակիչ ելույթում Արմեն Աշոտյանն անդրադարձավ պատգամավորների հարցադրումներին եւ տվեց պարզաբանումներ: Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատրաստ է աշխատել առաջարկներ ներկայացրած հեղինակների հետ: Նախարարը տեղեկացրեց, որ մշակման փուլում գտնվող «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հնարավորություն կտա մանրամասն քննարկելու բարձրագույն կրթության առկա խնդիրները եւ կառավարության կողմից առաջարկվող լուծումները:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ներկայացմամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախարարը նշեց, որ փոփոխությունը վերաբերում է 16-րդ հոդվածին, որի շարադրանքը չի բխում ժամանակակից մոտեցումներից, պարունակում է հակասություններ ստեղծող ձեւակերպումներ: Մասնավորապես, օրդինատուրան, որը ներկա օրենսդրությամբ ներկայացվում է որպես գիտական կադրերի պատրաստման մեխանիզմ, իրականում մագիստրատուրային համարժեք կրթություն է ապահովում: Բացի այդ, ինչպես պարզաբանեց Արմեն Աշոտյանը, օրենքի 4-րդ եւ 5-րդ մասերում «որպես կանոն» արտահայտությունը տարաբնույթ ընկալումների տեղիք է տալիս, սահմանափակում անձանց շրջանակը, ում կարող է շնորհվել գիտական կոչում, ստեղծում մի շարք այլ ռիսկեր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոչումեր տրվում են տարիների վաստակի, գիտության ոլորտում ներդրած ավանդի եւ գիտամանկավարժական գործունեության համար՝ օրենքի գործող 16-րդ հոդվածի փոփոխությունը կընձեռի հնարավորություն կառավարության սահմանած կարգով եւ չափանիշների հիման վրա գիտական կոչումեր շնորհել գիտության, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի վաստակաշատ աշխատողներին:

Ազգային ժողովին ներկայացնելով հարցի էությունը՝ ԿԳ նախարարը շեշտեց, որ խնդիրները զգայուն են, քանի որ մեր երկրում մեծ կարեւորություն է տրվում գիտամանկավարժական ոլորտին:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին է միջազգային փորձը գիտական կոչումների եւ աստիճանների շնորհման ոլորտում:

Ինչպես նշեց Արմեն Աշոտյանը, միջազգային փորձը խայտաբղետ է. տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ են դրսեւորում, իսկ Հայաստանի ընտրած ուղին համահունչ է ոլորտում մեր երկրում որդեգրած քաղաքականությանը, եվրոպական կրթական տարածքի պահանջներին:

Պատասխանելով պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցին՝ նախարարը նկատեց, որ ոլորտին վերաբերող միասնական քաղաքականություն դեռեւս չի սահմանվում նաեւ Բոլոնիայի գործընթացով. մի շարք հարցերի կարգավորումերը նախատեսվում են առաջիկա տարիների ընթացքում:

Պատգամավորներից ոմանք դեմ արտահայտվեցին այն հանգամանքին, որ գիտական կոչումների շնորհումը կատարվելու է կառավարության սահմանած կարգով եւ չափանիշներով՝ նշելով, որ ցանկալի է՝ վերջիններս ամրագրված լինեն օրենսդրությամբ: Ի պատասխան՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ խստացվելու են ատենախոսությունների նկատմամբ պահանջները, կիրառվելու են հաշվելի եւ չափելի չափորոշիչներ: Նրա խոսքով՝ կառավարությունը վստահություն է խնդրում խորհրդարանից չափորոշիչներ որոշելու հարցում:

Գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկայացրեց օրինագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Արտակ Դավթյանն առաջարկեց գրավոր առաջարկությունները ներկայացնել հանձնաժողով եւ մասնակցել դրանց քննարկումներին:

Հարցի վերաբերյալ իրենց ելույթներում պատգամավորներ Մհեր Շահգելդյանը, Ստեփան Մարգարյանը, Արծվիկ Մինասյանը հիմնականում շեշտեցին այն դիրքորոշումը, որ կարգավորման մեխանիզմները պետք է լինեն առավել հստակ, դրանց ձեւակերպումները տեղ գտնեն օրենքում:

Արտահերթ ելույթում Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ մեկ ամբողջ օր նվիրվեց կրթական ոլորտի հարցերի քննարկմանը, ինչն, ըստ նրա, պատահական չէ. կրթության ոլորտը կարեւորագույններից է մեր երկրում: Ինչպես նշեց Աժ փոխնախագահը, քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներն ունեցան շահագրգիռ մասնակցություն քննարկումներում, եւ ծավալված բանավեճը ցույց տվեց՝ կրթության եւ գիտության ոլորտը մեր երկրի ապագան է, իսկ խնդիրները բոլորին են հուզում: Նրա խոսքով՝ կրթության ոլորտում որակական նոր մակարդակ ենք բարձրացել. փոխվել են ոլորտին ուղղված պետության պատվերն ու պահանջները, բավական մեծ գործ է կատարված: Հերմինե Նաղդալյանն արձանագրեց, որ կառավարությունը կարողանում է շիտակ վերլուծություն անել, վեր հանել խնդիրները, դրանց լուծման ուղիներ գտնել. նրան չվստահելու պատճառ չկա:

Եզրափակիչ ելույթում Արմեն Աշոտյանն ասաց, որ ներկայացված օրինագիծը լավ առիթ էր խորհրդարանի բարձր ամբիոնից հնչեցնելու ոլորտին վերաբերող բազմաթիվ խնդիրներ եւ համատեղ ուժերով լուծումներ փնտրելու:

Այնուհետեւ Ազգային ժողովն անցավ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկմանը: Հիմնական զեկուցող, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է 10-րդ հոդվածի 5-րդ մասի «տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման» բառերը փոխարինել «միջազգային վիճակագրական համագործակցության» ձեւակերպմամբ: Օրենսդրական փոփոխությունը հիմնավորվում է միջազգային վիճակագրական համագործակցության հարաբերություններում վիճակագրության պետական լիազոր մարմնի ներկայացուցչի ներկայացուցչականության աստիճանի բարձրացման անհրաժեշտությամբ:

Հարցի քննարկումը խորհրդարանը կշարունակի փետրվարի 6-ի նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am