Մարտի 6-ին Հայաստան-Իտալիա պատգամավորական բարեկամության խմբի խմբի անդամները հանդիպեցին Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիի հետ:
Բարեկամության խմբի ղեկավար Կորյուն Նահապետյանը շնորհավորեց Ջովաննի Ռիչուլլիին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց: Նա նշեց, որ հայ-իտալական հարաբերությունները տարբեր ոլորտներում զարգացման լավ հեռանկարներ ունեն, բայց միջխորհրդարանական հարաբերությունները դեռեւս անհրաժեշտ բարձունքի վրա չեն: Կորյուն Նահապետյանի գնահատմամբ՝ անհրաժեշտ է օգտագործել համագործակցության բոլոր ձեւաչափերը, պարբերական դարձնել բարեկամության խմբերի հանդիպումները տեղեկատվության փոխանակման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման, խորհրդարանական վեհաժողովներում միասնական դիրքորոշում ձեւավորելու նպատակով:
Հայաստան-Իտալիա պատգամավորական բարեկամության խմբի անդամները փոխգործակցությունն ակտիվացնելու համար առաջարկեցին օգտագործել երկու երկրների տնտեսության, մշակույթի, կրթության, զբոսաշրջության ոլորտներում առկա հնարավորությունները, նպաստել տեղական մարմինների համագործակցությանը:
Դեսպան Ջովաննի Ռիչուլլին, համաձայնելով միջխորհրդարանական կապերի եւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման մասին հայ պատգամավորների տեսակետներին, հավաստիացրեց, որ ինքն ամեն ինչ անելու է նշված բոլոր ուղղություններով համագործակցությունն ակտիվացնելու համար: Նրա գնահատմամբ՝ պատգամավորների հստակ հարցադրումներն ու առաջարկներն իր համար շատ օգտակար էին համագործակցության առաջնահերթությունների նախանշման առումով:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: