National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.3.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
11.03.2014
ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 10

Մարտի 11-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: Մինչ ընդհատված հարցի քննարկմանն  անցնելը՝ պատգամավորներն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով ողջունեցին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյուընկալված եւ ԱԺ նիստին հետեւող Երեւանի «Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին:

Պատգամավորները շարունակեցին իրենց գնահատականները ներկայացնել Արման Սահակյանի, Սամվել Ֆարմանյանի, Նաիրա Կարապետյանի, Տաճատ Վարդապետյանի, Լեւոն Մարտիրոսյանի եւ Էդմոն Մարուքյանի հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության  եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրինագծերի փաթեթի վերաբերյալ :

Օրինագծի համահեղինակ Լեւոն Մարտիրոսյանն իր ելույթում պարզաբանեց, որ փաթեթի հիմնական նպատակն է  գովազդի միջոցով նպաստել հեռուստաընկերությունների ֆինանսական վիճակի բարելավմանը: Ըստ նրա՝ արդյունքում կշահեն ոչ միայն երեւանյան, այլեւ ֆինանսական ոչ բարվոք վիճակում գտնվող  մարզային հեռուստաընկերությունները: Աղվան Վարդանյանն էլ կարծում էր, որ  առաջարկվող փոփոխությունները հակասում են հանրության շահերին, անտեսված է հանրությանը հասցվելիք հնարավոր վնասը: Այս հարցում գործընկերոջ հետ համամիտ էր Արծվիկ Մինասյանը. նրա համոզմամբ, առաջարկվող փոփոխությունները կհարվածեն թե հանրության, թե տեղական արտադրողի շահերին: Օրինագծերի ընդունմամբ կբարելավվի հեռուստաընկերությունների ֆինանսական վիճակը, արդյունքում հանրությանը կմատուցվեն որակյալ հեռուստահաղորդումներ. այս տեսակետն իր ելույթում պաշտպանեց օրինագծերի համահեղինակ Նաիրա Կարապետյանը: Օրինագծերի վերաբերյալ դրական գնահատականներ հնչեցրեց Էդմոն Մարուքյանը, ով եւս կարծում էր, որ պետք է խրախուսել նաեւ տեղական արտադրողին  եւ օրինագիծը բարելավելու  է հեռուստաընկերությունների ֆինանսական վիճակը: Նշվեց նաեւ, որ նման գովազդ թույլտարված է բազմաթիվ երկրներում:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Բացասական գնահատելով առաջարկվող փոփոխությունները՝ նա հեղինակներին առաջարկեց շրջանառությունից հանել օրենսդրական  փաթեթը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախաձեռնությանը:

Եզրափակիչ ելույթներում հիմնական զեկուցող Սամվել Ֆարմանյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն անդրադարձան գործընկերների մտահոգություններին եւ առաջարկներին,  տվեցին պարզաբանումներ:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով խորհրդարանը քննարկեց Հովիկ Աբրահամյանի, Գալուստ Սահակյանի, Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Կարինե Պողոսյանի, Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որն ուղղված է չգրանցված աշխատողների շահերի պաշտպանությանը:  Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ քննարկումների արդյունքում օրինագիծը լրամշակվել եւ հստակեցվել է:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ  դրական է:

Առաջին ընթերցմամբ պատգամավորները քննարկեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ ՀՀ Հանրային հեռուստատեսությամբ արգելվում է ցուցադրել գովազդ՝ բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաեւ մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին տեղեկություններ նշելու դեպքերի, բայց ոչ ավելի, քան 1 հովանավոր յուրաքանչյուր ցուցադրման ժամանակ:

Եթերային 1 ժամվա ընթացքում հովանավորների մասին հիշատակումը յուրաքանչյուր հաղորդման մեջ չպետք է գերազանցի 90 վայրկյանը:

Առաջարկվող  փոփոխությունները չեն տարածվելու  Հանրային հեռուստատեսության արբանյակային կապով եթերի  հեռարձակումների, ինչպես նաեւ Հանրային հեռուստատեսությամբ միջազգային հեղինակավոր մշակութային կամ  սպորտային իրադարձությունների այն վերահեռարձակումների վրա, որոնց շրջանակներում դրանց կազմակերպիչների պահանջով պարտադիր պետք է ցուցադրվեն գովազդներ:

 Հրայր Թովմասյանը նշեց, որ փոփոխությունները նպատակ ունեն պաշտպանել Հանրային հեռուստաընկերության անկախությունը գովազդատուներից:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարինե Պողոսյանը:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն ու դիրքորոշումը ներկայացրին պատգամավորները:

Մհեր Շահգելդյանը, ընդհանուր առմամբ դրական գնահատելով առաջարկվող փոփոխությունները, նկատեց, որ որոշ դրույթներ հստակեցման կարիք ունեն: Խնդիրը, մասնավորապես, վերաբերում է հովանավորի կողմից  հնարավոր թաքնված գովազդին: Նախագիծն իր ելույթում դրական գնահատեց Ռուզաննա Մուրադյանը: Պատգամավորը նկատեց, որ անհրաժեշտ է համարում հստակեցնել, թե որն է համարվելու սոցիալական գովազդ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ կարծում է, որ փոփոխությունները նպատակ ունեն թուլացնել Հանրային հեռուստաընկերության դերակատարությունը: Տրամագծորեն հակառակ  կարծիքն արտահայտեց Խոսրով Հարությունյանը. ըստ նրա՝ նախագիծը նպատակ ունի վերականգնել օրենքով նրան վերապահված դերակատարությունն ու նշանակությունը հանրության կյանքում: Նա, ինչպես նաեւ այլ պատգամավորներ նշում էին վերջին շրջանում Հանրային հեռուստաընկերության հաղորդումներում նկատելի են դրական փոփոխությունները: Արտակ Դավթյանը նկատեց, որ օրինագծի ընդունմամբ կապահովվի Հանրային հեռուստաընկերության  անկախությունը: Նա իր ղեկավարած հանձնաժողովի անունից պատրաստակամություն հայտնեց քննարկել առաջարկները եւ լրամշակել նախագիծը: Հանրային հեռուստաընկերության եթերի դրական փոփոխությունների մասին խոսեց նաեւ Սամվել Ֆարմանյանը: Ըստ նրա՝ առեւտրային գովազդների վերացումը Հանրայինի եթերից դրական կաանդրադառնա   հաղորդումների որակի վրա:

Նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթ ունեցավ հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանը: Նա անդրադարձավ հնչած մտահոգություններին եւ դիտարկումներին, տվեց պարզաբանումներ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչպես եւ ինչ միջոցներով  է  Հանրային հեռուստաընկերությունը  լրացնելու իր ֆինանսական ճեղքվածքը, որը կառաջանա առեւտրային գովազդի արգելքից հետո եւ թե  ինչ կարծիք ունի   նախագծի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը:

Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ առաջարկվող փոփոխությունները քննարկվել են Հանրային հեռուստաընկերության ղեկավարության  հետ: Նրանք հավաստիացրել են, որ առանց լրացուցիչ ֆինանսական ծախսերի կարողանալու են լիարժեք իրականացնել իրենց առջեւ  դրված պարտականությունները:  Հրայր Թովմասյանը նաեւ նկատեց, որ եթե նման անհրաժեշտություն  առաջանա, ֆինանսավորումը կապահովվի պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հրայր Թովմասյանի ներկայացմամբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին նաեւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է անբասիր ծառայության համար մեդալով  պարգեւատրել նաեւ այս կառույցի աշխատակիցներին:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Մարգարյանը:

Առաջին ընթերցմամբ խորհրդարանն սկսեց քննարկել «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան առնչվող մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը  տեղեկացրեց, որ փաթեթը մշակվել է՝ հաշվի առնելով նախատեսված դատաիրավական բարեփոխումները: Սահմանվում են վճռաբեկ դատարան գործեր ընդունելու հիմքերը, գործերի բաշխման նոր, առավել արդյունավետ  համակարգ եւ այլն: Փաթեթի քննարկումը կշարունակվի ԱԺ մարտի 12-ի նիստում:
 


11.03.2014
Բաց դաս Ազգային ժողովում
Մարտի 11-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր «Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոցի աշակերտներին: Բաց դասը վարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Պարոն Դավթյանն աշակերտներին ներկայացրեց ԱԺ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am