ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 20-ին Ազգային ժողով էին այցելել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Նրանք ներկա են եղել խորհրդարանի նիստերի դահլիճում ընթացող հերթական նիստին եւ հետեւել են պատգամավորների աշխատանքին: Բաց դասը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահը, ողջունելով հյուրերին, խոսել է նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության կարեւորության ու քաղաքացիական հասարակության կայացման մասին: Նա կարեւորել է մանկավարժի դերը հասարակության մեջ՝ նշելով, որ այն բժշկի մասնագիտությունից հետո առաջին բարդ ու կարեւոր մասնագիտությունն է:
Տիկին Նաղդալյանը պատասխանել է նաեւ ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանում քայքայիչ աղանդների տարածմանն ու բանակի վրա դրա ազդեցությանը, ազատամարտիկների սոցիալական խնդիրներին, Բոլոնյան համակարգի ընդունմանն ու Հայաստանի կրթական համակարգի վրա դրա ազդեցությանը, ինչպես նաեւ մարզերում լավ մասնագետների պակասին:
Այցի ավարտին աշակերտները լուսանկարվել են ԱԺ փոխնախագահի հետ: