National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.6.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.06.2015
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 5

Հունիսի 5-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, քննարկվել է ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի, Արծվիկ Մինասյանի, Արմեն Բաբայանի, Միքայել Մանուկյանի, Հայկ Բաբուխանյանի հեղինակած «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը եւ «2014 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը:

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է սահմանել, որ մեկ անձի կողմից կուսակցությանը նվիրված անշարժ գույքի արժեքը չպետք է գերազանցի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհազարապատիկը եւ այն չպետք է վաճառվի նվիրատվության օրվանից առնվազն հինգ տարվա ընթացքում:

Հարակից զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր ներկայացրած առաջարկությունների ընդունման դեպքում:

Քննարկված օրինագիծը հանձնաժողովի անդամների կողմից քվեարկության արդյունքում ստացել է ոչ դրական եզրակացություն:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի անդամները մայիսի 4-8-ը աշխատանքային քննարկումներ են ունեցել ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների հետ: Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծի եւ կից օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը նշել է, որ նախագծերի փաթեթը նպատակ ունի արբիտրաժային մեծ փորձ եւ մշակույթ չունեցող երկրների համար արբիտրաժը խթանելուն ուղղված շարունակական եւ համակարգված քայլեր ձեռնարկել: Իսկ ՀՀ-ում արբիտրաժի ինստիտուտը կայացնելու համար դեռեւս առկա է թե' որակյալ արբիտր մասնագետների եւ թե' դատարանների կողմից արբիտրաժային որոշումների հարկադիր կատարման, չեղյալ ճանաչման, արբիտրների նշանակման եւ դատարանների կողմից արբիտրաժի նկատմամբ վերահսկողության այլ ոլորտներում ձեւավորված փորձի պակաս: Ըստ փոխնախարարի` այս խնդիրների լուծման համար հաջորդ փուլում նախատեսվում է մի շարք միջոցառումների իրականացում. կիրականացվի արբիտրների ուսուցում, դատավորների համար թեմատիկ դասընթացների ներառում, ինչպես նաեւ ճանաչված միջազգային արբիտրների մասնակցությամբ օրինակելի արբիտրաժների իրականացում:

Պարոն Մկրտչյանը տեղեկացրել է նաեւ, որ արբիտրաժային մշակույթի խթանումը պահանջում է նաեւ այլ իրավահարաբերություններից բխող վեճերն արբիտրաժի ընթացակարգերով լուծման հանձնելու օրենսդրական կարգավորումների հստակեցում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ընտանեկան, աշխատանքային, սպառողական կարիքների համար կնքված քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող վեճերին: Արբիտրաժի միջոցով լուծման ենթակա վեճերի շրջանակի ընդլայնմանը զուգահեռ՝ անհրաժեշտ է օրենսդրությամբ նախատեսել սպառողների շահերի պաշտպանության որոշակի մեխանիզմներ? ուղղված վեճը պետական դատարանին հանձնելու իրավունքից զրկելուն եւ արբիտրաժի միջոցով վեճերի լուծումը պարտադրելու կանխարգելմանը:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նշել է, որ օրենքների նախագծերի ընդունումը նպատակ ունի վերացնել օրենքների կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: Մասնավորապես, որոշակի կատեգորիայի քաղաքացիների համար համալրվում է անձնագիր եւ նույնականացման քարտ տրամադրելիս պահանջվող փաստաթղթերի ցանկը (oրինակ` հոգեբարձուների կամ խնամակալների անձը հտատող փաստաթղթեր), անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու դիմում տալու համար հնարավորություն է տրվում լուսանկարվել եւ մատնադրոշմները հանձնել իրենց գտնվելու վայրում, նախատեսվում է նաեւ սպառիչ սահմանել անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելը մերժելու հիմքերը, ինչպես նաեւ համապատասխան անձնագրային գործողությունների դիմումն ընդունել օրենքով նախատեսված փաստաթղթերն ամբողջական ներկայացնելուց հետո: Վարդան Եղիազարյանը տեղեկացրել է, որ գործող օրենքներից հանվում են նույնականացման քարտ կամ անձնագիր ստանալու համար դիմելուց հետո մեկ տարվա ընթացքում փաստաթղթերը չվերցնելու հիմքով դրանք անվավեր ճանաչելու մասին դրույթները` քաղաքացիներին հնարավորություն տալով իրենց անվամբ տպագրված փաստաթուղթն ստանալ նաեւ մեկ տարին լրանալուց հետո՝ մինչեւ դրանց վավերականության ժամկետի ավարտը:

Քննարկվել է նաեւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նշել է, որ օրենքների նախագծերը նախատեսում են թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող ՀՀ ներպետական իրավական ակտերի համակարգային վերլուծության իրականացում, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում դրանցում ՄԱԿ-ի կոնվենցիաների եւ միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում: Պարոն Եղիազարյանը տեղեկացրել է, որ միջոցառումն իրականացնելու նպատակով ուսումնասիրվել են ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերի հավելվածներով հաստատված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցանկերը, ինչի արդյունքում պարզվել է, որ հավելվածներում եւ ցանկերում կան նյութերի որոշակի անհամապատասխանություններ, բացթողումներ ու տերմինների տառադարձության հետ կապված վրիպակներ: Ըստ փոխոստիկանապետի` նշված բացթողումները վերացնելու նպատակով ցանկերը համեմատվել են նաեւ ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիաներով հաստատված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ցուցակների հետ:

Քննարկված երեք փաթեթներն էլ հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում քննարկման էր դրվել նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե օրենքի նախագիծը, որի քննարկումը հեղինակի առաջարկով հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:

Նույն օրը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվել է ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Ստեփան Դեմիրճյանի եւ Լյուդմիլա Սարգսյանի հեղինակած «Գազամատակարարման բնագավառում հայտնաբերված չարաշահումների եւ Հայաստանի Հանրապետությունում ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի իջեցմանն ուղղված միջոցառումների մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հիմնական զեկուցող Արամ Մանուկյանը տեղեկացրել է, որ ՀԱԿ պատգամավորներն առաջարկում են ԱԺ ընդունել որոշում՝ գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը դատախազություն ուղարկելու եւ դրանում տեղ գտած չարաշահումների փաստերով քրեական հետապնդում հարուցելու եւ մեղավորներին պատժելու նպատակով: Բացի այդ՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկվում է ուսումնասիրել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ տեղ գտած բացթողումներն ու թերությունները:

Քննարկման արդյունքում որոշման նախագիծն ստացել է ոչ դրական եզրակացություն:

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Նա տեղեկացրել է, որ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքը:

Հայաստանի Հանրապետությունում կրիչներ իրացնելու համար պարտադիր պահանջ է հանդիսանում դրանց վրա փակցված համապատասխան դրոշմապիտակի առկայությունը: Կրիչներ արտադրողներն ու ներմուծողները դրոշմապիտակները ձեռք են բերում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից: Դրոշմապիտակների տրամադրման հայտին կից հայտատուները պետք է ներկայացնեն կրիչների արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք, որը տրամադրում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն եւ կընգրկվի ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Քննարկվել է նաեւ կառավարության հեղինակած «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը:

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագիր, որը ենթադրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի (հանքախյուսերի) վերամշակում: Ըստ նախագծի՝ պոչամբարներում կուտակված է մոտ 300 մլն տոննա հանքախյուս, ինչը տարեկան ավելանում է 18-20 մլն տոննայով, ինչը Հայաստանի համար բնապահպանական մեծ խնդիր է: Ծրագիրն իրականացնելու է Ալյոտիգե ՍՊԸ?-ն՝ տարեկան վերամշակելով 12.5 մլն տոննա հանքախյուս: Նախատեսվում է կառուցել նաեւ կոմպոզիտային նյութերի գործարան` տարեկան առնվազն 10 հազար տոննա արտադրողականությամբ: Որպես հումք օգտագործվելու է պոչամբարի խյուսը:

Օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն. այն կընգրկվի ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:


05.06.2015
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հունիսի 5-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 8-11-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:...

05.06.2015
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
Հունիսի 5-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլուրիի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ազգային պատասխանատու Դավիթ Հարո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am