National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.6.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
08.06.2017
ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 8

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 8-ին շարունակել է ԱԺ արտահերթ նիստի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագիծը՝ կից փաթեթով, որը հեղինակել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀ կառավարությունը:

Փաթեթի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը քվեարկությունից առաջ տեցեկացրել է, որ ընդունվել է խորհրդարանական ընդդիմության, ինչպես նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության առաջարկը, որի համաձայն, ընդդիմությունը հնարավորություն կունենա թեկնածու առաջադրել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար: ԱԺ «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ կողմ են քվեարկելու փաթեթին:

Խորհրդարանն այնուհետեւ առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության ներկայացրած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Պատգամավորները շարունակել են առաջին ընթերցմամբ քննարկել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների մասին» օրինագիծը, որի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Խոսելով մասնավորեցման ցանկում ներառված ընկերությունների մասին՝ պարոն Մելքումյանը տարակուսանք է հայտնել այն կապակցությամբ, որ ճյուղային նախարարություններն ազդեցության գնահատականներում եղել են կամ չեզոք, կամ չեն հայտնել որեւէ տեսակետ: ԱԺ փոխնախագահը նշել է, թե մասնավորեցվող ընկերություններն առաջադրելիս անհրաժեշտ է հաշվի առնել, թե որքանով է անարդյունավետ նրանց՝ պետական ենթակայության տակ մնալը: Իսկ մասնավորեցման դեպքում պետությունը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի հնարավոր ներդրողն արդյունավետորեն կարողանա զարգացնել մասնավորեցված օբյեկտը:

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների մասին» օրինագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունները

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարեւորել է հանրային հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ հասարակական քննարկումներ ծավալելը, հանրության տեսակետները լսելը: Նա դրական է գնահատել մասնավորեցվող ընկերությունների վերաբերյալ կառավարության ներկայացրած հիմնավորումները, սակայն նշել է, որ անհրաժեշտ է առավել հստակեցնել դրանք: Բացի այդ, ըստ նրա՝ կարեւոր է իմանալ, թե ինչպիսի պարտավորություններ է ունենալու հնարավոր ներդրողը, եւ ինչ պատասխանատվության է ենթարկվելու դրանք չկատարելու պարագայում:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարել հանրության շահերին վերաբերող օբյեկտների մասնավորեցումն առանց լայն քննարկման: Անդրադառնալով մասնավորեցման ցանկում ներառված առողջապահական հիմնարկներին՝ նա կարծիք է հայտնել, թե, այո, մասնավոր հիվանդանոցները գտնվում են շատ լավ վիճակում եւ մատուցում են որակյալ ծառայություններ, սակայն բնակչության մի ստվար հատված չի կարողանում օգտվել այդ ծառայություններից: Խմբակցության ղեկավարն անմխիթար է գնահատել պետական պոլիկլինիկաների վիճակը եւ նշել, որ դրանք ի վիճակի չեն իրականացնելու իրենց հիմնական գործառույթը՝ կանխարգելելու հիվանդությունները կամ դրանց զարգացումը:

«Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ պետական գույքի մասնավորեցման ցուցանիշն ամենաբարձր է՝ մոտ 97 տոկոս: Նա խմբակցության անունից պնդել է, որպեսզի մասնավորեցման ներկայացված ցանկից հանվեն կրթական, նախադպրոցական եւ առողջապահական հիմնարկները: ԱԺ փոխնախագահը կարեւորել է ներդրումների ներգրավումը եւ այս հարցում անհրաժեշտ համարել պետության աջակցությունը, առանց որի, ըստ նրա, հնարավոր չէ իրականացնել որեւէ ծրագիր: Իսկ ծրագրեր, ըստ նրա, կան: ԱԺ փոխնախագահը նաեւ նշել է, որ «Ծառուկյան» խմբակցության պահանջը հստակ է՝ հանել բոլոր առողջապահական հիմնարկները մասնավորեցման ցանկից, իսկ «Հայֆիլմ» եւ «Հայփոստ» ընկերությունների համար ներկայացնել օրենքներ, ինչպես դա եղել է որոշ դեպքերում, հակառակ պարագայում խմբակցությունը կքվեարկի դեմ:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա անդրադարձել է գործընկերների ելույթներին եւ նշել, որ կառավարությունը ներկայացրել է մասնավորեցման ենթակա օբյեկտների վերաբերյալ նպատակներն ու սկզբունքները, որոնք, ըստ նրա, թերեւս կարելի է հստակեցնել: Նա եւս դեմ է արտահայտվել «վայրի», առանց հեռանկարային ծրագրերի տարիներ առաջ տեղի ունեցած սեփականաշնորհմանը, որն ունեցել է օբյեկտիվ դրդապատճառներ: Պարոն Բաղդասարյանը կարեւորել է ներդրումների ներգրավումը եւ այս համատեքստում անհրաժեշտ համարել խորհրդարանի վերահսկողական գործառույթների իրականացումը: Ըստ նրա՝ օբյեկտների մասնավորեցման հիմքում պետք է լինեն հստակ չափորոշիչներ եւ պետության հսկողությունը հատկապես այն խոշոր ձեռնարկությունների նկատմամբ, որոնք ունեն ռազմավարական նշանակություն:

Նա իրազեկել է, որ ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու մասնավորեցման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

Արտահերթ ելույթի իր իրավունքից օգտվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը

ԱԺ փոխնախագահը եւս նշել է հարցի հանրային մեծ հնչեղությունը, ինչը վկայում են նաեւ խորհրդարանական երկօրյա քննարկումները քաղաքական ուժերի կողմից: Պարոն Շարմազանովի գնահատմամբ՝ օբյեկտների մասնավորեցումն արդյունավետ է, ինչը ցույց է տալիս տարբեր երկրների փորձը: Նա դեմ է արտահայտվել «վայրի» սեփականաշնորմանը եւ փաստել տարբեր ընկերությունների՝ մասնավորեցման արդյունքում ի հայտ եկած արդյունավետ կառավարումն ու դրանց առավել մրցունակությունը: Նա ընդգծել է, որ մասնավորեցման նպատակը գումար հավաքելը չէ. հակառակը՝ այն նախ եւ առաջ նպատակ ունի իրականացնելու առավել մատչելի եւ արդյունավետ կառավարում: Ըստ պարոն Շարմազանովի ներկայացրած տվյալների՝ վերջին տարիներին մասնավորեցումների արդյունքում ՀՀ պետբյուջե է մուտքագրվել շուրջ 22 մլն ԱՄՆ դոլար, 1100-ից ավելի աշխատատեղ է ստեղծվել, եւս 2 մլրդ դրամ է մուտքագրվել պետբյուջե: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ խորհրդարանի վերահսկողական գործառույթներին եւ կարեւորել մասնավորեցման գործընթացում դրա պատշաճ իրականացումը: Նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել օրինագծին:

Եզրափակիչ ելույթում հիմնական եւ հարակից զեկուցողներ Արման Սահակյանը եւ Խոսրով Հարությունյանն անդրադարձել են պատգամավորների հնչեցրած հարցադրումներին, տվել պարզաբանումներ:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթով նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 34 ծրագիր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ, Շողակաթ, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Ախթալա, Սարչապետ, Տաշիր, Օձուն, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Ջրվեժ, ՀՀ Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի, Գլաձոր, Եղեգիս, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքային փնջերում:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նպատակն է՝ տալ օրենքով միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու եւ միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումներ, ինչպես նաեւ կատարել տեխնիկական եւ ընթացակարգային բնույթի փոփոխություններ եւ լրացումներ:

Նա պարզաբանել է, որ իրականացվող վարչատարածքային բաժանման արդյունքում խոշորացվում է կառավարման համակարգը, ոչ թե համայնքները, ինչպես երբեմն ընկալվում է թյուրիմացաբար: Խոշորացվող համայնքներում ակնկալվում է իրականացնել ներդրումային մի շարք ծրագրեր, որոնք պետք է էապես բարելավեն համայնքների բնակիչների կենսամակարդակը: Պարոն Տերտերյանի խոսքով՝ կառավարման համակարգի խոշորացման արդյունքը կլինի նաեւ ֆինանսական միջոցների կենտրոնացումը, ինչը կհանգեցնի նաեւ դրանց առավել արդյունավետ բաշխմանը: Բացի այդ՝ կիրականացվի կոլեգիալ կառավարում, կմեծանա վերահսկողությունը եւ այլն:

ՀՀ ԱԺ պատգամավորներին հետաքրքրող հարցերն առնչվել են բարեփոխման ընթացքն ու դրա արդյունավետությունը գնահատելու մեթոդաբանությանը, համայնքների խոշորացման հետեւանքով համայնքների աշխատակազմերում հաստիքների հնարավոր կրճատմանը, համայնքների խոշորացման միջազգային փորձի ուսումնասիրությանը, խոշորացվող համայնքների բյուջետային միջոցների ավելացմանը, որոշ համայնքների խոշորացման աննպատակահարմարությանը եւ այլն:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի նիստում քննարկումներին մասնակցող ՏԻՄ ներկայացուցիչներն արտահայտել են իրենց դիրքորոշումը: Պարոն Հովհաննիսյանի համոզմամբ՝ համայնքներում պետք է ավելի արդյունավետ դարձնել տեղական ինքնակառավարումը եւ այդ բարդ գործընթացում անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը: Պատգամավորը կարեւորել է գործընթացի վերաբերյալ հանրության հանգամանալի իրազեկումը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ պատգամավորները՝ համայնքների խոշորացման նպատակահարմարության վերաբերյալ

Գեւորգ Գորգիսյանը կարեւորել է համայնքներում խնդրի քննարկումը: Պատգամավորն առաջարկում է խոշորացված համայնքներում ներդնել համամասնական ընտրակարգը, իսկ նոր խոշորացվողներում՝ համայնքների ղեկավարների ընտրությունների ժամանակ արդեն իսկ կիրառել այդ ընտրակարգը: Արմենուհի Կյուրեղյանն էլ կարծիք է հայտնել, որ խոշորացման արդյունքում կունենանք ֆինանսական միջոցների, ինչպես նաեւ պետական համահարթեցմամբ տրամադրված միջոցների մեկտեղում մեկ բյուջեում, ինչը հնարավորություն կտա այդ գումարը ներդնել որոշակի դրամաշնորհային ծրագրերի ու ներդրումների իրականացման համար: Նա նշել է, որ խոշորացման վերաբերյալ բնակչության դժգոհությունը հիմնականում պայմանավորված է նրանց ոչ լիարժեք իրազեկվածությամբ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ համայնքների խոշորացման գաղափարը վատը չէ, պարզապես պետք է հասկանալ դրա արդյունավետությունը: Արարատ Զուրաբյանի համոզմամբ՝ տեղական ինքնակառավարման համակարգն ամբողջությամբ վերափոխման, քայքայման եւ վերաձուլման է ենթարկվում: Հակոբ Հակոբյանը, համայնքների խոշորացումը պարտադիր համարելով, նշել է, որ դրա արդյունքում, սակայն, պետական կառավարման համակարգի որոշ սկզբունքներ պետք է վերանայվեն. դրանք վերաբերում են խոշորացված համայնքներում բուժհաստատությունների սպասարկման որակին, կրթական գործի կազմակերպմանը, սոցիալական աջակցության իրականացմանը եւ այլն: Արտաշես Գեղամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը սոցիալ- տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրերում մատնանշել է առանձին համայնքների զարգացման հետանկարները եւ կարծիք է հայտնել, որ կառավարման համակարգն համարժեք չէ այն խնդիրներին, որոնք առկա են: Նա կարծում է, որ պետք է այս օրինագծին կողմ արտահայտվել: Վարդեւան Գրիգորյանն ընդգծել է, որ կառավարության կողմից օրենսդրական փաթեթն արտահերթ կարգով ներկայացնելու հանգամանքը հնարավորություն չի տվել հանձնաժողովին այցեր կազմակերպել համայնքներ եւ քննարկել խնդիրը բնակչության հետ: Պարոն Գրիգորյանի կարծիքով՝ արդեն իսկ 18 ծրագիր է իրականացվել, որոնց արդյունքները, ըստ նրա, գոհացնող չեն: Մանե Թանդիլյանը եւս կարեւորել է բնակիչների հետ նման հեղափոխական բարեփոխումների քննարկման անհրաժեշտությունը: Պատգամավորը համայնքներում հաստիքների կրճատման պարագայում արտագաղթի վտանգ է տեսնում: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ խախտվել է ՀՀ Սահմանադրության 190-րդ հոդվածը. կառավարությունը չի լսել համայնքների կարծիքը: Տիկին Զոհրաբյանը խոսել է համայնքների խոշորացման եվրոպական փորձի մասին: Նա տեղեկացրել է, որ «Ծառուկյան» խմբակցությունն այս նախաձեռնությանը կողմ քվեարկել չի կարող: Արտակ Զեյնալյանը եւս այն կարծիքին է, որ երկրում բեկումնային փոփոխություններ նախատեսող օրենսդրական առաջարկը հապճեպ է քննարկվում: Նա կոչ է արել փաթեթը չընդունել, հաշվի առնել ժողովրդի կամքը: Ռուստամ Մախմուդյանի համոզմամբ՝ տեղական ինքնակառավարումն արդյունավետ կազմակերպելու նպատակով համայնքների խոշորացումը նպատակահարմար է: Նա ընդգծել է, որ մի շարք համայնքներում խոշորացման արդյունքում իրականացված դրական քայլերի մասին հանրությունը տեղյակ չէ. կա հանրային իրազեկման խնդիր: Լուիզա Սարգսյանն ընդգծել է, որ համայնքների խոշորացման դեպքում բազմաթիվ համայնքների բնակիչներ արտագաղթելու են: Սերգեյ Բագրատյանի գնահատմամբ էլ արդյունավետ խոշորացման որեւէ հստակ օրինակ նշված չէ փաթեթում: Նա մանրամասն խոսել է խոշորացման ֆինանսական անարդյունավետության մասին: Վարդան Բոստանջյանը նշել է, որ խոշորացման խնդիր, այո, կա, սակայն դա խախտումներով է իրականացվում: Պատգամավորի կարծիքով՝ օրենսդրական առաջարկն այնպես պետք է ներկայացվեր, որ հնարավոր լիներ պատկերացում կազմել ՏԻՄ ֆինանսական հնարավորությունների ընդլայնման եւ արդյունավետության բարձրացման մասին: Նա նշել է, որ քանի դեռ դրանք չեն ներկայացվել, իրենք չեն կարող կողմ քվեարկել:

Արտահերթ ելույթ է ունեցել Էդուարդ Շարմազանովը

ՀՀ ԱԺ փոխնախագահը խոսել է գաղափարի կարեւորության մասին եւ ընդգծել, որ խորհրդարանի ցանկացած որոշման հիմքում բացառապես ժողովրդի շահը պետք է լինի: Նրա գնահատմամբ՝ եթե բարեփոխումից տեսանելի, հստակ օգուտներ պետք է տեսնեն համայնքի բնակիչները թեկուզ մի քանի տարի անց, ապա, բնականաբար, պետք է գնալ այդ ուղղությամբ, իսկ եթե ոչ, ապա անկախ նրանից որքան էլ միջազգային կազմակերպությունները հորդորեն, չպետք է գնալ այդ ճանապարհով:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ խնդիրը պետք է լինի հիմնավորված կառավարում եւ ռեսուրսների կենտրոնացում: Պարոն Շարմազանովն անդրադարձել է համայնքների խոշորացման նատակահարմարությանը եւ այս համատեքստում ներկայացրել պիլոտային ծրագրով Լոռու մարզի մի քանի համայնքների խոշորացման դրական արդյունքները: Նրա համոզմամբ՝ խոշորացումը պետք է արվի բանականության սահմաններում՝ առանցքում ունենալով ժողովրդի շահը: ԱԺ փոխնախագահը կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել, իսկ կառավարությանը հորդորել է լսել խորհրդարանականների, համայնքապետերի եւ ժողովրդի ձայնը:

Արտահերթ ելույթ է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը

ՀՀ ԱԺ փոխնախագահն առաջարկվող բարեփոխումը կարեւոր, լրջագույն եւ հեղափոխական խնդիր է համարում: Պարոն Մելքումյանի համոզմամբ՝ խոշորացման ծրագրին պետք է նաեւ տարածքային համակարգը հարմարեցնել, արդիականացնել: ԱԺ փոխնախագահը հավելել է, որ այս խոշորացումը ենթադրում է համալիր մոտեցում, ինչն այս նախաձեռնության մեջ բացակայում է:

ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ իրենք չեն շտապելու, քանի որ մեր պետությունը չի գտնվում իր տնտեսական եւ հանրային կյանքի զարգացման այն փուլում, որպեսզի կարողանա խիստ կազմակերպված բարեփոխումներ իրականացնել:

ՀՀ ԱԺ խմբակցությունները՝ օրենսդրական փաթեթի վերաբերյալ

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության տեսակետը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը: Խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ կառավարությունը չի ներկայացրել այն անհրաժեշտ ելակետային տվյալները, որոնց հիման վրա պետք է համոզմունք ձեւավորել՝ ճիշտ որոշում է, թե՝ ոչ: Ելնելով վերոգրյալից՝ «Ելք» խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ իրենք դեմ են ծրագրին, այն ժամանակավրեպ է: Պարոն Մելքումյանը կարծիք է հայտնել, որ բարեփոխման հիմքում պետք է ոչ թե մեխնանիկական մոտեցում լինի, այլ արտադրական կամ տնտեսական հարաբերություններ ձեւավորող գործոնը: «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ խոշորացման գործընթացը վաղուց է մեկնարկել, պիլոտային ծրագրեր են իրականացվել այդ ընթացքում եւ հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել՝ հնարավորություն տալով գործընթացն ավարտին հասցնել: Պարոն Բաղդասարյանի խոսքով՝ մեր ժողովրդի խնդիրները պետք է միասնական լինեն, եւ այս խոշորացումը հենց ենթադրում է ժողովրդի միասնություն: Խմբակցության ղեկավարը հորդորել է պատգամավորներին առաջարկներ ներկայացնել, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում:

Եզրափակիչ ելույթներում Արաիկ Հովհաննիսյանը եւ Վաչե Տերտերյանն անդրադարձել են պատգամավորների մտահոգություններին եւ տվել սպառիչ պատասխաններ: Պաշտպանելով խոշորացման գաղափարը՝ նրանք առաջինից երկրորդ ընթերցում բոլոր առաջարկները քննարկելու պատրաստակամություն են հայտնել:


Հաջորդիվ խորհրդարանը քվեարկությամբ առաջին ընթերցումով ընդունել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագիծը, «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Ազգային ժողովն արտահերթ նիստի աշխատանքը կշարունակի հունիսի 9-ին՝ ժամը 11:00-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am