National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
21.06.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
21.06.2017
Գումարվել է ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը
1 / 10

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասի եւ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության՝ հունիսի 21-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը, որի օրակարգում էր «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագիրը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է 125 էջից բաղկացած ծրագիրը՝ նշելով, որ այն արտացոլում է ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների տեսլականն առաջիկա հինգ տարիների համար: Ըստ նրա՝ կառավարության վերջին ինն ամիսների աշխատանքի արդյունքում պարզ է դարձել, թե ինչ է պետք փոխել եւ ինչպես, հստակ տեսանելի է իրականությունը: «Այս ծրագիրը կյանքի որակ փոխող ծրագիր է դեպի ավելի բարեկեցիկ, ավելի ուժեղ, ավելի անվտանգ միջավայր: Մեր երկիրը շեն ու բարեկեցիկ դարձնելու բանալին մեր ձեռքում է»,- նշել է ՀՀ վարչապետը: Ըստ այդմ՝ բարեփոխումներ են նախատեսված բոլոր ոլորտներում. բարեփոխվելու է արդարադատության համակարգը, անհանդուրժողական պայքար է մղվելու կոռուպցիայի դեմ, օպտիմալացվելու է պետական կառավարման համակարգը, իրականացվելու է քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխում: Նախատեսվում է ներդնել բիզնես-օմբուդսմենի ինստիտուտ, զարգացնել եւ մրցակցային դարձնել բիզնես միջավայրն ու մեծացնել ներդրումների համար ոլորտի գրավչությունը, վերանայել գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը, կրթության ոլորտում ներդնել ուսուցիչների խրախուսման նոր մեխանիզմ եւ վերանայել կրթական համակարգի բոլոր մակարդակների ծրագրերը, արդիականացնել ջրային տնտեսությունը, հավակնոտ ծրագրեր իրականացնել էներգետիկայի ոլորտում եւ այլն:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նաեւ նշել է, որ իրականացվել են կառավարության նախորդ ծրագրով նախատեսված աշխատանքները. նախորդ տարվա համեմատ տարեսկզբից արձանագրվել է տնտեսական ակտիվության 6,4 տոկոս աճ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 14,4 տոկոսով, առեւտրաշրջանառությունը՝ 12,8 տոկոսով, ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 11 տոկոսով, արտահանումն աճել է 21 տոկոսով, ներմուծումը՝ 24,4 տոկոսով, հաշվառվող ձեռնարկատերերի թիվն աճել է 8 տոկոսով:

ՀՀ կառավարությունը 2017-2022 թվականների ընթացքում նպատակադրում է զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջին հաշվով շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով, արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների եւ ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի, աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսով, զբաղվածության աճի եւ արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը եւ երկրի մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի եւ աշխատավարձի մեդիանայի համամասնությունը:

Արդյունավետ հարկային եւ մաքսային վարչարարության իրականացման արդյունքում նախատեսվում է ապահովել հարկային եկամուտների կայունությունը՝ նախատեսելով հարկային եկամուտների եւ ՀՆԱ-ի հարաբերակցության աճ՝ առաջիկա 5 տարիների ընթացքում 2,5 տոկոսային կետով՝ հաշվի առնելով առաջիկա տարիներին տնտեսության զարգացման միտումները:

Վարչապետին ուղղվել են բազմաթիվ հարցեր, որոնց նա տվել է սպառիչ պատասխաններ:

ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորները

Նաիրա Զոհրաբյանը կարծիք է հայտնել, որ ծրագրով աղքատության խնդիրը չի լուծվելու եւ անդրադարձել է տնտեսական աճի տեմպերին, պետական պարտքի ռիսկայնությանը, ներդրումային քաղաքականությանը, արտագաղթի աճող տեմպերին: Պատգամավորը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու: Տիգրան Ուրիխանյանը խոսել է կառավարության ծրագրով տարբեր ոլորտներում իրականացվելիք քայլերի եւ առաջնահերթությունների մասին: Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ կառավարության ծրագիրը հռչակագրային բնույթ ունի, այն պետք է լիներ հակիրճ, թիրախային, չափելի դրույթներով, որոնք կարտացոլեին ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության սահմանադրական հիմունքները: Մարգարիտ Եսայանը կարեւորել է ծրագրի հիմքում դրված անվտանգ, արդար, անկախ եւ խելացի Հայաստան ունենալու տեսլականը, երկրում արդարության եւ վստահության մթնոլորտի ամրապնդմանն ուղղված ջանքերը: Պատգամավորը կարեւորել է այն հանգամանքը, որ հստակ մատնանշված են բոլոր ծրագրերը եւ դրանց իրականացման ժամկետները: Արտակ Զեյնալյանը խոսել է ներքին եւ արտաքին շուկաների տարբեր ոլորտներում մեր երկրի մրցունակության մասին, անդրադարձել պետական հիմնարկների մասնավորեցմանը, մի շարք խնդիրների թվում բարձրացրել է նաեւ աբխազական երկաթգծի վերագործարկման հարցը: Ռուստամ Մախմուդյանը խոսել է կառավարություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ համագործակցության մասին, անդրադարձել մասնավորապես արդարադատության բնագավառում իրականացված բարեփոխումներին եւ կարծիք հայտնել, որ կառավարությունը ողջամիտ ժամկետներ է մատնանշել ծրագրերի իրականացման համար: Մարինա Մարգարյանը խոսել է առողջապահության եւ կրթության ոլորտներում նախատեսված ծրագրերի, կենտրոնացված գնումների ընթացակարգերի վերաբերյալ, անհրաժեշտ համարել բարեփոխումներն այդ ոլորտներում: Պատգամավորն անդրադարձել է բժիշկներ պատրաստող բուհերին եւ անհրաժեշտ համարել որոշ հաստատությունների զրկել լիցենզիաներից: Լենա Նազարյանը խոսել է օրերս տեղացած կարկուտի եւ դրա պատճառած վնասների, գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ, կարեւորել գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրումը ոլորտում, որը դեռեւս նախապատրաստական փուլում է: Սամվել Նիկոյանն անդրադարձել է ընդդիմադիր գործընկերների քննադատական ելույթներին եւ կարեւորել փաստարկված ելույթների առկայությունը: Այս համատեքստում նա նշել է, որ ԱԺ ՀՀԿ եւ ԱԺ ՀՅԴ պատգամավորների՝ հարցադրումներով հանդես չգալը պայմանավորված էր քննարկվող ծրագրի մանրամասն իմացությամբ: Շիրակ Թորոսյանը կարեւորել է փաստաթուղթը եւ այն բովանդակալից գնահատել: Պատգամավորը խոսել է հայ-վրացական հարաբերությունների՝ ծրագրում ներառված դրույթներից, կարեւորել այդ հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերը, անդրադարձել հայապահպանության խնդիրներին: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախորդ տարի տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններին, այս համատեքստում խոսել քաղաքական գործընթացներից ու զարգացումներից: Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ՀՀ վարչապետի ելույթին եւ նշել, որ դրանում որեւէ դրույթ չկա ՀՀ արտաքին քաղաքականության ուղղվածության, ներդրումային միջավայրի փոփոխության, ինչպես նաեւ կարեւորագույն այլ հարցերի վերաբերյալ: Արամ Սարգսյանը նույնպես խոսել է ներքաղաքական հարցերից, ծրագրային դրույթներից եւ հետաքրքրվել, թե որն է դրա իմաստը: Պարոն Սարգսյանն անդրադարձել է արտաքին քաղաքականության ուղղվածություններին եւ նշել, որ եկել է հետեւություններ անելու ժամանակը: Ռուզաննա Մուրադյանը կառավարության ծրագրում ներառված կրթության ոլորտի հարցերին է անդրադարձել՝ նշելով, որ այս հենքի վրա բոլոր ուղղություններով անելիքները շարունակական են եւ ունեն հստակ տեսլական: Պատգամավորը կրթության որակի բարելավմանն ուղղված մի շարք առաջարկներ է ներկայացրել: Արարատ Միրզոյանը կառավարության ծրագրի ոլորտային ուղղություններին անդրադարձել է զարգացող երկրների տնտեսական աճի միտումների լույսի ներքո: Նրա կարծիքով՝ ծրագիրն ուղղված է մասնակի շտկումներով եղածը պահպանելուն: Ջեմմա Բաղդասարյանի գնահատմամբ՝ մեր երկրի զարգացման օրակարգային խնդիրների վերաբերյալ տրված են առարկայական եւ հետեւողական լուծումներ: Պատգամավորն անդրադարձել է սոցիալական բարեկեցության ապահովման, սոցիալական համակարգի կայացման ու զարգացման, արժանապատիվ աշխատանքի ապահովման եւ այլ ոլորտներում կառավարության անելիքներին: Վահե Էնֆիաջյանը կարծիք է հայտնել, որ կառավարության խոստացած ծրագրային մոտեցումները նախորդ 5 տարիների համար իրականություն չեն դարձել եւ հավելել, որ նոր ծրագիրը եւս իրատեսական չէ: Խոսրով Հարությունյանն ընդգծել է, որ հստակ է՝ կառավարության գործունեության երկարաժամկետ հորիզոնում հիմնական նպատակն ու թիրախը ՀՀ քաղաքացին է: Պատգամավորի խոսքով՝ ծրագիրը հավակնոտ է, փաստաթղթի առանցքային առանձնահատկությունն իրավական, քաղաքական եւ տնտեսական անշրջելի ու կայուն երաշխիքների ստեղծումն է: Լուիզա Սարգսյանը խոսել է մշակույթի ոլորտի խնդիրների մասին եւ իր դիտարկումները ներկայացրել այդ բնագավառի որոշ բացթողումների վերաբերյալ: Հակոբ Հակոբյանն էլ անդրադարձել է մասնավորապես սոցիալական ապահովության ոլորտում նախատեսված ծրագրային դրույթներին եւ նախատեսվող դրական փոփոխություններին: Ըստ պատգամավորի՝ ծրագիրը հավակնոտ է, բոլորի կողմից ներդրում ու աշխատանք է պահանջվում՝ 5 տարի հետո արդյունքները տեսնելու համար: Գագիկ Մինասյանը կարծիք է հայտնել, որ լուրջ եւ բարդ իրականացվելիք ծրագիր է, որը հավակնոտ է, թիրախային են ներկայացված նպատակը եւ առաջիկա տարիների ընթացքում արձանագրվելիք ցուցանիշները: Պատգամավորն այս հանգամանքը կարեւորել է խորհրդարանի վերահսկողական գործառույթների իրականացման տեսանկյունից:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը
 
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ծրագրում հստակ մատնանշված են մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու ուղիները:

Խոսելով Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության հարցի վերաբերյալ՝ պարոն Շարմազանովը նշել է. «Մեզ համար ամենակարեւոր հարցն անվտանգությունն է: Առանց անվտանգության կայուն ու մրցունակ համակարգի, մենք չենք կարող լուծել ոչ տնտեսական, ոչ սոցիալական եւ ոչ էլ ժողովրդավարական խնդիրներ»:

Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ ծրագրում գործադիրը հստակ մատնանշել է ԼՂ հիմնախնդրի լուծման սկզբունքները եւ առանձնացրել է, մասնավորապես, ժողովորդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը, այսինքն՝ քաղաքական իշխանությունը եւս մեկ անգամ վերահաստատում է, որ Արցախի ժողովրդի կարգավիճակը եւ ապագան նախեւառաջ պետք է որոշի Արցախի բնակչությունը, եւ Հայաստանը՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, ջանք չի խնայելու բանակցությունների միջոցով Արցախի դե յուրե միջազգային ճանաչմանը հասնելու եւ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցում:

ՀՀ ԱԺ փոխնախագահը, խոսելով արտաքին քաղաքական գերակայությունների մասին, նշել է, որ մեր երկիրը պետք է շարունակի հարաբերությունների զարգացումը դաշնակից Ռուսաստանի հետ, համագործակցության խորացումը ԵՄ գործընկերների հետ, ինչպես նաեւ հարեւան պետությունների հետ, ինչը կառավարության ծրագրի առանցքային դրույթներից է:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն օգտվել է արտահերթ ելույթի իր իրավունքից

Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է ընդդիմադիր գործընկերների որոշ ելույթներին եւ իր դիտարկումներն է ներկայացրել:

ՀՀ ԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ ՀՀ քաղաքացուն այս ծրագիրն հոգեհարազատ է այնքանով, որ նա կարող է տեսնել իր կյանքի որակի բարելավմանն ուղղված դրույթներ, որոնք հիմք են տալիս կողմ լինելու այդ ծրագրին: Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ կյանքի որակ փոխելու տեսանկյունից ծրագրում հստակ քայլեր կան մատնանշված: Այս համատեքստում տիկին Հովհաննիսյանն անդրադարձել է էլեկտրոնային ու թվայնացման համակարգերի ստեղծմանը՝ գոհունակությամբ ընդգծելով այն փաստը, որ ինքը եղել է պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի հիմնադրման հիմքերում: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ քաղաքացիները 140 ծառայություններից շուրջ 70-ն այժմ կարող են ստանալ միասնական գրասենյակների միջոցով, ինչը ենթադրում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, ժամանակի ու ռեսուրսների խնայողություն:

Առողջապահության ոլորտում իրականացված ծրագրերի մասով տիկին Հովհաննիսյանը կարեւորել է էլեկտրոնային հարթակի ստեղծումը, որը հնարավորություն է ընձեռում առցանց գրանցման համար: Տիկին Հովհաննիսյանը խոսել է նաեւ հարկային ու մաքսային, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում իրականացվելիք քայլերի մասին:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ կառավարության ծրագրի մասին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը մի քանի հարցադրում է արել եւ նշել, որ երկրում տեսանելի են կառավարման որակի ակնհայտ փոփոխություններ եւ ակտիվություն, սակայն դրա արդյունավետությունը ցածր է լինելու, քանի որ կարգավորված չէ քաղաքական որոշումների կայացման մեխանիզմը, իսկ դա հանգեցնում է գործընթացների դանդաղեցման: Նա հարց է ուղղել ՀՀ վարչապետին եւ փորձել պարզել, թե ո՞րն է քննարկվող ծրագրի իրականացման քաղաքական երաշխիքը: Ըստ նրա՝ հին, չկատարելագործված քաղաքական հենքի վրա հնարավոր չէ զարգացնել տնտեսությունը եւ արձանագրել արդյունքներ:

Կառավարության անդամները ներկայացրել են ոլորտային ծրագրերը

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա հիմնականում անդրադարձել է դատական համակարգում իրականացվող մեծածավալ փոփոխություններին եւ նշել, որ այն կայացման փուլում է. դեռեւս կան բազում խնդիրներ, որոնք լուծում են պահանջում: Անդրադառնալով Դատական ակտերի հարկադիր կատարման, քրեակատարողական հիմնարկների խնդիրներին՝ Դավիթ Հարությունյանը նշել է, որ այստեղ եւս փոփոխություններ են նախատեսված: Նախարարի խոսքով՝ բազմաթիվ դրական փոփոխություններ են իրականացվելու նաեւ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունում:

Ելույթ է ունեցել նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նախարարը խոսել է տարածքների համաչափ զարգացման ռազմավարությունից եւ իրականացվելիք միջոցառումներից, որոնք, նրա գնահատմամբ, մարզերում կապահովեն տնտեսական որոշակի աճ: Նա նշել է, որ միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ մարզերում կիրականացվեն մի քանի տասնյակ ծրագրեր, որոնց արդյունքում նաեւ աշխատատեղեր կստեղծվեն:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող ծրագրերն եւ նպատակները: Նախատեսվում է համախառն արտադրանքի ավելացում տարեկան առնվազն 5 տոկոսով, պարենային անվտանգության մակարդակի բարձրացում, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացում, արդիական տեխնոլոգիաների ներդնում, արտահանման ծավալների ավելացում, տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծում:

ՀՀ Ազգային ժողովը նիստի աշխատանքը կշարունակի հունիսի 22-ին:


21.06.2017
«Արցախի Հանրապետությունը Եվրոպայի մաս է». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 21-ին ընդունել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ եւ հրավերով Հայաստան այցելած Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ նոր ձեւավոր...

21.06.2017
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ Բուժաշխատողի օրվա առթիվ: Բուժաշխատողի մասնագիտություն ընտրելով` դուք պատասխանատվություն եք ստանձնում ոչ միայն ձեր մասնագիտական պարտքի ու երդման առաջ, այլեւ ուրիշի կյանքի համար: Իսկ մարդիկ ձեզնից ոչ մ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS