National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
07.02.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28
 
07.02.2018
ՀՀ Ազգային ժողովի նիստում
1 / 7

Խորհրդարանը փետրվարի 7-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերն ու օրենսդրական փաթեթները, այդ թվում «ՀՀ դատական օրենսգիրք» եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Պատգամավորները շարունակել են քննարկել «Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենսդրական փաթեթը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ օրենքի նախագիծն ունի հակասահմանադրական դրույթներ: Նա կոչ է արել դեմ քվեարկել նախագծին կամ այն փոփոխել՝ երաշխավորելով միավորումներ ստեղծելու ազատության իրավունքը: Պատգամավորի խոսքով՝ համայնքներն իրավունք ունեն միավորումներ ստեղծելու, սակայն դա չի կարող լինել պետական մարմին եւ ընդունել նորմատիվ իրավական ակտեր, իրականացնել վարչարարություն: ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի գնահատմամբ՝ միջհամայնքային միավորումների ստեղծմամբ ընդդիմության ձայնը կլռեցվի: Պատգամավորը կարեւորել է կանանց ներգրավվածությունն օրենքով ամրագրելը: Վարդեւան Գրիգորյանը նշել է, որ միջհամայնքային միավորման վերաբերյալ օրենք ունենալը թեպետ սահմանադրական պահանջ է, սակայն դեռ վաղ է այս նախագծի ընդունումը: Նրա խոսքով՝ կամավոր հիմունքներով միջհամայնքային միավորում ստեղծելու ինստիտուտն իրատեսական չէ, նախագծում պարզաբանված չեն մի շարք դրույթներ:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով կառավարությանը քվեարկության չդնել հակասական դրույթներ պարունակող փաստաթուղթ: Պատգամավորի խոսքով՝ նախագիծը կործանելու է համայնքները: Խմբակցության ներկայացուցչի համար անընդունելի է այս փուլում նախագծի ընդունումը, քանի դեռ չի ավարտվել համայնքների խոշորացման գործընթացը: Տեղեկացվեց, որ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է քվեարկելու:

Ներկայացնելով ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը՝ Խոսրով Հարությունյանը ընդգծել է, որ միջհամայնքային միավորումները որեւէ աղերս չունեն համայնքների խոշորացման գործընթացի հետ: Նրա գնահատմամբ՝ միջհամայնքային միավորումները կարող են նպաստել համայնքների խոշորացմանը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ մի քանի համայնքների ընդհանուր շահեր ձեւավորելու տեսանկյունից: Տարընթերցումներից խուսափելու համար Խոսրով Հարությունյանը կարեւորել է միջհամայնքային միավորումների բյուջեների հաստատման սկզբունքի հստակեցումը: Նա առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում աշխատանքային քննարկումներ կազմակերպել եւ լրամշակել նախագիծը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը նշել է, որ նախագիծը բխում է Սահմանադրության եւ ՏԻՄ-երի մասին օրենքի պահանջներից: Կարեւորելով շահագրգիռ քննարկումները՝ նա ընդգծել է, որ դրանք շարունակական կլինեն՝ նպաստելով միջհամայնքային միավորումների արդյունավետ ստեղծմանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ամփոփիչ ելույթում ընդգծել է, որ միջհամայնքային միավորումները չեն առնչվում ՀՀ խոշորացման գաղափարախոսությանը. սա համայնքների միջեւ համագործակցության լրացուցիչ հարթակ է:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած օրենքի նախագիծը: Նախատեսվում է իրականացնել դատական նիստի լուսանկարահանում, տեսաձայնագրում, ինչպես նաեւ հեռարձակում ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, եթե առկա է դատավարության մասնակիցների համաձայնությունը, իսկ այն դեպքում, երբ առարկում է դատավարության մասնակից վարչական մարմինը, ապա նա պարտավոր է ողջամտորեն հիմնավորել իր անհամաձայնությունը, որի պարագայում արդեն դատարանը կորոշի թույլատրել նիստի լուսաբանումը, թե՝ ոչ:

Ներկայացնելով ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ հանձնաժողովի անդամ Շուշան Սարդարյանը նշել է, որ հաշվի առնելով վարչական գործերի հանրային բնույթը եւ լուսաբանման հասարակական պահանջը՝ առաջարկվող կարգավորումը հստակեցում է առաջարկում ընթացակարգում: Ընդգծվել է, որ փաստաթուղթը դրական արձագանք է ստացել մեդիահարթակում, քանի որ առնչվում է ԶԼՄ-ների աշխատանքի կազմակերպմանը:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի հեղինակած օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցման ընթացակարգով: Առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական կրթական ծրագրերով սովորողին տարկետում տրամադրել:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը խորհրդարանին փոխանցել է Ռոմիկ Մանուկյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է կառավարության ներկայացրած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

«ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին համաձայնագիրը (կից առարկությամբ) վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը: Նշվել է, որ մուլտիմոդալ փոխադրումն առնվազն երկու տարբեր տրանսպորտային ձեւերի մասնակցությամբ բեռնափոխադրումների իրականացումն է: Համաձայնագիրը կարգավորում է տրանսպորտային կազմակերպությունների, մուլտիմոդալ փոխադրումների օպերատորների, բեռներն ուղարկողների, բեռն ստացողների, այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց միջեւ հարաբերությունները: Սահմանում է նաեւ իրավունքներ, պարտականություններ ու պատասխանատվություն տրանսպորտային գործողությունների յուրաքանչյուր մասնակցի համար:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական տեսակետը:

Գագիկ Գրիգորյանը քննարկման է ներկայացրել նաեւ «Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիան (կից առարկությամբ) վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Փոխնախարարը նշել է, որ կոնվենցիայի նպատակն է նախականխել ճանապարհային երթեւեկության անվտանգության սպառնալիքները, մասնավորապես ճանապարհատրանսպորտային պատահարները, դրանց ծանրության եւ հետեւանքների նվազեցման միջոցով նպաստել քաղաքացիների կյանքի, առողջության, գույքի, նրանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը: Կոնվենցիան սահմանում է ճանապարհային նշանների, ազդանշանների, պատկերանշանների, գծանշանների միասնական կարգ:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալիկ Սարգսյանն անվտանգ եւ միջազգային չափորոշիչներին համապատասխանող երթեւեկություն ունենալու համատեքստում կարեւորել է նախագծի ընդունումը: Նշվել է, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի, Գեւորգ Գորգիսյանի եւ Արտակ Զեյնալյանի հեղիանակած օրինագծերի փաթեթը:

Առաջին ընթերցումով քննարկվել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Հիմնական զեկուցողը նշել է, որ փոփոխությունների փաթեթը վերաբերում է սահմանադրական այն կարգավորմանը, որի համաձայն լիազորված պետական մարմինը ոչ թե կառավարության որոշումներով, այլեւ օրենքներով պետք է ունենա համապատասխան իրավական նորմատիվ ակտեր ընդունելու իրավասություն: Լիազորված պետական մարմինը հնարավորություն կունենա ընդունելու իրավական ակտ, որը կհաստատի ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկի մեթոդիկան:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արամ Հարությունյանը:

Արծվիկ Մինասյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել նաեւ «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Կառավարությունը տեսչական բարեփոխումների շրջանակում իրականացնում է տեսչական համակարգի օպտիմալացման եւ նոր ստեղծվող տեսչական մարմինների արդյունավետ գործունեության ապահովման քաղաքականություն: Նախարարի խոսքով՝ փոփոխություններով բնապահպանության նախարարությանը վերապահված վերահսկողության գործառույթները կպատվիրակվեն տեսչական մարմնին: Հստակեցվում են նորմատիվ ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են լծակներին ու մեխանիզմներին: Տեսչական մարմինն է իրականացնելու վարչական պատասխանատվության միջոցի կիրառում՝ բացահայտված իրավախախտման համար: Հստակեցվում են տեսուչի գործողությունների համար բողոք ներկայացնելու դեպքերը:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արամ Հարությունյանը նշել է, որ փոփոխությունների արդյունքում տեսչական մարմնին հնարավորություն կտրվի ավելի արդյունավետ գործել:

Ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցումով՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է սահմանափակել ընթերակաների մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների քանակը՝ որպես այլընտրանք նախատեսելով տեսաձայնագրառումը եւ մասնագետների կամ փորձագետների մասնակցությունը:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը կարծիք է հայտնել, որ իրավակիրառ պրակտիկայում շատ դեպքերում ընթերակայի ինստիտուտը դարձել է ինքնանպատակ, քանի որ ընթերակա հանդիսացող անձը երբեմն չի գիտակցում իր կարեւորությունը: Ռուստամ Մախմուդյանի խոսքով՝ որոշակի քննչական գործողությունների կատարման ընթացքում ընթերակաների ներգրավվածությունից հրաժարվելով կառավարությունն առավել արդյունավետ լուծում է առաջարկել՝ նախատեսելով մասնագետների ու փորձագետների մասնակցություն: Նա կարեւորել է նախագծի ընդունումը:

Քննարկված հարցերը կքվեարկեն խորհրդարանի փետրվարի 8-ի նիստում:

Օրվա վերջին նիստում «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


07.02.2018
Կորյուն Նահապետյանը հանդիպել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փոխտնօրենի հետ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 7-ին հանդիպել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլուրիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր: Նշվել է, որ փոխգո...

07.02.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հանդիպել է Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի աշակերտների հետ
ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում փետրվարի 7-ին խորհրդարան են այցելել Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանում, ապա հետեւել ԱԺ նիստերի աշխատանքներին: Աշակերտների հետ բաց դասն անցկացրել է ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ով ներկայացրել է օրենսդրա...

07.02.2018
Հայաստանի եւ Շվեյցարիայի խորհրդարանների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցության հեռանկարները
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի գլխավոր քարտուղար, Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նախագահ Ֆիլիպ Շվաբի հետ, ով ընդգրկված է այս օրերին Հայաստանում գտնվող Շվեյցարիայի Համադաշնության ...

07.02.2018
Կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ փետրվարի 6-ին գումարված ՀՀ ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS