National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Ազգային ժողովի կանոնակարգ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Ընդունվել է 16.12.2016
Ընդունված է 2016  թվականի  դեկտեմբերի 16-ին
ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 1. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
ԳԼՈՒԽ 2. ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
ԳԼՈՒԽ 3. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 4. ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 5. ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 6. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 7. ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
ԳԼՈՒԽ 8. ԽՈՐՀՈՒՐԴԸ
 

ԲԱԺԻՆ 2. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸ

ԳԼՈՒԽ 9. ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԳԼՈՒԽ 10. ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 11. ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 12. ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏԵՐԸ
ԳԼՈՒԽ 13. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 14. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈԻՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

ԲԱԺԻՆ 3. ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ԳԼՈՒԽ 15. ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ 16. ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 17. ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 18. ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 19. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ  ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ 20. ՊԵՏԱԿԱՆ  ԲՅՈՒՋԵԻ  ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 21. ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԵՐ

ԲԱԺԻՆ 4. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ԳԼՈՒԽ 22. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 23. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԵՐԸ

ԲԱԺԻՆ 5. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 24. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 25. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐ
ԳԼՈՒԽ 26. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԲԱԺԻՆ 6. ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ, ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ, ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ
ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

ԳԼՈՒԽ 27. ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ
ԳԼՈՒԽ 28. ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵԼՈՒ, ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ, ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

ԲԱԺԻՆ 7. ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 29. ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 30. ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

ԲԱԺԻՆ 8. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 31. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ
ԳԼՈՒԽ 32. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ՆՐԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

ԲԱԺԻՆ 9. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 33. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 34. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
 


ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

ԲԱԺԻՆ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ

Հոդված 1. Ազգային ժողովի սահմանադրական կարգավիճակը և գործառույթները

1. Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:

2. Ազգային ժողովն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանությունը:

3. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում  Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

4. Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

Հոդված 2. Ազգային ժողովի գործունեությունը և մարմինները

1. Ազգային ժողովն իր լիազորությունները և գործառույթներն իրականացնելիս գործում է սույն օրենքին (այսուհետ՝ Կանոնակարգ) համապատասխան՝ նստաշրջանների, նիստերի, ինչպես նաև իր մարմինների աշխատանքի միջոցով:

2. Ազգային ժողովի մարմիններն են պատգամավորները, Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, խմբակցությունները, հանձնաժողովները և Ազգային ժողովի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):
 
 

ԳԼՈՒԽ 2

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Հոդված 3. Պատգամավորի իրավունքները

1. Պատգամավորն իրավունք ունի՝

1) հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ.

2) ներկայացնելու Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ.

3) ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում.

4) գրավոր հարցեր ուղղելու Կառավարությանը.

5) բանավոր հարցերով դիմելու Կառավարության անդամներին.

6) զբաղեցնելու իր կարգավիճակով պայմանավորված պաշտոններ.

7) ընդգրկվելու մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովի  աշխատանքային խմբի կազմում.

8) ընդգրկվելու իր հանձնաժողովի ստեղծած ենթահանձնաժողովի կազմում.

9) դուրս գալու խմբակցության կազմից.

10) ծանոթանալու Ազգային ժողովին, իր խմբակցությանը կամ հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաև պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող այնպիսի տեղեկության, որին իրավասու չէ իրազեկվելու.

11) հարցումներով և առաջարկներով դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց.

12) ունենալու երկու օգնական, որոնցից մեկը վճարովի, իսկ մյուսը՝ հասարակական հիմունքներով:

2. Պատգամավորի իրավունքների իրականացման կարգը  սահմանվում է Կանոնակարգով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Ազգային ժողովի աշխատակարգով (այսուհետ՝ Աշխատակարգ):

3. Պատգամավորի գործունեության երաշխիքները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով:

Հոդված 4. Պատգամավորի պարտականությունները

1. Պատգամավորը պարտավոր է՝

1) ընդգրկվել մեկ մշտական հանձնաժողովի կազմում, բացառությամբ Կանոնակարգի 11-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի.

2) մասնակցել Ազգային ժողովի, ինչպես նաև իր անդամակցած հանձնաժողովի և աշխատանքային խմբի նիստերին.

3) մասնակցել իր անդամակցած հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումներին.

4) պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները.

5) ապահովել պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների կատարումը.

6) կազմակերպել քաղաքացիների ընդունելություն, ինչպես նաև իր լիազորությունների շրջանակում օրենքով սահմանված կարգով պատասխանել քաղաքացիների գրավոր առաջարկներին.

7) պահպանել Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները:
 
 

ԳԼՈՒԽ 3

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ

Հոդված 5. Ազգային ժողովի նախագահը

1. Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը:

2. Ազգային ժողովի նախագահը՝

1) նախագահում է Ազգային ժողովի նիստերը.

2) գումարում է Ազգային ժողովի արտահերթ նիստեր և նստաշրջաններ.

3) շրջանառության մեջ է դնում Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված հարցերը և նշանակում է գլխադասային հանձնաժողով.

4) Հանրապետության նախագահին է ուղարկում Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները, օրենքները, ինչպես նաև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշումները.

4.1) Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի ընդունած օրենքը:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

5) ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները և ուղերձները.

6) հրավիրում և նախագահում է Խորհրդի նիստերը.

7) Ազգային ժողովի և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում հերթական նստաշրջանի և նիստերի օրակարգերի նախագծերը.

8) ստորագրում և հրապարակում է Խորհրդի որոշումները.

9) հաստատում է Ազգային ժողովի հանձնաժողովների կազմերը և դրանցում փոփոխությունները.

10) կարող է Ազգային ժողովի նախագահի տեղակալին տալ Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված հանձնարարություններ.

11) ըստ անհրաժեշտության հրավիրում է քաղաքական խորհրդակցություններ.

12) տնօրինում է Ազգային ժողովի նյութական միջոցները.

13) նշանակում է Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) ղեկավարին, ինչպես նաև Աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոններում, նրանց ազատում այդ պաշտոններից.

14) հաստատում է Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը, անձնագրերը, ինչպես նաև Աշխատակազմի հաստիքացուցակը և աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.

15) իրավասու մշտական հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի (այսուհետ՝ Բյուջետային գրասենյակ) փորձագետներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև նրանց պաշտոնների նկարագրերը.

16) հաստատում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը.

17) կարող է հրավիրել խորհրդարանական լսումներ` սահմանելով դրանց անցկացման կարգը.

18) կարող է ձևավորել հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական  մարմիններ.

19) նշանակում է Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ներկայացուցիչ.

20) կարող է ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեցող միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա հասարակական կազմակերպություններին.

21) հաստատում է Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները.

22) պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով, ինչպես նաև խրախուսում է դրամական պարգևատրմամբ:

3. Իր լիազորություններն իրականացնելիս Ազգային ժողովի նախագահն ընդունում է որոշումներ և կարգադրություններ, որոնք երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում (www.parliament.am):

Հոդված 6. Ազգային ժողովի նախագահի տեղակալները

1. Ազգային ժողովի նախագահն ունի երեք տեղակալ:

2. Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ Ազգային ժողովի նախագահի տեղակալը՝

1) նախագահում է Ազգային ժողովի նիստերը.

2) նախագահում է Խորհրդի նիստերը.

3) փոխարինում է Ազգային ժողովի նախագահին կամ իրականացնում է Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ հանձնարարություններ:

3. Ազգային ժողովի նախագահի տեղակալները մասնակցում են Խորհրդի նիստերին:

4. Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության նախագահի պարտականությունները կատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել է առավել շատ ձայներ, իսկ ձայների հավասարության դեպքում՝ տարիքով ավագը:

ԳԼՈՒԽ 4

ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 7. Խմբակցությունների ստեղծումը

1. Խմբակցություններն ստեղծվում են նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը՝ Ազգային ժողովի մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) թվին և անվանումներին համապատասխան:

2. Խմբակցությունում ընդգրկվում են միևնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով մանդատ ստացած պատգամավորները:

3. Ազգային ժողովի ընտրության արդյունքով մանդատների ընդհանուր թվի ոչ պակաս, քան 54 տոկոսը ստացած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր:

4. Կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագիր ստորագրած կուսակցությունների ( կուսակցությունների դաշինքի) ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Կառավարող խմբակցության ղեկավարը կամ քարտուղարն Ազգային ժողովի առաջիկա նիստում հանդես է գալիս հուշագրի ստորագրման վերաբերյալ հայտարարությամբ:

6. Եթե կառավարող խմբակցության ղեկավարն Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս Կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագրից դուրս գալու վերաբերյալ հայտարարությամբ, ապա այդ պահից խմբակցությունը համարվում է ընդդիմադիր:

Հոդված 8. Խմբակցության լիազորությունները

1. Խմբակցությունն իրավունք ունի Կանոնակարգով սահմանված կարգով՝

1) հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ.

2) Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի  նախագիծ.

3) իր առաջադրած օրենքի նախագիծը համարելու առաջնահերթ.

4) քաղաքական կոալիցիա կազմելու այլ խմբակցությունների հետ, ինչպես նաև դուրս գալու կոալիցիայից.

5) մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի իրեն վերապահված պաշտոնում առաջադրելու թեկնածու.

6) Ազգային ժողովի հանձնաժողովում իրեն վերապահված տեղում նշանակելու խմբակցության անդամի, ինչպես նաև նրան փոխելու.

7) առաջադրելու վարչապետի թեկնածու.

8) իրավասու մշտական հանձնաժողովին առաջադրելու թեկնածուներ Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոններում.

9) առաջադրելու Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու.

10) գրավոր հարցապնդումներով դիմելու Կառավարության անդամներին.

11) ներկայացնելու առաջարկներ Սահմանադրության փոփոխությունների, օրենքի, Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի  նախագծի վերաբերյալ.

12) նշանակելու և փոխելու Խորհրդում իր ներկայացուցչին.

13) իր անդամին առաջարկելու միջազգային խորհրդարանական կազմակերպության, ինչպես նաև միջխորհրդարանական հանձնաժողովում Ազգային ժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության կազմում.

14) իր անդամին առաջարկելու Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում.

15) հրավիրելու խորհրդարանական լսումներ.

16) իր անդամին խմբակցությունից հեռացնելու:

2. Իր լիազորություններն իրականացնելիս խմբակցությունն ընդունում է որոշումներ:

3. Խմբակցության որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած խմբակցության անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է խմբակցության անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

4. Ընդդիմադիր խմբակցությունն ունի Կանոնակարգով սահմանված գործունեության երաշխիքներ:

Հոդված 9. Խմբակցության գործունեությունը

1. Խմբակցությունը գործում է Կանոնակարգին և իր որոշմամբ հաստատված կանոնադրությանը համապատասխան:

2. Խմբակցության կանոնադրությամբ սահմանվում են՝

1) խմբակցության անվանումը,

2) խմբակցության անդամների իրավունքները և պարտականությունները,

3) խմբակցության ղեկավարի և քարտուղարի ընտրության կարգը, ինչպես նաև նրանց լիազորությունները,

4) խմբակցության նիստերի գումարման և անցկացման կարգը,

5) խմբակցության որոշումների ընդունման կարգը,

6) խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու ընթացակարգը,

7) խմբակցության կողմից Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագծի   ներկայացման  ընթացակարգը,

8) խմբակցության կողմից վարչապետի թեկնածուի առաջադրման ընթացակարգը,

9) իրավասու մշտական հանձնաժողովին Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոններում խմբակցության կողմից թեկնածուների առաջադրման ընթացակարգը,

10) խմբակցության կողմից Կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու ընթացակարգը,

11)  հանրաքվեի և Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով խմբակցության կողմից Սահմանադրական դատարան դիմելու ընթացակարգը,

12) Սահմանադրության փոփոխությունների, օրենքների և Ազգային ժողովի որոշման նախագծերի վերաբերյալ խմբակցության առաջարկների ներկայացման ընթացակարգը,

13) խմբակցության  անդամին հեռացնելու կարգը,

14) խմբակցության որոշումների ընդունման ընթացակարգը,

15) խմբակցության գործունեության կարգին վերաբերող այլ դրույթներ:

3. Խմբակցության նիստերը, որպես կանոն, հրավիրվում են Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող շաբաթվա ընթացքում:

4. Պատգամավորը կարող է խմբակցությունից դուրս գալ խմբակցության ղեկավարին ուղղված գրավոր դիմումով կամ Ազգային ժողովի նիստում՝ այդ մասին հայտարարությամբ հանդես գալով:

5. Խմբակցության գործունեությունը դադարում է, եթե նրա բոլոր անդամները դուրս են գալիս խմբակցությունից, և վերականգնվում է, եթե նրա կազմում ընդգրկվում է դրա իրավասությունն ունեցող առնվազն մեկ պատգամավոր:

ԳԼՈՒԽ 5

ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 10. Մշտական հանձնաժողովների ստեղծումը

1. Մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենքների նախագծերի, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար:

2. Մշտական հանձնաժողովները ստեղծվում են Ազգային ժողովի առաջին նստաշրջանում՝ Ազգային ժողովի որոշմամբ: Որոշման նախագիծը ներկայացվում և քննարկվում է Կանոնակարգի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Մշտական հանձնաժողովների ստեղծումից հետո դրանց թիվը չի կարող փոփոխվել:

Հոդված 11. Մշտական հանձնաժողովների կազմավորումը

1. Մշտական հանձնաժողովի կազմը և դրանում փոփոխությունները հաստատում է Ազգային ժողովի նախագահը, եթե պահպանված են սույն հոդվածով սահմանված սկզբունքները:

2. Մշտական հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

3. Խմբակցության անդամը խմբակցությանը վերապահված հանձնաժողովի անդամի տեղում նշանակվում, ինչպես նաև հանձնաժողովի կազմից դուրս է գալիս խմբակցության որոշմամբ:

4. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված համամասնությունը չի խախտվում, ապա խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորը կարող է՝

1) մնալ նույն հանձնաժողովում, եթե այդ խմբակցությունը նրա տեղում խմբակցության անդամի չի նշանակում, կամ հանձնաժողովում առկա է այլ թափուր տեղ, կամ

2)  Ազգային ժողովի նախագահին ուղղված իր գրավոր դիմումով ընդգրկվել այլ հանձնաժողովում առկա թափուր տեղում:

5. Խմբակցությունն իրավունք ունի թափուր թողնելու հանձնաժողովում իրեն վերապահված տեղը, ինչպես նաև փոխելու հանձնաժողովի կազմում ընդգրկված իր անդամին:

6. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝

1) նրա պատգամավորական լիազորությունները դադարում կամ դադարեցվում են.

2) նա դուրս է գալիս հանձնաժողովից.

3) նա դուրս է գալիս կամ հեռացվում է խմբակցությունից, եթե այդ խմբակցությունը նրա  տեղում նշանակում է խմբակցության անդամի:

7. Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալները, ինչպես նաև խմբակցությունների ղեկավարները կարող են չընդգրկվել հանձնաժողովի կազմում:

Հոդված 12. Մշտական հանձնաժողովի լիազորությունները

1. Մշտական հանձնաժողովն իր իրավասության շրջանակում՝

1) իրականացնում է գլխադասային հանձնաժողովի լիազորությունները.

2) իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն.

3) պաշտոններում ընտրության կամ նշանակման համար Ազգային ժողովին առաջարկում է թեկնածուներ.

4) կարող է հարցումներով դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց.

5) կարող է հրավիրել խորհրդարանական լսումներ.

6) կարող է ստեղծել ենթահանձնաժողովներ և աշխատանքային խմբեր.

7) քննարկում է Ազգային ժողովի նախագահի կողմից հանձնաժողով ուղարկված հանրագրերը եւ պատասխանում է դրանց.
(լր. 21.12.2017 ՀՕ-22-Ն)

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են երեքշաբաթյա ժամկետում քննարկել հանձնաժողովի գրավոր հարցումը և գրավոր պատասխանել նրան:

3. Մշտական հանձնաժողովը կարող է իր իրավասությանը վերապահված հարցերի նախնական քննարկման և դրա արդյունքները հանձնաժողով ներկայացնելու նպատակով իր որոշմամբ, Աշխատակարգով սահմանված կարգով ստեղծել ենթահանձնաժողովներ կամ աշխատանքային խմբեր: Ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել հանձնաժողովի որոշմամբ:

4. Մշտական հանձնաժողովն ունի իր աշխատակարգը, որը, Խորհրդի սահմանած օրինակելի աշխատակարգին համապատասխան, հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

5. Մշտական հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում:

Հոդված 13. Մշտական հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը

1. Մշտական հանձնաժողովի նախագահը՝

1) նախապատրաստում և նախագահում է հանձնաժողովի նիստերը.

2) գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ.

3) մասնակցում է Խորհրդի նիստերին.

4) ղեկավարում է հանձնաժողովի քարտուղարությունը.

5) համակարգում է ենթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի աշխատանքը.

6) համակարգում է Ազգային ժողովի մարմինների և Աշխատակազմի հետ հանձնաժողովի, ինչպես նաև հանձնաժողովի քարտուղարության գործունեությունը.

7) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.

8) ընթացք է տալիս և պատասխանում հանձնաժողովին ուղղված գրություններին.

9)   կարող է հանձնաժողովի իրավասությանը վերապահված նախագծի վերաբերյալ կարծիքներ ստանալու նպատակով այն ուղարկել գիտական, ուսումնական հաստատություններ, ինչպես նաև հանձնաժողովի նիստերին հրավիրել մասնագետներ.

10)  հանձնաժողովին իրազեկում է նրա որոշումների կատարման ընթացքի մասին.

11) Աշխատակարգով սահմանված կարգով հաշվառում է հանձնաժողովի նիստերից և հրավիրած խորհրդարանական լսումներից հանձնաժողովի անդամների բացակայությունները:

2. Մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը։

Հոդված 14. Մշտական հանձնաժողովների նիստերը

1. Մշտական հանձնաժողովների հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա ընթացքում՝ Խորհրդի որոշմամբ սահմանված ժամկետացանկով նախատեսված օրերին:

2. Մշտական հանձնաժողովի արտահերթ նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը՝ իր կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ: Արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:

3. Մշտական հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Ազգային ժողովի նստավայրում: Այլ վայրում հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովի որոշմամբ, որի մասին հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:

4. Մշտական հանձնաժողովի նիստերը հրապարակային են: Մշտական հանձնաժողովի փակ նիստն անցկացվում է Կանոնակարգի 88-րդ հոդվածի 6-րդ, 93-րդ հոդվածի 2-րդ և 117-րդ հոդվածի 6-րդ մասերով սահմանված դեպքերում, ինչպես նաև կարող է անցկացվել հանձնաժողովի որոշմամբ՝ պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի ապահովման նպատակով: Փակ նիստում քվեարկությունն արգելվում է:

5. Մշտական հանձնաժողովի հրապարակային նիստում, հանձնաժողովի անդամներից, պատգամավորներից և հարցի քննարկմանը մասնակցելու իրավունք ունեցող այլ անձանցից բացի, կարող են ներկա լինել նաև՝

1) Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը,

2) վարչապետը կամ Կառավարության ներկայացուցիչը.

3) Աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները.

4) Ազգային ժողովի նախագահի մեկ խորհրդական.

5) հանձնաժողովի քարտուղարության մասնագետները.

6) Բյուջետային գրասենյակի մեկ փորձագետ.

7) քննարկվող հարցի մասնագիտական փորձաքննություն իրականացրած՝ Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները.

8) հանձնաժողովի անդամների մեկական օգնականները.

9) նիստի լուսաբանումն ապահովող՝ Աշխատակազմի ծառայողները.

10) հանձնաժողովի որոշմամբ, ինչպես նաև հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք:

6. Մշտական հանձնաժողովի փակ նիստում, հանձնաժողովի անդամներից և հարցը զեկուցողից բացի, կարող են ներկա լինել  սույն հոդվածի 5-րդ մասի 1-3-րդ և 10-րդ կետերում նշված անձինք:

7. Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, իսկ  նիստի ընթացքում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են իրենց համար առանձնացված տեղում:

8. Ազգային ժողովի նիստի ընթացքում մշտական հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել միայն Սահմանադրությամբ կամ Կանոնակարգով սահմանված ժամկետների ապահովման նպատակով:

Հոդված 15. Մշտական հանձնաժողովի նիստերի անցկացման կարգը

1. Մշտական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, և նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի կողմից որոշված անդամը:

2. Մշտական հանձնաժողովի հերթական նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ: Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

3. Մշտական հանձնաժողովի նիստում հարցերը քննարկվում են Ազգային ժողովի նիստում հարցերի քննարկման ընդհանուր կարգին համապատասխան՝ Կանոնակարգով և հանձնաժողովի աշխատակարգով սահմանված կարգով:

4. Հանձնաժողովի օրակարգի հաստատման կամ նրա իրավասությանը վերապահված այլ որոշման ընդունման վերաբերյալ առաջարկ ներկայացնելու  իրավունք ունեն միայն հանձնաժողովի անդամները, բացառությամբ Կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերի:

5. Մշտական հանձնաժողովի նիստում զեկուցողներին հարցեր տալու, ինչպես նաև նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք ունեն միայն պատգամավորները, բացառությամբ Կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի: Հանձնաժողովի նիստում ներկա լինելու իրավունք ունեցող այլ անձինք կարող են ելույթ ունենալ նիստը նախագահողի թույլտվությամբ կամ հանձնաժողովի որոշմամբ:

6. Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ քվեարկության դրված հարցին` կողմ, դեմ կամ ձեռնպահ, իսկ պաշտոնում թեկնածուին` կողմ կամ դեմ: Հանձնաժողովի նիստից բացակայող հանձնաժողովի անդամը կարող է քվեարկել սույն հոդվածի 6.1-ին մասով սահմանված կարգով:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

6.1. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող հանձնաժողովի անդամը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել հանձնաժողովի նախագահին, իսկ Կանոնակարգի 13-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ նրան փոխարինողին: Հանձնաժողովի անդամի ստորագրած գրությունը փակ ծրարով հանձնաժողովի նախագահին կամ նրան փոխարինողին պետք է հանձնվի նախապես` մինչեւ գործուղման մեկնելը: Ծրարի վրա եւ գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում` հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ, ինչպես նաեւ պաշտոնում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու մասին հանձնաժողովի անդամի որոշումը: Հանձնաժողովի նիստը նախագահողը ծրարը բացում եւ գրությունը հրապարակում է հարցի քվեարկությունից առաջ: Քվեարկությունից հետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:
 
 

ԳԼՈՒԽ 6

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 16. Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը

1. Ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել  առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների և ուղերձների նախագծերի, ինչպես նաև պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար:

2. Ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը:

3. Ժամանակավոր հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովի կազմը և դրանում փոփոխությունները հաստատում է Ազգային ժողովի նախագահը՝  Կանոնակարգի 11-րդ հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված սկզբունքներին համապատասխան:

4.Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Ազգային ժողովի որոշմամբ սահմանվում են  հանձնաժողովի անվանումը, գործունեության ժամկետը, ինչպես նաև նրա իրավասությանը վերապահված նախագծի կամ պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ եզրակացությունների ներկայացման ժամկետները:

5. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումից հետո նրան են անցնում գլխադասային հանձնաժողովի իրավասությունները և  գործառույթները:

6. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչև վեց ամիս է, որը կարող է  հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ, երկարաձգվել հանձնաժողովի իրավասությանը վերապահված նախագծի քննարկման համար անհրաժեշտ ժամանակահատվածով:

7. Պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչև երկու ամիս է, որը կարող է հարցի քննարկումն ավարտելու նպատակով մինչև մեկ ամսով երկարաձգվել հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ:

Հոդված 17.  Ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը

1. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովն իր իրավասության շրջանակում իրականացնում է գլխադասային հանձնաժողովի, ինչպես նաև մշտական հանձնաժողովին վերապահված մյուս լիազորությունները:

2. Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն իր իրավասության շրջանակում`

1) քննարկում և Ազգային ժողով եզրակացություն է ներկայացնում իր իրավասությանը վերապահված  հարցի վերաբերյալ.

2) կարող է հարցմամբ դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց.

3) հարցմամբ կարող է պահանջել և օրենքով սահմանված կարգով ստանալ հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր.

4) կարող է հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրման համար պատվիրել  փորձաքննություններ և ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները:

3. Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի պահանջած տեղեկությունները և եզրակացությունները պետք է նրան ուղարկվեն հարցումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, եթե հարցման մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը հանձնաժողովի պահանջը կատարելու համար ողջամիտ ժամկետ չի առաջարկում: Հանձնաժողովի անդամները հարցմամբ պահանջվող տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաև դրանց գտնվելու վայրում:

4. Պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի հարցմամբ հանձնաժողովին են տրամադրվում, իսկ հանձնաժողովի անդամներն այդ տեղեկություններին կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:

5. Պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողովի նիստում չի քննարկվում և տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

6. Ժամանակավոր հանձնաժողովի նիստերն անցկացվում են մշտական հանձնաժողովների համար Կանոնակարգի 15-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան:

7. Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստերը փակ են, իսկ հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի կամ նրա նախագահի սահմանած օրերին: Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեն միայն հանձնաժողովի անդամները, հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք, ինչպես նաև այն պատգամավորը, որի վերաբերյալ հարցը հանձնաժողովը քննում է: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, և նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի կողմից որոշված անդամը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

8. Ժամանակավոր հանձնաժողովն ունի իր աշխատակարգը, որը, Խորհրդի սահմանած օրինակելի աշխատակարգին համապատասխան, հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

Հոդված 18. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը

1. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալն ընտրվում են հանձնաժողովի որոշմամբ:

2. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահն ունի մշտական հանձնաժողովի նախագահի՝ Կանոնակարգի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-11-րդ կետերով սահմանված լիազորությունները, ինչպես նաև ղեկավարում է հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնող անձանց աշխատանքը:

3. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահի բացակայության կամ  պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը։

Հոդված 19.Ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունների ավարտը

1. Ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են նրա գործունեության ժամկետն ավարտվելու կամ լուծարվելու դեպքում:

2. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունները դադարում են նաև նրա իրավասությանը վերապահված նախագիծն ընդունվելու կամ շրջանառությունից դուրս գալու այլ դեպքում:

3. Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունները դադարում են նաև հետևյալ դեպքերում.

1) պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ  հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողով ներկայացվելու պահից.

2) այն պատգամավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում, որի վերաբերյալ հարցը հանձնաժողովը քննում է:

4. Ժամանակավոր հանձնաժողովը կարող է լուծարվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:
 
 

ԳԼՈՒԽ 7

ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 20. Քննիչ հանձնաժողովի ստեղծումը

1. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

2.  Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով:

3. Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի, իսկ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի գրավոր դիմումով, որտեղ նշվում են հանձնաժողովի՝

1)  քննության առարկան և իրավասության ոլորտը.

2)  նախագահի անունը, ազգանունը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի.

3)  լիազորությունների ժամկետը:

4. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի, դիմումին կցվում է քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ:

5. Եթե դիմումն անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն ստորագրել կամ այն սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասերի պահանջներին՝

1) չի համապատասխանում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը վերադարձնում է դիմումը՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է, ապա պահանջն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելու պահից քննիչ հանձնաժողովը համարվում է ստեղծված, որի մասին հայտարարում է Ազգային ժողովի նախագահը:

6. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի, քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովի կազմը և դրանում փոփոխությունները հաստատում է Ազգային ժողովի նախագահը՝ Կանոնակարգի 11-րդ հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված սկզբունքներին համապատասխան:

7. Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև վեց ամիս է, որը կարող է մեկ անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչև վեց ամսով:

Հոդված 21. Քննիչ հանձնաժողովի գործունեությունը

1. Քննիչ հանձնաժողովը կարող է իր`

1)անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ՝  առանց որոշման, գրավոր դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց՝ պահանջելով իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ.

2) որոշմամբ դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց՝ հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրման համար՝ պատվիրելով  փորձաքննություններ, և ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները.

3) որոշմամբ հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաև այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ:

2. Քննիչ հանձնաժողովի պահանջած տեղեկությունները և եզրակացությունները պետք է նրան ուղարկվեն գրավոր դիմումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, եթե դիմումի մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ, կամ դիմումի հասցեատերը հանձնաժողովի պահանջը կատարելու համար ողջամիտ ժամկետ չի առաջարկում: Պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հանձնաժողովի գրավոր դիմումով նրան են տրամադրվում օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի անդամները դիմումով պահանջվող տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաև դրանց գտնվելու վայրում:

3. Քննիչ հանձնաժողովի նիստերն անցկացվում են մշտական հանձնաժողովների համար Կանոնակարգի 15-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան: Հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի կամ նրա նախագահի սահմանած օրերին: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, և նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի կողմից որոշված անդամը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4. Քննիչ հանձնաժողովն ունի իր աշխատակարգը, որը, Խորհրդի սահմանած օրինակելի աշխատակարգին համապատասխան, հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

Հոդված 22. Քննիչ հանձնաժողով հրավիրված անձանց իրավունքները և պարտականությունները

1. Քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձինք պարտավոր են, իսկ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած այլ անձինք իրավունք ունեն ներկայանալու և բացատրություններ տալու հանձնաժողովի նիստում, ինչպես նաև պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձն իրավունք ունի՝

1) ծանոթանալու իր մասնակցությամբ հանձնաժողովի նիստերի արձանագրություններին, ինչպես նաև ներկայացնելու դրանցում փոփոխություններ կատարելու  պահանջ.

2) պարզաբանումներ տալու հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորելու իր դիրքորոշումն ամբողջությամբ:

Հոդված 23. Քննիչ հանձնաժողովի գործունեության սահմանափակումները

1. Քննիչ հանձնաժողովի գործունեությունը չի կարող դուրս գալ Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող հարցերի շրջանակից:

2. Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որևէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պայմաններից որևէ մեկը խախտելը հիմք է, Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան,  Սահմանադրական դատարան դիմելու համար:

Հոդված 24. Քննիչ հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը

1. Կանոնակարգի 20-րդ հոդվածի 1-ին մասում նշված քննիչ հանձնաժողովում նախագահում է Կանոնակարգի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում նշված պատգամավորը, իսկ նախագահի տեղակալն ընտրվում է հանձնաժողովի որոշմամբ՝ իրավասու խմբակցության առաջադրմամբ: Եթե Կանոնակարգի 20-րդ հոդվածի 1-ին մասում նշված քննիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է`
(փոփ., լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

1) կառավարող խմբակցության ներկայացուցիչը, ապա հանձնաժողովի նախագահի տեղակալի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցությանը.

2) ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը, ապա հանձնաժողովի նախագահի տեղակալի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է կառավարող խմբակցությանը:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Պաշտպանության և անվտանգության բնագավառների քննիչ հանձնաժողովի նախագահի գործառույթներն իրականացնում է Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը, իսկ նախագահի տեղակալինը՝ այդ հանձնաժողովի նախագահի  տեղակալը:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

3. Քննիչ հանձնաժողովի նախագահն ունի մշտական հանձնաժողովի նախագահի՝ Կանոնակարգի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-8-րդ և 11-րդ կետերով սահմանված լիազորությունները, ինչպես նաև ղեկավարում է հանձնաժողովի մասնագիտական սպասարկումն իրականացնող անձանց աշխատանքը:

4. Եթե Կանոնակարգի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում նշված քննիչ հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, ապա հանձնաժողովի նոր նախագահի անունը և ազգանունը Ազգային ժողովի նախագահին են ներկայացվում քննիչ հանձնաժողովի ստեղծման պահանջը ներկայացրած  պատգամավորների գրավոր դիմումով: Եթե դիմումը ստորագրում են պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդից պակաս թվով պատգամավորներ, ապա քննիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնը մնում է թափուր:

5. Քննիչ հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը։

Հոդված 25. Քննիչ հանձնաժողովի զեկույցը

1. Քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաև դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:

2. Եթե քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը զեկույցի վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովի նիստում զեկույցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ`  ներկայացնելով հատուկ կարծիքը:

3. Զեկույցին կցվում են դրանում նշված փաստերը և եզրահանգումները հիմնավորող փաստաթղթեր կամ այլ նյութեր:

4. Զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում: Հարցը քննարկվում է հետևյալ կարգով.

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի նախագահը՝  ներկայացնելով հանձնաժողովի զեկույցը, որից հետո նրան կարող են հարցեր տրվել.

2) սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում հարակից զեկուցմամբ կարող է հանդես գալ քննիչ հանձնաժողովի անդամների ներկայացուցիչը, որից հետո նրան  կարող են հարցեր տրվել.

3) մտքերի փոխանակություն.

4) եզրափակիչ ելույթով  հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի նախագահը.

5) հարցի քննարկման տևողությունը կարող է սահմանվել 90 րոպեից մինչև երեք ժամ:

5. Հարցի քննարկումն ավարտվելուց հետո քննիչ հանձնաժողովի զեկույցը, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացված հատուկ կարծիքն Աշխատակարգով սահմանված կարգով ուղարկվում է զեկույցում նշված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, որոնք կարող են զեկույցի վերաբերյալ իրենց գրավոր պատասխանն Ազգային ժողովի նախագահին ուղարկել մեկամսյա ժամկետում: Պատասխանները տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

Հոդված 26. Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ավարտը

1. Քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են՝

1) Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից.

2) հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը:
 
 

ԳԼՈՒԽ 8

ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հոդված  27. Խորհրդի կազմը և գործունեությունը

1. Խորհուրդը կազմված է  Ազգային ժողովի նախագահից, նրա երեք տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից և մշտական հանձնաժողովների նախագահներից:

2. Խորհուրդը գործում է Կանոնակարգին և իր որոշմամբ հաստատված աշխատակարգին համապատասխան:

Հոդված 28. Խորհրդի լիազորությունները

1.  Խորհուրդը՝

1) հաստատում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանների և նիստերի օրակարգերի նախագծերը.

2) սահմանում է Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը.

3) սահմանում է մշտական և ժամանակավոր հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը.

4) կարող է ընդունել Ազգային ժողովի հերթական նիստում հարցի քննարկման տևողությունը մեկից մինչև վեց ժամ սահմանելու մասին որոշում.

5) կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել հերթական նիստերի ընթացքում լրացուցիչ նիստ անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ.

6) Սահմանադրության 168-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմում է Սահմանադրական դատարան.

7) սահմանում է Ազգային ժողովի հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը.

8) հաստատում է Աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը.

9) իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ հաստատում է Բյուջետային գրասենյակի աշխատակարգը, փորձագետների պաշտոնավարման պայմանների, ընտրության (նշանակման), ինչպես նաև Բյուջետային գրասենյակի  փորձագետներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգերը.

10) հաստատում է Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաև Ազգային ժողովի նստավայրում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացման կարգերը.

11) հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերի նկարագրությունը և պարգևատրման կարգը.

12) հաստատում է «Ազգային ժողովի պատգամավոր» կրծքանշանի նկարագրությունը.

13) հաստատում է մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը.

14) հաստատում է մշտական հանձնաժողովներում բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը.

15) համաձայնություն է տալիս միջխորհրդարանական համաձայնագիր ստորագրելու համար.

16) հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը, դրանց կազմավորման և գործունեության կարգերը.

17) ստեղծում և լուծարում է Ազգային ժողովի բարեկամական խմբեր, ինչպես նաև հաստատում է դրանց կազմերը և գործունեության կարգերը.

18) սահմանում է Կանոնակարգի 40-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերում նախատեսված նիստերի, ինչպես նաև «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի հեռարձակման համար մրցույթի պայմանները:

Հոդված 29. Խորհրդի նիստերի հրավիրման կարգը

1. Խորհրդի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ, ինչպես նաեւ մյուս հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օրը՝ Ազգային ժողովի նախագահի սահմանած ժամին:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Խորհրդի արտահերթ նիստերը հրավիրում է Ազգային ժողովի նախագահը՝ իր կամ Խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ: Արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:

3. Խորհրդի հերթական նիստի, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի հրավիրած արտահերթ նիստի օրակարգի նախագիծը կազմում և Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում Աշխատակազմը:

Հոդված 30. Խորհրդի նիստերի հրապարակայնությունը

1. Խորհրդի նիստերը հրապարակային են:

2. Խորհրդի փակ նիստ կարող է անցկացվել նրա որոշմամբ: Փակ նիստում քվեարկությունն արգելվում է:

3. Խորհրդի հրապարակային նիստում, Խորհրդի անդամներից բացի,  կարող են ներկա լինել՝

1)  Աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալներից մեկը.

2) օրակարգային հարցերի վերաբերյալ եզրակացություն ներկայացրած Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները.

3) Խորհրդի որոշմամբ, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք.

4) նիստի սպասարկումը կամ լուսաբանումն ապահովող ծառայողները՝ Աշխատակազմի ղեկավարի սահմանած ցանկով.

5) Կառավարության ներկայացուցիչը՝ նստաշրջանների, նիստերի օրակարգերին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ:

4. Խորհրդի փակ նիստում, Խորհրդի անդամներից բացի,  կարող են ներկա լինել Աշխատակազմի ղեկավարը, նրա տեղակալներից մեկը և նրա սահմանած ցանկով նիստի սպասարկումն ապահովող ծառայողները, իսկ նստաշրջանների, նիստերի օրակարգերին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ՝ նաև Կառավարության ներկայացուցիչը:

Հոդված 31. Խորհրդի նիստերի անցկացման կարգը

1. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) Խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, և այն նախագահում է Ազգային ժողովի նախագահը կամ նրան փոխարինող տեղակալը:

2. Խորհրդի հերթական նիստն սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

3. Խորհրդի նիստում հարցերը քննարկվում են Ազգային ժողովի նիստում հարցերի քննարկման ընդհանուր կարգին համապատասխան՝ Խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով:

4. Խորհրդի օրակարգի հաստատման կամ նրա իրավասությանը վերապահված այլ որոշման ընդունման վերաբերյալ առաջարկ ներկայացնելու, ինչպես նաև զեկուցողին հարցեր տալու կամ նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք ունեն միայն Խորհրդի անդամները: Խորհրդի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող այլ անձինք կարող են ելույթ ունենալ նիստը նախագահողի թույլտվությամբ կամ Խորհրդի որոշմամբ:

5. Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո: Խորհրդի անդամը կարող է քվեարկել կողմ, դեմ կամ ձեռնպահ, իսկ Խորհրդի նիստից բացակայող Խորհրդի անդամը կարող է քվեարկել սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

6. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող Խորհրդի անդամը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել Ազգային ժողովի նախագահին կամ նրան փոխարինող տեղակալին: Խորհրդի անդամի ստորագրած գրությունը փակ ծրարով Ազգային ժողովի նախագահին կամ նրան փոխարինող տեղակալին պետք է հանձնվի նախապես` մինչեւ գործուղման մեկնելը: Ծրարի վրա եւ գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում` հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկելու մասին Խորհրդի անդամի որոշումը: Խորհրդի նիստը նախագահողը ծրարը բացում եւ գրությունը հրապարակում է հարցի քվեարկությունից առաջ: Քվեարկությունից հետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)
 
 

ԲԱԺԻՆ 2

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸ

ԳԼՈՒԽ 9

ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

Հոդված 32. Առաջին նստաշրջանի հրավիրումը

1. Հերթական ընտրությունների դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

2. Գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտման օրը նորընտիր Ազգային ժողով կազմավորված չլինելու, ռազմական կամ արտակարգ դրության պատճառով Ազգային ժողովի ընտրությունը Սահմանադրության 91-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում անցկացվելու, ինչպես նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքերում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո`  երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Հոդված 33. Առաջին նստաշրջանի անցկացումը

1. Առաջին նստաշրջանի նիստերը բացում և մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը:

2. Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

3. Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են՝ «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:»:

4.Նիստից բացակայող կամ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորը երդվում է Ազգային ժողովի՝ իր մասնակցությամբ առաջին նիստում:

5. Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողն Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության հիման վրա պաշտոնապես հայտարարում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները և ներկայացնում պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, որից հետո պատգամավորները գրանցվում են:

6. Նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը՝

1) հաշվիչ հանձնախմբի ստեղծում.

2) Ազգային ժողովի նախագահի ընտրություն.

3) Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ.

4) մշտական հանձնաժողովների ստեղծում.

5) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ.

5.1) Կառավարության առաջարկությամբ` Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում.
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

6) Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

7. Առաջին նստաշրջանի նիստերն անցկացվում են հերթական նիստերի համար՝ Կանոնակարգի 37-րդ հոդվածով սահմանված կարգով: Մինչև մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն ավարտվելը տեղի են ունենում ամենօրյա նիստեր:

8. Կառավարության ծրագիրն Ազգային ժողով ներկայացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հայտարարում է հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը և ժամը:

9. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի առաջին նստաշրջանի նիստում հանդես է գալիս խմբակցությունների և մշտական հանձնաժողովների, ինչպես նաև Խորհրդի կազմավորման վերաբերյալ հայտարարությամբ:

10. Առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով և հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:

Հոդված 34. Հաշվիչ հանձնախմբի ստեղծումը և նրա լիազորությունները

1. Հաշվիչ հանձնախումբը ստեղծվում է նիստը նախագահողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Առաջարկը ներկայացվում է Ազգային ժողովի նիստի ընթացքում և քվեարկության է դրվում առանց քննարկման: Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Հաշվիչ հանձնախմբի լիազորությունները պահպանվում են մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

3. Հաշվիչ հանձնախմբի առաջին կազմը, Կանոնակարգի 11-րդ հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված սկզբունքներին համապատասխան, հաստատում է Ազգային ժողովի նիստը նախագահողը, իսկ հանձնախմբի կազմում փոփոխությունները` Ազգային ժողովի նախագահը:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

4. Հաշվիչ հանձնախումբն իր կազմից ընտրում է հանձնախմբի նախագահ և քարտուղար:

5. Պաշտոնում ընտրվող կամ նշանակվող թեկնածուն, ինչպես նաև քվեարկության դրված հարցի հեղինակը մինչև համապատասխան քվեարկության արդյունքներն Ազգային ժողով ներկայացնելը չեն կարող մասնակցել հաշվիչ հանձնախմբի աշխատանքներին:

6. Հաշվիչ հանձնախումբը՝

1) կազմակերպում է գաղտնի քվեարկությունների անցկացումը և Ազգային ժողով է ներկայացնում դրանց արդյունքները.

2) Ազգային ժողովի նիստերի էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում գրանցում է պատգամավորներին, հաշվում է բաց քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայները, ինչպես նաև կազմակերպում է անվանական քվեարկությունների անցկացումը և Ազգային ժողով է ներկայացնում դրանց արդյունքները:

7. Հաշվիչ հանձնախմբի նիստերը հրավիրում է հանձնախմբի նախագահը: Հանձնախմբի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնախմբի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, և նիստը նախագահում է հանձնախմբի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ հանձնախմբի քարտուղարը կամ հանձնախմբի կողմից որոշված անդամը:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

8. Գաղտնի կամ անվանական քվեարկության կազմակերպման, ինչպես նաև գաղտնի քվեարկության քվեաթերթիկն անվավեր ճանաչելու վերաբերյալ հաշվիչ հանձնախմբի որոշումներն ընդունվում են հանձնախմբի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

9. Գաղտնի կամ անվանական քվեարկության արձանագրությունը ստորագրում են հաշվիչ հանձնախմբի նախագահը և մյուս անդամները:
 
 

ԳԼՈՒԽ 10

ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ

Հոդված 35. Հերթական նստաշրջանների գումարման կարգը

1. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ հունվարի երրորդ երկուշաբթիից մինչև հունիսի երրորդ հինգշաբթին և սեպտեմբերի երկրորդ երկուշաբթիից մինչև դեկտեմբերի երրորդ հինգշաբթին:

2. Հերթական նստաշրջանի ընթացքում գումարվում են Ազգային ժողովի հերթական նիստեր, ինչպես նաև կարող են գումարվել արտահերթ նիստեր:

Հոդված 36. Հերթական նիստերի գումարման կարգը

1. Հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են երկուշաբթիից հինգշաբթի, իսկ մյուս հերթական նիստերը՝ երեք շաբաթը մեկ՝ երեքշաբթիից ուրբաթ, սակայն ոչ ուշ, քան Կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտը:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. (մասն ուժը կորցրել է 17.01.2018 ՀՕ-50-Ն)

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում օրակարգային հարցերի քննարկումը չավարտվելու դեպքում հերթական նիստերը շարունակվում են մինչև  դրանց քննարկումն ավարտվելը, սակայն ոչ ավելի, քան երեք օր եւ ոչ ուշ, քան Կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտը:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

4. Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ հերթական նիստերը կարող են տեղափոխվել Ազգային ժողովի նիստերից ազատ շաբաթ: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման: Որոշումը կարող է ընդունվել տեղափոխվող նիստերին նախորդող հերթական նիստերում:

5. Նույն գումարման հերթական նստաշրջանի ընթացքում հերթական նիստերը կարող են տեղափոխվել ոչ ավելի, քան մեկ անգամ: Հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերը, ինչպես նաեւ այն նիստերը, որոնց օրակարգում նախատեսվում է ընդգրկել պարտադիր քննարկման ենթակա հարց,բացառությամբ Կանոնակարգի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 18.1-ին կետում նշված հարցերի, չեն կարող տեղափոխվել: Հերթական նստաշրջանի վերջին շաբաթվա հերթական նիստերը կարող են տեղափոխվել միայն Կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների պահպանմամբ:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

Հոդված 37. Հերթական նիստերի անցկացման կարգը

1. Հերթական նիստերի յուրաքանչյուր օրը՝ ժամը 10:00-ից մինչև 18:00, տեղի է ունենում չորս հիմնական նիստ: Հերթական նիստերի առաջին շաբաթվա երեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստն ավարտվում է հերթագրված վերջին պատգամավորի հայտարարությունից, իսկ չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստը՝ հերթագրված վերջին պատգամավորի հարցին պատասխանելուց հետո:

2. Հերթական նիստերի յուրաքանչյուր օրվա ընթացքում՝ ժամը 18:30-ից մինչև 20:00-ն,  Ազգային ժողովի որոշմամբ կարող է անցկացվել մեկ լրացուցիչ նիստ: Արտահերթ նիստի գումարման ժամին լրացուցիչ նիստ չի կարող անցկացվել:

3. Լրացուցիչ նիստ անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշումը կարող է ընդունվել Խորհրդի, նիստը նախագահողի, խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի առաջարկությամբ մինչև տվյալ օրվա վերջին հիմնական նիստի ավարտը: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման:

4. Հիմնական և լրացուցիչ նիստերից յուրաքանչյուրի տևողությունը 90 րոպե է, որը կարող է նիստը նախագահողի առաջարկով առանց քվեարկության երկարաձգվել՝ հարցին պատասխանելու, ելույթն ավարտելու կամ քննարկված հարցի բաց քվեարկությունն անցկացնելու համար անհրաժեշտ ժամանակով:

5. Հերթական նիստերի յուրաքանչյուր օրվա երկրորդ նիստից հետո հայտարարվում է մեկ ժամ, իսկ մյուս նիստերից հետո՝ 30 րոպե ընդմիջում: Նիստի երկարաձգման դեպքում ընդմիջումը կրճատվում է համապատասխան ժամկետով:

6. Ոչ աշխատանքային օրերին հերթական նիստերը գումարվում կամ անցկացվում են միայն Սահմանադրությամբ սահմանված ժամկետների ապահովման անհրաժեշտության դեպքում:

Հոդված 38. Հերթական նստաշրջանի օրակարգը

1. Հերթական նստաշրջանի օրակարգում կարող են ընդգրկվել միայն Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված, այդ թվում՝ նախորդ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը:

2. Հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվում են հերթական նիստերի առաջին օրվա դրությամբ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու ենթակա հետևյալ հարցերը.

1) պարտադիր քննարկման ենթակա հարցերը,

2) այն հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ստացվել է, կամ եզրակացությունը ներկայացնելու ժամկետը լրացել է:

3. Պարտադիր քննարկման ենթակա հարցերն են՝

1) թափուր պաշտոնում  ընտրության կամ նշանակման մասին հարցը.

2) Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը.

3) Կառավարության վստահության հարցը.

4) Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը.

5) վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցը.

6) Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը.

7) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ Ազգային ժողովի կողմից ընտրված պաշտոնատար անձի լիազորությունները դադարեցնելու մասին հարցերը.

8) պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցը.

9) Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցը.

10) խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին հարցը.

11) ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված հարցը.

12) խմբակցության կողմից առաջնահերթ համարված օրենքի նախագիծը.

13) Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը.

14) Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցը.

15) Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին հարցը.

16) Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին հարցը.

17) Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ ներկայացված հայտարարության կամ ուղերձի նախագիծը.

18) պետական մարմինների, պաշտոնատար անձանց զեկույցները, հաղորդումները և հաշվետվությունները.

18.1) Սահմանադրության փոփոխության կամ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցը.
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

19) օրենքով կամ Ազգային ժողովի որոշմամբ նախատեսված քննարկման ժամկետ ունեցող հարցերը:

4. Պարտադիր քննարկման ենթակա հարցերը հերթական նստաշրջանի եւ նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվում են միաժամանակ, բացառությամբ`

1) սույն հոդվածի 3-րդ մասի 18-րդ կետում նշված հարցերի, որոնք հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվում են Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելուց հետո` երկամսյա ժամկետում.

2) սույն հոդվածի 3-րդ մասի 18.1-ին կետում նշված հարցերի, որոնք հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվում են համապատասխան նախագծի առաջին ընթերցմամբ քննարկելու մասին հարցը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու պահից, իսկ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվում են Կանոնակարգի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով.
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագիծը կազմված է հետևյալ բաժիններից.

1) առաջին բաժին, որտեղ ներառվում են նախորդ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված, ինչպես նաև պարտադիր քննարկման ենթակա հարցերը.

2) երկրորդ բաժին, որտեղ ներառվում են այն հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն, բացառությամբ Կանոնակարգի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 18.1-ին կետում նշված հարցերի, ինչպես նաև Կանոնակարգի 78-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ի կետով սահմանված կարգով այլընտրանքային համարված նախագծերը.
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

3) երրորդ բաժին, որտեղ ներառվում են այն հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն է ներկայացրել կամ Կանոնակարգով սահմանված ժամկետում եզրակացություն չի ներկայացրել, բացառությամբ Կանոնակարգի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 18.1-ին կետում նշված հարցերի:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

6. Հերթական նստաշրջանի օրակարգի և դրանում լրացումներ կատարելու մասին նախագծերը մշակում և Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում Աշխատակազմը, որից հետո Ազգային ժողովի նախագահը նախագիծը ներկայացնում է Խորհրդի քննարկմանը:

7. Հերթական նստաշրջանի օրակարգի և դրանում լրացումներ կատարելու մասին նախագծերը Խորհրդի կողմից հաստատվելուց հետո ներկայացվում են Ազգային ժողովի քննարկմանը:

8. Հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովի նիստում քննարկվում է հետևյալ կարգով.

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը, որից հետո նրան կարող են տրվել հարցեր.

2) հարակից զեկուցում չի լինում.

3) հեղինակների պահանջով  անցկացվում են նախագծի երրորդ բաժնում ներառված այն հարցերի կարճատև քննարկումները, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն: Այդ դեպքում մինչև երեքական րոպե տևողությամբ ելույթի իրավունք ունեն հեղինակը, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը, որից անմիջապես հետո նախագիծն օրակարգում ընդգրկելու մասին հարցը դրվում է քվեարկության.

4) մինչև երեքական րոպե տևողությամբ ելույթի իրավունք ունեն նախագծի երրորդ բաժնում ներառված այն հարցերի հեղինակները, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը Կանոնակարգով սահմանված ժամկետում եզրակացություն չի ներկայացրել: Հեղինակի ելույթից անմիջապես հետո նախագիծն օրակարգում ընդգրկելու մասին հարցը դրվում է քվեարկության.

5) մտքերի փոխանակություն.

6) Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթից հետո նախագծի երրորդ բաժնի՝ սույն մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված հարցերից բացի, օրակարգում ընդգրկելու մասին մնացած հարցերն առանձին-առանձին դրվում են քվեարկության:

7) հարցի քննարկման ընդհանուր տեւողությունն ավելացվում է սույն մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված ելույթների համար անհրաժեշտ ժամանակով:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

9. Հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի առաջին և երկրորդ բաժիններում ներառված հարցերը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվում են առանց քվեարկության:

10. Քվեարկության արդյունքում հերթական նստաշրջանի օրակարգում չընդգրկված հարցը շրջանառությունից հանվում է:

Հոդված 39. Հերթական նիստերի օրակարգը

1. Հերթական նիստերի օրակարգում կարող են ընդգրկվել միայն հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը, այդ թվում՝ պարտադիր քննարկման ենթակա, ինչպես նաև նախորդ հերթական նիստերում անավարտ մնացած հարցերը:

2. Հերթական նիստերի օրակարգի նախագիծը կազմված է հետևյալ բաժիններից.

1) առաջին բաժին, որտեղ ներառվում են պարտադիր քննարկման ենթակա հարցերը, այդ թվում` Սահմանադրության փոփոխությունների, կամ օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստացվել է կամ եզրակացությունը ներկայացնելու ժամկետը լրացել է, ինչպես նաև նախորդ հերթական նիստերում անավարտ մնացած հարցերը.
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2) երկրորդ բաժին, որտեղ հարցերը ներառվում են հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու օրերի հաջորդականությամբ: Երկրորդ բաժնի հարցերի թիվը որոշելիս հաշվի են առնվում Կառավարության, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների գրավոր առաջարկները, առաջիկա հերթական նիստերում քննարկման ենթակա հարցերի ծավալը, ինչպես նաև հարցերի քննարկման տևողությունները սահմանելու, լրացուցիչ նիստեր անցկացնելու կամ հերթական նիստերը շարունակելու հնարավորությունը:

3. Աշխատակազմը մշակում և Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում հերթական նիստերի օրակարգի նախագիծը, իսկ նախագծում ընդգրկված հարցերի քննարկումն ապահովելու անհրաժեշտության դեպքում նաև՝

1)  այն հարցերի քննարկման տևողությունը սահմանելու մասին Խորհրդի որոշման նախագծերը, որոնց քննարկման տևողությունը Կանոնակարգով կամ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված չէ.

2) Ազգային ժողովի լրացուցիչ նիստ անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

4. Հերթական նիստերի օրակարգի նախագիծը, ինչպես նաև դրա առնչությամբ ընդունվելիք մյուս նախագծերն Ազգային ժողովի նախագահի ներկայացմամբ Խորհրդի նիստում քննարկվում են ոչ ուշ, քան հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ, ինչպես նաեւ մյուս հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օրը:
(փոխ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Խորհրդի նիստում Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծի քննարկման ընթացքում Խորհրդի անդամներն իրավունք ունեն առաջարկելու՝

1) ավելացնել կամ պակասեցնել օրակարգի նախագծի երկրորդ բաժնի հարցերի թիվը.

2) սահմանել կամ փոխել օրակարգի նախագծում ընդգրկված հարցի քննարկման տևողությունը.

3) սահմանել կամ փոխել օրակարգի նախագծում ընդգրկված հարցերի  քննարկման հաջորդականությունը.

4) Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել լրացուցիչ նիստ անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ:

6. Հերթական նիստերի օրակարգի նախագիծը, ինչպես նաև դրան առնչվող մյուս նախագծերը քվեարկության են դրվում Խորհրդի անդամների բոլոր առաջարկները քվեարկելուց, ինչպես նաև ընդունված առաջարկները  նախագծերում  ներառելուց հետո:

7. Հերթական նիստերի օրակարգի նախագիծը Խորհրդի կողմից հաստատվելուց հետո  ներկայացվում է Ազգային ժողովի քննարկմանը:

8. Հերթական նիստերի օրակարգի նախագիծն Ազգային ժողովի նիստում քննարկվում է հետևյալ կարգով.

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը, որից հետո նրան կարող են տրվել հարցեր.

2) հարակից զեկուցում չի լինում.

3)  մտքերի փոխանակություն.

4)  Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթից հետո քվեարկության է դրվում նախագծի երկրորդ բաժնի հարցերը հերթական նիստերի օրակարգում ընդգրկելու մասին հարցը, որի չընդունվելու դեպքում այդ բաժնի բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին.

5)  քվեարկության են դրվում օրակարգի նախագծում ընդգրկված որևէ հարցի քննարկման տևողությունը սահմանելու կամ փոխելու վերաբերյալ Կանոնակարգի 62-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացված առաջարկները.

6)  քվեարկության է դրվում հերթական նիստերի ընթացքում լրացուցիչ նիստ անցկացնելու մասին Խորհրդի ներկայացրած Ազգային ժողովի որոշման նախագիծը:

9. Եթե սույն հոդվածի 8-րդ մասի 5-րդ կետում նշված դեպքում նույն հարցի վերաբերյալ ներկայացվել են մեկից ավելի առաջարկներ, ապա դրանք քվեարկության են դրվում ըստ հարցի քննարկման համար առաջարկվող ժամանակի տևողության՝ երկարատևից կարճատև: Որևէ առաջարկի ընդունման դեպքում մյուս առաջարկները չեն քվեարկվում:
(փոխ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

10. Հերթական նիստերի օրակարգի նախագծի առաջին բաժնի հարցերը հերթական նիստերի օրակարգում ընդգրկվում են առանց քվեարկության:

11. Քվեարկության արդյունքով հերթական նիստերի օրակարգում չընդգրկված հարցը մնում է հերթական նստաշրջանի օրակարգում:

Հոդված 40. Հերթական նիստերի ընթացքը

1. Հերթական նիստերը սկսվում են հերթական նստաշրջանի և նիստերի օրակարգերի նախագծերի քննարկմամբ, որոնց հաստատումից հետո սահմանված հաջորդականությամբ քննարկվում են օրակարգային հարցերը:

2. Օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը կարող է փոխվել Ազգային ժողովի նախագահի հայտարարությամբ, որին խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի առարկության դեպքում առարկությունն առանց քննարկման դրվում է քվեարկության: Որոշման ընդունման դեպքում օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը չի փոխվում:

3. Օրակարգային հարցերի քննարկումն ընդհատվում է Կանոնակարգի 37-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում գումարվող յուրաքանչյուր՝

1) երկրորդ հերթական նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ հիմնական նիստում, որի ընթացքում կարող է քննարկվել ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված մեկ հարց.

2) հերթական նիստերի երեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում, որի ընթացքում կարող է անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով մեկ քննարկում.

3) հերթական նիստերի երեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում, որի ընթացքում պատգամավորները կարող են հանդես գալ հայտարարություններով.

4) հերթական նիստերի չորեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում, որի ընթացքում ներկայացվում և կարող են քննարկվել խմբակցությունների հարցապնդումների պատասխանները.

5) հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում, որի ընթացքում վարչապետը և Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:

4. Օրակարգային հարցերի քննարկումն ընդհատվում է նաև Կանոնակարգով նախատեսված դեպքերում՝ Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշման նախագծերի, ինչպես նաև այդպիսի որոշումների ընդունման վերաբերյալ առաջարկների քննարկման կամ քվեարկության համար անհրաժեշտ ժամանակահատվածով:

5. Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկման, հարցապնդման պատասխանի կամ արտահերթ համարված հարցի բացակայության դեպքում, ինչպես նաեւ դրանց քննարկումն ավարտվելուց հետո օրակարգային հարցերի քննարկումը շարունակվում է: Վարչապետին եւ Կառավարության անդամներին պատգամավորների հարցերը, ինչպես նաեւ պատգամավորների հայտարարություններն ավարտվելուց հետո նիստն ավարտվում է:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

6. Հերթական նիստերն ավարտվում են  օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո, սակայն ոչ ուշ, քան Կանոնակարգի 36-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետի ավարտը:

Հոդված 41. Արտահերթ նիստի գումարման կարգը

1. Արտահերթ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ: Կառավարության նախաձեռնությունն իրականացվում է Կառավարության որոշմամբ:

2. Ոչ աշխատանքային օրերին արտահերթ նիստ կարող է գումարվել կամ անցկացվել միայն Սահմանադրությամբ սահմանված ժամկետների ապահովման անհրաժեշտության դեպքում:

3. Արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ վարչապետի պաշտոնական գրությամբ: Պատգամավորների գրությունում, ինչպես նաև վարչապետի գրությանը կից ներկայացվող Կառավարության որոշման մեջ նշվում են՝

1) արտահերթ նիստի օրակարգը, ներառյալ՝ օրակարգային հարցերի անվանումները և քննարկման հաջորդականությունը,

2) արտահերթ նիստը սկսելու օրը և ժամը, ինչպես նաեւ արտահերթ նիստի անցկացման կարգը` նիստերի օրերը եւ յուրաքանչյուր օրվա ընթացքում անցկացվելիք նիստերի թիվը,
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

3) արտահերթ նիստը նախաձեռնողի ներկայացուցչի անունը և ազգանունը,

4) գրությանը կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

4. Գրությանը կից կարող են ներկայացվել օրակարգային հարցերի քննարկման տևողության սահմանման կամ հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագծեր, ինչպես նաև Կանոնակարգով և Աշխատակարգով նախատեսված այլ փաստաթղթեր:

5. Արտահերթ  նիստի օրակարգում նույն օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը կարող են ընդգրկվել միայն սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված կարգով:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)
6. Եթե արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են միևնույն օրենքի նախագիծն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցեր, ապա նախաձեռնողը ներկայացնում է հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որով նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար նախատեսվում է առնվազն երեքական  ժամ:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

7. Արտահերթ նիստը, որպես կանոն, գումարվում է պաշտոնական գրությունն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ հինգերորդ աշխատանքային օրվանից ոչ շուտ: Մինչև նշված ժամկետը լրանալը արտահերթ նիստ կարող է գումարվել, եթե օրակարգում ընդգրկված նախագծերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունները ստացվել են, կամ դրանց ներկայացման ժամկետները լրացել են, իսկ առանց եզրակացության՝ բացառիկ դեպքերում, հետևյալ կարգով.

1) Կառավարության նախաձեռնության դեպքում՝ վարչապետը ստացել է արտահերթ նիստն սահմանված ժամկետից շուտ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի նախագահի բանավոր համաձայնությունը.

2) պատգամավորների կամ խմբակցության նախաձեռնության դեպքում՝ խմբակցության հիմնավորված միջնորդությամբ՝ Խորհրդի որոշմամբ:

8. Եթե գրությունը կամ օրակարգային որևէ հարց սույն հոդվածի պահանջներին՝

1) չի համապատասխանում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը վերադարձնում է գրությունը կամ օրակարգային տվյալ հարցին առնչվող փաստաթղթերը՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է, ապա Ազգային ժողովի նախագահը նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում գումարում է Ազգային ժողովի արտահերթ նիստ,իսկ արտահերթ նիստի օրակարգը, ինչպես նաեւ օրակարգային հարցերի նախագծերը 24 ժամվա ընթացքում տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

9. Եթե Կառավարությունը սույն հոդված 7-րդ մասով սահմանված ժամկետում պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին եզրակացություն չի ներկայացնում, ապա համարվում է, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագիծն այդ տեսքով էականորեն չի նվազեցնում պետական բյուջեի եկամուտները կամ ավելացնում ծախսերը։

Հոդված  42. Արտահերթ նիստի անցկացման կարգը

1. Հերթական նիստերից ազատ օրերին արտահերթ նիստերը կարող են տեղի ունենալ ժամը 11:00-ից մինչև 23:00-ն:

2. Հերթական նիստերի օրը՝ ժամը 18:30-ից մինչև 24:00-ն, կարող է տեղի ունենալ մինչև երեք արտահերթ նիստ:

3. Արտահերթ նիստերից յուրաքանչյուրի տևողությունը 90 րոպե է, որը  կարող է նախաձեռնողի ներկայացուցչի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել՝ հարցին պատասխանելու, ելույթն ավարտելու կամ քննարկված հարցի բաց քվեարկությունն անցկացնելու համար անհրաժեշտ ժամանակով: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման: Նիստի երկարաձգման դեպքում ընդմիջումը կրճատվում է համապատասխան ժամկետով:

4. Արտահերթ նիստի յուրաքանչյուր նիստից հետո նախատեսվում է 30 րոպե ընդմիջում: Հերթական նիստերից ազատ օրը գումարվելու դեպքում արտահերթ նիստի յուրաքանչյուր օրվա առաջին նիստից հետո կարող է նախատեսվել մեկ ժամ ընդմիջում:

Հոդված  43. Արտահերթ նիստերի ընթացքը

1. Արտահերթ նիստը սկսվում է նախաձեռնողի, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի ներկայացրած՝ օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգերի մասին Ազգային ժողովի որոշման նախագծերի քննարկմամբ, իսկ դրանց քննարկումն ավարտվելու կամ բացակայության դեպքում նախաձեռնողի սահմանած հաջորդականությամբ քննարկվում են օրակարգային հարցերը:

2. Օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը կարող է փոխվել, ինչպես նաև օրակարգից հարցը կարող է հանվել նախաձեռնողի ներկայացուցչի առաջարկով՝ առանց քվեարկության:

3. Արտահերթ նիստն ավարտվում է օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո:
 

ԳԼՈՒԽ 11

ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ

Հոդված  44. Արտահերթ նստաշրջանի գումարման կարգը

1. Արտահերթ նստաշրջան գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ: Կառավարության նախաձեռնությունն իրականացվում է Կառավարության  որոշմամբ:

2. Արտահերթ նստաշրջանը չի կարող անցկացվել հերթական նստաշրջանի ընթացքում:

3. Ոչ աշխատանքային օրերին արտահերթ նստաշրջան կարող է գումարվել կամ անցկացվել միայն Սահմանադրությամբ սահմանված ժամկետների ապահովման անհրաժեշտության դեպքում:

4. Արտահերթ նստաշրջան գումարելու  նախաձեռնությունն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ վարչապետի պաշտոնական գրությամբ: Պատգամավորների գրությունում, ինչպես նաև վարչապետի գրությանը կից ներկայացվող Կառավարության որոշման մեջ նշվում են՝

1) արտահերթ նստաշրջանի օրակարգը, որը ներառում է օրակարգային հարցերի անվանումները և քննարկման հաջորդականությունը,

2) արտահերթ նստաշրջանը սկսելու օրը և ժամը,

3) արտահերթ նստաշրջանը նախաձեռնողի ներկայացուցչի անունը, ազգանունը,

4) գրությանը կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

5. Գրությանը կից ներկայացվում են օրակարգային հարցերի քննարկման տևողության սահմանման կամ հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագծեր, ինչպես նաև Կանոնակարգով և Աշխատակարգով նախատեսված այլ փաստաթղթեր:

6. Արտահերթ նստաշրջանի օրակարգում նույն օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը կարող են ընդգրկվել միայն սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված կարգով:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

7. Եթե արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են միևնույն օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցեր, ապա նախաձեռնողը ներկայացնում է հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որով նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար նախատեսվում է առնվազն երեքական  ժամ:

8. Արտահերթ նստաշրջանը, որպես կանոն, գումարվում է պաշտոնական գրությունն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ հինգերորդ աշխատանքային օրվանից ոչ շուտ: Մինչև նշված ժամկետը լրանալը արտահերթ նստաշրջան կարող է  գումարվել, եթե օրակարգում ընդգրկված նախագծերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունները ստացվել են, կամ դրանց ներկայացման ժամկետները լրացել են, իսկ առանց եզրակացության՝ բացառիկ դեպքերում, հետևյալ կարգով.

1) Կառավարության նախաձեռնության դեպքում վարչապետը ստացել է արտահերթ նստաշրջանը սահմանված ժամկետից շուտ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի նախագահի բանավոր համաձայնությունը.

2) պատգամավորների նախաձեռնության դեպքում՝ խմբակցության հիմնավորված միջնորդությամբ՝ Խորհրդի որոշմամբ:

9. Եթե գրությունը կամ օրակարգային որևէ հարց սույն հոդվածի պահանջներին՝

1)  չի համապատասխանում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը վերադարձնում է գրությունը կամ օրակարգային տվյալ հարցին առնչվող փաստաթղթերը՝ նշելով պատճառների մասին.

2)   համապատասխանում է, ապա Ազգային ժողովի նախագահը նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում գումարում է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, իսկ արտահերթ նստաշրջանի օրակարգը, ինչպես նաեւ օրակարգային հարցերի նախագծերը 24 ժամվա ընթացքում տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

10. Եթե Կառավարությունը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին եզրակացություն չի ներկայացնում, ապա համարվում է, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագիծն այդ տեսքով էականորեն չի նվազեցնում պետական բյուջեի եկամուտները կամ ավելացնում ծախսերը։

Հոդված 45. Արտահերթ նստաշրջանի անցկացման կարգը

1. Արտահերթ նստաշրջանն անցկացվում է հետևյալ կարգով.

1) նստաշրջանի յուրաքանչյուր օրը տեղի է ունենում 90 րոպե տևողությամբ չորս նիստ.

2) յուրաքանչյուր նիստից հետո նախատեսվում է 30 րոպե ընդմիջում.

3) երկրորդ ընդմիջման տևողությունը կարող է նախատեսվել մեկ ժամ։

2. Արտահերթ նստաշրջանի յուրաքանչյուր նիստի տևողությունը կարող է նախաձեռնողի ներկայացուցչի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել հարցին պատասխանելու, ելույթն ավարտելու կամ քննարկված հարցի բաց քվեարկությունն անցկացնելու համար անհրաժեշտ ժամանակով: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման: Նիստի երկարաձգման դեպքում ընդմիջումը կրճատվում է համապատասխան ժամկետով:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

Հոդված 46.  Արտահերթ նստաշրջանի ընթացքը

1. Արտահերթ նստաշրջանը սկսվում է նախաձեռնողի, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի ներկայացրած օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգերի մասին Ազգային ժողովի որոշման նախագծերի քննարկմամբ, իսկ դրանց քննարկումն ավարտվելու կամ բացակայության դեպքում նախաձեռնողի սահմանած հաջորդականությամբ քննարկվում են օրակարգային հարցերը:

2. Օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը կարող է փոխվել, ինչպես նաև օրակարգից հարցը կարող է հանվել նախաձեռնողի ներկայացուցչի առաջարկով՝ առանց քվեարկության:

3. Արտահերթ նստաշրջանն ավարտվում է օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելու կամ հերթական նստաշրջանը սկսվելու դեպքում:
 
 

ԳԼՈՒԽ 12

ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏԵՐԸ

Հոդված  47. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում հատուկ նիստի գումարման և անցկացման կարգը

1. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

2.  Եթե ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման հրապարակումից հետո՝ չորս ժամվա ընթացքում, գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա նիստը սկսվում է առանց իրավազորության ապահովման:

3. Հարցի քննարկման ընթացքում՝

1) հիմնական զեկուցմամբ և եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ Կառավարության ներկայացուցիչը, որին զեկուցումից հետո կարող են տրվել հարցեր.

2) հարակից զեկուցում չի լինում.

3) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ  միայն խմբակցությունների երկուական ներկայացուցիչներ:

4. Եթե մինչև հարցի քննարկումն ավարտվելը  նիստի իրավազորությունը՝

1) ապահովվում է, ապա խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կարող է ներկայացնել ռազմական դրությունը կամ ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված որևէ  միջոցառում վերացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Նախագծի հետ ներկայացվում է դրա վերաբերյալ խմբակցության որոշումը: Նախագիծն առանց քննարկման քվեարկության է դրվում եզրափակիչ ելույթից անմիջապես հետո: Որոշումն ընդունվում և հրապարակվում է Կանոնակարգի106-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված կարգով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա  նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ ամիս հետո: Քվեարկությունից հետո նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված.

2) չի ապահովվում, ապա նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված:

Հոդված 48. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում հատուկ նիստը գումարելու և անցկացնելու կարգը

1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

2. Եթե արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման հրապարակումից հետո՝ չորս ժամվա ընթացքում, գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա նիստը սկսվում է առանց իրավազորության ապահովման:

3. Հարցի քննարկման ընթացքում՝

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս վարչապետը կամ Կառավարության ներկայացուցիչը, որին զեկուցումից հետո կարող են տրվել հարցեր.

2) հարակից զեկուցում չի լինում.

3) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ  միայն մշտական հանձնաժողովների և խմբակցությունների մեկական ներկայացուցիչներ:

4. Եթե մինչև հարցի քննարկումն ավարտվելը նիստի իրավազորությունը ՝

1)  ապահովվում է, ապա խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կարող է ներկայացնել  արտակարգ դրությունը կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որևէ  միջոցառում վերացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Նախագծի հետ ներկայացվում է դրա վերաբերյալ խմբակցության որոշումը: Նախագիծն առանց քննարկման քվեարկության է դրվում եզրափակիչ ելույթից անմիջապես հետո: Որոշումն ընդունվում և հրապարակվում է Կանոնակարգի 107-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված կարգով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ ամիս հետո: Քվեարկությունից հետո նախագահողն հայտարարում է հատուկ նիստն ավարտված.

2)  չի ապահովվում, ապա նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված:

Հոդված 49. Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված հատուկ նիստի գումարման և անցկացման կարգը

1. Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը հերթական ընտրության դեպքում գումարվում է Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը, իսկ արտահերթ ընտրության դեպքում՝ Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո՝ տասներորդ օրը:

2. Նիստի գումարման օրը և ժամը հայտարարում է Ազգային ժողովի նախագահը:

3. Նիստի անցկացման կարգը սահմանվում է Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ՝ Խորհրդի որոշմամբ:

Հոդված 50. Սահմանադրությամբ  կամ Կանոնակարգով սահմանված ժամկետների ապահովման նպատակով գումարվող հատուկ նիստերը
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

1. Սահմանադրության 115-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցը քննարկվում է իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)
2. Սահմանադրության 125-րդ հոդվածի 2-րդ մասով և 126-րդ հոդվածով սահմանված ժամկետներում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում Հանրապետության նախագահի ընտրության մասին հարցը քննարկվում է իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2.1. Կանոնակարգի 140-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում վարչապետի ընտրության հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը? ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

3. Սահմանադրության 157-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում Կառավարության վստահության հարցը քվեարկության է դրվում իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

4. Սույն հոդվածում նշված հատուկ նիստերի գումարման օրվա և ժամի մասին հայտարարում է Ազգային ժողովի նախագահը:

5. Եթե Սահմանադրությամբ կամ Կանոնակարգով սահմանված ժամկետները չեն խախտվում, ապա հատուկ նիստում ընդմիջում կարող է հայտարարվել միայն Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

6. Եթե Կանոնակարգի 51-րդ հոդվածով սահմանված կարգով նիստի իրավազորությունը՝

1) ապահովվում է, ապա հարցի քննարկումն ավարտվելուց հետո նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված.

2) չի ապահովվում, ապա հատուկ նիստը համարվում է չկայացած:
 
 

ԳԼՈՒԽ 13

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

Հոդված  51. Ազգային ժողովի նիստի իրավազորությունը

1. Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստի սկզբում սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

2. Պատգամավորների գրանցումն իրականացվում է Աշխատակարգով սահմանված կարգով, էլեկտրոնային համակարգով՝ Ազգային ժողովի հերթական նիստերի, արտահերթ նիստերի կամ արտահերթ նստաշրջանի յուրաքանչյուր օրվա առաջին նիստի, ինչպես նաև հատուկ նիստի սկզբում: Գրանցումից ուշացած պատգամավորի պահանջով նրան սահմանված կարգով գրանցում է Աշխատակազմի ծառայողը:

3. Պատգամավորը գրանցվում է անձամբ: Գրանցումը համազոր է քվեարկությանը և գրանցմանը պատգամավորի մասնակցությունը հաշվառվում է քվեարկությունների թվում:

4. Եթե գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան չորս ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության՝

1) ապահովման դեպքում նիստը նախագահողը պատգամավորներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին.

2) չապահովման դեպքում հերթական նիստերի, արտահերթ նիստերի կամ արտահերթ նստաշրջանի տվյալ օրվա նիստերը, ինչպես նաև հատուկ նիստը համարվում են չկայացած:

Հոդված 52. Ազգային ժողովի նիստը նախագահողի լիազորությունները

1. Նիստը նախագահողը՝

1) հայտարարում է նիստը կամ նստաշրջանը բացված, ինչպես նաև ավարտված.

2) հայտարարում է նիստի ընդմիջումները.

3) ապահովում է օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և յուրաքանչյուր հարցի քննարկումն սկսվելուց առաջ տեղեկացնում է հաջորդող երեք հարցի մասին.

4) հարցի քննարկումն սկսվելուց առաջ տեղեկացնում է հարցի քննարկման կարգի և տևողության մասին.

5) ձայն է տալիս ելույթի, ինչպես նաև հարցի կամ դրան պատասխանելու համար.

6) հայտարարում է պատգամավորների գրանցումը, ելույթների և հարցերի համար հերթագրումը, քվեարկության անցկացումը, ինչպես նաև քվեարկության արդյունքները.

7) համակարգում է նիստն սպասարկող ծառայողների աշխատանքը.

8) նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով կարող է ընդմիջել ելույթները:

2. Նիստը նախագահողի օրինական պահանջը չկատարելու, քննարկվող հարցից ելույթում շեղվելու, վիրավորական արտահայտություն անելու, բացակա պատգամավորի փոխարեն գրանցվելու կամ քվեարկելու, պատգամավորի քվեարկությանը խոչընդոտելու, Ազգային ժողովի նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու դեպքում նախագահողն իրավունք ունի պատգամավորի նկատմամբ կիրառելու կարգապահական միջոցներ, իսկ նիստին ներկա գտնվող այլ անձին՝ նախազգուշացնելու կամ հեռացնելու նիստերի դահլիճից:

3. Պատգամավորի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական միջոցները.

1) նախազգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով.

2) խոսափողի անջատում.

3) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում.

4) հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից.

5) Ազգային ժողովի նիստերի օրերին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև յոթ օրով զրկում:

4. Կարգապահական միջոցը, որպես կանոն, պետք է կիրառվի մեղմից դեպի խիստը, համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու նիստի բնականոն ընթացքը: Սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական միջոցը կարող է կիրառվել, եթե մինչ այդ պատգամավորի նկատմամբ կիրառվել է սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգապահական միջոցը, և պատգամավորն ինքնակամ դա չի կատարել:

5. Նիստերի դահլիճից հիմնական զեկուցողի հեռացման դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է կարգապահական միջոցի կիրառման ժամկետով: Եթե նիստից հեռացված զեկուցողը պատգամավոր է, ապա հարցի քննարկումը վերսկսվում է նրա մասնակցությունն Ազգային ժողովի նիստին ժամկետից շուտ վերականգնվելու դեպքում:

6. Խմբակցության հիմնավորված միջնորդությամբ Խորհուրդն իրավունք ունի մինչև կարգապահական միջոցի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված պատգամավորի մասնակցությունն Ազգային ժողովի նիստին:

7. Նիստից հեռացման պահանջին չենթարկվելու դեպքում նախագահողը հանձնարարում է Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ծառայությանը իրականացնել պահանջը:

8. Եթե նիստում անկարգություն է առաջանում, և նախագահողն ի վիճակի չէ վերականգնել նիստի բնականոն ընթացքը, ապա նա կարող է մինչև կես ժամով ընդհատել նիստը:

9. Եթե նիստի վերսկսվելուց հետո անկարգությունը շարունակվում է, ապա նախագահողը նիստը հայտարարում է ավարտված:

Հոդված 53. Ազգային ժողովի նիստերի հրապարակայնությունը

1. Ազգային ժողովի նիստերը հրապարակային են:

2. Ազգային ժողովի փակ նիստ կարող է անցկացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կամ Կառավարության առաջարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ: Փակ նիստում քվեարկությունն արգելվում է։

3. Փակ նիստ անցկացնելու մասին  առաջարկն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կամ վարչապետի պաշտոնական գրությամբ: Պատգամավորների գրությունում, ինչպես նաև վարչապետի գրությանը կից ներկայացվող Կառավարության որոշման մեջ  նշվում են Ազգային ժողովի փակ նիստի անցկացման օրը, ժամը և քննարկվող հարցի անվանումը:

4. Եթե գրությունը սույն հոդվածի 3-րդ մասի  պահանջներին՝

1) չի համապատասխանում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը վերադարձնում է գրությունը՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է և ներկայացվել է Ազգային ժողովի նիստի ընթացքում, ապա փակ նիստ անցկացնելու մասին առաջարկն առանց քննարկման քվեարկության է դրվում այդ նիստում, իսկ գրությունն Ազգային ժողովի նիստերից ազատ օրը ներկայացվելու դեպքում առաջարկն առանց քննարկման քվեարկության է դրվում Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման սկզբում:

Հոդված 54. Ազգային ժողովի նիստում ներկա լինելու իրավունք ունեցող անձինք

1. Ազգային ժողովի հրապարակային նիստում պատգամավորներից և հարցի քննարկմանը մասնակցելու իրավունք ունեցող անձանցից բացի, կարող են ներկա լինել՝

1) Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը.

2) վարչապետը կամ Կառավարության ներկայացուցիչը.

3) Կառավարության անդամները.

4) Կենտրոնական բանկի, Հաշվեքննիչ պալատի նախագահները.

5) գլխավոր դատախազը.

6) Մարդու իրավունքների պաշտպանը.

7) Աշխատակազմի ղեկավարը, նրա տեղակալներից մեկը և նրա սահմանած ցանկով նիստի սպասարկումը կամ լուսաբանումն ապահովող Աշխատակազմի ծառայողները.

8) Ազգային ժողովի նախագահի կամ նիստը նախագահողի հրավիրած անձինք.

9) Աշխատակազմի ղեկավարի թույլատրած անձինք:

2. Ազգային ժողովի փակ նիստում, պատգամավորներից և հարցը զեկուցողից բացի, կարող են ներկա լինել սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ և 7-րդ կետերում նշված անձինք:

3. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալների խորհրդականներն ու օգնականները, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների փորձագետները (մասնագետները) Ազգային ժողովի նիստում կարող են ներկա լինել Աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ:

4. Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղում, իսկ  նիստերի դահլիճում կարող են ներկա լինել Աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ:

5. Ազգային ժողովի նիստերի դահլիճում խմբակցություններին հատկացվում են առանձին հատվածներ, իսկ Հանրապետության նախագահին, Կառավարության անդամներին, Աշխատակազմին և հրավիրված անձանց՝  հատուկ տեղեր:
 
 

ԳԼՈՒԽ 14

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈԻՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

Հոդված 55. Ազգային ժողովի նիստում հարցերի քննարկման ընդհանուր ընթացակարգը

1. Եթե Կանոնակարգով այլ բան նախատեսված չէ, ապա Ազգային ժողովի նիստում հարցերը քննարկվում են հետևյալ ընթացակարգով՝

1) հիմնական զեկուցում.

2) հարցեր զեկուցողին, նրա պատասխանները, հարց տվողի և զեկուցողի արձագանքները.

3) հարակից զեկուցումներ.

4) հարցեր յուրաքանչյուր հարակից զեկուցողին, նրանց պատասխանները, հարց տվողի և զեկուցողի արձագանքները.

5) մտքերի փոխանակություն.

6) քվեարկություն:

2. Հարցի քննարկման ընթացքում պատգամավորն իրավունք ունի Կանոնակարգի 59-րդ հոդվածով սահմանված կարգով քվեարկությունից առաջ և հետո մեկական անգամ  հանդես գալու վարման կարգի վերաբերյալ ելույթով:

3. Հարցերի քվեարկություններն անցկացվում են բաց՝ անվանական: Գաղտնի քվեարկություններն անցկացվում են Կանոնակարգով նախատեսված դեպքերում:

Հոդված 56. Հիմնական և հարակից զեկուցումը

1. Հիմնական կամ հարակից զեկուցմամբ հանդես գալու իրավունք ունի Կանոնակարգով դրա իրավասությունն ունեցող անձը:

1.1. Եթե հարցի քննարկման ընդհանուր տեւողությունը սահմանված չէ, կամ Կանոնակարգով զեկուցման համար այլ ժամկետ սահմանված չէ, ապա հիմնական եւ հարակից զեկուցումների համար հատկացվում է մինչեւ քսանական րոպե:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Հիմնական և հարակից զեկուցմամբ հանդես գալու կարգը սահմանվում է Աշխատակարգով:

Հոդված 57. Հարցեր տալը

1. Հիմնական և յուրաքանչյուր հարակից զեկուցողին մեկական անգամ հարցեր տալու իրավունք ունեն պատգամավորները:

2. Պատասխանից հետո հարցեր տվողը և զեկուցողն արձագանքելու իրավունք ունեն:

3. Եթե հարցերի ընդհանուր տևողությունը սահմանված չէ ապա՝

1) հարցերի համար հատկացվում է երկուական րոպե,

2) հարցերին պատասխանելու համար հատկացվում է երեքական րոպե,

3) արձագանքելու համար հատկացվում է մեկական րոպե:

4. Հիմնական և յուրաքանչյուր հարակից զեկուցողի արտահերթ հարցեր տալու իրավունք ունի Ազգային ժողովի նախագահը կամ նիստը նախագահողը:

5. Հերթագրված՝ դահլիճից բացակայող, ինչպես նաև հարցեր տալու համար սահմանված ժամանակն ավարտվելուց հետո պատգամավորը զրկվում է տվյալ հարցի քննարկման ընթացքում հարց տալու իրավունքից:

6. Հարցերի համար հերթագրման, ինչպես նաև հարցեր տալու, դրանց պատասխանելու, պատասխաններին արձագանքելու կարգը սահմանվում է Աշխատակարգով:

Հոդված 58. Մտքերի փոխանակությունը

1. Մտքերի փոխանակությունն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.

1) պատգամավորների և հրավիրված անձանց ելույթներ.

2) խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներ.

3) եզրափակիչ ելույթներ:

2. Եթե մտքերի փոխանակության տևողությունը սահմանված չէ, կամ Կանոնակարգով ելույթների համար այլ ժամկետ սահմանված չէ, ապա ելույթների համար հատկացվում է տասական րոպե:

3. Եթե մտքերի փոխանակության տևողությունը սահմանված է, ապա ընդդիմադիր և կառավարող  խմբակցություններում ընդգրկված՝ հերթագրված պատգամավորները ելույթ են ունենում  փոխառփոխ:

4. Մինչև եզրափակիչ ելույթները արտահերթ ելույթի իրավունք ունեն Ազգային ժողովի նախագահը կամ նիստը նախագահողը, իսկ մինչև քվեարկությունը՝ միայն վարչապետը կամ նրա հանձնարարությամբ՝ փոխվարչապետներից մեկը:

5. Հարցի քննարկմանը հրավիրված անձանց ելույթի իրավունք կարող է տրվել գլխադասային հանձնաժողովի կամ նիստը նախագահողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի կամ  գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ՝ Խորհրդի որոշմամբ:

6. Խմբակցության անունից ելույթի գրավոր հայտը, որը ներառում է նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կարող է Ազգային ժողովի նախագահին կամ նիստը նախագահողին ներկայացնել՝

1) նախապես՝ մինչև Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծի հաստատումը կամ

2) Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում՝ մինչև պատգամավորների և հրավիրված անձանց ելույթների ավարտը:

7. Եզրափակիչ ելույթով հանդես գալու իրավունք ունեն հարակից  և հիմնական զեկուցողը, ինչպես նաև Կանոնակարգով դրա իրավասությունն ունեցող այլ անձինք:

8. Հարցի քննարկման ընթացքում ելույթի իրավունքից զրկվում են՝

1) հերթագրված՝ դահլիճից բացակայող պատգամավորները, խմբակցությունների ներկայացուցիչները և հրավիրված անձինք.

2) հերթագրված պատգամավորները՝ ելույթների համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո:

9. Հերթագրված, սակայն ելույթների համար սահմանված ժամկետն ավարտվելու կամ այլ պատճառով ելույթ չունեցած պատգամավորները կարող են հարցի քննարկումից հետո՝ 24 ժամվա  ընթացքում, Աշխատակազմ ուղարկել իրենց գրավոր ելույթի տեքստը, որն Աշխատակազմը ներառում է Ազգային ժողովի նիստի սղագրությունում:

10. Ելույթների համար հերթագրման, ինչպես նաև ելույթ ունենալու կարգը սահմանվում է Աշխատակարգով:

Հոդված 59. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթները

1. Պատգամավորը կարող է մեկ անգամ անմիջապես քվեարկությունից առաջ՝

1) հերքել իր անձի վերաբերյալ արված արտահայտությունը.

2) հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ.

3) հանդես գալ հարցի քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ.

4) Կանոնակարգով նախատեսված դեպքերում հանդես գալ ընդմիջման մասին առաջարկով.

5)  Կանոնակարգով նախատեսված դեպքերում առաջարկել ընդունել  Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշում:

2. Պատգամավորը կարող է մեկ անգամ քվեարկությունից հետո՝ մինչև հերթական հարցի քննարկումը սկսելը՝

1) արտահայտվել նիստի վարման կարգի վերաբերյալ.

2) առաջարկել լուսատախտակի վրա վերականգնել բաց քվեարկության արդյունքները և կարծիք հայտնել քվեարկության ընթացքում խախտումների մասին.

3) Կանոնակարգով նախատեսված դեպքերում և կարգով առաջարկել ընդունել  Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշում:

2.1. Պատգամավորը կարող է մեկ անգամ քվեարկությունից անմիջապես հետո` մինչեւ Կանոնակարգի 60-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով նիստը նախագահողի հայտարարությունը, հանդես գալ իր անհատական քվեարկության էլեկտրոնային համակարգը չգործելու եւ քվեարկության դրված հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ, ինչպես նաեւ ընտրվող պաշտոնում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու իր որոշման մասին հայտարարությամբ:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

3. Սույն հոդվածի 1-ին մասի կամ 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերում նշված հարցերի վերաբերյալ պատգամավորը կարող է արտահայտվել նաև իր ելույթում:

4. Եթե հարցի քննարկման տևողությունը սահմանված չէ, ապա նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթների համար հատկացվում է մեկական րոպե:

5. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթների համար հերթագրման, ինչպես նաև ելույթ ունենալու կարգը սահմանվում է Աշխատակարգով:

Հոդված 60. Բաց քվեարկությունը

1. Բաց քվեարկությունն անցկացվում է էլեկտրոնային համակարգով՝ Աշխատակարգով սահմանված կարգով: Մինչև քվեարկության ավարտը նիստը նախագահողին դիմելն արգելվում է:

2. Բաց քվեարկությունն անվանական է: Էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում Սահմանադրությամբ և Կանոնակարգով նախատեսված անվանական քվեարկություններն անցկացվում են Կանոնակարգի 61-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Նիստը նախագահողը հայտնում է քվեարկության անցկացման մոտավոր ժամանակը, քվեարկությունից առաջ հայտարարում է քվեարկության դրվող բոլոր հարցերը կամ առաջարկները, ճշտում դրանց ձևակերպումները, իսկ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում հիշեցնում նաև, թե ձայների ինչ քանակով է ընդունվում որոշումը։

4. Ազգային ժողովի նիստին ներկա պատգամավորը քվեարկում է անձամբ քվեարկության դրված հարցին` կողմ, դեմ կամ ձեռնպահ, իսկ ընտրվող պաշտոնում թեկնածուին` կողմ կամ դեմ, կամ կարող է հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց: Ազգային ժողովի նիստից բացակայող պատգամավորը կարող է քվեարկել սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող պատգամավորը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել Ազգային ժողովի նախագահին: Պատգամավորի ստորագրած գրությունը փակ ծրարով Աշխատակազմ պետք է հանձնվի նախապես՝ մինչև գործուղման մեկնելը: Ծրարի վրա, ինչպես նաև  գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում՝ նաև հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկելու մասին պատգամավորի որոշումը: Ծրարի վրա եւ գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում` հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ, ինչպես նաեւ ընտրվող պաշտոնում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու մասին պատգամավորի որոշումը: Քվեարկությունից հետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

6. Քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա վերականգնվում են, եթե այդ մասին նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթում առաջարկում է որևէ պատգամավոր: Եթե պատգամավորը հայտնաբերում է խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա, ապա նիստը նախագահողի առաջարկով՝ առանց քննարկման, հարցի քվեարկությունը կրկնվում է:

7. Քվեարկության ավարտից հետո նիստը նախագահողը էլեկտրոնային համակարգով իրականացված քվեարկության արդյունքների, Կանոնակարգի 59-րդ հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով հայտարարված որոշումների, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով ներկայացված գրությունների հիման վրա  հայտարարում է որոշման ընդունման կամ չընդունման մասին, որից հետո պատգամավորի քվեարկությունը՝ կողմ, դեմ, ձեռնպահ կամ չքվեարկելը, չի կարող վիճարկվել կամ փոփոխվել:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)
Հոդված 61. Գաղտնի, ինչպես նաև էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում անվանական  քվեարկության անցկացման կարգը

1. Գաղտնի, ինչպես նաև էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում անվանական քվեարկությունն Ազգային ժողովի նիստը նախագահողի հանձնարարությամբ կազմակերպում է հաշվիչ հանձնախումբը՝ դրա անցկացման ժամի, տեղի և կարգի մասին Ազգային ժողովի նիստում տեղյակ պահելով պատգամավորներին:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Հաշվիչ հանձնախումբն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է քվեարկության արդյունքները, որի հիման վրա նիստը նախագահողը հայտարարում է որոշման ընդունման կամ չընդունման, իսկ ընտրության դեպքում՝ թեկնածուի ընտրության կամ չընտրվելու մասին:

3. Գաղտնի, ինչպես նաև էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում անվանական քվեարկության կազմակերպման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը սահմանվում է Աշխատակարգով:

Հոդված 62. Ազգային ժողովի նիստում հարցերի քննարկման տևողությունը

1. Ազգային ժողովի նիստում Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների և ուղերձների նախագծերի քննարկման տևողությունը, որպես կանոն, չի կարող գերազանցել մեկ ժամը, բացառությամբ Կանոնակարգով ուղղակիորեն նախատեսված, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դեպքերի:

2. Եթե հարցի քննարկման տևողությունը Կանոնակարգով ուղղակիորեն նախատեսված կամ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված չէ, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցերի քննարկման տևողությունը կարող է մեկ ժամից ավել սահմանվել պատգամավորի, խմբակցության, գլխադասային հանձնաժողովի, իսկ Կառավարության կամ քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացված նախագծերի դեպքում՝ նաև հիմնական զեկուցողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Հիմնական զեկուցողը կարող է հարցի քննարկման տևողությունը սահմանելու վերաբերյալ առաջարկը նիստը նախագահողին ներկայացնել Ազգային ժողովի նիստում այդ հարցի քննարկման սկզբում, իսկ մյուսները՝ նաև Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծի քննարկման ընթացքում: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման:
(լր., փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

3. Եթե հարցի քննարկման տևողությունը Կանոնակարգով ուղղակիորեն նախատեսված կամ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված չէ, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցերի քննարկման տևողությունը կարող է մեկից մինչև վեց ժամ սահմանվել Խորհրդի որոշմամբ: Որոշումը կարող է ընդունվել մինչև Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի հաստատումը:

4. Հարցի քննարկման տևողության մեկ ժամվա կամ 90 րոպեի դեպքում հարցերի և մտքերի փոխանակության ընդհանուր տևողությունը, ինչպես նաև զեկուցումների, հարցերի, պատասխանների և ելույթների համար հատկացվող ժամանակի բաշխումը սահմանվում է Աշխատակարգով, իսկ քննարկման այլ տևողության  դեպքում՝ մեկ ժամվա ժամկետների համամասնությամբ, Ազգային ժողովի կամ Խորհրդի որոշմամբ:

5. Քվեարկությունների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ ժամանակը հարցի քննարկման տևողության մեջ չի հաշվարկվում:

Հոդված 63. Հարցի քննարկման հետաձգումը և ընդմիջումները

1. Հարցի քննարկումը չի սկսվում եւ առանց քվեարկության հետաձգվում է հիմնական զեկուցողի առաջարկությամբ, ինչպես նաեւ քննարկման սկզբում նրա բացակայության դեպքում: Եթե քննարկումը հետաձգվելուց հետո` երկամսյա ժամկետում, հիմնական զեկուցողն Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով հարցի քննարկմանը չի ներկայանում, ապա հարցը շրջանառությունից հանվում է: Սույն մասով սահմանված կարգով հարցի քննարկումը կարող է հետաձգվել մեկ անգամ:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Հարցի քննարկումը կարող է  մինչև մեկ ժամով ընդմիջվել եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման:

3. Խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի պահանջով հարցի քվեարկությունից առաջ հայտարարվում է մեկ ընդմիջում` 20 րոպե տևողությամբ:

4. Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա ընդմիջման ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից այն ընդմիջվել էր:

5. Եթե հարցի քննարկման տևողությունն ուղղակիորեն նախատեսված է Կանոնակարգով, ապա այդ հարցի քննարկման ընթացքում ընդմիջում չի կարող հայտարարվել:

Հոդված 64. Հարցի քննարկման հատուկ ընթացակարգը

1.  Առանձին հարցի քննարկման համար Ազգային ժողովը կարող է սահմանել հատուկ ընթացակարգ, որով չի կարող սահմանափակվել զեկուցողների, նրանց հարց տվողների և ելույթ ունեցողների թիվը, ինչպես նաև կրճատվել ելույթի կամ հարց տալու համար Կանոնակարգով ուղղակիորեն սահմանված ժամանակը:

2. Հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունեն ՝

1) արտահերթ նստաշրջանը կամ նիստը նախաձեռնողը՝ օրակարգում ընդգրկված հարցի քննարկման մասին.

2) գլխադասային հանձնաժողովը՝ իր իրավասությանը վերապահված հարցի քննարկման մասին.

3) հիմնական զեկուցողը՝ իր ներկայացրած հարցի քննարկման մասին.

4) քննիչ հանձնաժողովը՝ իր զեկույցի քննարկման մասին:

3. Հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի  որոշման նախագիծը կարող է ներկայացվել մինչև Ազգային ժողովի նիստում հարցի քննարկումը սկսվելը և քվեարկության է դրվում առանց քննարկման:
 
 

ԲԱԺԻՆ 3

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ԳԼՈՒԽ 15

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված  65. Օրենսդրական նախաձեռնության իրավունքը

1.Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորը, խմբակցությունը և Կառավարությունը:

2. Օրենսդրական նախաձեռնությունն իրականացվում է Ազգային ժողովի քննարկմանն օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի առաջադրմամբ: Օրենքի նախագծի համար Կանոնակարգով սահմանված դրույթները տարածվում են նաև օրենքների նախագծերի փաթեթի վրա:

3.Կառավարությունը և խմբակցությունն օրենսդրական նախաձեռնությունն իրականացնում են իրենց որոշմամբ:

4. Ընտրական իրավունք ունեցող առնվազն հիսուն հազար քաղաքացի ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք: Քաղաքացիական նախաձեռնությունն իրականացվում է «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով՝ Կանոնակարգով օրենսդրական նախաձեռնության համար սահմանված պահանջներին համապատասխան:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Խմբակցության կամ պատգամավորի նախաձեռնությամբ, ինչպես նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով չեն կարող ներկայացվել Սահմանադրության 110-րդ հոդվածի 1-ին մասով, 116-րդ հոդվածի 2-րդ մասով, 117-րդ հոդվածով, 121-րդ հոդվածով, 147-րդ հոդվածի 2-րդ մասով և 189-րդ հոդվածի 1-ին մասով Կառավարության բացառիկ իրավասությանը վերապահված օրենքների նախագծեր:

6. Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու  նախաձեռնություններն իրականացվում են Կանոնակարգի 19-րդ գլխով սահմանված կարգով:

Հոդված 66. Օրենսդրական նախաձեռնության հեղինակը

1. Օրենքի նախագծի քննարկման ընթացքում որպես օրենսդրական նախաձեռնության հեղինակ կամ հիմնական զեկուցող հանդես գալու իրավունք ունի՝

1) պատգամավորը՝ իր նախաձեռնության դեպքում.

2) օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրությունում նշված պատգամավորը՝ երկու կամ ավելի թվով պատգամավորի նախաձեռնության դեպքում.

3) խմբակցության ներկայացուցիչը՝ խմբակցության նախաձեռնության դեպքում.

4) Կառավարության ներկայացուցիչը՝ Կառավարության նախաձեռնության դեպքում.

5) քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը՝ քաղաքացիական նախաձեռնության դեպքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում Կառավարության ներկայացուցիչ կարող է նշանակվել Կառավարության անդամը կամ այլ պետական մարմնի ղեկավարը, ինչպես նաև նրանց տեղակալները: Այդ, ինչպես նաև Կանոնակարգով նախատեսված այլ դեպքերում Կառավարության ներկայացուցիչը նշանակվում է, ինչպես նաև կարող է փոխվել վարչապետի որոշմամբ:

3. Խմբակցության ներկայացուցիչը նշանակվում է, ինչպես նաև կարող է փոխվել խմբակցության որոշմամբ:

4. Հեղինակն իրավասու է Կանոնակարգով սահմանված կարգով՝

1) օրենքի նախագծի քննարկման ժամանակ հանդես գալու հիմնական զեկուցմամբ, ելույթ ունենալու, պատասխանելու հարցերին.

2) ընդունելու կամ մերժելու օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկները.

3) լրամշակելու օրենքի նախագիծը.

4) ցանկացած ժամանակ հետ կանչելու օրենքի նախագիծը.

5) դուրս գալու նախաձեռնության հեղինակների կազմից:

5. Նախագիծը հետ կանչելու, ինչպես նաև նախաձեռնության հեղինակների կազմից դուրս գալու ընթացակարգը սահմանվում է Աշխատակարգով:

Հոդված 67. Օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը և շրջանառության մեջ դնելը

1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ՝ Աշխատակազմի միջոցով: Գրության ձևը, ինչպես նաև դրան կից ներկայացվող փաստաթղթերը սահմանվում են  Աշխատակարգով:

2. Եթե օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրությունը Կանոնակարգով և Աշխատակարգով սահմանված պահանջներին՝

1) չի համապատասխանում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը գրությունը և դրան կից  ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է նախաձեռնության հեղինակին՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է, ապա գրությունը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը նշանակում է գլխադասային հանձնաժողով և օրենքի նախագիծն Աշխատակարգով սահմանված կարգով դնում է շրջանառության մեջ:

Հոդված 68. Օրենքի նախագիծը շրջանառությունից հանելը

1. Օրենքի նախագիծը, իսկ նախագծերի փաթեթի դեպքում նաև մյուս նախագծերը շրջանառությունից հանվում են, եթե՝

1) Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի նիստում հարցի քննարկման սկզբում հիմնական զեկուցողի առաջարկությամբ կամ նրա բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվելուց հետո նա սահմանված կարգով հարցի քննարկմանը չի ներկայանում:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2) Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգվելուց հետո հեղինակը սահմանված կարգով լրամշակված նախագիծ չի ներկայացնում.

3) քվեարկության արդյունքով նախագիծը հերթական նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվում.

4) Ազգային ժողովի նիստում քվեարկության արդյունքով նախագիծը չի ընդունվում, եթե Կանոնակարգով այլ բան նախատեսված չէ.

5) նախագծի հեղինակների պատգամավորական լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, պատգամավորը, խմբակցությունը կամ Կառավարությունն Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով չեն տեղեկացնում օրենսդրական նախաձեռնությանը միանալու մասին՝ նշելով հիմնական զեկուցողի անունը, ազգանունը.

6) Կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ երկու ամսվա ընթացքում, նոր վարչապետն Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ չի տեղեկացնում օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Կառավարության որոշման ուժի մեջ մնալու մասին՝ նշելով որպես հեղինակ հանդես գալու իրավունք ունեցող անձի  անունը, ազգանունը և պաշտոնը.

7) հեղինակը նախագիծը հետ է կանչում:

2. Շրջանառությունից հանվելու դեպքում նախագիծը միաժամանակ հանվում է հերթական նստաշրջանի կամ  նիստերի օրակարգերից, ինչպես նաև դրանց նախագծերից:
 
 

ԳԼՈՒԽ 16

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

Հոդված 69. Օրենքի նախագծի քննարկման ընդհանուր ընթացակարգը

1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ:

2.Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծը քննարկվում է մեկ ընթերցմամբ:

3. Օրենքի նախագիծը, որպես կանոն, քննարկվում է հետևյալ ընթացակարգով.

1) շրջանառության մեջ դրված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը.

2)  առաջին ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում նախագծի նախնական քննարկումը.

3) Ազգային ժողովի նիստում նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ.

4) առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը.

5) երկրորդ ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում նախագծի նախնական քննարկումը.

6)  Ազգային ժողովի նիստում նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ:

4. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը քննարկվում է Կանոնակարգի 20-րդ գլխով սահմանված կարգով:

Հոդված 70. Օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելու ընդհանուր կարգը

1. Շրջանառության մեջ դրված, ինչպես նաև առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները ներկայացվում են Աշխատակազմ դրա իրավասությունն ունեցող անձի պաշտոնական գրությամբ: Գրության ձևը, դրան կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև գրությանը ընթացք տալու կարգը սահմանվում են Աշխատակարգով:

2. Կառավարությունն իր առաջարկների հետ ներկայացնում է պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին եզրակացությունը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:

3. Եթե Կառավարությունը պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին եզրակացություն չի ներկայացնում, ապա համարվում է, որ նախագիծն այդ տեսքով էականորեն չի նվազեցնում պետական բյուջեի եկամուտները կամ ավելացնում ծախսերը։

3. Եթե պաշտոնական գրությունը կամ դրան կից ներկայացվող փաստաթղթերը Կանոնակարգով կամ Աշխատակարգով սահմանված պահանջներին՝

1) չեն համապատասխանում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա առաջարկներին ընթացք չի տրվում.

2) համապատասխանում են, ապա Կանոնակարգով և Աշխատակարգով սահմանված կարգով առաջարկներին ընթացք է տրվում:

Հոդված 71. Օրենքի նախագծի նախնական քննարկման ընդհանուր կարգը

1. Օրենքի նախագծի նախնական քննարկումը Կանոնակարգով սահմանված կարգով իրականացնում է գլխադասային հանձնաժողովը, ինչպես նաև այլ մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ Խորհրդի առաջարկությամբ կարող են իրականացնել նաև մյուս մշտական հանձնաժողովները:

2. Գլխադասային հանձնաժողովը Կանոնակարգով սահմանված կարգով՝

1) նախագծի առաջին և երկրորդ ընթերցումից առաջ Ազգային ժողով ներկայացնում է եզրակացություն.
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2) կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ:

3. Հարցի քննարկումը չի սկսվում եւ առանց քվեարկության հետաձգվում է հիմնական զեկուցողի առաջարկությամբ, ինչպես նաեւ քննարկման սկզբում` նրա բացակայության դեպքում: Եթե քննարկումը հետաձգվելուց հետո` երկամսյա ժամկետում, հիմնական զեկուցողը հանձնաժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով հարցի քննարկմանը չի ներկայանում, ապա այն շրջանառությունից հանվում է: Սույն մասով սահմանված կարգով հարցի քննարկումը կարող է հետաձգվել մեկ անգամ:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

4. Եթե գլխադասային հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով  հատուկ կարծիքը:

5. Գլխադասային հանձնաժողովից բացի, մյուս մշտական հանձնաժողովները կարող են մինչև հարցի քննարկումն սկսվելը իրենց գրավոր եզրակացությունները ներկայացնել Ազգային ժողով: Այդ դեպքում մշտական հանձնաժողովի ներկայացուցիչն իրավունք ունի գլխադասային հանձնաժողովում, ինչպես նաև Ազգային ժողովում նախագծի քննարկման ընթացքում հանդես գալու հարակից զեկուցմամբ:

6. Բացառությամբ Կանոնակարգի 78-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերի, օրենքի նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը Կանոնակարգով և Աշխատակարգով սահմանված կարգով Ազգային ժողով է ներկայացվում եզրակացության վերաբերյալ հանձնաժողովի որոշումն ընդունվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ, ինչպես նաեւ մյուս հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օրվա ժամը 12:00-ն: Ազգային ժողովի մյուս մշտական հանձնաժողովների եզրակացությունները ներկայացնելու կարգը սահմանվում է Աշխատակարգով:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

7. Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո Ազգային ժողովի նախագահը Կանոնակարգի 38-րդ հոդվածով սահմանված կարգով նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկելու մասին հարցն ընդգրկում է հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի համապատասխան բաժնում, իսկ նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցը՝ հերթական նիստերի պարտադիր քննարկման ենթակա հարցերի բաժնում:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

Հոդված 72. Օրենքի լրամշակված նախագիծն Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու ընդհանուր կարգը

1. Կանոնակարգով սահմանված դեպքերում օրենքի լրամշակված նախագիծն Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվում Կանոնակարգով սահմանված կարգով նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկների ամփոփաթերթի, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքի հետ: Լրամշակված նախագիծը ներկայացվում է Աշխատակազմ դրա իրավասությունն ունեցող անձի պաշտոնական գրությամբ: Գրության ձևը, դրան կից ներկայացվող այլ փաստաթղթերը, ինչպես նաև գրությանն ընթացք տալու կարգը սահմանվում են Աշխատակարգով:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Եթե պաշտոնական գրությունը կամ դրան կից ներկայացվող փաստաթղթերը Կանոնակարգով կամ Աշխատակարգով սահմանված պահանջներին՝

1)  չեն համապատասխանում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չեն համապատասխանեցվում, ապա նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելու դեպքում՝ Ազգային ժողովի նախագահը, իսկ գլխադասային հանձնաժողովի քննարկմանը ներկայացվելու դեպքում  այդ հանձնաժողովի նախագահը դրանք վերադարձնում են ներկայացնողին՝ նշելով պատճառների մասին.

2)  համապատասխանում են, ապա դրանց սահմանված կարգով  ընթացք է տրվում:

Հոդված 73. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի քննարկման ժամկետները

1. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն ընդունվում կամ մերժվում է երկամսյա ժամկետում:

2.Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն Ազգային ժողովի հերթական նիստերում առաջին ընթերցմամբ քննարկվում և քվեարկության է դրվում շրջանառության մեջ դրվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, իսկ երկրորդ ընթերցմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

3. Ազգային ժողովի հերթական նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետներում չի հաշվարկվում:

4. Նախագիծը դադարում է համարվել անհետաձգելի, եթե Կառավարության ներկայացուցչի առաջարկությամբ նախագծի քննարկումը Կանոնակարգով սահմանված կարգով հետաձգվում կամ երկարաձգվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը գերազանցող ժամկետով:

5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը չի համարվում լրացած, եթե նախագծի վերաբերյալ Ազգային ժողովը որոշում է կայացնում՝ մերժում է ընդունել առաջին ընթերցմամբ, ինչպես նաև երկրորդ  ընթերցմամբ և ամբողջությամբ կամ ընդունում է որպես օրենք:

Հոդված 74. Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Կառավարության վստահության հարցը

1. Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի ընդունման առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը:

2. Կառավարությունն օրենքի նախագծի առնչությամբ իր վստահության հարցը նույն նստաշրջանի ընթացքում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:

3. Կառավարությունը չի կարող դնել իր վստահության հարցը ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ, ինչպես նաև սահմանադրական օրենքի նախագծի ընդունման առնչությամբ:

4. Վարչապետը կամ Կառավարության ներկայացուցիչը օրենքի նախագծի առաջին կամ երկրորդ ընթերցմամբ քվեարկությունից անմիջապես առաջ կարող է պահանջել նախագծի քննարկումն ընդմիջել մինչև հաջորդ նիստը՝ այդ նախագծի ընդունման առնչությամբ Կառավարության վստահության հարցը դնելու կողմնորոշման համար:

5. Կառավարությունն իր վստահության հարցը դնում է՝ Ազգային ժողովի նախագահին կամ նիստը նախագահողին ներկայացնելով վարչապետի ստորագրած պաշտոնական գրությունը, որտեղ նշվում է այն օրենքի նախագծի անվանումը, որի ընդունման առնչությամբ Կառավարությունը դնում է իր վստահության հարցը: Գրությանը կցվում է Կառավարությանը վստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

6. Կառավարությանը վստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում առանց քննարկման՝ ոչ ուշ, քան այն ներկայացվելուց հետո՝ 72 ժամվա ընթացքում: Այդ ժամկետում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում նախագիծը քվեարկության է դրվում իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

7. Կառավարությանը վստահություն հայտնելու մասին որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ:

8. Եթե Սահմանադրության 157-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում Կառավարությանը վստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է, ապա Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը համարվում է ընդունված որպես օրենք:

Հոդված 75. Խմբակցության որոշմամբ առաջնահերթ համարվող օրենքի նախագիծը ներկայացնելը և քննարկելը

1. Խմբակցության առաջադրած օրենքի նախագիծը կարող է նրա որոշմամբ համարվել առաջնահերթ, եթե դրա վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ստացվել է, կամ  եզրակացությունը ներկայացնելու ժամկետը լրացել է:

2. Ազգային ժողովի յուրաքանչյուր հերթական նստաշրջանում խմբակցության որոշմամբ առաջնահերթ կարող է համարվել մեկ նախագիծ:

3. Նախագիծն առաջնահերթ համարելու մասին խմբակցության որոշումն Ազգային ժողովի նախագահին կարող է ներկայացվել ոչ ուշ, քան Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերին նախորդող շաբաթվա հինգշաբթի, ինչպես նաեւ մյուս հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ օրվա ժամը 18:00-ն:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

4. Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում մեկից ավելի առաջնահերթ նախագծեր ընդգրկված լինելու դեպքում դրանք քննարկվում են  ըստ շրջանառության մեջ դրվելու օրերի հաջորդականության: Եթե նախագծերը շրջանառության մեջ են դրվել նույն օրը, ապա նախագծերի քննարկման հաջորդականությունը որոշվում է ըստ խմբակցությունների անդամների թվի` փոքրից մեծ:

Հոդված 76. Օրենքների ընդունումը

1. Սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, Սահմանադրության 109-րդ հոդվածի 3-րդ մասով, 116-րդ հոդվածի 2-րդ մասով, 117-րդ հոդվածով, 119-րդ հոդվածի 4-րդ մասով, 120-րդ հոդվածի 4-րդ մասով և 122-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված օրենքներն  ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ մյուս օրենքները՝ քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

2. Եթե Ազգային ժողովը մերժում է Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա նախագիծը կարող է Սահմանադրությամբ և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով դրվել հանրաքվեի:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)
 
 

ԳԼՈՒԽ 17

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 77. Շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի վերաբերյալ  գրավոր առաջարկներ ներկայացնելը

1. Շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն հեղինակը,պատգամավորը, խմբակցությունը և Կառավարությունը:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

3. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող, ինչպես նաեւ միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

4. Եթե նախագծի առաջին ընթերցմամբ քննարկելու մասին հարցն ընդգրկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում, եւ սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված ժամկետը չի լրացել, ապա գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նստաշրջանի կամ նիստի օրակարգի, ինչպես նաեւ օրակարգային հարցերի նախագծերն Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

Հոդված 78. Առաջին ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում օրենքի նախագծի  նախնական քննարկումը

1. Շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում քննարկվում է առանց փոփոխության՝ գրավոր առաջարկները ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իսկ Կանոնակարգի 77-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` գրավոր առաջարկները ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Հարցի քննարկման ընթացքում՝

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս նախագծի հեղինակը.

2) հեղինակը կարող է իր զեկուցման ընթացքում կամ եզրափակիչ ելույթում նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, ինչպես նաև հայտնել սահմանված կարգով  ներկայացված մյուս առաջարկների վերաբերյալ իր դիրքորոշումը.

3) Կառավարության ներկայացուցիչն իրավունք ունի հարցեր տալու զեկուցողին.

4) հանձնաժողովի անդամները, իսկ պատգամավորի կամ քաղաքացիական նախաձեռնության դեպքում՝ նաև Կառավարության ներկայացուցիչը, կարող են իրենց ելույթում նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել.

5) սահմանված կարգով ներկայացված գրավոր առաջարկների հեղինակներն իրավունք ունեն ելույթ ունենալու և պատասխանելու հարցերին.

6) հանձնաժողովի անդամները, ինչպես նաև հիմնական զեկուցողն իրավունք ունեն ելույթից հետո հարցեր տալու առաջարկների հեղինակներին:

3. Հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթից հետո՝

1) նախագիծն առանց փոփոխության դրվում է քվեարկության, եթե սահմանված կարգով դրա վերաբերյալ առաջարկ չի ներկայացվել.

2) Աշխատակարգով սահմանված կարգով քվեարկության են դրվում Կանոնակարգի 77-րդ հոդվածով, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով  ներկայացված բոլոր առաջարկները:

4. Առաջարկների քվեարկությունից հետո հիմնական զեկուցողը կարող է՝

1) նախագիծը քվեարկության դնել առանց փոփոխության, եթե նախագիծը վերապահված է Կառավարության բացառիկ իրավասությանը.

2) նախագիծը քվեարկության դնել իր համար ընդունելի ուղղումներով, եթե նախագիծը վերապահված է Կառավարության բացառիկ իրավասությանը.

3) նախագիծը քվեարկության դնել հանձնաժողովի ընդունած բոլոր առաջարկների հիման վրա կատարված ուղղումներով.

4) նախագիծը քվեարկության դնել հանձնաժողովի ընդունած առաջարկների մի մասի հիման վրա կատարված ուղղումներով.

5) նախագիծը լրամշակելու նպատակով հարցի քվեարկությունը հետաձգել, որը համարվում է ընդունված առանց քվեարկության: Հիմնական զեկուցողի կողմից լրամշակված նախագիծը հանձնաժողովի առաջիկա նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ ներկայացվելու դեպքում այն առանց քննարկման, սույն մասի 2-4-րդ կետերով սահմանված կարգով քվեարկության է դրվում այդ նիստում: Եթե հարցի քվեարկությունը հետաձգվելուց  հետո՝ երկամսյա ժամկետում, լրամշակված նախագիծ չի ներկայացվում, կամ հեղինակի գրավոր դիմումով՝ հանձնաժողովի որոշմամբ այդ ժամկետը չի երկարաձգվում, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Եթե սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 4-րդ մասով կամ 6-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում քվեարկության դրված նախագիծն ընդունվում է, ապա համարվում է հանձնաժողովի կողմից դրական, իսկ չընդունվելու դեպքում՝ բացասական եզրակացություն ստացած:

6. Սույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում նշված դեպքում  բացասական եզրակացություն ստացած նախագծի հեղինակի համաձայնությամբ հանձնաժողովի ընդունած բոլոր առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծը ներկայացնելու համար հատկացվում է հինգից մինչև տասն աշխատանքային օր: Եթե սահմանված ժամկետում՝

1) որևէ խմբակցություն կամ պատգամավոր ներկայացնում է հանձնաժողովի ընդունած բոլոր առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծ, ապա այն երեք աշխատանքային օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան առաջիկա հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ օրը, առանց քննարկման քվեարկության է դրվում հանձնաժողովի նիստում: Դրական եզրակացություն ստանալու դեպքում այդ նախագիծը, ինչպես նաև բացասական եզրակացություն ստացած մյուս նախագիծը համարվում են այլընտրանքային և Ազգային ժողովի նիստում քննարկվում են Կանոնակարգի 80-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե լրամշակված նախագիծը ստանում է բացասական եզրակացություն, ապա այդ, ինչպես նաև մյուս նախագծի վերաբերյալ բացասական եզրակացությունները մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են Ազգային ժողով.
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2) հանձնաժողովի ընդունած բոլոր առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծ չի ներկայացվում, ապա սույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում նշված նախագծի վերաբերյալ բացասական եզրակացությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Ազգային ժողով:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգը Կառավարության բացառիկ իրավասությանը վերապահված նախագծերի վրա չի տարածվում:

8. Սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով, ինչպես նաև 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում լրամշակված նախագծերը ներկայացվում են գլխադասային հանձնաժողով, իսկ սույն հոդվածի 4-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ Ազգային ժողով:

Հոդված 79. Ազգային ժողովի նիստում օրենքի նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ

1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ կարող է (են) հանդես գալ նախագծի հեղինակը, իսկ հարակից զեկուցմամբ՝

1) գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը.

2) գլխադասային հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ հատուկ կարծիք ներկայացրած՝ հանձնաժողովի անդամների  ներկայացուցիչը.

3) Կառավարության ներկայացուցիչը, եթե նախագիծը ներկայացվել է խմբակցության, պատգամավորի նախաձեռնությամբ կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով.

4) նախագծի վերաբերյալ գրավոր եզրակացություն ներկայացրած մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները:

2. Եթե նախագիծը ներկայացվել է խմբակցության, պատգամավորի նախաձեռնությամբ կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով, ապա մտքերի փոխանակության ընթացքում, մինչև խմբակցությունների ներկայացուցիչների ելույթները, արտահերթ ելույթի իրավունք ունեն վարչապետի լիազորած՝ Կառավարության մեկ, իսկ հարցի քննարկման տևողության սահմանման վերաբերյալ Խորհրդի կամ Ազգային ժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում՝ մինչև երեք անդամ:

3. Մինչև հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթը եզրափակիչ ելույթի իրավունք ունի հարակից զեկուցմամբ հանդես եկած Կառավարության ներկայացուցիչը:

4. Կանոնակարգի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում, 4-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված դեպքերում գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն ստացած նախագիծը քվեարկության է դրվում առանց փոփոխության, իսկ Կառավարության բացառիկ իրավասությանը վերապահված նախագիծը կարող է քվեարկության դրվել Կառավարության համար ընդունելի ուղղումներով:

5. Եթե նախագիծը վերապահված է Կառավարության բացառիկ իրավասությանը, կամ նախագծի վերաբերյալ ստացվել է գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը, կամ գլխադասային հանձնաժողովը Կանոնակարգով սահմանված ժամկետում նախագծի վերաբերյալ եզրակացություն չի ներկայացրել, ապա նախագծի հեղինակը կարող է առաջարկել նախագիծը լրամշակելու նպատակով Ազգային ժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգել, որն ընդունվում է առանց քվեարկության:

6. Հարցի քննարկումը հետաձգվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ օրը լրամշակված նախագիծ ներկայացվելու դեպքում հարցի քննարկումը վերսկսվում է այդ հերթական նիստերում, իսկ սահմանված ժամկետում լրամշակված նախագիծ չներկայացվելու դեպքում նախագիծը շրջանառությունից հանվում է: Հարցի քննարկումը վերսկսվելու դեպքում՝
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

1) մինչև հինգ րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս հիմնական զեկուցողը,  որը կարող է առանց փոփոխության քվեարկության դնել լրամշակված նախագիծը.

2) մինչև երեք րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը.

3) մինչև երկուական րոպե տևողությամբ ելույթներով կարող են հանդես գալ խմբակցությունների ներկայացուցիչները:

7. Եթե քվեարկության արդյունքով Ազգային ժողովի որոշումն ընդունվում է, ապա նախագիծը համարվում է ընդունված առաջին ընթերցմամբ, իսկ որոշումը չընդունվելու դեպքում նախագիծը շրջանառությունից հանվում  է:

Հոդված 80. Այլընտրանքային համարված օրենքի նախագծերի քննարկումն առաջին ընթերցմամբ

1. Կանոնակարգի 78-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետին համապատասխան՝ այլընտրանքային համարված  նախագծերը քննարկվում և քվեարկվում են Կանոնակարգի 79-րդ հոդվածով  սահմանված կարգով հետևյալ տարբերությամբ.

1) հիմնական զեկուցման իրավունք ունեն այլընտրանքային համարված օրենքի նախագծերի հեղինակները: Առաջինը հանդես է գալիս այն նախագծի հեղինակը, որն առաջինն է քննարկվել գլխադասային հանձնաժողովում.

2) հարցի քննարկումը կարող է հետաձգվել հիմնական զեկուցողների համաձայնությամբ.

3) նախագծերը քվեարկության են դրվում ըստ քննարկման հաջորդականության:

2. Եթե երկու նախագծերն էլ ստանում են ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա ընդունված է համարվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած նախագիծը:

3. Եթե երկու նախագծերն էլ ստանում են ընդունման համար անհրաժեշտ թվով և հավասար քանակությամբ ձայներ, ապա ընդունված է համարվում առավել քիչ «դեմ» ձայներ ստացած նախագիծը:
 
 

ԳԼՈՒԽ 18

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 81. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը

1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն հեղինակը, խմբակցությունը եւ Կառավարությունը, ինչպես նաեւ հեղինակից բացի, մյուս պատգամավորները՝ շրջանառության մեջ դրված նախագծի միայն փոփոխված դրույթների վերաբերյալ:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2.1. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում միեւնույն օրենքի նախագծի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերն ընդգրկվելու դեպքում գրավոր առաջարկները կարող են ներկայացվել համապատասխանաբար Կանոնակարգի 41-րդ հոդվածի 6-րդ կամ 44-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված Ազգային ժողովի որոշմամբ սահմանված ժամկետում:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2.2. Եթե առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցն ընդգրկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում, եւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը չի լրացել, ապա գրավոր առաջարկները կարող են ներկայացվել արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգի, ինչպես նաեւ օրակարգային հարցերի նախագծերն Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

3. Սույն հոդվածի 2-րդ եւ 2.2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են փոխվել հեղինակի կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Ժամկետը փոխելու վերաբերյալ առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման՝ նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց անմիջապես հետո:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

Հոդված 82. Երկրորդ ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում օրենքի նախագծի նախնական քննարկումը

1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծն առանց փոփոխության գլխադասային հանձնաժողովում քննարկվում է գրավոր առաջարկները ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Կանոնակարգի 81-րդ հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դեպքում` գրավոր առաջարկները ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, իսկ  Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում միևնույն օրենքի նախագծի առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերն ընդգրկվելու դեպքում՝ համապատասխանաբար Կանոնակարգի 41-րդ հոդվածի 6-րդ կամ 44-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված Ազգային ժողովի որոշմամբ սահմանված ժամկետում:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Հարցը հանձնաժողովում քննարկվում է Կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-5-րդ և 8-րդ մասերով սահմանված կարգով:

Հոդված 83. Ազգային ժողովի նիստում օրենքի նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ

1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Կանոնակարգի 79-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Զեկուցողներին հարցեր տալու իրավունք ունեն միայն նախագծի վերաբերյալ Կանոնակարգով սահմանված կարգով ներկայացված  առաջարկների հեղինակները:

3. Եթե նախագիծը չի ընդունվում, ապա քվեարկությունից անմիջապես հետո հիմնական զեկուցողը կարող է առաջարկել Ազգային ժողովի որոշմամբ նախագծի քննարկումը վերադարձնել Կանոնակարգի 81-րդ հոդվածով նախատեսված՝ գրավոր առաջարկների ներկայացման փուլ, որը քվեարկության է դրվում առանց քննարկման: Որոշումը չընդունվելու կամ առաջարկը չներկայացվելու դեպքում նախագիծը շրջանառությունից հանվում է:

4. Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:
 
 

ԳԼՈՒԽ 19

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ  ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 84. Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնությունը

1. Սահմանադրություն ընդունելու կամ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածները փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող երկու հարյուր հազար քաղաքացի:

2. Բացառությամբ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածների, Սահմանադրության մյուս հոդվածները փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի:

3. Սահմանադրություն ընդունելու կամ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածները փոփոխելու նախաձեռնությունն իրականացվում է Ազգային ժողովի քննարկմանը Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև այդ նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագծի ներկայացմամբ:

4. Բացառությամբ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածների, Սահմանադրության մյուս հոդվածները փոփոխելու նախաձեռնությունն իրականացվում է Ազգային ժողովի քննարկմանը Սահմանադրության փոփոխությունների նախագծի ներկայացմամբ:

5. Սահմանադրության փոփոխությունների՝ Կառավարության նախաձեռնությունն իրականացվում է Կառավարության որոշմամբ, իսկ  քաղաքացիական նախաձեռնությունը՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողով օրենքի նախագիծ ներկայացնելու համար՝ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգին համապատասխան:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

6. Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնության հեղինակը Կանոնակարգի 66-րդ հոդվածով նախատեսված համապատասխան անձն է, որն ունի օրենսդրական նախաձեռնության հեղինակի իրավասություններ:

Հոդված 85. Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնությունն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու և նախագիծը շրջանառության մեջ դնելու կարգը

1. Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ՝ Աշխատակազմի միջոցով: Գրությանը ձևը, ինչպես նաև դրան կից ներկայացվող փաստաթղթերը սահմանվում են  Աշխատակարգով:

2. Եթե նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրությունը Կանոնակարգով և Աշխատակարգով սահմանված պահանջներին՝

1) չի համապատասխանում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը գրությունը և դրան կից  ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է նախաձեռնության հեղինակին՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է, ապա գրությունը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը նշանակում է գլխադասային հանձնաժողով և Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Աշխատակարգով սահմանված կարգով դնում է շրջանառության մեջ:

3. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը շրջանառությունից հանվում է օրենքների նախագծերի համար՝ Կանոնակարգի 68-րդ հոդվածով սահմանված կարգով, ինչպես նաև Կանոնակարգի 86-րդ հոդվածով սահմանված դեպքերում:

Հոդված 86. Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման և ընդունման կարգը

1. Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ, օրենքների նախագծերի համար՝ Կանոնակարգի 16-18-րդ գլուխներով սահմանված կարգով:

2. Մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով  Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Եթե որոշումն ընդունվում է, ապա Ազգային ժողովի նախագահը այդ որոշումը երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում և ուղարկում է Սահմանադրական դատարան, իսկ հարցի քննարկումն ընդհատվում է մինչև Սահմանադրական դատարանի որոշումը ստանալը:

3. Եթե Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը հակասող, ապա  նախագիծը շրջանառությունից հանվում է:

4. Եթե Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, ապա նրա որոշումը ստանալուց հետո հարցի քվեարկությունն անցկացվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետևյալ կարգով.

1) Կանոնակարգի 84-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որն  ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով.

2) Կանոնակարգի 84-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որն  ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում նշված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի ընդունվում, ապա մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը՝ ներկայացնելով նախագիծը  հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Հիմնական զեկուցողի ելույթից հետո մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներով կարող են հանդես գալ խմբակցությունների ներկայացուցիչները, որից հետո որոշման նախագիծը դրվում է քվեարկության:  Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է:

6. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշումը համապատասխան նախագծի հետ մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որը դրանք ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, նշանակում է հանրաքվե:

7. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որը ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն:
 
 

ԳԼՈՒԽ 20

ՊԵՏԱԿԱՆ  ԲՅՈՒՋԵԻ  ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Հոդված 87. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը ներկայացնելու, քննարկելու և ընդունելու ժամկետները

1. Ազգային ժողովը պետական բյուջեն ընդունում է Կառավարության ներկայացմամբ: Պետական բյուջեն ներառում է օրենքով սահմանված բյուջետային մուտքերը և ելքերը:

2. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը Կանոնակարգով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ:

3. Նախագիծն առաջադրելու մասին պաշտոնական գրության ձևը, ինչպես նաև դրան կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանվում են Աշխատակարգով:

4. Նախագծի քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող նոյեմբեր ամսվա առաջին հերթական նիստերում:

Հոդված 88. Մշտական հանձնաժողովներում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումը

1. Ազգային ժողովի նախագահը պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, խորհրդակցելով վարչապետի հետ,  կազմում է գլխադասային և մյուս մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման ժամկետացանկը և այն ներկայացնում Խորհրդի հաստատմանը:

2. Նախագծի նախնական քննարկման գլխադասային հանձնաժողովը իրավասու մշտական հանձնաժողովն է:

3. Նախագծի նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովների և դրանց համատեղ նիստերում, որոնց սահմանված կարգով մասնակցում են նաև Կառավարության անդամները և վարչապետի լիազորած անձինք, ինչպես նաև ժամկետացանկում նշված այլ անձինք:

4. Գլխադասային հանձնաժողովում նախագծի նախնական քննարկման արդյունքներն  Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ ներկայացնում է հանձնաժողովի ներկայացուցիչը:

5. Գլխադասային հանձնաժողովից բացի, մյուս մշտական հանձնաժողովների ներկայացուցիչներն իրավունք ունեն Ազգային ժողովում նախագծի քննարկման ընթացքում հանդես գալու հարակից զեկուցմամբ, եթե նախագիծը նախապես քննարկվել է այդ հանձնաժողովներում, և դրա մասին առկա է հանձնաժողովի եզրակացությունը:

6. Նախագծի՝ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող նյութերը քննարկվում են Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Հաշվեքննիչ պալատի նախագահը և Կառավարության լիազորած անձինք:

Հոդված 89. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը

1. Պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների արդյունքով գրավոր առաջարկներ ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորները և խմբակցությունները:

2. Գրավոր առաջարկները ներկայացնելու համար ժամկետացանկով սահմանված ժամկետը լրանալուց հետո Կառավարությունը կարող է նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել առանց փոփոխության կամ իր նախաձեռնությամբ կամ գրավոր առաջարկների հիման վրա լրամշակելով:

3. Կառավարությունը լրամշակված նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում՝ կցելով Աշխատակարգով սահմանված կարգով կազմված ամփոփաթերթիկ:

4. Առաջարկները, որոնց վերաբերյալ Կառավարությունն ամփոփաթերթիկում հայտնել է դրական կարծիք, պարտադիր ընդգրկվում են բյուջեի նախագծում:

Հոդված 90. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման կարգը

1. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը քննարկվում է ընդհանուր կարգով, առանց տեւողության սահմանման՝ սույն հոդվածով սահմանված ընթացակարգին համապատասխան:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Մինչև երեսնական րոպե տևողությամբ ելույթով կարող են հանդես գալ Կառավարության մինչև երեք ներկայացուցիչ:

3. Մինչև երեսնական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով հանդես են գալիս՝

1) Կենտրոնական բանկի նախագահը՝ ներկայացնելով նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը.

2) գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով  նախագիծը, ինչպես նաև դրա ընդունման կամ մերժման վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

3) իրավասու մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով  նախագծի` պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը.

4) նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացրած  մյուս մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները՝ ներկայացնելով  համապատասխան եզրակացությունը:

4. Մինչև խմբակցությունների ելույթները վարչապետի ներկայացմամբ Կառավարության անդամներին և մարզպետներին տրվում է յոթ արտահերթ ելույթի իրավունք:

5. Մտքերի փոխանակությունն ավարտվում է վարչապետի կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի՝ մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով:

6. Մտքերի փոխանակությունն ավարտվելուց հետո նիստը նախագահողը հայտարարում է նախագծի քննարկման ընդմիջում՝ առնվազն չորս օրով:

7. Նախագծի քննարկումն ընդմիջելուց հետո պատգամավորները և խմբակցությունները իրենց առաջարկները ներկայացնում են Աշխատակարգով սահմանված կարգով:

Հոդված 91. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսելը

1. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսվելուց հետո հարցը քննարկվում է ընդհանուր կարգով՝ սույն հոդվածով սահմանված ընթացակարգին համապատասխան:

2. Վարչապետը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը մինչև մեկ ժամ տևողությամբ ելույթում ներկայացնում է նախագծի վերջնական տարբերակը և ամփոփաթերթիկում ներառված առաջարկները, որից հետո նրան կարող են տրվել հարցեր:

3. Հայտ ներկայացնելու դեպքում տասական րոպե տևողությամբ մեկական ելույթի իրավունք ունեն՝

1) նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացրած պատգամավորները.

2) խմբակցությունների մեկական ներկայացուցիչները.

3) մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները.

4) Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները:

4. Ելույթներից հետո մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը, որը կարող է առաջարկել պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք:

5. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի չընդունման դեպքում Կառավարությունն Ազգային ժողով պետական բյուջեի նախագիծ է ներկայացնում քվեարկությունից հետո` երկշաբաթյա ժամկետում, որը քննարկվում և քվեարկվում է Կանոնակարգի սույն գլխով սահմանված կարգով՝ մեկ ամսվա ընթացքում:

6. Սույն հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասում նշված դեպքում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ընդունման առնչությամբ  իր վստահության հարցը Կառավարությունը կարող է դնել Կանոնակարգի 74-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե Կառավարությանը վստահություն հայտնելու մասին որոշումը՝

1) ընդունվում է, ապա պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը համարվում է ընդունված որպես օրենք.

2) չի ընդունվում, ապա պետական բյուջեի նախագիծը սույն գլխով սահմանված կարգով Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում նոր Կառավարության ծրագիրը հաստատվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իսկ  քվեարկության է դրվում ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

7.Պետական բյուջեի մասին օրենքում լրացում կամ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է հատուկ ընթացակարգով:
 
 

ԳԼՈՒԽ 21

ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԵՐ

Հոդված 92. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծ ներկայացնելու և քննարկելու կարգը

1. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագծի նախաձեռնության իրավունքը պատկանում է Կառավարությանը:

2. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվում, եթե դա կամ դրանում ամրագրված պարտավորությունները Սահմանադրական դատարանի որոշմամբ չեն հակասում Սահմանադրությանը:

3. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում քննարկվում է մեկ ընթերցմամբ:

4. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում և Ազգային ժողովում կարող է քվեարկության դրվել միայն Կառավարության համար ընդունելի ուղղումներով:

5.Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, և, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք  ընդունելու մասին օրենքի նախագծեր:

7. Սույն հոդվածով սահմանված կարգը տարածվում է նաև միջազգային պայմանագրերին Հայաստանի Հանրապետության միանալու մասին օրենքի նախագծերի ընդունման վրա:

8. Սույն հոդվածով սահմանված կարգը չի տարածվում վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերի վրա, որոնք լուծվում են Սահմանադրության 205-րդ և Կանոնակարգի 104-րդ հոդվածներով սահմանված կարգով:

Հոդված 93. Համաներման մասին օրենքի նախագիծը ներկայացնելու և քննարկելու կարգը

1. Համաներման մասին օրենքի նախագծի նախաձեռնության իրավունքը պատկանում է Կառավարությանը:

2. Համաներման մասին օրենքի նախագիծը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի փակ նիստում:

3. Իրավասու մշտական հանձնաժողովի եզրակացության ներկայացման ժամկետի լրանալուց հետո համաներման մասին օրենքի նախագիծը  քննարկվում է  Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:

4. Համաներման մասին օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում կամ Ազգային ժողովում կարող է քվեարկության դրվել միայն Կառավարության համար ընդունելի ուղղումներով:

5. Համաներման մասին օրենքն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 94.Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծը ներկայացնելու և քննարկելու կարգը

1.Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծի նախաձեռնության իրավունքը պատկանում է Կառավարությանը:

2. Համայնքների միավորման կամ բաժանման դեպքում այդ համայնքների ղեկավարներն իրավունք ունեն Ազգային ժողով ներկայացնելու միավորման կամ բաժանման վերաբերյալ իրենց գրավոր կարծիքը, իսկ Ազգային ժողովում կամ գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկման ընթացքում՝ հանդես գալու հարակից զեկուցմամբ:

3. Համայնքների ղեկավարները հարցի քննարկմանը մասնակցելու  վերաբերյալ իրենց գրավոր դիմումներն Ազգային ժողովի նախագահին են ուղարկում համապատասխան օրենքի նախագիծն Ազգային ժողովում շրջանառության մեջ դրվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

4. Վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում կամ Ազգային ժողովում կարող է քվեարկության դրվել միայն Կառավարության համար ընդունելի ուղղումներով:

Հոդված 95. Միջհամայնքային միավորման ստեղծման մասին օրենքի նախագիծը ներկայացնելու և քննարկելու կարգը

1. Միջհամայնքային միավորման ստեղծման մասին օրենքի նախագծի նախաձեռնության իրավունքը պատկանում է Կառավարությանը:

2. Օրենքի նախագծով ստեղծվող միջհամայնքային միավորման համայնքների ղեկավարներն իրավունք ունեն Ազգային ժողով ներկայացնելու միավորման վերաբերյալ իրենց գրավոր կարծիքը, իսկ Ազգային ժողովում կամ գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկման ընթացքում՝ հանդես գալու հարակից զեկուցմամբ:

3. Համայնքների ղեկավարները հարցի քննարկմանը մասնակցելու  վերաբերյալ իրենց գրավոր դիմումներն Ազգային ժողովի նախագահին են ուղարկում համապատասխան օրենքի նախագիծն Ազգային ժողովում շրջանառության մեջ դրվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

4. Միջհամայնքային միավորման ստեղծման մասին օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում կամ Ազգային ժողովում կարող է քվեարկության  դրվել միայն Կառավարության համար ընդունելի ուղղումներով:

Հոդված 96. Ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված հարցի քննարկման կարգը

1. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է հեղինակի համաձայնությամբ՝ ընդդիմադիր խմբակցության որոշմամբ համարվել արտահերթ, եթե դրա վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստացվել է, կամ եզրակացությունը  ներկայացնելու ժամկետը լրացել է:

2. Արտահերթ չեն կարող համարվել հետևյալ հարցերը.

1) Սահմանադրության փոփոխությունների նախագիծը.

2) օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը.

3) խմբակցության որոշմամբ առաջնահերթ համարվող օրենքի նախագիծը.

4) պաշտոններում ընտրության, նշանակման, ինչպես նաև պաշտոնատար անձանց լիազորությունների դադարեցման, պաշտոնանկ անելու, հետ կանչելու մասին Ազգային ժողովի որոշումների նախագծերը:

3. Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում գումարվող յուրաքանչյուր երկրորդ հերթական նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ հիմնական նիստում քննարկվում է ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված մեկ հարց:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

4. Հարցն արտահերթ համարելու մասին ընդդիմադիր խմբակցության որոշումն Ազգային ժողովի նախագահին կարող է ներկայացվել ոչ ուշ, քան Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ օրվա ժամը 18:00-ն: Եթե այդ ժամկետում ներկայացվել է մեկից ավելի որոշում, ապա առաջիկա հերթական նիստերում քննարկվում է այն հարցը, որի վերաբերյալ որոշումն ավելի շուտ է ներկայացվել: Եթե որոշումները ներկայացվել են նույն օրը, ապա արտահերթ համարված հարցերի քննարկման հաջորդականությունը որոշվում է ըստ ընդդիմադիր խմբակցությունների անդամների թվի` փոքրից մեծ:

5. Հարցի քննարկման տևողությունը 90 րոպե է:

ԲԱԺԻՆ 4

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ԳԼՈՒԽ 22

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 97. Ազգային ժողովի որոշումները

1. Սահմանադրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ:

2. Աշխատակարգը, ինչպես նաև Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով այլ որոշումներն ընդունվում են Կանոնակարգով նախատեսված դեպքերում և կարգով:

3. Ազգային ժողովի որոշման նախագիծ կամ Ազգային ժողովի որոշման ընդունման վերաբերյալ առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն Սահմանադրությամբ կամ Կանոնակարգով նախատեսված անձինք:

4. Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է Կանոնակարգով սահմանված կարգով դրվել շրջանառության մեջ կամ ներկայացվել Ազգային ժողովի նիստի ընթացքում:

5. Ազգային ժողովի որոշման ընդունման վերաբերյալ առաջարկը Կանոնակարգով ուղղակիորեն նախատեսված դեպքերում ներկայացվում է Ազգային ժողովի նիստի ընթացքում:

6. Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է մեկ ընթերցմամբ:
 

Հոդված 98. Ազգային ժողովի հայտարարությունները և ուղերձները

1. Ազգային ժողովի հայտարարությունը կամ ուղերձը որոշակի հարցերի, իրադարձությունների և փաստերի վերաբերյալ Ազգային ժողովի քաղաքական դիրքորոշման արտահայտումն է:

2. Ազգային ժողովի հայտարարության կամ ուղերձի նախագիծ ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորը և խմբակցությունը:

3. Ազգային ժողովի հայտարարության կամ ուղերձի նախագիծը ներկայացվում և շրջանառության մեջ է դրվում Ազգային ժողովի որոշման նախագծերի համար Կանոնակարգով սահմանված կարգով:

4. Ազգային ժողովի նախագահի առաջարկած հայտարարության կամ ուղերձի նախագիծը կարող է ներկայացվել նաև Ազգային ժողովի նիստի ընթացքում և քննարկվել արտահերթ կարգով:

5.  Ազգային ժողովի հայտարարությունները և ուղերձներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Հոդված 99. Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելը և շրջանառության մեջ դնելը

1. Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ՝ Աշխատակազմի միջոցով:  Գրության ձևը, ինչպես նաև դրան կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանվում են Աշխատակարգով:

2. Եթե պաշտոնական գրությունը Կանոնակարգով և Աշխատակարգով սահմանված պահանջներին՝

1) չի համապատասխանում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը գրությունը և դրան կից  ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է հեղինակին՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է, ապա գրությունը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը նշանակում է գլխադասային հանձնաժողով և Ազգային ժողովի որոշման նախագիծն Աշխատակարգով սահմանված կարգով դնում շրջանառության մեջ:

Հոդված 100. Ազգային ժողովի որոշման նախագծի նախնական քննարկումը

1. Ազգային ժողովի որոշման նախագծի նախնական քննարկումն իրականացվում է Կանոնակարգի 71-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգին համապատասխան:

2. Ազգային ժողովի որոշման նախագիծը գլխադասային հանձնաժողովում քննարկվում է շրջանառության մեջ դրվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իսկ  նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկվելու դեպքում՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:

3. Հեղինակն  իրավունք ունի մինչև հարցի քննարկման ավարտը ներկայացնելու լրամշակված նախագիծ կամ իր եզրափակիչ ելույթում առաջարկելու նախագիծը լրամշակելու նպատակով հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգել, որը համարվում է ընդունված՝ առանց քվեարկության: Հարցի քննարկումը չհետաձգվելու դեպքում նախագիծը դրվում է քվեարկության:

4. Եթե նախագծի լրամշակման համար հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգվում է, և դրանից հետո՝ երկամսյա ժամկետում, հեղինակը լրամշակված նախագիծ  չի ներկայացնում կամ նրա գրավոր դիմումով՝ հանձնաժողովի որոշմամբ այդ ժամկետը չի երկարաձգվում, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է:

5. Լրամշակված նախագիծը հանձնաժողովի առաջիկա նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ ներկայացվելու դեպքում այն քվեարկության է դրվում այդ նիստում:

6. Նախագծի ընդունման դեպքում համարվում է, որ հանձնաժողովը դրա վերաբերյալ Ազգային ժողով ներկայացրել է դրական, իսկ չընդունվելու  դեպքում՝ բացասական եզրակացություն:

Հոդված 101. Ազգային ժողովի նիստում Ազգային ժողովի որոշման նախագծի քննարկումը և  ընդունումը

1. Ազգային ժողովի նիստում Ազգային ժողովի որոշման նախագծի քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ կարող է (են) հանդես գալ նախագծի հեղինակը, իսկ հարակից զեկուցմամբ՝

1) գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը.

2) նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացրած Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները.

3) գլխադասային հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ հատուկ կարծիք ներկայացրած՝ հանձնաժողովի անդամների ներկայացուցիչը:

2. Մինչև հեղինակի եզրափակիչ ելույթը քվեարկության են դրվում նախագծի վերաբերյալ խմբակցությունների  ներկայացրած բոլոր առաջարկները: Ընդունված առաջարկները ներառվում են վերջնական տեսքով քվեարկության դրվող նախագծում:

3.Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը կարող է ՝

1) նախագիծը քվեարկության դնել սույն հոդվածի 2-րդ մասում նշված ուղղումներով.

2) նախագիծը լրամշակելու նպատակով առաջարկել Ազգային ժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգել, որն ընդունվում է առանց քվեարկության:

4. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ օրը լրամշակված նախագիծ ներկայացվելու դեպքում հարցի քննարկումը վերսկսվում է այդ հերթական նիստերում: Սահմանված ժամկետում լրամշակված նախագիծ չներկայացվելու դեպքում նախագիծը շրջանառությունից հանվում է:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Հարցի քննարկումը վերսկսվելու դեպքում՝

1) մինչև հինգ րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս հիմնական զեկուցողը,  որը կարող է քվեարկության դնել նախագիծը.

2) մինչև երեք րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հարակից զեկուցողը.

3) մինչև երկուական րոպե տևողությամբ ելույթով կարող են հանդես գալ խմբակցությունների ներկայացուցիչները:

6. Ազգային ժողովի որոշումները, բացառությամբ Սահմանադրությամբ  նախատեսված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

7. Կանոնակարգով սահմանված դեպքերում Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի կամ անվանական քվեարկությամբ:

8. Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները և ուղերձները Կանոնակարգով սահմանված կարգով ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

9. Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշումները, ինչպես նաև հայտարարությունները և ուղերձներն ուժի մեջ են մտնում դրանց ընդունման, իսկ Ազգային ժողովի մյուս որոշումները՝ դրանց հրապարակման պահից, եթե այդ որոշումներով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ։

10. Ազգային ժողովի որոշումները, ինչպես նաև  հայտարարությունները և ուղերձները պաշտոնապես հրապարկվում են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 102. Ազգային ժողովի որոշման նախագիծը շրջանառությունից հանելը

1. Ազգային ժողովի որոշման նախագիծը շրջանառությունից հանվում է հետևյալ դեպքերում.

1) Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի նիստում հարցի քննարկման սկզբում հիմնական զեկուցողի առաջարկությամբ կամ նրա բացակայության դեպքում հարցի քննարկումն հետաձգվելուց հետո նա սահմանված կարգով հարցի քննարկմանը չի ներկայանում.
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2) Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգվելուց հետո հեղինակը սահմանված կարգով լրամշակված նախագիծ չի ներկայացնում.

3) քվեարկության արդյունքով նախագիծը հերթական նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվում.

4) նախագծի հեղինակների պատգամավորական լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, պատգամավորը կամ խմբակցությունն Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով չի տեղեկացնում նախաձեռնությանը միանալու մասին՝ նշելով հիմնական զեկուցողի անունը, ազգանունը.

5) հեղինակը նախագիծը հետ է կանչում:

2. Շրջանառությունից հանվելու դեպքում նախագիծը միաժամանակ հանվում է հերթական նստաշրջանի կամ  նիստերի օրակարգերից կամ դրանց նախագծերից:
 
 

ԳԼՈՒԽ 23

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԵՐԸ

Հոդված 103. Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը

1.Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:

2.Ազգային ժողովի նիստում  հարցի քննարկման ընթացքում՝

1) Կառավարության ծրագիրը ներկայացնելու համար վարչապետին տրվում է մինչև երեք ժամ, որից հետո նրան կարող են  հարցեր տրվել.

2) հարակից զեկուցմամբ կարող են հանդես գալ մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչներ.

3) մտքերի փոխանակությունն իրականացվում է ընդհանուր կարգով.

4) եզրափակիչ ելույթի համար վարչապետին տրվում է մինչև մեկ ժամ:

3. Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4. Ազգային ժողովի նախագահը Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:

5. Եթե Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն չի տալիս, ապա Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, խմբակցություններն իրավունք ունեն Կանոնակարգի 140-րդ հոդվածով սահմանված կարգով առաջադրելու վարչապետի թեկնածուներ, և անցկացվում է վարչապետի ընտրություն:

6. Սույն հոդվածի 5-րդ  մասը չի տարածվում Սահմանադրության 115-րդ հոդվածին համապատասխան կազմավորված Կառավարության ծրագրի վրա:

Հոդված 104. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցությանը կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով հանրաքվեի անցկացման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու և քննարկելու կարգը

1.Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:

2.Վերպետական միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի Կառավարությունը:

3. Ազգային ժողովի նիստում նախագծի քննարկման ընթացքում հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթից անմիջապես հետո քվեարկության է դրվում հանրաքվեի դրվող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Եթե որոշումը չի ընդունվում, ապա հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից:

4. Եթե Սահմանադրական դատարանը հանրաքվեի դրվող հարցը կամ դրան առնչվող իրավական ակտերի նախագծերը ճանաչում է Սահմանադրությանը հակասող, ապա հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից:

5. Եթե Սահմանադրական դատարանը հանրաքվեի դրվող հարցը և դրան առնչվող իրավական ակտերի նախագծերը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, ապա Սահմանադրական դատարանի որոշումն ստանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, առանց քննարկման քվեարկության է դրվում վերպետական միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Ազգային ժողովի նախագահը վերպետական միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է 24 ժամվա ընթացքում:

7. Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե:

Հոդված 105. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին առաջարկության ներկայացման և քննարկման կարգը

1. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին առաջարկություն ներկայացնելու իրավունք ունի Կառավարությունը:

2. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին առաջարկությունն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում վարչապետը:

3. Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծում է Կառավարությունը:

4. Ազգային ժողովի նիստում պատերազմ հայտարարելու հարցով Ազգային ժողովի նիստի գումարման դեպքում պատերազմ հայտարարելու, ինչպես նաև խաղաղություն հաստատելու մասին Կառավարության առաջարկության քննարկման ընթացքում՝

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Կառավարության ներկայացուցիչը, որին կարող են տրվել հարցեր.

2)  հարակից զեկուցում չի լինում.

3) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն  խմբակցությունների երկուական ներկայացուցիչներ:

5. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Ազգային ժողովի նախագահը պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:

7. Հարցի քննարկումն ավարտվելուց հետո նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված:

Հոդված 106.  Ռազմական դրությունը վերացնելու կամ ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու և քննարկելու կարգը

1. Ռազմական դրությունը վերացնելու կամ ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

2. Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում և  շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով, իսկ Կանոնակարգի 47-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում նշված դեպքում կարող է ներկայացվել Ազգային ժողովի նիստի ընթացքում:

3. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում Կառավարության ներկայացուցիչն իրավունք ունի գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո հանդես գալու հարակից զեկուցմամբ:

4. Ռազմական դրությունը վերացնելու կամ ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5. Ազգային ժողովի նախագահը ռազմական դրությունը վերացնելու կամ ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:

Հոդված 107.  Արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու և քննարկելու կարգը

1. Արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու՝ Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

2. Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում և  շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով, իսկ Կանոնակարգի 48-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում նշված դեպքում կարող է ներկայացվել Ազգային ժողովի նիստի ընթացքում:

3. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում Կառավարության ներկայացուցիչն իրավունք ունի գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո հանդես գալու հարակից զեկուցմամբ:

4. Արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5. Ազգային ժողովի նախագահը արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:

Հոդված 108. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը

1. Պատգամավորի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

2. Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետևյալ կարգով.

1) մինչև քսանական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը և միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են  հարցեր տրվել.

2) մտքերի փոխանակություն.

3) միջնորդագրում նշված պատգամավորին և գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչև 20 րոպե:

3. Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա  հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:

4. Պատգամավորի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:

5. Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:

Հոդված 109. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու կարգը

1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները  դադարեցվում են Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ անհամատեղելիության պահանջները խախտելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինության, էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում:

2. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների  դադարեցման հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը՝ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ:

3. (մասն ուժը կորցրել է 17.01.2018 ՀՕ-50-Ն)

4. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Եթե Սահմանադրական դատարանի դատավորը կատարել է էական կարգապահական խախտում կամ ձեռք է բերել Կառավարության որոշմամբ սահմանված այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետեւանքով այլեւս ի վիճակի չէ կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, ապա Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել համապատասխան հիմքերի մասին հայտնի դառնալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց կամ եզրակացությունը ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո նախագիծը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:

6. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում Սահմանադրական դատարանի դատավորն իրավունք ունի գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո ելույթ ունենալու, պատասխանելու հարցերին, ինչպես նաև հանդես գալու եզրափակիչ ելույթով:

7. Եթե հարցի քննարկման սկզբում Սահմանադրական դատարանի դատավորն Ազգային ժողովի նիստից բացակայում է,  ապա  հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:

8. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:

9. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը կարող է հետ վերցվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում եւ շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

Հոդված 110. Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն  համաձայնություն տալու կարգը

1. Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

2. Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում: Հարցի քննարկման ընթացքում՝

1) մինչև քսանական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը և Մարդու իրավունքների պաշտպանը, որոնց կարող են  հարցեր տրվել.

2) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն պատգամավորները.

3) Մարդու իրավունքների պաշտպանին և գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչև քսանական րոպե:

3. Եթե հարցի քննարկման սկզբում Մարդու իրավունքների պաշտպանն Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է,  ապա  հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:

4. Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

5. Ազգային ժողովի նախագահը Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:

Հոդված 111. Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու կարգը

1.  Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

2. Ազգային ժողովի նախագահը կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:

3. Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հարցով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը կարող է հետ վերցվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում եւ շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

Հոդված 112. Մշտական հանձնաժողովների ստեղծման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու և քննարկելու կարգը

1. Ազգային ժողովի առաջին նստաշրջանում մշտական հանձնաժողովների ստեղծման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունեն խմբակցությունները: Նախագծով սահմանվում են՝

1) հանձնաժողովների անվանումները և գործունեության ոլորտները.

2) յուրաքանչյուր հանձնաժողովի անդամների ընդհանուր թիվը.

3) հանձնաժողովների նախնական քննարկմանը վերապահված առանձին օրենքների անվանումները.

4) պաշտոնում ընտրության կամ նշանակման համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու  իրավասություն ունեցող հանձնաժողովները.

5) հանձնաժողովների խորհրդարանական վերահսկողություն շրջանակը.

6) Բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգման և մշտադիտարկման իրավասությունն ունեցող հանձնաժողովը:

2. Եթե Ազգային ժողովի առաջին նստաշրջանում ներկայացվել է մեկից ավելի նախագիծ, ապա դրանց քննարկման ընթացքում՝

1) հիմնական զեկուցման իրավունք ունեն նախագծերի հեղինակները: Զեկույցների հաջորդականությունը որոշվում է ըստ խմբակցությունների անդամների թվի՝ մեծից փոքր.

2) հարցի քննարկումը կարող է հետաձգվել հիմնական զեկուցողների համաձայնությամբ.

3) նախագծերը քվեարկության են դրվում ըստ ներկայացման հաջորդականության.

4) եթե քվեարկության է դրվել երկու նախագիծ, և դրանցից ոչ մեկը չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա առավել շատ ձայներ ստացած նախագիծը նորից է դրվում քվեարկության.

5) եթե քվեարկության է դրվել երկուսից ավելի նախագիծ, և դրանցից ոչ մեկը չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որի ժամանակ քվեարկության են դրվում առավել շատ ձայներ ստացած երկու նախագծերը.

6) եթե մեկից ավելի նախագծեր ստացել են ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա ընդունված է համարվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած նախագիծը.

7) եթե մեկից ավելի նախագծեր ստացել են ընդունման համար անհրաժեշտ թվով և հավասար քանակությամբ ձայներ, ապա ընդունված է համարվում առավել քիչ «դեմ» ձայներ ստացած նախագիծը:

3. Մշտական հանձնաժողովների ստեղծման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվելուց հետո դրանում փոփոխություններ կատարելու նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

4. Ազգային ժողովի նախագահը մշտական հանձնաժողովների ստեղծման մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:

5. Մշտական հանձնաժողովների ստեղծման մասին Ազգային ժողովի որոշումն ուժը կորցրած է ճանաչվում հաջորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը:

Հոդված 113. Աշխատակարգի ընդունումը և փոփոխությունը

1. Աշխատակարգի ընդունման կամ փոփոխության վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորը և խմբակցությունը:
 
 

ԲԱԺԻՆ 5

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 24

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ


Հոդված 114. Պետական բյուջեի կատարման ընթացքի մասին տեղեկանքները

1. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 40 օրվա ընթացքում, Կառավարությունն Ազգային ժողով տեղեկանք է ներկայացնում պետական բյուջեի, այդ թվում՝ նպատակային վարկային և դրամաշնորհային ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ:

2. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ։

3. Իրավասու մշտական հանձնաժողովն իր նիստում քննարկում է պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքը:

Հոդված 115. Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունների ներկայացումը և քննարկումը

1. Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացություններն  Ազգային ժողով են ներկայացվում օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում:

2. Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովն ուսումնասիրում է Հաշվեքննիչ պալատի ընթացիկ  եզրակացությունները, իսկ առկայության դեպքում՝ նաև հաշվեքննության օբյեկտի ղեկավարի կողմից ընթացիկ եզրակացության վերաբերյալ տրամադրված տեղեկատվությունը: Ուսումնասիրության արդյունքով հանձնաժողովը դրանք քննարկելու համար կարող է որոշում կայացնել հրավիրելու հանձնաժողովի նիստ կամ ոլորտային հանձնաժողովների հետ համատեղ նիստ:

Հոդված 116.Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելու և քննարկելու ժամկետները

1. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը` պաշտոնապես և էլեկտրոնային տարբերակով, ինչպես նաև դրա վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից Կառավարություն ներկայացրած պաշտոնական եզրակացությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:

2. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, Հաշվեքննիչ պալատի եզրակացության առկայությամբ, Ազգային ժողովում քննարկվում և քվեարկության է դրվում մինչև հերթական նստաշրջանի ավարտը:

3. Հաշվեքննիչ պալատը պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը  Ազգային ժողով ներկայացնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Հոդված 117. Մշտական հանձնաժողովներում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները

1. Ազգային ժողովի նախագահը, պետական բյուջեի կատարման մասին տարեկան  հաշվետվությունն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, խորհրդակցելով վարչապետի հետ՝ կազմում է գլխադասային և մյուս մշտական հանձնաժողովներում, ինչպես նաև դրանց համատեղ նիստերում պետական բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը և այն ներկայացնում  Խորհրդի հաստատմանը:

2. Հաշվետվության նախնական քննարկման գլխադասային հանձնաժողովը իրավասու մշտական հանձնաժողովն է:

3. Հաշվետվության նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովների և դրանց համատեղ նիստերում, որոնց սահմանված կարգով մասնակցում են նաև Կառավարության անդամները և վարչապետի լիազորած անձինք, ինչպես նաև ժամկետացանկում նշված այլ անձինք:

4. Գլխադասային հանձնաժողովում հաշվետվության նախնական քննարկման արդյունքներն  Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ ներկայացնում է հանձաժողովի ներկայացուցիչը:

5. Գլխադասային հանձնաժողովից բացի, մյուս մշտական հանձնաժողովների ներկայացուցիչներն իրավունք ունեն Ազգային ժողովում հաշվետվության քննարկման ընթացքում հանդես գալու հարակից զեկուցմամբ, եթե հաշվետվությունը նախապես քննարկվել է այդ հանձնաժողովներում, և դրա մասին առկա է հանձնաժողովի որոշում:

6. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող նյութերը քննարկվում են իրավասու մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Հաշվեքննիչ պալատի նախագահը և Կառավարության լիազորած անձինք:

Հոդված 118. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը

1. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում մինչև երեսնական րոպե տևողությամբ հիմնական զեկուցմամբ կարող են հանդես գալ Կառավարության մինչև երեք ներկայացուցիչ, իսկ նույն տևողությամբ հարակից զեկուցումներով՝

1) Կենտրոնական բանկի նախագահը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը.

2) Հաշվեքննիչ պալատի նախագահը` ներկայացնելով պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը.

3) գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով հաշվետվությունը և դրա ընդունման կամ մերժման վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

4) իրավասու մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը.

5) հաշվետվության վերաբերյալ եզրակացություն ներկայացրած մյուս մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները՝ ներկայացնելով համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը:

2. Մինչև խմբակցությունների ելույթները վարչապետի ներկայացմամբ Կառավարության անդամներին և մարզպետներին տրվում է յոթ արտահերթ ելույթի իրավունք:

3. Մտքերի փոխանակության ավարտից հետո մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը, որից հետո քվեարկության է դրվում  պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

4. Որոշման ընդունման դեպքում հաշվետվությունը համարվում է հաստատված, իսկ չընդունման դեպքում՝ մերժված:
 
 

ԳԼՈՒԽ 25

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐ

Հոդված 119. Կառավարության անդամներին գրավոր հարցեր ուղղելը

1. Պատգամավորներն ունեն Կառավարության անդամներին գրավոր հարցեր ուղղելու իրավունք:

2. Հարցն ստանալուց հետո՝ երեքշաբաթյա ժամկետում, վարչապետը կամ նրա հանձնարարությամբ Կառավարության համապատասխան անդամը գրավոր պատասխանում է հարցին:

3. Գրավոր հարցերն ուղարկելու, ինչպես նաև դրանց պատասխանները պատգամավորին տրամադրելու կարգերը սահմանվում են Աշխատակարգով: Գրավոր հարցերի պատասխանները տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

Հոդված 120. Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելը

1. Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում գումարվող յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին:

2. Հարցերից յուրաքանչյուրը պետք է վերաբերի Կառավարության մեկ անդամի իրավասությանը վերապահված ոլորտին:

3. Հարցերը տրվում են Կանոնակարգ 57-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգով՝ ըստ հերթագրման հաջորդականության:

4. Պատգամավորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդունում:

5. Նիստն ավարտվում է հերթագրված վերջին պատգամավորի հարցին պատասխանելուց հետո:

Հոդված 121.Խմբակցությունների գրավոր հարցապնդումները

1. Խմբակցություններն ունեն Կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունք:

2. Խմբակցությունը նույն հերթական նստաշրջանի ընթացքում Կառավարության անդամներին հարցապնդումով կարող է դիմել ոչ ավելի, քան մեկ անգամ:

3. Խմբակցությունը Կառավարությանը գրավոր հարցապնդումով դիմելու իրավունքն իրականացնում է իր որոշմամբ:

4. Հարցապնդումն ստանալուց ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում վարչապետի հանձնարարությամբ՝ Կառավարության համապատասխան անդամը հարցապնդման գրավոր պատասխանն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

5. Գրավոր հարցապնդումը Կառավարություն է ուղարկվում, ինչպես նաև հարցապնդման պատասխանը խմբակցությանն է հանձնվում Աշխատակարգով սահմանված կարգով: Հարցապնդման պատասխանը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

6. Հարցապնդումների պատասխանները ներկայացվում  և  խմբակցության առաջարկությամբ քննարկվում են Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում գումարվող յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում: Յուրաքանչյուր շաբաթվա հերթական նիստերում կարող է ներկայացվել և քննարկվել մեկ  հարցապնդման պատասխան:

7. Հերթական նիստերի գումարումից առնվազն մեկ շաբաթ առաջ ստացված հարցապնդման պատասխանը ներկայացվում է, ինչպես նաև կարող է խմբակցության առաջարկությամբ քննարկվել այդ նիստերի, իսկ նշված ժամկետից ուշ ստացվածները՝ հաջորդ հերթական նիստերի ընթացքում: Խմբակցության առաջարկը կարող է Ազգային ժողովի նախագահին ներկայացվել մինչև հարցապնդումն Ազգային ժողովի նիստում ներկայացվելը:

8. Եթե նույն շաբաթվա հերթական նիստերում լրանում է մեկից ավելի հարցապնդման պատասխանների ներկայացման ժամկետը, ապա ներկայացվում է այն հարցապնդման պատասխանը, որն ավելի շուտ է ուղարկվել Կառավարություն: Եթե հարցապնդումներն ուղարկվել են նույն օրը, ապա դրանց պատասխանների ներկայացման հաջորդականությունը որոշվում է ըստ խմբակցությունների անդամների թվի` փոքրից մեծ:

9. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման սկզբում մինչև հինգ րոպե տևողությամբ ելույթով հարցապնդման պատասխանը ներկայացնում է Կառավարության անդամը: Եթե խմբակցությունը չի առաջարկել հարցապնդումը քննարկել, ապա Կառավարության անդամին ելույթից հետո հարցի քննարկումը համարվում է ավարտված:

10. Խմբակցության առաջարկությամբ՝ հարցապնդման պատասխանն Ազգային ժողովի նիստում քննարկվում է հետևյալ կարգով.

1) հարցապնդման պատասխանը ներկայացնող Կառավարության անդամին կարող են  հարցեր տրվել.

2)  ելույթով հանդես է գալիս հարցապնդումը ներկայացնող խմբակցության ներկայացուցիչը, որին կարող են  հարցեր տրվել.

3)  մտքերի փոխանակություն.

4)  եզրափակիչ ելույթով հանդես են գալիս հարցապնդման պատասխանը ներկայացնող Կառավարության անդամը, այնուհետև՝ խմբակցության ներկայացուցիչը:

11. Հարցապնդման քննարկման արդյունքով խմբակցության ներկայացուցիչը կարող է իր եզրափակիչ ելույթում՝

1) առաջարկել ընդունել Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշում, որը քվեարկության է դրվում առանց քննարկման, կամ

2) հայտարարել, որ խմբակցությունը նախատեսում է Սահմանադրության 113-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին  առաջարկ ներկայացնել: Եթե հարցի քննարկման ավարտից հետո՝ 24 ժամվա ընթացքում, Կանոնակարգի 152-րդ հոդվածի 1-4-րդ մասերին համապատասխան, Ազգային ժողովի նախագահին ներկայացվում է վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, ապա  այն քննարկվում է Կանոնակարգի 152-րդ հոդվածի 5-10-րդ մասերով սահմանված կարգով:

12. Հարցապնդման քննարկման տևողությունը 90 րոպե է:

13. Ազգային ժողովի նախագահը Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և 24 ժամվա ընթացքում ուղարկում է վարչապետին:

14. Հարցի քննարկման ավարտից հետո՝  վեց ամսվա ընթացքում, որևէ խմբակցություն չի կարող միևնույն հարցապնդումով Կառավարությանը կրկին դիմել կամ քննարկված հարցապնդման արդյունքով ներկայացնել վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ:

Հոդված 122. Մշտական հանձնաժողովների խորհրդարանական վերահսկողությունը

1. Մշտական հանձնաժողովները Կանոնակարգի 112-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված իրենց իրավասությունների շրջանակում ՝

1) խորհրդարանական վերահսկողություն են իրականացնում օրենքների կատարման ընթացքի նկատմամբ.

2) կարող են տեղեկություններ պահանջել Կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

2. Իրավասու մշտական հանձնաժողովի իրավասության շրջանակում խորհրդարանական վերահսկողության թեման, ինչպես նաև դրա առնչությամբ իրականացվելիք միջոցառումները սահմանվում են հանձնաժողովի որոշմամբ:

3. Իրավասու մշտական հանձնաժողովի անդամներից բացի, խորհրդարանական վերահսկողության թեմայի, ինչպես նաև ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն Ազգային ժողովի նախագահը,  մշտական հանձնաժողովները և խմբակցությունները:

4. Խորհրդարանական վերահսկողության առարկային վերաբերող հարցերի պարզաբանման առնչությամբ հանձաժողովը կարող է իր որոշմամբ հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, որոնք պարտավոր են ներկայանալ հանձնաժողովի նիստին և պատասխանել հարցերին:

5. Պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հանձնաժողովի հարցմամբ նրան են տրամադրվում, իսկ հանձնաժողովի անդամներն այդ տեղեկություններին կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի հարցմամբ պահանջված տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաև դրանց գտնվելու վայրում:

6. Խորհրդարանական վերահսկողության արդյունքով իրավասու մշտական հանձնաժողովը կարող է ընդունել գրավոր եզրակացություն և Աշխատակարգով սահմանված կարգով այն ուղարկել Ազգային ժողովի մյուս մարմիններ, ինչպես նաև իրավասու մարմիններ և պաշտոնատար անձանց:

7. Պետական բյուջեի կատարման նկատմամբ  վերահսկողությունն իրականացվում է Կանոնակարգի 24-րդ գլխով սահմանված կարգով:

Հոդված 123. Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ անցկացնելու կարգը

1. Հերթական նստաշրջանի` նիստերի շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ:

2. Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկման անցկացման մասին պատգամավորների պահանջը ներկայացվում է գրավոր դիմումով, որտեղ նշվում են՝

1) քննարկման թեման.
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2) պահանջը ներկայացրած պատգամավորների ներկայացուցչի անունը, ազգանունը:

3. Եթե դիմումը սույն հոդվածի պահանջներին՝

1) չի համապատասխանում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը վերադարձնում է դիմումը՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է, ապա հարցը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով քննարկվում է Ազգային ժողովի նիստում:

4. Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում գումարվող յուրաքանչյուր հերթական նիստերի երեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում կարող է անցկացվել մեկ քննարկում: Քննարկումը կարող է առաջիկա հերթական նիստերում անցկացվել, եթե դիմումն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվել այդ նիստերից առնվազն մեկ շաբաթ առաջ: Եթե այդ ժամկետում ներկայացվել է մեկից ավելի դիմում, ապա առաջիկա հերթական նիստերում անցկացվում է այն քննարկումը, որի դիմումն ավելի շուտ է ներկայացվել:

5. Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս պահանջը ներկայացրած պատգամավորների ներկայացուցիչը:

6. Հիմնական զեկուցողը կարող է իր եզրափակիչ ելույթում առաջարկել ընդունել Ազգային ժողովի ուղերձ կամ հայտարարություն, որը քվեարկության է դրվում առանց քննարկման: Եթե ուղերձ կամ հայտարարություն չի ընդունվում, կամ այդպիսի առաջարկ չի արվում, ապա հարցի քննարկումը համարվում է ավարտված:

7.Հարցի քննարկման տևողությունը 90 րոպե է:

Հոդված 123.1. Ազգային ժողով ներկայացված հանրագրերը քննարկելու եւ դրանց պատասխանելու կարգը

1. Հանրագրերն Ազգային ժողով կարող են ներկայացվել միայն Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ:

2. Հանրագիրը ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին ուղղված գրությամբ: Եթե գրությունը սույն հոդվածի 1-ին մասի կամ «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին`

1) չի համապատասխանում եւ հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Աշխատակազմը վերադարձնում է գրությունը` նշելով պատճառների մասին, իսկ «Հանրագրերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով սահմանված մերժման հիմքերի առկայության դեպքում մերժում է հանրագրի քննարկումը.

2) համապատասխանում է, ապա Ազգային ժողովի նախագահը հանրագիրն ուղարկում է իրավասու մշտական հանձնաժողով կամ հանձնաժողովներ, եթե հանրագիրը վերաբերում է մեկից ավելի մշտական հանձնաժողովների իրավասության
ոլորտներին:

3. Աշխատակազմը գրանցում է մշտական հանձնաժողով ուղարկված հանրագիրը եւ այն տեղադրում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

4. Մշտական հանձնաժողովի նախագահը հանրագիրն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, հանրագիրն ուղարկում է հանձնաժողովի անդամներին, որոնք կարող են հանրագիրն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում,
ներկայացնել հանրագրի պատասխանի նախագիծ: Եթե սահմանված ժամկետում հանրագրի պատասխանի նախագիծ չի ներկայացվում, ապա հանրագրի պատասխանի նախագիծը  մեկ շաբաթվա ընթացքում մշակում եւ հանձնաժողովի
քննարկմանն է ներկայացնում հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահը կարող է հանրագրի պատասխանի նախագիծ մշակել նաեւ հանձնաժողովի այլ անդամի կողմից հանրագրի պատասխանի նախագիծ ներկայացվելու
դեպքում:

5. Հանձնաժողովի նիստում հանրագրի պատասխանի նախագիծը քննարկվում է ընդհանուր կարգով: Եթե ներկայացվել են մեկից ավելի նախագծեր, ապա դրանք քննարկվում են Կանոնակարգի 112-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան:
Եթե հանրագրի պատասխանի վերաբերյալ հանձնաժողովը որոշում չի կայացնում, ապա հարցի քննարկումն համարվում է ավարտված:

6. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի որոշմամբ հաստատված հանրագրի պատասխանը, իսկ պատասխանի վերաբերյալ որոշում չկայացվելու դեպքում համապատասխան գրությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում
ուղարկում է Աշխատակազմ, որն այն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է անհատական հանրագիրը ներկայացրած անձին կամ կոլեկտիվ հանրագրում որպես պատասխանատու նշված անձին: Հանրագրի
պատասխանը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

7. Հանրագրերի վերաբերյալ Ազգային ժողովի նախագահի, մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ հանրագիրը վերադարձնելու, հանրագրի քննարկումը մերժելու վերաբերյալ Աշխատակազմի որոշումները կամ այլ գործողությունները
( անգործությունը) բողոքարկման ենթակա չեն:
(լր. 21.12.2017 ՀՕ-22-Ն)

Հոդված 124. Պատգամավորների հայտարարությունները

1. Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում գումարվող յուրաքանչյուր հերթական նիստերի երեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում պատգամավորները կարող են հանդես գալ մինչև երեքական րոպե հայտարարությամբ:

2. Հերթագրված, սակայն դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է տվյալ նիստում հայտարարությամբ հանդես գալու իրավունքից:

3.Նիստն ավարտվում է հերթագրված վերջին պատգամավորի հայտարարությունից հետո:

4.Հայտարարությունների համար հերթագրումն իրականացվում է հարցերի համար սահմանված կարգին համապատասխան:

5.Հայտարարությամբ հանդես գալու կարգը սահմանվում է Աշխատակարգով:

Հոդված 125. Խորհրդարանական լսումները

1. Խորհրդարանական լսումներ կարող են հրավիրել՝

1) Ազգային ժողովի նախագահը.

2) մշտական հանձնաժողովները, առանձին օրենքի նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովները՝ իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով.

3) խմբակցությունը՝ իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով:

2. Լսումները հրավիրվում են Ազգային ժողովի նախագահի, մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովի, ինչպես նաեւ խմբակցության որոշմամբ:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

3. Խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել մեկ լսում:

4. Լսումների անցկացման օրը չպետք է համընկնի Ազգային ժողովի նիստի օրվա հետ:

5. Լսումների արդյունքում կազմված արձանագրությունը հաստատվում է լսումները հրավիրած մարմնի որոշմամբ և տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

6. Լսումների հրավիրման, ինչպես նաև արդյունքների ամփոփման ընթացակարգերը սահմանվում են Աշխատակարգով:
 


ԳԼՈՒԽ 26

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 126. Պետական մարմինների զեկույցները, հաղորդումները, հաշվետվությունները ներկայացնելու, շրջանառության մեջ դնելու և քննարկելու ընդհանուր կարգը

1. Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների զեկույցները, հաղորդումները, հաշվետվություններն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում և շրջանառության մեջ են դրվում Կանոնակարգով և Աշխատակարգով սահմանված կարգով:

2. Հարցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո`

1) մեկամսյա ժամկետում, քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովում՝ առանց որևէ փաստաթղթի ընդունման.

2) երկամսյա ժամկետում, Խորհրդի սահմանած օրը քննարկվում է Ազգային ժողովի  հերթական նիստերում:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցերն Ազգային ժողովի նիստում քննարկվում են հետևյալ ընդհանուր կարգով՝

1) մինչև 30 րոպե տևողությամբ հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս հարցն Ազգային ժողովի քննարկմանը  ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, որից հետո նրան կարող են տրվել հարցեր.

2) հարակից զեկուցում չի լինում, եթե Կանոնակարգով կամ Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ.

3) մտքերի փոխանակություն.

4) մինչև տասնհինգական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբ հանդես են գալիս հարակից և հիմնական զեկուցողները:

Հոդված 127. Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելը և քննարկելը

1. Կառավարությունը յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարում իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց:

2. Ազգային ժողովի նիստում զեկույցը  քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հետևյալ տարբերությամբ.

1) զեկույցը ներկայացնելու համար վարչապետին հատկացվում է մինչև մեկ ժամ.

2) հարակից զեկուցմամբ կարող են հանդես գալ բոլոր մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև վարչապետի ներկայացմամբ՝ Կառավարության մինչև երեք անդամ, որից հետո նրանց կարող են հարցեր տրվել.

3) եզրափակիչ ելույթի համար վարչապետին հատկացվում է մինչև 30 րոպե:

Հոդված 128. Գլխավոր դատախազի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը

1. Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ գլխավոր դատախազի ներկայացմամբ:

Հոդված 129. Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը ներկայացնելը և քննարկելը

1. Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացմամբ:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

Հոդված 130. Հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելը և քննարկելը

1. Հաշվեքննիչ պալատը յուրաքանչյուր տարի` մինչև հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի ներկայացմամբ:

Հոդված 131. Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելը և քննարկելը

1. Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդմանը ներկայացվող պահանջները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Կենտրոնական բանկի նախագահի ներկայացմամբ: Կառավարության ներկայացուցիչն իրավունքի ունի հանդես գալու հարակից զեկուցմամբ:

Հոդված 132. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացնելը և քննարկելը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև յուրաքանչյուր երկրորդ տարվա ապրիլի 1-ը, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրություններից հետո՝ մեկամսյա ժամկետում, Ազգային ժողով է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ հաղորդում:

2. Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո հաղորդումը Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:

Հոդված 133.  Տեղեկատվության ազատության վիճակի մասին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդմումը ներկայացնելը և քննարկելը

1. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը,  Ազգային ժողով է ներկայացնում իր գործունեության, հեռուստատեսությունում և ռադիոյում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդում:

2.  Ազգային ժողովի նիստում հաղորդումը Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:
 
 

ԲԱԺԻՆ 6

ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ, ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ, ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

ԳԼՈՒԽ 27

ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

Հոդված 134. Պաշտոնում թեկնածու առաջադրելը

1. Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոնում թեկնածուներն առաջադրվում են Սահմանադրությամբ, Կանոնակարգով և այլ օրենքով սահմանված կարգով:

2. Պաշտոնում թեկնածու առաջադրելիս հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

3. Թեկնածուն վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքն ստանալու նպատակով բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի՝ ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:
(լր., փոփ., 17.01.2018 ՀՕ-50-Ն)

4. Թեկնածուն վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքն ստանալու նպատակով բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին դիմում տալու օրվան նախորդող 2190 օրերի ընթացքում նա առնվազն 1095 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի՝ ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:
(լր., փոփ., 17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Եթե թեկնածուն զբաղեցնում է ընտրվող կամ նշանակվող պաշտոնի համար Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող պաշտոն, ապա այդ պահանջներին վերաբերող փաստաթղթերը կարող են չներկայացվել:

6. Ազգային ժողովի կողմից ընտրվող պաշտոնում թեկնածուների առաջադրման փաստաթղթերի ցանկը սահմանվում է Աշխատակարգով:

7. Պաշտոնում թեկնածուների առաջադրման փաստաթղթերը գրանցում, նրանց անձնական գործերը նախապատրաստում և Կանոնակարգով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի նախագահին կամ իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին է ներկայացնում Աշխատակազմը, որը՝

1) իրավասու անձի պահանջով տրամադրում է թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

2) մինչև թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալը իրավասու անձին տեղեկացնում է Կանոնակարգի պահանջներին թեկնածուի առաջադրման փաստաթղթերի անհամապատասխանության մասին՝  առաջարկելով ուղղել դրանցում առկա ձևական սխալները, իսկ փաստաթղթերի ցանկն ամբողջական չլինելու դեպքում՝ համալրել այդ ցանկը.

3) թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաև Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին է տրամադրում թեկնածուի անձնական գործը:

Հոդված 135.Պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերի քննարկման ընդհանուր ընթացակարգը

1. Պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերն Ազգային ժողովի նիստում քննարկվում են հետևյալ ընդհանուր կարգով.

1) մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներով՝ ըստ թեկնածուների ազգանվան այբբենական հաջորդականության հանդես են գալիս թեկնածուներին ներկայացնելու իրավասություն ունեցող անձինք.

2) մինչև քսանական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս թեկնածուները.

3) թեկնածուին ներկայացնող անձը և թեկնածուն ելույթ են ունենում հաջորդաբար.

4) ելույթից հետո թեկնածուին ներկայացնող անձին և թեկնածուին կարող են հարցեր տրվել.

5) մտքերի փոխանակություն.

6) մինչև տասական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբ հանդես են գալիս թեկնածուները:

2. Թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչև եզրափակիչ ելույթների ավարտը:

3. Պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերը կարող են Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում կամ նիստում քննարկվել թեկնածուների առաջադրման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո:

4. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված անձը Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի նիստում տրված երդմամբ:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

Հոդված 136. Ազգային ժողովի նախագահի ընտրությունը

1. Ազգային ժողովի նախագահի ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաև նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում:

2. Ազգային ժողովի կազմից՝ Ազգային ժողովի նախագահի մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները:

3. Ազգային ժողովի նախագահի թեկնածուներն առաջադրվում են՝

1) Ազգային ժողովի առաջին նստաշրջանում՝ Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման սկզբում.

2) Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝  տասնօրյա ժամկետում:

4. Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նրա ընտրության հարցը քննարկվում է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:

5. Հարցը քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով հետևյալ տարբերությամբ.

1) թեկնածուներին ներկայացնելու համար հատկացվում է մինչև տասական րոպե.

2) թեկնածուների ելույթների համար հատկացվում է մինչև 30 րոպե.

3) թեկնածուների եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչև տասնհինգական րոպե:

6. Ազգային ժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

7. Եթե քվեարկությանը մասնակցել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցը քննարկվում է Կանոնակարգի 139-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

8. Եթե Ազգային ժողովի նախագահ չի ընտրվում, ապա սույն հոդվածով սահմանված կարգով անցկացվում է Ազգային ժողովի նախագահի նոր ընտրություն:

Հոդված 137. Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրությունները

1. Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաև նրանց պաշտոնները թափուր մնալու դեպքում:

2. Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալների պաշտոնները միաժամանակ թափուր մնալու այլ դեպքերում թեկնածուների առաջադրումը, քննարկումը և քվեարկությունն իրականացվում են առանձին-առանձին:

3. Ազգային ժողովի կազմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները: Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկի թեկնածուն կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից:

4. Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուներն առաջադրվում են՝

1) Ազգային ժողովի առաջին նստաշրջանում՝ Ազգային ժողովի նախագահի յուրաքանչյուր տեղակալի ընտրության հարցի քննարկման սկզբում.

2) Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը թափուր մնալուց հետո՝  տասնօրյա ժամկետում:

5. Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը թափուր մնալու դեպքում նրա ընտրության հարցը քննարկվում է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ առաջիկա հերթական նիստերում:

6. Ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով:

7. Ազգային ժողովի նախագահի տեղակալն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

8. Եթե քվեարկությանը մասնակցել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցը քննարկվում է Կանոնակարգի 139-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

9. Եթե Ազգային ժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա սույն հոդվածով սահմանված կարգով անցկացվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալի նոր ընտրություն:

Հոդված 138. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրությունները

1. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաև նրանց պաշտոնը թափուր մնալու դեպքում:

2. Մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունք ունի սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով որոշված խմբակցությունը: Թեկնածուների առաջադրման իրավունքը պահպանվում է մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

3. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը` ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է Գխ =Ախ/(Պխ +1) բանաձևով, որտեղ՝

1) Գխ-ն յուրաքանչյուր պաշտոնի համար խմբակցության ստացած գործակիցն է.

2) Ախ-ն խմբակցության անդամների ընդհանուր թիվն է.

3)  Պխ -ն հերթական պաշտոնի համար խմբակցության գործակիցը հաշվելիս թեկնածու առաջադրելու իրավունքով խմբակցությանը վերապահված մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոնների ընդհանուր թիվն է: Գործակիցների հաշվարկի սկզբում Պխ-ն հավասար է զրոյի:

4. Գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը վերապահվում է մշտական հանձնաժողովների նախագահներից կամ նրանց տեղակալներից մեկի թեկնածուին առաջադրելու իրավունքը: Հաջորդ պաշտոնում առաջադրելու իրավունքը վերապահվում  է մյուս խմբակցությունների համեմատ առավել մեծ գործակից ունեցող խմբակցությանը: Հավասար` ամենամեծ գործակիցների դեպքում մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի հերթական պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշվում է հավասար գործակիցներ ունեցող խմբակցությունների փոխհամաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` վիճակահանությամբ: Գործակիցների հաշվարկը կրկնվում է մինչև մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների` վերջին պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշելը:

5. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը որոշելուց հետո խմբակցությունները կարող են փոխհամաձայնությամբ փոխանակել կամ միմյանց զիջել մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրենց իրավունքը:

6. Մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուներն առաջադրվում են՝

1) Ազգային ժողովի առաջին նստաշրջանում՝ յուրաքանչյուր մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման սկզբում.

2)  մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝  տասնօրյա ժամկետում:

7. Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նրա ընտրության հարցը քննարկվում է թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:

8. Մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով:

9. Մշտական հանձնաժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

10. Եթե մշտական հանձնաժողովի նախագահը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար առաջադրում է նոր թեկնածու:

11.  Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն ընտրվում է իրավասու խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի առաջադրմամբ՝ հանձնաժողովի որոշմամբ: Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն անցկացվում է հանձնաժողովի կազմը հաստատվելուց, ինչպես նաև նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

12.  Եթե խմբակցությունը Կանոնակարգով սահմանված ժամկետում մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:

Հոդված 139. Հանրապետության նախագահի ընտրությունը

1.Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ, իսկ արտահերթ ընտրությունը՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո:

2. Հերթական ընտրության դեպքում Հանրապետության նախագահի թեկնածուները կարող են առաջադրվել Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան հիսուն օր, և ոչ ուշ, քան քառասուն օր առաջ, իսկ արտահերթ ընտրության դեպքում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

3. Հանրապետության նախագահի թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական ծառայությունում ծառայողները, զինծառայողները:

4. Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:

5. Հանրապետության նախագահի թեկնածուն առաջադրվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի գրավոր դիմումով, որտեղ նշվում են Հանրապետության նախագահի թեկնածուի, ինչպես նաև նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորների ներկայացուցչի անունները, ազգանունները: Դիմումին կցվում են  Սահմանադրությամբ սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Սահմանադրության կամ սույն հոդվածի 3-րդ մասի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը դիմումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է պատգամավորների ներկայացուցչին` նշելով պատճառների մասին:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

6. Հանրապետության նախագահի ընտրության հարցը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների ապահովման դեպքում քննարկվում է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, իսկ այդ ժամկետներում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում, որի մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

7. Հարցը քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով հետևյալ տարբերությամբ.

1) թեկնածուներին ներկայացնելու համար հատկացվում է մինչև տասնհինգական րոպե.

2) թեկնածուների ելույթների համար հատկացվում է մինչև մեկ ժամ.

3) թեկնածուների եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչև երեսնական րոպե:

8. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը:

9. Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Հարցը քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով հետևյալ տարբերությամբ.

1) թեկնածուներին ելույթի համար հատկացվում է մինչև տասնհինգական րոպե.

2) մտքերի փոխանակության ընթացքում մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներով կարող են հանդես գալ միայն խմբակցությունների ներկայացուցիչները:

10. Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցը քննարկվում է սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

11. Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

12. Եթե Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված ժամկետում Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ հնգօրյա ժամկետում, կարող են առաջադրվել Հանրապետության նախագահի նոր թեկնածուներ, իսկ տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:

13. Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում՝ Կանոնակարգի 49-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 140. Վարչապետի ընտրությունը

1. Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, խմբակցությունն իրավունք ունի՝

1) առաջադրելու վարչապետի մեկ թեկնածու, կամ

2) քաղաքական կոալիցիա կազմել այլ խմբակցության հետ և առաջադրելու վարչապետի մեկ թեկնածու:

2. Վարչապետի թեկնածուն առաջադրվում է խմբակցության, իսկ քաղաքական կոալիցիայի դեպքում` կոալիցիայի կազմում ընդգրկված բոլոր խմբակցությունների որոշմամբ: Որոշման մեջ նշվում են վարչապետի թեկնածուի եւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող խմբակցության ( խմբակցությունների) ներկայացուցչի անունները, ազգանունները: Որոշմանը կցվում են Սահմանադրությամբ սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Սահմանադրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը որոշումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վեց ժամվա ընթացքում վերադարձնում է խմբակցությանը` նշելով պատճառների մասին:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

3.Սույն հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերով նախատեսված դեպքերում վարչապետի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը: Այդ օրն Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում վարչապետի ընտրության հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում, որի մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

4. Սույն հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերով նախատեսված դեպքերում վարչապետի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 139-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Վարչապետն ընտրվում է անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Այդ դեպքում վարչապետի թեկնածուները կարող են առաջադրվել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված քվեարկությունից հետո` վեց օրվա ընթացում:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

7. Պատգամավորների առնվազն մեկ երրորդը վարչապետի թեկնածուին առաջադրում է գրավոր դիմումով, որտեղ նշվում են վարչապետի թեկնածուի, ինչպես նաև նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորի անունները, ազգանունները: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Սահմանադրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը դիմումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վեց ժամվա ընթացքում վերադարձնում է պատգամավորների ներկայացուցչին` նշելով պատճառների մասին:
(փոփ., լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

8. (մասն ուժը կորցրել է 17.01.2018 ՀՕ-50-Ն)

9. Եթե անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
(փոփ.17.01.2018 ՀՕ-50-Ն)

10.Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:

Հոդված 141. Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը

1. Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունն անցկացվում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալու դեպքում, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում:*
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի ինը դատավորից երեքին ընտրում է Հանրապետության նախագահի, երեքին՝ Կառավարության, երեքին` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ:

3. Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ Կառավարությունը՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն ավարտվելու կամ պաշտոնավարման տարիքը լրանալու դեպքում՝ Սահմանադրական դատարանի նախագահի կողմից համապատասխան տեղեկությունն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:*
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն, խմբ. 07.02.2018 ՀՕ-96-Ն)

4. Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն առաջադրվում է Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով, որտեղ նշվում են  Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի և նրան ներկայացնելու իրավասություն ունեցող անձի անունները, ազգանունները: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ և օրենքով  սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը դիմումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է թեկնածուին առաջադրող մարմնին` նշելով պատճառների մասին, որն էլ պարտավոր է հնգօրյա ժամկետում առաջադրել նոր թեկնածու:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարությամբ:
(փոփ.17.01.2018 ՀՕ-50-Ն)

6. Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվում է թեկնածուի առաջադրումից հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, Կանոնակարգի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:

7. Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում ընտրվելու դեպքում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնն ստանձնում է Սահմանադրական դատարանի համապատասխան դատավորի լիազորությունների ավարտման կամ պաշտոնավարման տարիքը լրանալու օրը:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

8. Եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է նոր թեկնածու:*

(*141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերը ճանաչվել են Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությանը,166-րդ հոդվածի 9-րդ մասին և 167-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող՝ ՍԴՈ 1434 որոշմամբ: Սույն որոշմամբ սահմանված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է նախատեսվել 2019 թվականի ապրիլի 1-ը:)

Հոդված 142.Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը

1. Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում:

2. Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ՝ Վճռաբեկ դատարանի կազմից:

3. Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուին առաջարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից տասնօրյա, իսկ այլ հիմքով պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ մեկամսյա ժամկետում: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը դիմումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է Բարձրագույն դատական խորհուրդ` նշելով պատճառների մասին, որն էլ պարտավոր է հնգօրյա ժամկետում առաջարկել նոր թեկնածու:
(խմբ.17.01.2018 ՀՕ-50-Ն, խմբ. 07.02.2018 ՀՕ-96-Ն)

4. Թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարությամբ:
(փոփ.17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Վճռաբեկ դատարանի նախագահի  ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով, թեկնածուի առաջադրումից հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում: Թեկնածուին ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

6. Վճռաբեկ դատարանի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

7. Եթե Վճռաբեկ դատարանի նախագահը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացնում է Վճռաբեկ դատարանի նախագահի նոր թեկնածու:

Հոդված 143. Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրությունը

1. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունն անցկացվում է Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալու դեպքում:

2. Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին  ընտրում է՝ դատավորի յուրաքանչյուր տեղի համար Բարձրագույն դատական խորհրդի ներկայացրած երեք թեկնածուների թվից:

3. Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին ներկայացնում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից՝ տասնօրյա, իսկ այլ հիմքով պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ մեկամսյա ժամկետում: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը դիմումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է Բարձրագույն դատական խորհրդին` նշելով պատճառների մասին, որն էլ պարտավոր է հնգօրյա ժամկետում ներկայացնել նոր թեկնածու:
(խմբ.17.01.2018 ՀՕ-50-Ն, խմբ. 07.02.2018 ՀՕ-96-Ն)

4. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարությամբ:
(փոփ.17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով, թեկնածուների առաջադրումից հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:  Թեկնածուներին ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը: Հանրապետության նախագահին առաջարկվող՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

6. Եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցը քննարկվում է Կանոնակարգի 139-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

7. Եթե Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրում է նոր թեկնածուներ:

8. Ազգային ժողովի նախագահը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշումը երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում.

1) նշանակում է Վճռաբեկ դատարանի դատավորին, կամ՝

2) Ազգային ժողովի որոշումն իր առարկություններով վերադարձնում է Ազգային ժողով:

9. Ազգային ժողովի վերադարձված որոշումը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, հետևյալ կարգով՝

1) մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը, որից հետո նրան կարող են հարցեր տրվել.

2) մտքերի փոխանակության ընթացքում՝ մինչև տասական րոպե տևողությամբ ելույթով կարող են հանդես գալ միայն խմբակցությունների ներկայացուցիչները.

3) մինչև 10 րոպե եզրափակիչ ելույթով կարող է հանդես գալ Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը.

4) եզրափակիչ ելույթներից հետո քվեարկության է դրվում Հանրապետության նախագահի առարկությունն ընդունելու մասին հարցը:

10. Եթե Ազգային ժողովը չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահն ստորագրում է Վճռաբեկ դատարանի դատավորին նշանակելու մասին հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն մասով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի առաջարկած թեկնածուին Վճռաբեկ դատարանի դատավոր նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

11. Եթե Ազգային ժողովն ընդունում է Հանրապետության նախագահի առարկությունը, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրում է նոր թեկնածուներ:

Հոդված 144. Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը

1. Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի կողմից ընտրված  Բարձրագույն դատական խորհրդի անդամի՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, և ոչ ուշ, քան մեկ օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

2. Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները: Թեկնածուն առաջադրվում է խմբակցության որոշմամբ: Որոշման մեջ նշվում են Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի եւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող խմբակցության ներկայացուցչի անունները, ազգանունները: Որոշմանը կցվում են Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը որոշումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է խմբակցությանը` նշելով պատճառների մասին:
(խմբ.17.01.2018 ՀՕ-50-Ն)

3. Թեկնածուները կարող են առաջադրվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ՝

1)  լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, և ոչ ուշ, քան ութսուն օր առաջ.

2)  պաշտոնը թափուր մնալուց հետո` տասնօրյա ժամկետում:

4. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ավարտից առնվազն հարյուր օր առաջ,  ինչպես նաև նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմն այդ մասին գրավոր տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին և խմբակցություններին:

5. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարությամբ:
(փոփ.17.01.2018 ՀՕ-50-Ն)

6. Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով, թեկնածուների ներկայացման ժամկետը լրանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:

7. Բարձրագույն դատական խորհրդի անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամը իր պաշտոնը ստանձնում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ավարտման օրը:

8. Եթե քվեարկությանը մասնակցել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցը քննարկվում է Կանոնակարգի 139-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

9. Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար խմբակցությունները կարող են ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի նոր թեկնածու:

Հոդված 145. Իրավասու մշտական հանձնաժողովների առաջադրմամբ պաշտոնատար անձանց ընտրության կարգը

1. Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի և մյուս անդամների, Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների և խորհրդի մյուս անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրությունն անցկացվում է համապատասխան պաշտոնատար անձի՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, և ոչ ուշ, քան մեկ օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

2. Ազգային ժողովին սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնում թեկնածու է առաջարկվում  Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ խմբակցությունների առաջադրած մեկական թեկնածուների թվից:

3. Թեկնածուները կարող են առաջադրվել սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, և ոչ ուշ, քան ութսուն օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի լիազորությունների ավարտից առնվազն հարյուր օր առաջ,  ինչպես նաև նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմն այդ մասին գրավոր տեղեկացնում է իրավասու մշտական հանձնաժողովին և խմբակցություններին:

4.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնում թեկնածուն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին է առաջադրվում խմբակցության որոշմամբ: Որոշման մեջ նշվում են թեկնածուի եւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող խմբակցության ներկայացուցչի անունները, ազգանունները: Որոշմանը կցվում են Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը որոշումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է խմբակցությանը` նշելով պատճառների մասին:
(լր.17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը հանդես է գալիս խմբակցությունների առաջադրած թեկնածուների, ինչպես նաև Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկման օրվա և ժամի մասին հայտարարությամբ:
(փոփ.17.01.2018 ՀՕ-50-Ն)

6. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իրավասու մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին է առաջարկում  սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի թեկնածու: Եթե այդ ժամկետում թեկնածու չի առաջարկվում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:

7. Ազգային ժողովին սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի նիստում: Հարցի քննարկման ավարտից հետո՝ 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ուղարկում հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը:

8. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով, թեկնածուի առաջարկման օրվան հաջորդող Ազգային ժողովի հերթական նիստերում:

9. Գլխավոր դատախազը, Մարդու իրավունքների պաշտպանը, Հաշվեքննիչ պալատի նախագահը և մյուս անդամները, Կենտրոնական բանկի նախագահը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

10. Կենտրոնական բանկի նախագահի տեղակալները, ինչպես նաև Կենտրոնական բանկի նախագահից բացի, Կենտրոնական բանկի խորհրդի մյուս անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

11. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում նորընտիր գլխավոր դատախազը, Մարդու իրավունքների պաշտպանը, Հաշվեքննիչ պալատի  նախագահը և մյուս անդամները, Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները և խորհրդի մյուս անդամները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն իրենց պաշտոնը ստանձնում են համապատասխան պաշտոնատար անձի լիազորությունների ավարտման օրը:

12. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:

Հոդված 146. Ինքնավար մարմինների անդամների նշանակումը

1. Օրենքով ստեղծված ինքնավար մարմինների անդամները նշանակվում են օրենքով և հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշմամբ սահմանված կարգով, գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
 
 

ԳԼՈՒԽ 28

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵԼՈՒ, ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ, ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

Հոդված 147. Պաշտոնատար անձանց լիազորությունները դադարելու ընդհանուր կարգը

1. Վարչապետից և վճռաբեկ դատարանի դատավորներից բացի, Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված մյուս պաշտոնատար անձինք հրաժարականի մասին իրենց գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում են Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։

2. Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝

1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.

2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

3. Սահմանադրությամբ կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձի լիազորությունների վաղաժամկետ դադարման փաստն արձանագրում է Ազգային ժողովի նախագահն՝ այդ մասին պաշտոնապես տեղեկացվելուց  հետո՝ երեք օրվա ընթացքում:

4. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարած՝ Ազգային ժողովի նախագահի կողմից փաստն արձանագրվելու և այդ մասին հայտարարությամբ հանդես գալու պահից:

Հոդված 148. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների լիազորությունների դադարումը

1. Ազգային ժողովի նախագահի կամ նրա տեղակալի լիազորությունները դադարում են, եթե՝

1) դադարել կամ դադարեցվել են նրա պատգամավորական լիազորությունները.

2) նա հրաժարական է տվել.

3) նա դուրս  է եկել կամ հեռացվել է խմբակցությունից, եթե պաշտոնում ընտրվել է միայն այդ խմբակցության առաջադրմամբ:

2. Ազգային ժողովի նախագահի՝ ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից ընտրված տեղակալի լիազորությունները դադարում են նաև այն դեպքում, երբ նրա խմբակցությունը դադարում է համարվել ընդդիմադիր:

Հոդված 149. Ազգային ժողովի նախագահին, նրա տեղակալներին հետ կանչելու կարգը

1. Ազգային ժողովի նախագահին կամ նրա տեղակալին հետ կանչելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

2. Ազգային ժողովի նախագահին հետ կանչելու մասին հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է հետևյալ կարգով՝

1) մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս հիմնական զեկուցողը.

2) մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ Ազգային ժողովի նախագահը.

3) ելույթից հետո հիմնական զեկուցողին և Ազգային ժողովի նախագահին  կարող են հարցեր տրվել.

4) մտքերի փոխանակություն.

5) մինչև տասնհինգական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբ կարող են հանդես գալ հիմնական զեկուցողը և Ազգային ժողովի նախագահը:

3. Ազգային ժողովի նախագահին կամ նրա տեղակալին հետ կանչելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 150. Մշտական հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի լիազորությունների դադարումը և դադարեցումը

1. Մշտական հանձնաժողովի  նախագահի կամ նրա տեղակալի լիազորությունները դադարում են, եթե՝

1) դադարել կամ դադարեցվել են նրա պատգամավորական լիազորությունները.

2)  նա հրաժարական է տվել.

3)  նա դուրս է եկել կամ հեռացվել խմբակցությունից:

2. Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

3.Մշտական հանձնաժողովի  նախագահի լիազորությունների դադարեցման հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 149-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ՝ հիմնական զեկուցողից հետո ելույթ կարող է ունենալ, հարցերին պատասխանել, ինչպես նաև եզրափակիչ ելույթ մշտական հանձնաժողովի նախագահ:

4. Մշտական հանձնաժողովի  նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

5. Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները կարող են դադարեցվել հանձնաժողովի որոշմամբ:

Հոդված 151. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու կարգը

1. Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար:

2. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

3. Հարցն Ազգային ժողովում քննարկվում է Կանոնակարգի 149-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ՝

1) հիմնական զեկուցողից հետո ելույթ կարող է ունենալ և հարցերին պատասխանել, ինչպես նաև եզրափակիչ ելույթ ունենալ Հանրապետության նախագահը.

2) եզրափակիչ ելույթում, հիմնական զեկուցողի առաջարկով, Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար, Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, դիմում է Սահմանադրական դատարան, և հարցի քննարկումն ընդմիջվում է մինչև Սահմանադրական դատարանի եզրակացության ստանալը: Եթե Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա նախագիծը հանվում է շրջանառությունից:

4. Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին հարցի քննարկումը համարվում է ավարտված, Ազգային ժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից, և այն փաստերը, որոնք հերքվել են Սահմանադրական դատարանի որոշմամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի նախագծի հիմքում չեն կարող դրվել:

5. Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերն առկա են, ապա եզրակացությունը ստանալուց հետո հարցի քննարկումը՝

1) վերսկսվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, կամ

2) կարող է վերսկսվել այդ հարցով նախաձեռնված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում կամ նիստում:

6. Քննարկումը վերսկսվելու դեպքում մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներով կարող են հանդես գալ խմբակցությունների ներկայացուցիչները և Հանրապետության նախագահը, որից հետո անցկացվում է քվեարկություն:

7. Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

8. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:

9. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը կարող է հետ վերցվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում եւ շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով:
(լր.17.01.2018 ՀՕ-50-Ն)

Հոդված 152.Վարչապետին անվստահություն հայտնելու կարգը

1. Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

2. Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել:

3. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

4. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի գրավոր դիմումով, որտեղ նշվում են նոր վարչապետի թեկնածուի, ինչպես նաև նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորների ներկայացուցչի անունները, ազգանունները: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ և օրենքով  սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը:

5. Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց ոչ շուտ,  քան քառասունութ, և ոչ ուշ, քան հիսուն ժամ հետո վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, իսկ այդ ժամկետներում հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
(լր.17.01.2018 ՀՕ-50-Ն)

6. Հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է հետևյալ կարգով՝

1) մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը՝

ներկայացնելով վարչապետին անվստահություն հայտնելու մասին նախագիծը և նոր վարչապետի թեկնածուին.

2) մինչև մեկ ժամ տևողությամբ ելույթով հանդես է գալիս վարչապետը.

3) մինչև մեկ ժամ տևողությամբ ելույթով հանդես է գալիս նոր վարչապետի թեկնածուն.

4) ելույթից հետո հիմնական զեկուցողին, վարչապետին և նոր վարչապետի թեկնածուին

կարող են տրվել հարցեր.

5) մտքերի փոխանակություն.

6) մինչև 15 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը.

7)  վարչապետին և նոր վարչապետի թեկնածուին եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչև երեսնական րոպե:

7. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

8. Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցի քննարկման ընթացքում արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում, ապա հարցի քննարկումն ընդհատվում է, և վերսկսվում է արտակարգ կամ ռազմական դրությունն ավարտվելուց ոչ շուտ,  քան քառասունութ, և ոչ ուշ, քան հիսուն ժամ հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, իսկ այդ ժամկետներում հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով  անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում հարցի քննարկումը վերսկսելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:


(լր.17.01.2018 ՀՕ-50-Ն)

9. Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշումը Սահմանադրության 115-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում՝

1) ընդունվում է, ապա համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել և նոր վարչապետն ընտրվել է.

2) չի ընդունվում, ապա հարցի քննարկումն համարվում է ավարտված, նախագիծը շրջանառությունից հանվում է, և նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո:

10. Ազգային ժողովի նախագահը վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:

Հոդված 153. Սահմանադրության սահմանված պայմանները խախտելու դեպքում Ազգային ժողովի կողմից ընտրված պաշտոնատար անձանց լիազորությունների դադարեցման կարգը

1. Սահմանադրության 95-րդ հոդվածով պատգամավորների համար սահմանված անհամատեղելիության պահանջներից որևէ մեկը խախտելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի, Կենտրոնական բանկի խորհրդի անդամների լիազորությունները կարող են դադարեցվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Օրենքով սահմանված  դեպքերում գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերից բացի, Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված որևէ այլ պայման խախտելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի կամ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Նախագիծն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 149-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ՝ հիմնական զեկուցողից հետո ելույթ կարող է ունենալ և հարցերին պատասխանել, ինչպես նաև եզրափակիչ ելույթ ունենալ նախագծում նշված պաշտոնատար անձը:

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Սահմանադրության պայմաններից որևէ մեկը խախտելու վերաբերյալ եզրակացությունն Ազգային ժողով է ներկայացնում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Եզրակացությունը ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահն ապահովում է դրա տրամադրումը պատգամավորներին, իսկ եզրակացությունում նշված պաշտոնատար անձի լիազորությունների դադարեցման մասին հարցը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:

5. Եզրակացությունում նշված պաշտոնատար անձն առնվազն մեկ շաբաթ առաջ գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման մասին: Նրա բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ՝ երկուական շաբաթով, որից հետո այն քննարկվում է հաջորդ հերթական նիստերում՝ անկախ նրա ներկայությունից:

6. Եզրակացությունում նշված պաշտոնատար անձի լիազորությունների դադարեցման մասին հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 149-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ՝ որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, որից հետո ելույթ կարող է ունենալ և հարցերին պատասխանել եզրակացությունում նշված պաշտոնատար անձը:

7. Հարցի քննարկման ավարտին քվեարկության է դրվում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ եզրակացությունում նշված պաշտոնատար անձի լիազորությունների դադարեցման մասին հարցը:

8. Գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու մասին, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի, Կենտրոնական բանկի նախագահի, Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, իսկ Կենտրոնական բանկի խորհրդի մյուս անդամների լիազորությունները դադարեցնելու  վերաբերյալ որոշումը՝ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 153.1. Ազգային ժողովի կողմից նշանակված ինքնավար մարմինների անդամների լիազորությունների դադարեցման կարգը

1. Ազգային ժողովի կողմից նշանակված ինքնավար մարմնի անդամի լիազորություններն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում կարող են դադարեցվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում եւ շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով:

2. Ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 149-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ` հիմնական զեկուցողից հետո ելույթ կարող է ունենալ, հարցերին պատասխանել, ինչպես նաեւ եզրափակիչ ելույթ ունենալ Ազգային ժողովի որոշման նախագծում նշված ինքնավար մարմնի անդամը:

3. Ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:


(լր.17.01.2018 ՀՕ-50-Ն)
 
 

ԲԱԺԻՆ 7

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 29

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

Հոդված 154. Պատգամավորի լիազորությունների դադարման կարգը

1. Պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե՝

1) ավարտվել է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը.

2) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

3) նա ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

4) նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի

մեջ է մտնել.

5) նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել.

6) նա տվել է հրաժարական:

2.Պատգամավորն իր հրաժարականը ներկայացնում է Կանոնակարգի 155-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-ից 6-րդ մասերով նախատեսված դեպքերում՝ համապատասխան փաստաթղթերի հիման վրա, կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հոդված 155. Պատգամավորի հրաժարական տալու կարգը

1.Պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։

2. Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝

1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.

2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:


 

ԳԼՈՒԽ 30

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 156.  Մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելը

1. Յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը, ինչպես նաև կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:

2. Պատգամավորի մասնակցությունը քվեարկություններին Աշխատակարգով սահմանված կարգով հաշվառում է Աշխատակազմը:

3. Քվեարկությունից պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե՝

1) (կետն ուժը կորցրել է 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ հարգելի պատճառով նրա բացակայելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է համապատասխան փաստաթուղթ.

3) նա Ազգային ժողովի կողմից ուղարկվել է գործուղման.

4) նա ձերբակալվել է, կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, և նա չի դատապարտվել ազատազրկման, կամ նրա նկատմամբ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում.

5) նա զբաղեցնում է պատգամավորի կարգավիճակով պայմանավորված պաշտոն, և բացակայությունը պայմանավորված է իր պաշտոնական պարտականությունների կատարմամբ.

6) շահերի բախում առաջանալու դեպքում նա «Հայաստանի Հանրապետության պատգամավորի

գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հանդես է եկել տվյալ քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ.

7) խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը քվեարկությունից առաջ Ազգային ժողովի նիստում հանդես է եկել տվյալ քվեարկությանը   մասնակցելուց՝ խմբակցության  հրաժարվելու մասին  հայտարարությամբ: Խմբակցությունը կարող է քվեարկություններին մասնակցելուց  հրաժարվել Ազգային ժողովի տվյալ գումարման միայն մեկ նստաշրջանում.

8) նա զրկվել է Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից:

4. Եթե տեղեկանքի համաձայն պատգամավորը նախորդ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է, ապա Ազգային ժողովի նախագահը տեղեկանքը ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, հրավիրում է Խորհրդի նիստ՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցով, և անհապաղ գրավոր տեղեկացնում է պատգամավորին:

5. Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով և վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված Խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից:

6. Յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ հարցը քննարկվում է առանձին: Հարցի քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավորը կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ եզրափակիչ ելույթով:

7. Եթե հարցի քննարկումը սկսվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում՝

1) ընդունում է, ապա Ազգային ժողովի նախագահն այն 24 ժամվա ընթացքում ուղարկում է Սահմանադրական դատարան՝ նշելով Սահմանադրական դատարանում հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձի անունը, ազգանունը.


(փոփ.17.01.2018 ՀՕ-50-Ն)

2) չի ընդունում, ապա Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Հոդված 157. Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելը

1. Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը, ինչպես նաև կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, եթե՝

1) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն Ազգային ժողով է ներկայացրել պատգամավորի կողմից Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու վերաբերյալ եզրակացություն.

2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար պատգամավորի նկատմամբ նշանակվել է տուգանք.

3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար պատգամավորը զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

4) ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար պատգամավորը ենթարկել է վարչական պատասխանատվության:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում համապատասխան դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, իրավասու դատարանը դատավճռի պատճենն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում համապատասխան որոշումն ընդունելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, իրավասու մարմինը  որոշման պատճենն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում համապատասխան փաստաթուղթն ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հրավիրում է Խորհրդի նիստ՝ փաստաթղթում նշված պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար, և այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնում պատգամավորին:

5.Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով և վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված Խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից:

6. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը Խորհրդի նիստում ներկայացնում է հանձնաժողովի նախագահը, իսկ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մյուս հիմքերը՝ Ազգային ժողովի նախագահը: Հարցի քննարկման ընթացքում՝ համապատասխան փաստաթղթում նշված պատգամավորը կամ նրա լիազորած այլ անձը կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ եզրափակիչ ելույթով:

7. Հարցի քննարկման ավարտին քվեարկության է դրվում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը:

8. Եթե հարցի քննարկումն սկսվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում՝

1) ընդունում է, ապա Ազգային ժողովի նախագահն այն 24 ժամվա ընթացքում ուղարկում է Սահմանադրական դատարան՝ նշելով Սահմանադրական դատարանում հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող պատգամավորի անունը, ազգանունը.

2)  չի ընդունում, ապա Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:


 
 

ԲԱԺԻՆ 8

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 31

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ

Հոդված 158. Միջխորհրդարանական համաձայնագրերը և բարեկամական խմբերը

1. Ազգային ժողովը կարող է այլ երկրի օրենսդիր կամ բարձրագույն ներկայացուցչական մարմնի հետ կնքել միջխորհրդարանական համաձայնագիր, որով կարգավորվում են բարեկամության և համագործակցության, փորձի փոխանակման, փոխօգնության, խորհրդարանական բարեկամական խմբեր կազմելու, պատվիրակությունների փոխանակության և այլ հարաբերություններ:

2. Միջխորհրդարանական համաձայնագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, որը ձևակերպվել է համաձայնագրի, հուշագրի, արձանագրության կամ միջազգային ասպարեզում ընդունված այլ անվամբ փաստաթղթի տեսքով:

3. Միջխորհրդարանական համաձայնագիրը Խորհրդի համաձայնությամբ՝ ստորագրում է Ազգային ժողովի նախագահը:

4. Միջխորհրդարանական համաձայնագիր կնքելու կամ խորհրդարանական բարեկամական խումբ ստեղծելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, խմբակցությունները, մշտական հանձնաժողովները: Նախաձեռնությունը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովում և տասնօրյա ժամկետում ներկայացվում Ազգային ժողովի նախագահին:

ԳԼՈՒԽ 32

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ՆՐԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 159. Ազգային ժողովի ծախսերը

1. Ազգային ժողովի ծախսերը կազմում են պետական բյուջեի ծախսերի մասը և պետք է ապահովեն Ազգային ժողովի բնականոն գործունեությունը:

2. Ազգային ժողովի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի (ծախսերի նախահաշվի նախագծի) կազմման աշխատանքները համակարգում է Ազգային ժողովի նախագահը:

3. Աշխատակազմը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում ու Կառավարություն է ներկայացնում Ազգային ժողովի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (այսուհետ` բյուջետային հայտը) առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

4. Բյուջետային հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում անփոփոխ, իսկ առարկության դեպքում` փոփոխված ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: Կառավարությունը բյուջետային հայտը պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացնում է Ազգային ժողով, նաև բյուջետային հայտի նկատմամբ իր փոփոխությունների հիմնավորումը:

5. Ազգային ժողովի բյուջետային միջոցներն օրենքով սահմանված կարգով տնօրինում

է Ազգային ժողովի նախագահը: Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի նախագահը Կառավարության սահմանած կարգով կարող է կատարել Ազգային ժողովի կողմից իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով պետական բյուջեի մասին օրենքով սահմանված` հատկացումների ընդհանուր գումարի 15 տոկոս չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև:

Հոդված 160. Աշխատակազմը

1. Ազգային ժողովի և նրա մարմինների  լիազորությունների ու գործառույթների իրականացմանն ուղղված մասնագիտական սպասարկումը, այդ թվում՝ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող նախագծերի կամ այլ փաստաթղթերի ձևակերպմանն ուղղված մասնագիտական աջակցությունը, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովումն  իրականացնում է Աշխատակազմը, որն ստեղծվում է օրենքով սահմանված կարգով և գործում է օրենքների և իր կանոնադրության հիման վրա:

2.  Աշխատակազմում ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են Կանոնակարգով և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 161. Խմբակցությունների գործունեության ապահովումը

1. Աշխատակազմն Ազգային ժողովի նստավայրում խմբակցություններին ապահովում է  նրանց աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ միջոցներով:

2. Խմբակցության գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում են խմբակցության գործավարը և փորձագետները, որոնք աշխատանքի են ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան խմբակցության ղեկավարի ներկայացմամբ, կատարում են նրա հանձնարարությունները, ինչպես նաև նրա հանձնարարությամբ աջակցում են խմբակցության աշխատանքին:

3. Մինչև 14 անդամ ունեցող խմբակցությունն ունենում են Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար և երեք փորձագետ, իսկ 14-ից ավելի անդամ ունեցողները` մեկ գործավար և չորս փորձագետ:

Հոդված 162. Հանձնաժողովների գործունեության ապահովումը

1. Աշխատակազմը Ազգային ժողովի հանձնաժողովներին ապահովում է  նրանց  գործունեության համար անհրաժեշտ միջոցներով:

2. Մշտական հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում է հանձնաժողովի քարտուղարությունը, որը Աշխատակազմի ստորաբաժանում է, գործում է մշտական հանձնաժողովի աշխատակարգով և Աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված կարգով՝ մշտական հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ:
(փոփ.17.01.2018 ՀՕ-50-Ն)

3. Մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ համակարգող փորձագետ, առնվազն երկու փորձագետ (մասնագետ) և մեկ գործավար (օգնական): Մշտական հանձնաժողովի գործավարը (օգնականը) աշխատանքի է ընդունվում և ազատվում աշխատանքից համապատասխան հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իսկ համակարգող փորձագետը և մյուս փորձագետները (մասնագետները)՝ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան: Մշտական հանձնաժողովի փորձագետների թիվը կարող է ավելացվել հանձնաժողովի նախագահի  առաջարկությամբ՝ Խորհրդի որոշմամբ:

4. Վերակազմակերպված կամ անվանափոխված մշտական հանձնաժողովների փորձագետների (մասնագետների) իրավական վիճակը որոշվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Առանձին օրենքի նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի, ինչպես նաև  քննիչ հանձնաժողովի գործունեության  մասնագիտական սպասարկումն իրականացնում են համապատասխան հանձնաժողովի անդամների վճարովի հիմունքներով աշխատող օգնականները կամ Աշխատակազմի համապատասխան մասնագետները:

6. Մինչև պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը պատգամավորական էթիկայի հարցերով դիմումներն ուսումնասիրում և երկշաբաթյա ժամկետում խմբակցություններին եզրակացություն  է ներկայացնում Աշխատակազմի իրավասու փորձագետը (մասնագետը), որը հանձնաժողով ստեղծվելուց հետո իրականացնում է հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումը: Աշխատակազմի իրավասու փորձագետը (մասնագետը) աշխատանքի է ընդունվում և ազատվում աշխատանքից Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 163. Բյուջետային գրասենյակը

1. Սահմանադրության 111-րդ հոդվածի 1-ին մասով Ազգային ժողովին վերապահված վերահսկողական լիազորությունների, ինչպես նաև Կանոնակարգի 20-րդ գլխով, 114-118-րդ հոդվածներով սահմանված դրույթների արդյունավետ իրականացմանը նպաստելու և պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին մասնագիտական աջակցություն ու տեղեկատվություն տրամադրելու համար կազմավորվում է Բյուջետային գրասենյակ, որն օժտված է գործառութային անկախությամբ:

2. Բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգումը և մշտադիտարկումը իրականացնում է  իրավասու մշտական հանձնաժողովը:

3. Բյուջետային գրասենյակը գործում է Կանոնակարգին, Աշխատակարգին և իր աշխատակարգին համապատասխան:

Հոդված 164. Ազգային ժողովի և նրա մարմինների գործավարությունը

1. Կանոնակարգով սահմանված կարգով Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված

նախագծերը և այլ փաստաթղթերը ենթակա են պարտադիր գրանցման:

2. Շրջանառության մեջ դրված Սահմանադրության փոփոխությունների, այլ օրենքների, ինչպես նաև Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների և ուղերձների նախագծերը գրանցվում են Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցերի ռեեստրում:

3. Նախագծերի և այլ փաստաթղթերի գրանցման, ինչպես նաև Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցերի ռեեստրի և Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքի վարումն Աշխատակարգով սահմանված կարգով իրականացնում է  Աշխատակազմը:

Հոդված 165. Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը

1. Ազգային ժողովը կարող է ունենալ իր տպագիր օրգանները:

2. Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների հրապարակային նիստերը, ինչպես

նաև խորհրդարանական  լսումներն առցանց հեռարձակվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

3 Կանոնակարգի 40-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերում նշված նիստերի տեսագրություններն Աշխատակարգով սահմանված կարգով՝ հաջորդ օրն ամբողջությամբ ցուցադրվում են հեռուստատեսությամբ:

ԲԱԺԻՆ 9

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 33

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 166. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին

նստաշրջանի բացման օրվանից, բացառությամբ՝ 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 38-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 13-15-րդ կետերի, 47-րդ, 48-րդ, 50-րդ հոդվածների, 64-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, 74-րդ հոդվածի, 76-րդ հոդվածի 2-րդ մասի, 83-րդ հոդվածի 4-րդ մասի, 93-րդ հոդվածի, 103-107-րդ հոդվածների, 109-րդ, 115-րդ հոդվածների, 121-րդ հոդվածի 11-րդ, 13-րդ և 14-րդ մասերի, 127-րդ, 130-րդ, 131-րդ, 133-րդ հոդվածների, 139-143-րդ հոդվածների, 145-րդ հոդվածի այն մասերի, որոնք վերաբերում են գլխավոր դատախազի, Հաշվեքննիչ պալատի նախագահի և մյուս անդամների, Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների և խորհրդի մյուս անդամների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրությանը, 146-րդ, 151-րդ, 152-րդ հոդվածների, 153-րդ հոդվածի այն մասերի, որոնք վերաբերում են գլխավոր դատախազին պաշտոնանկ անելուն, Հաշվեքննիչ պալատի նախագահի և մյուս անդամների, Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների և խորհրդի մյուս անդամների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների լիազորությունների դադարեցմանը, 7-րդ և 19-րդ գլուխների, ինչպես նաև Սահմանադրության 108-րդ հոդվածին, 113-րդ հոդվածի  2-րդ մասին, 115-րդ, 117-120-րդ, 122-րդ հոդվածներին և 5-8-րդ, 12-15-րդ գլուխներին առնչվող մյուս դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համաձայն՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքով սահմանված համապատասխան դրույթները:
(լր.17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքը, բացառությամբ՝

1) այն դրույթների, որոնք սույն հոդվածի 1-ին մասի համաձայն շարունակում են գործել մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը.

2) 1-ին հավելվածի 3-րդ և 4-րդ գլուխների, ինչպես նաև 2-րդ հավելվածի 2-րդ և 3 գլուխների, որոնք շարունակում են գործել մինչև Բյուջետային գրասենյակի գործունեությանն առնչվող համապատասխան ակտերի ընդունումը:

ԳԼՈՒԽ 34


ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 167. Անցումային դրույթներ

1. «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 209-րդ հոդվածի 3-րդ մասին և սույն օրենքի 65-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխանեցվում և այդ մասով ուժի մեջ է մտնում մինչև հաջորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը:

2. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սույն

2. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սույն օրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասին և 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխանեցվում և ուժի մեջ է մտնում մինչև հաջորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը:

3. Սահմանադրության 125-րդ և սույն օրենքի 139-րդ հոդվածներով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40, և ոչ ուշ, քան 30 օր առաջ: Հանրապետության նախագահի թեկնածուները կարող են առաջադրվել Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 օր, և ոչ ուշ, քան 40 օր առաջ: Հանրապետության նախագահի ընտրության երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն: Սույն մասով սահմանված ժամկետների ապահովման անհրաժեշտության դեպքում Հանրապետության նախագահի առաջին ընտրության մասին հարցը քննարկվում է սույն օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ և 4-6-րդ մասերով սահմանված կարգով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստում:




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

14.01.2017
ՀՕ-9
21.12.2017 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին
17.01.2018 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
07.02.2018 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS