ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում գործընկերները մտքեր են փոխանակել օրակարգային առաջնահերթությունների շուրջ:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հրավերի եւ ջերմ ընդունելության համար: «Մենք առանձնապես կարեւորում ենք Վրաստանի հետ մեր հարաբերությունները, եւ պատահական չէ, որ Հայաստանի կառավարության՝ 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն առաջնահերթություն է: Հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ»,-նշել է Ալեն Սիմոնյանը:
Շալվա Պապուաշվիլին վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ շարունակական երկխոսության եւ համագործակցության ամրապնդումը լրացուցիչ խթան է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար:
Խոսելով միջխորհրդարանական հարաբերություններից՝ կողմերն անդրադարձել են այցի շրջանակում խորհրդարանների արտաքին հարաբերությունների եւ մշակութային հարցերով մշտական հանձնաժողովների միջեւ ստորագրվելիք համագործակցության հուշագրերի կարեւորությանը:
Ընդգծվել է նաեւ երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը՝ շեշտելով դրանց՝ խորհրդարանների փոխնախագահների կողմից ղեկավարվելու փաստը: ՀՀ ԱԺ նախագահը նկատել է, որ կրթամշակութային համագործակցության հարթակը լավ խթան է Վրաստանի բուհերում հայագիտական կենտրոնի կամ ամբիոնի եւ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում վրացերենի ամբիոնի զարգացման հնարավորությունների համար:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմամբ: Նա հավելել է, որ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւոր գործոններից է եւ բարձր է գնահատել վրացական կողմի՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված հետաքրքրվածությունը:
Հանդիպմանը ծավալուն անդրադարձ է եղել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելուն եւ դրա հետեւանքներին:
Կողմերը քննարկել են Վրաստանի հայ համայնքին, առաջիկա համատեղ նախագծերին առնչվող աշխատանքային հարցեր: