Մարտի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին:
Ողջունելով դեսպանին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացումը եւ ամրապնդումը: Այս շրջագծում բարձր գնահատվեց ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին եւ ընդգծվեց «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շարունակականության կարեւորությունը մեր երկրում ժողովրդավարության խորացման, տնտեսության զարգացման առումով:
Ներքաղաքական խնդիրներին անդրադառնալով` Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունները ունեն բավարար կամք ԵԽԽՎ բանաձեւերի կատարման համար եւ ներկայացրեց այդ ուղղությամբ արված աշխատանքները: Ազգային ժողովը ընդունել է Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հողվածների փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի վավերացումից հետո: Խորհրդարանի նախագահը կարեւորեց բազմակարծությունը, քաղաքական ուժերի միջեւ բարենպաստ մթնոլորտի ստեղծումը` նշելով, որ բազմիցս առաջարկել է արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնել իրենց մոտեցումները եւ կառուցողական քննադատությունը:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ընդգծելով տարածաշրջանային խաղաղության եւ կայունության անհրաժեշտությունը, բարձր գնահատեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը` ուղղված հարեւանների հետ հարաբերությունների բարելավմանը եւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Համաձայնելով պարոն Աբրահամյանի
գնահատականներին, ԱՄՆ դեսպանը տեսակետ հայտնեց, որ եթե կա մեկը , ով կարող է վերացնել քաղաքական ուժերի միջեւ անջրպետը, բարելավել հայ-թուրքական հարաբերությունները եւ նպաստել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, Նախագահ Սարգսյանն է:
Տիկին Յովանովիչը նշեց, որ ամերիկյան կառավարությունը կարեւորում է Հայաստանում ժողովրդավարության զարգացումը` այս համատեքստում ընդգծելով, որ ժողովրդավարության առաջընթացի ճանապարհին կարեւոր փուլ է մայիսին ծրագրված Երեւանի ավագանու ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը: Նա հույս հայտնեց, որ բոլոր մասնակիցների համար կստեղծվեն հավասար պայմաններ եւ վարչական ռեսուրս չի կիրառվի:
ԱԺ նախագահը նույնպես կարեւորեց ընտրությունների արդար եւ թափանցիկ անցկացումը` նշելով, որ Ազգային ժողովը կանի հնարավորը խախտումները բացառելու եւ բոլորի համար հավասարաչափ հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ թրաֆիկինգին առնչվող հարցեր, պարոն Աբրահամյանը իր անհամաձայնությունը հայտնեց մարդկանց թրաֆիկինգի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցում տեղ գտած Հայաստանին վերաբերող գնահատականներին, որին ի պատասխան դեսպանը նշեց, որ ՀՀ-ն գտնվում է ցուցակի երկրորդ խմբի վերահսկման ենթակա երկրների շարքում: Տեսնելով Հայաստանի իշխանությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող դրական աշխատանքները` դեսպանը կփորձի աջակցել` Հայաստանին վերահսկման խմբից դուրս գալու հարցում:
Կողմերը անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց խնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, իսկ դեսպան Յովանովիչը նշեց, որ ԱՄՆ դիքորոշումը հիմնախնդրի կարգավորման շուրջ չի փոխվել. պետք է կիրառվեն ուժի չգործադրման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները:
Հանդիպման վերջում պարոն Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց հետագա հանդիպումներում դեսպանի հետ քննարկել բոլոր կարեւոր հարցերն ու համագործակցության ծրագրերը: