Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի եւ Սուրբ ծնունդի կապակցությամբ շնորհավորեց Ազգային ժողովի աշխատակազմին: Ողջունելով ներկաներին` պարոն Աբրահամյանն ասաց.
«Սիրելի գործընկերներ, հարգելի աշխատակիցներ
Սրտանց շնորհավորում եմ ձեր գալիք Ամանորը ու Սուրբ Ծնունդը, մաղթում եմ ձեզ առողջություն ու հաջողություն, թող որ ձեր ընտանեկան հարկի տակ թեւածի սերն ու համերաշխությունը:
Իմ պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում համատեղ աշխատանքով մենք փաստեցինք, որ նպատակադրված ու հետեւողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է արձանագրել տեսանելի հաջողություններ: Ես մեկ անգամ եւս համոզվում եմ, որ ձեռքբերումներ հնարավոր է արձանագրել միայն փոխվստահության մթնոլորտում, բարի կամքի դրսեւորման պայմաններում ու պրոֆեսիոնալ աշխատանքով:
Կարծում եմ` մեզնից յուրաքանչյուրը շատ լավ է գիտակցում, որ անելիքները շատ շատ են: Մենք իրավունք չունենք բավարարվելու մեր ձեռքբերումներով, քանզի ամեն մի գործի հաջողություն պայմանավորված է անխոնջ աշխատանքով, ստեղծագործական նոր մտահղացումներով, եղածն ավելի կատարելագործելու գիտակցությամբ ու հավատով:
Ես հավատում եմ ձեզ, ձեր ունակություններին ու կոլեկտիվ աշխատանքով դժվարությունները հաղթահարելու ձեր պատրաստակամությանը եւ հավատով եմ նայում վաղվա մեր հաջողություններին:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեր գալիք Նոր տարին եւ Սուրբ ծնունդը»: