Նոյեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ղազախստանի Սենատի նախագահ Կայրաթ Մամիի հետ: Պարոն Մամին շնորհավորեց Աժ նախագահին վերընտրության առիթով` նշելով, որ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, այս համատեքստում շեշտելով, որ Հայաստանը Ղազախստանի համար կարեւոր գործընկեր է: Պարոն Մամին նշեց, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունների խորացման գործում կարեւոր դեր ունի նաեւ հայ համայնքը. Ղազախստանում ապրում են մոտ 30 հազար հայեր:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների օգտագործմամբ` գործուն կապերի մեխանիզմների ձեւավորումը եւ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը: Պարոն Աբրահամյանը նշեց, որ երկու երկրների միջեւ ստորագրված մոտ 30 համաձայնագրերը լավ հիմք են հանդիսանում զարգացնելու փոխգործակցությունը տարբեր ուղղություններով:
Երկուստեք կարեւորվեց համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում, փոխգործակցությունը խորհրդարանների հանձնաժողովների եւ բարեկամության խմբերի մակարդակով: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ղազախստանի Սենատի նախագահին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան: