National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ
Էլ. փոստ legcom@parliament.am
Հեռ. (374-10) 513349




Կանոնակարգ
 

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ
ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
07.09.2007թ. ՈՐՈՇՄԱՄԲ
ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սահմանադրության 73-րդ հոդվածին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 21-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ստեղծվում է օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու նպատակով։

2 . Կանոնակարգի 21-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովը կազմավորվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանում եւ գործում է մինչեւ Ազգային ժողովի լիազորությունների ավարտը :

Հանձնաժողովն Ազգային ժողովի մարմին է:

3. Կանոնակարգի 21-րդ հոդվածի 3-րդ կետին եւ 25-րդ հոդվածում սահմանված սկզբունքներին համապատասխան՝ Հանձնաժողովի կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

4. Հանձնաժողովի աշխատանքային լեզուն գրական արեւելահայերենն է։ Եթե Հանձնաժողովի նիստին հրավիրված անձը ելույթ է ունենում օտար լեզվով, ապա նախապես ապահովվում է դրա հայերեն թարգմանությունը:

5. Կանոնակարգի 27-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ՝ Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Երեւան քաղաքում, Ազգային ժողովի նստավայրում՝ Բաղրամյան 19: Այլ վայրում Հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել հանձնաժողովի որոշմամբ, որի մասին հանձնաժողովի նախագահը տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:
 

ԳԼՈՒԽ II

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

6. Կանոնակարգի 21-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝

սահմանադրական փոփոխություններ, տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ.

7. Կանոնակարգի 21-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովը գործում է սույն կանոնակարգին համապատասխան՝ նիստերի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի եւ անդամների աշխատանքի միջոցով։

8. Հանձնաժողովի գործունեության սկզբունքներն են՝

ա) Սահմանադրության եւ օրենքների գերակայության ապահովումը, հասարակության իրավագիտակցության բարձրացումը, իրավական մշակույթի զարգացումը.

բ) Կանոնակարգով սահմանված պահանջների, այդ թվում՝ օրենքների, Ազգային ժողովի որոշումների նախագծերը շրջանառության մեջ դնելու եւ Ազգային ժողովի նստաշրջանների եւ նիստերի օրակարգերում ընդգրկելու, դրանց վերաբերյալ եզրակացություն, առաջարկություն ներկայացնելու եւ քննարկելու համար սահմանված ժամկետների եւ կարգի պահպանումը.

գ) «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների, այդ թվում՝ օրենքի, Ազգային ժողովի որոշման նախագծերի նախապատրաստմանը, մշակմանը, փորձաքննությանը ներկայացվող պահանջների եւ օրենսդրական տեխնիկայի կանոննների պահպանումը.

դ) օրենքի նախագծում եւ դրա հետ ներկայացվող փաստաթղթերում օրենքի ընդունման հիմնավորվածության եւ նպատակահարմարության, ինչպես նաեւ հասարակական պահանջի առկայությունը.

ե) օրենքում՝ դրա արդյունավետ կենսագործմանն ուղղված իրավական լուծումների ամրագրումը.

զ) քաղաքական բազմակարծությունը, հարցերի ազատ քննարկումը եւ կոլեկտիվ լուծումը.

է) Հանձնաժողովի անդամների գործունեության՝ օրենքով սահմանված երաշխիքների պահպանումը.

ը) հրապարակայնության եւ տեղեկատվության մատչելիության ապահովումը։

9. Հանձնաժողովը սահմանված կարգով՝

ա) Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է եզրակացություն՝ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի, Ազգային ժողովի որոշման նախագծի եւ (կամ) այլ առաջարկությունների վերաբերյալ.

բ) Ազգային ժողովի նախագահին  ներկայացնում է եզրակացություն՝ օրենք ների ն ախագծերը (դրանց փաթեթները) եւ (կամ) Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եւ (կամ) չորսօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու մասին.

գ) Ազգային ժողովի նախագահին  ներկայացնում է առաջարկություն՝ հերթական նստաշրջանի եւ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերի վերաբերյալ.

դ) կարող է օրենքի նախագիծն այլընտրանքային համարել միեւնույն ոլորտը կարգավորող եւ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող կամ ընդգրկված՝ դեռեւս չքննարկված  օրենքի նախագծի նկատմամբ.

ե) կարող է Ազգային ժողով եզրակացություն ներկայացնել հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկումը հետաձգելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշում ընդունելու մասին.

զ) Ազգային ժողովի նիստում ներկայացնում է եզրակացություն՝ քննարկվող օրենքի,  Ազգային ժողովի որոշման նախագծի եւ այլ առաջարկությունների վերաբերյալ.

է) կարող է հարցումներով եւ առաջարկություններով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին.

ը) կարող է հրապարակել Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենքի եւ (կամ) Ազգային ժողովի որոշման նախագիծը, կազմակերպել խորհրդարանական լսումներ.

թ) կարող է հրավիրել Կանոնակարգի 43-րդ հոդվածի 8-րդ կետում չնախատեսված անձին՝ ներկա գտնվելու Ազգային  ժողովի դռնբաց նիստում.

ժ) Ազգային ժողովի նախագահին  ներկայացնում է եզրակացություն՝ նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված եւ անավարտ մնացած օրենքների նախագծերը հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության մասին.

ժա) կարող է Ազգային ժողով ներկայացնել առաջարկություն՝ առանձին հարցի քննարկման համար հատուկ ընթացակարգ սահմանելու մասին.

ժբ ) Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկելու նպատակով իր եզրակացության հետ միասին Ազգային ժողովի նախագահին  ներկայացնում է օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերջնական տարբերակը եւ ամփոփաթերթիկը.

ժգ) Ազգային ժողով ներկայացնում է եզրակացություն՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքի նախագծում    առաջին ընթերցմամբ ընդունված հոդվածի բովանդակության ամբողջական փոփոխման վերաբերյալ.

ժդ ) կարող է օրենքի նախագծի հեղինակի հետ համատեղ երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծում կատարել խմբագրական փոփոխություններ.

ժե) կարող է Ազգային ժողով առաջարկություն ներկայացնել երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի կամ նախագծերի փաթեթի քննարկման ժամկետների փոփոխման վերաբերյալ Ազգային ժողովի որոշում ընդունելու մասին.

ժզ) կարող է օրենքի նախագծի հեղինակի հետ համատեղ Ազգային ժողով առաջարկություն ներկայա ցն ել օ րենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերն Ազգային ժողովում երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշում ընդունելու մասին.

ժէ) Ազգային ժողովի նախագահին  ներկայացնում է եզրակացություն՝ Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով վերադարձված օրենքի վերաբերյալ.

ժը) անցկացնում է պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներ եւ դրա վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն (այսուհետ` Կառավարություն) .

ժթ) Ազգային ժողովի նիստում ներկայացնում է  պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ իր եզրակացությունը.

ի) Ազգային ժողով եզրակացություն է  ներկայացնում՝ համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկության վերաբերյալ.

իա) Ազգային ժողով  եզրակացություն է ներկայացնում՝ միջազգային պայմանագրերը եւ համաձայնագրերը վավերացնելու, կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու մասին.

իբ) հերթական նստաշրջանի ավարտից հետո՝ 30-օրյա ժամկետում, պատգամավորի բացակայության պատճառի մասին դիմումի առկայության դեպքում կարող է Ազգային ժողովի մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկություններից պատգամավորի բացակայությունը համարել հարգելի.

իգ) հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստերի  քննարկմանն է  ներկայացնում իր եզրակացությունը եւ Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ նախորդ մեկ հերթական նստաշրջանի քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին.

իդ ) կարող է Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությանը   ներկայացնել առաջարկություններ հերթական նստաշրջանի եւ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերի, Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաեւ Ազգային ժողովի նստավայրում մամուլի ասուլիսների անցկացման կարգի, պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների անցկացման, դրա վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամանակացույցի, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամանակացույցի, «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի ընթացքում խ մբակցություններին եւ պատգամավորական խմբերին, ինչպես նաեւ դրանցում չընդգրկված պատգամավորներին հատկացվող ժամանակահատվածի, հաղորդման թեմայի եւ միջխորհրդարանական համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ.

իե) կարող է հրավիրել Կանոնակարգի 28-րդ հոդվածի 2-րդ կետում չնախատեսված անձին՝ նե ր կա գտնվելու Հանձնաժողովի դռնփակ նիստին.

իզ) կարող է Ազգային ժողովի մյուս Հանձնաժողովների հետ անցկացնել համատեղ նիստեր եւ (կամ) խորհրդարանական լսումներ։
 

ԳԼՈՒԽ III

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼԸ ԵՎ ՓՈԽԱՐԻՆՈՂԸ

10. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է եւ նրա լիազորությունները դադարում են Կանոնակարգի 26-րդ հոդվածով սահմանված կարգով։

10.1. Հանձնաժողովի նախագահը սահմանված կարգով՝

ա) ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը.

բ) ապահովում է Հանձնաժողովի աշխատանքային ծրագրի կազմումը.

գ ) նախապատրաստում եւ վարում է Հանձնաժողովի նիստերը.

դ) գումարում է Հանձնաժողովի արտահերթ նիստ.

ե) Հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.

զ) համակարգում է ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի աշխատանքը.

է) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները եւ ապահովում է դրանց կատարումը.

ը) օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Հանձնաժողովին եւ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու նպատակով նշանակում է Հանձնաժողովի ներկայացուցիչ.

թ) Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում հերթական նստաշրջանի ընթացքում հանձնաժողովի նիստերից Հանձնաժողովի անդամների բացակայության մասին տեղեկանք.

ժ) կարող է Ազգային ժողովի նախագահին ներկայացնել առաջարկություն Ազգային ժողովի գործունեության մասին պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվությունների) վերաբերյալ.

ժա) կարող է Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենքի նախագիծն ուղարկել փորձաքննության.

ժբ) մասնակցում է Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցություններին.

ժգ) հերթական նստաշրջանի ավարտից հետո՝ 30 օրվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է Հանձնաժողովում քննարկված հարցերի ցանկը.

ժդ) ընթացք է տալիս եւ (կամ) պատասխանում է Հանձնաժողովին ուղղված դիմումներին եւ առաջարկություններին.

ժե) ղեկավարում է Հանձնաժողովի քարտուղարության` գործավարի եւ փորձագետների (մասնագետների)   աշխատանքը.

ժզ) կարող  է Հանձնաժողովի, ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի նիստերում հարցերի քննարկումներին մասնակցելու համար հրավիրել մասնագետների.

ժէ) իրազեկում է Հանձնաժողովին Հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքի մասին.

ժը) համակարգում է Հանձնաժողովի աշխատանքները մյուս հանձնաժողովների եւ Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ՝ Ա շխատակազմ) հետ.

ժթ) Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ կարող է ընդգրկվել Հանձնաժողովի փորձագետ (մասնագետի) թափուր պաշտոնն զբաղեցնելու կամ ատեստավորման համար ստեղծված մրցութային հանձնաժողովի կազմում կամ մասնակցել հանձնաժողովի նիստերին:

11. Հանձնաժողովի նախագահի տեղակալն ընտրվում է Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ:

11.1. Հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները դադարում են, եթե՝

ա) Կանոնակարգի 12-րդ հոդվածով սահմանված դեպքերում դադարել են նրա պատգամավորական լիազորությունները.

բ) նա տվել է հրաժարական:

11.2. Հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ:

12. Կանոնակարգի 26-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը։
 

ԳԼՈՒԽ IV

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

13. Կանոնակարգի 25-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովում Ազգային ժողովի պատգամավորներն ընդգրկվում են իրենց դիմումի համաձայն:

13.1. Կանոնակարգի 25-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Ազգային ժողովի խմբակցության անդամները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են խմբակցության ներկայացմամբ:

14. Հանձնաժողովի անդամը սահմանված կարգով կարող է ՝

ա) առաջադրվել եւ ընտրվել Հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ նրա փոխարինողի պաշտոններում.

բ) ընդգրկվել Հանձնաժողովի ստեղծած ենթահանձնաժողովի կամ ձեւավորած աշխատանքային խմբի կազմում.

գ) Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել Հանձնաժողովի որոշման նախագծեր եւ Հանձնաժողովի իրավասությանը վերապահված այլ առաջարկություններ.

դ) ունենալ ելույթներ, տալ հարցեր եւ անել առաջարկություններ   Հանձնաժողովի, դրա ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում.

ե) Ազգային ժողովի նիստում ներկայացնել Հանձնաժողովի եզրակացությունը եւ (կամ) առաջարկությունը.

զ) հրաժարվել Հանձնաժողովի նիստում քվեարկությանը մասնակցելուց.

է) ծանոթանալ Հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաեւ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկատվության, որին իրավասու չէ իրազեկ լինել:

15. Հանձնաժողովի անդամը պարտավոր է սահմանված կարգով`

ա) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին, մասնավորապես՝ Հանձնաժողովի նիստերին, իսկ դրանց ներկայանալու անհնարինության դեպքում այդ մասին նախօրոք տեղյակ պահել Հանձնաժողովի նախագահին.

բ) կատարել Հանձնաժողովի որոշումները եւ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները:
 

ԳԼՈՒԽ V

ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

16. Կանոնակարգի 23-րդ հոդվածին համապատասխան՝ Հանձնաժողովը կարող է իր կազմից ստեղծել ենթահանձնաժողովներ, ինչպես նաեւ ձեւավորել աշխատանքային խմբեր՝ սահմանելով դրանց խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը եւ ընտրելով դրանց ղեկավարներին:

17. Ենթահանձնաժողով  ստեղծելու եւ (կամ) աշխատանքային խումբ ձեւավորելու մասին Հանձնաժողովի որոշման նախագծում սահմանվում են ենթահանձնաժողովի եւ (կամ) աշխատանքային խմբի խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը։

17.1. Ենթահանձնաժողով  ստեղծելու եւ (կամ) աշխատանքային խումբ ձեւավորելու մասին Հանձնաժողովի որոշման նախագիծը քննարկվում է սույն կանոնակարգի 38-րդ կետով սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

ա) եթե ենթահանձնաժողով ստեղծելու եւ (կամ) աշխատանքային խումբ ձեւավորելու նախաձեռնության հեղինակը Հանձնաժողովի նախագահն է, ապա հարակից զեկուցում չի լինում.

բ) եթե ենթահանձնաժողով ստեղծելու եւ (կամ) աշխատանքային խումբ ձեւավորելու նախաձեռնության հեղինակը Հանձնաժողովի նախագահը չէ, ապա նա հանդես է գալիս հարակից զեկուցմամբ։

18. Ենթահանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել միայն Հանձնաժողովի անդամները՝ Հանձնաժողովի նախագահին ներկայացրած իրենց դիմումի համաձայն։

1 8 .1. Ենթահանձնաժողովի ղեկավարն ընտրվում է Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ:

19. Աշխատանքային խմբի կազմում կարող են ընդգրկվել Ազգային ժողովի պատգամավորը, ինչպես նաեւ Ազգային ժողովի հանձնաժողովի, խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետ (մասնագետը), պատգամավորի օգնականը, այլ մասնագետ, գիտնական եւ հասարակական գործիչ:

19.1. Աշխատանքային խմբի կազմում Ազգային ժողովի պատգամավոր չհամարվող այլ անձնանց ընդգրկելու մասին առաջարկություն կարող է Հանձնաժողովի նախագահին ներկայացնել միայն Հանձնաժողովի անդամը։

19.2. Աշխատանքային խմբի ղեկավարին Հանձնաժողովի անդամների կազմից նշանակում է Հանձնաժողովի նախագահը՝ հաշվի առնելով Հանձնաժողովի անդամների ներկայացրած առաջարկությունները:

20. Ենթահանձնաժողովի կամ աշխատանքային խմբի ղեկավարը Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ համակարգում է դրա աշխատանքը:

21. Իր գործունեության արդյունքների մասին ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը սահմանված ժամկետում զեկուցում է Հանձնաժողովի նիստում:

22. Ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել վաղաժամկետ՝ Հանձնաժողովի որոշմամբ:
 

ԳԼՈՒԽ VI

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ

23. Կանոնակարգի 27-րդ հոդվածին   համապատասխան՝ Հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են ուրբաթ օրերին՝ ժամը 11-ին:

24. Հանձնաժողովի արտահերթ նիստը գումարվում է նրա նախագահի կամ անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ՝ նախաձեռնողի սահմանած ժամկետում: Հանձնաժողովի արտահերթ նիստը չի կարող անցկացվել Ազգային ժողովի նիստի ընթացքում: Արտահերթ նիստի օրակարգը հաստատվում է Հանձնաժողովի որոշմամբ:

24.1. Հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգի նախագծում չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի եւ (կամ) Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով վերադարձրած օրենքի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու մասին հարցերի առկայության դեպքում Հանձնաժողովի արտահերթ նիստը գումարվում է  առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 3 ժամ առաջ:

24.2. Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու մասին Հանձնաժողովի անդամների նախաձեռնությունն իրականացվում է պատգամավորի ձեւաթղթում իրենց անուն, ազգանունի դիմաց ստորագրելու եւ Հանձնաժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձեւաթղթում նշվում են արտահերթ նիստի օրակարգը եւ անցկացման ժամկետը, ձեւաթղթին կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Ձեւաթուղթը Հանձնաժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ձեւաթուղթն անհրաժեշտ քանակի ստորագրություններով հանձնվում է Հանձնաժողովի նախագահին, ապա նա գումարում է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:

24.3. Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ իր նախաձեռնության մասին Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներին տեղեկացնու մ է այդ նիստից առնվազն 1 ժամ առաջ։

25. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են եւ հրապարակային, բացառությամբ Կանոնակարգի 90-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքի։

25.1. Կանոնակարգի 28-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, կարող են ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, նրա լիազոր ներկայացուցիչը, վարչապետը, նրա լիազոր ներկայացուցիչը, ինչպես նաեւ Հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք: Հանձնաժողովի դռնփակ նիստում քվեարկությունն  արգելվում է:

25.2. Կանոնակարգի 28-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի դռնբաց նիստում, բացի սույն կանոնակարգի 25.1-րդ կետում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Հանձնաժողովի փորձագետները (մասնագետները) եւ գործավարը (օգնականը), Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի մեկական փորձագետ (մասնագետ), Հանձնաժողովի նախագահի հրավիրած եւ օրենքով նախատեսված այլ անձինք:

25.3. Կանոնակարգի 28-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի նիստում նախագծի կամ դրա վերաբերյալ առաջարկությունների քննարկմանն իրավունք ունեն մասնակցել տվյալ փաստաթղթերի հեղինակները:

26.  Հանձնաժողովի նիստը վարողը՝

ա) բացում, ընդհատում  եւ փակում է նիստը.

բ) ձայն է տալիս եւ ավելացնում է ելույթի ժամանակը.

գ) կազմակերպում է պատգամավորների գրանցումը, հերթագրումը, քվեարկության անցկացումը եւ դրանց արդյունքների հրապարակումը.

դ) զգուշացնում է՝ անունը, ազգանունը հրապարակելով, Հանձնաժողովի այն անդամին, որը նիստի ընթացքում աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, չի կատարում Հանձնաժողովի նիստը վարողի՝ սույն կանոնակարգից բխող պահանջները եւ կատարում է սահմանված կարգը խախտող այլ գործողություններ.

ե) կարող է ընդմիջել ելույթները՝ նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով.

զ) Հանձնաժողովի նիստին հրավիրված անձին հեռացնում է Հանձնաժողովի նիստերի սենյակից, եթե նա նիստի ընթացքում աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, չի կատարում Հանձնաժողովի նիստը վարողի՝ սույն կանոնակարգից բխող պահանջները եւ կատարում է սույն կանոնակարգով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ.

է) իրականացնում է սույն կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ:

26.1. Եթե Հանձնաժողովի նիստում անկարգություն է առաջանում, եւ նիստը վարողն ի վիճակի չէ վերականգնել նիստի բնականոն ընթացքը, ապա նա կարող է մինչեւ կես ժամով ընդհատել նիստը:

26.2. Եթե Հանձնաժողովի նիստը վերսկսվելուց հետո անկարգությունը չի դադարում, ապա նիստը վարողը հայտարարում է նիստը փակված:

27. Հանձնաժողովի հերթական կամ արտահերթ նիստն սկսվելուց առաջ Հանձնաժողովի անդամները գրանցվում են` Հանձնաժողովի անդամների ցանկում իրենց անուն, ազգանվան դիմաց ստորագրելու միջոցով։ Հանձնաժողովի անդամների ստորագրությամբ ձեւաթուղթը Հանձնաժողովի նիստի արձանագրության բաղկացուցիչ մասն է։

Չգրանցված Հանձնաժողովի անդամը գրանցվում է իր խնդրանքով:

27.1. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/4-ը , եւ այն վարում է հանձնաժողովի նախագահը, նրա տեղակալը կամ Հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը:

27.2. Եթե Հանձնաժողովի նիստն իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 2 ժամ, որի ընթացքում Հանձնաժողովի նախագահը կարող է անցկացնել խորհրդակցություն՝ Հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացնելով նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերը: Նշված ժամկետում քվորումի՝

ա) ապահովման դեպքում նիստը վարողը Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին.

բ) չապահովման դեպքում Հանձնաժողովի նիստը համարվում է չկայացած:

28. Հանձնաժողովի նիստն սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչեւ օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

28.1. Կանոնակարգի 51-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում, 52-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետում, 53-րդ հոդվածի 2-րդ կետում, ինչպես նաեւ սույն կանոնակարգի 5-րդ, 11-րդ, 12-րդ, 36-րդ, 40.2-րդ, 44-րդ, 47-րդ եւ 58-րդ կետերում նշված  հարցերը Հանձնաժողովի օրակարգ են  ընդգրկվում առանց քվեարկության։

28.2. Կանոնակարգի 36-րդ հոդվածի 3-րդ կետում, բացառությամբ  «է» ենթակետում նշվածի, 37-րդ հոդվածի 3-րդ կետի «դ», «ե» եւ «զ»  ենթակետերում, ինչպես նաեւ սույն կանոնակարգի 5-րդ, 11-րդ, 12-րդ, 36-րդ, 40.2-րդ, 44-րդ, 47-րդ եւ 58-րդ կետերում նշված հարցերը Հանձնաժողովի նիստում քննարկվում են արտահերթ: Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը քննարկվում են Հանձնաժողովի նախագահի, իսկ արտահերթ նիստինը՝ դրա նախաձեռնողի կամ նախաձեռնողների ներկայացուցչի սահմանած հաջորդականությամբ:

28.3. Օրենքի եւ (կամ) Ազգային ժողովի որոշման նախագիծը Հանձնաժողովի օրակարգից կարող է հանվել միայն Ազգային ժողովում շրջանառությունից հանվելու դեպքում: Սույն կանոնակարգով նախատեսված այլ հարցը հանձնաժողովի օրակարգից կարող է հանվել հեղինակի առաջարկությամբ: Հեղինակը կարող է այդ առաջարկությունն անել ցանկացած ժամանակ: Առաջարկությունն ընդունվում է առանց քվեարկության:

29. Հանձնաժողովի որոշումները, առաջարկությունները եւ եզրակացություններն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ , եթե որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի  առնվազն 1/4-ը :

Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման պահից, եթե դրանում այլ ժամկետ սահմանված չէ։

29.1. Հանձնաժողովի նիստում քվեարկությունները կատարվում են միայն Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ:

29.2. Սահմանված կարգով ներկայացված բոլոր առաջարկությունները քվեարկության են դրվում սույն կանոնակարգի 38-րդ կետով սահմանված կարգով, բացառությամբ սույն կանոնակարգի 40.2-րդ եւ 44-րդ կետերով նախատեսված դեպքերի։

30. Հանձնաժողովի ն իստի ժամանակ կարող են բաժանվել միայն Հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը:

31. Հանձնաժողովի նիստի ժամանակ արգելվում է բջջային եւ կապի այլ միջոցների օգտագործումը, բացառությամբ հանձնաժողովի նիստերի սենյակում տեղադրված հեռախոսի:

32. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է։

32.1. Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ներառում է՝

ա) արձանագրության համարը, նիստի անցկացման ամսաթիվը, ժամը եւ վայրը.

բ) նիստը վարողի անունը, ազգանունը, նիստին ներկա եւ նիստից բացակայող Հանձնաժողովի անդամների ցուցակը, ըստ որում՝ բացակայության պատճառը.

գ) նիստին ներկա, այդ թվում՝ հրավիրված անձանց ցուցակը.

դ) նիստի օրակարգը եւ քննարկված հարցերի ցանկը.

ե) օրակարգային հարցերի  քննարկման ժամանակ ելույթ ունեցած անձանց ցուցակը.

զ) քվեարկության անվանական արդյունքները.

է) ընդունված որոշումները, առաջարկությունները եւ եզրակացությունները։

32.2. Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ստորագրում է Հանձնաժողովի նախագահը։

32.3. Հանձնաժողովի նիստի արձանագրությունից սույն կանոոնակարգի 32.1-րդ կետի «է» ենթակետին համապատասխան քաղվածքը ոչ ուշ, քան ուրբաթ օրվա ժամը 16-ը ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին:

32.4. Հանձնաժողովի նիստի արձանագրությունը պահպանվում է Հանձնաժողովի գործավարի (օգնականի) մոտ, իսկ Հանձնաժողովի լիազորությունների ավարտից հետո՝ 30 օրվա ընթացքում, տեղափոխվում է Ազգային ժողովի արխիվ։

32.5. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի ծանոթանալ Հանձնաժողովի նիստի արձանագրությանը եւ ստուգել դրա ճշտությունը:

32.6. Հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ տեղ գտած տեխնիկական անճշտությունները կարող են ուղղվել միայն Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ:
 

ԳԼՈՒԽ VII

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾԸ

33. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում ընդգրկվում են Կանոնակարգով  սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահի՝ Հանձնաժողով ուղարկած օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու մասին , ինչպես նաեւ  օրենքով եւ սույն կանոնակարգով նախատեսված այլ հարցեր։

34. Հանձնաժողովի հերթական կամ Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ գումարվող արտահերթ նիստի օրակարգի նախագիծը բաղկացած է չորս մասից՝

ա) հարցեր, որոնք դեռեւս չեն ընդգրկվել Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգում կամ օրակարգի նախագծում.

բ) հարցեր, որոնք ընդգրկված են Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգում, բայց դեռեւս չեն ընդգրկվել Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգում.

գ) Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգում եւ (կամ) արտահերթ նստաշրջանի, նիստի օրակարգում ընդգրկված հարցեր.

դ) Հանձնաժողովի գործունեությանը սույն կանոնանկարգով առնչվող այլ հարցեր։

35. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագիծը եւ դրանում ընդգրկված հարցերի նախագծերը Հանձնաժողովի անդամներին են տրամադրվում այդ նիստից առնվազն 24 ժամ առաջ, իսկ Հանձնաժողովի արտահերթ նիստինը՝ այդ նիստից առնվազն 1 ժամ առաջ։

35.1. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագծի մասին Կառավարությունը, Աշխատակազմը տեղեկացվում են այդ նիստից առնվազն 3 օր  առաջ:

36. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագիծը Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում Հանձնաժողովի նախագահը։

36.1 Հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգի նախագիծը Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում այդ նիստը նախաձեռնողը կամ նախաձեռնողների ներկայացուցիչը:
 

ԳԼՈՒԽ VIII

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

37. Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերը կամ նախագծերի փաթեթները ստանալուց հետո եռօրյա ժամկետում Հանձնաժողովի նախագահը նշանակում է Հանձնաժողովի ներկայացուցիչ, որը`

ա) 25 օրվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան Կանոնակարգի 51-րդ հոդվածի առաջին կետով սահմանված կարգով շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության եւ Ա շխատակազմի   եզրակացություններն ստանալը կամ դրանց ստացման ժամկետի սպառվելը, Հանձնաժողովի նիստում հանդես է գալիս հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ իր առաջարկը.

բ) Հանձնաժողովի նիստում հանդես է գալիս հարակից զեկուցմամբ՝  ներկայացնելով չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ իր եզրակացությունը.

գ) Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված եւ հեղինակի կողմից ընդունելի առաջարկությունների հիման վրա փոփոխված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը, դրան կցված ամփոփաթերթիկով ստանալուց հետո 10 օրվա ընթացքում, հեղինակի հետ համատեղ կարող է այդ նախագծում կատարել փոփոխություններ եւ Հանձնաժողովի նիստում հանդես գալ հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերջնական տարբերակը՝ դրան կցված ամփոփաթերթիկով, եւ դրա վերաբերյալ իր եզրակացությունը.

դ) օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 25-օրյա ժամկետում, հեղինակի հետ համատեղ կարող է նախագծում կատարել խմբագրական փոփոխություններ եւ դրանք ներկայացնել Հանձնաժողովի քննարկմանը.

ե) Հանձնաժողովի նիստում հանդես է գալիս հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով Հանրապետության Նախագահի առարկությունների կամ առաջարկությունների վերաբերյալ իր եզրակացությունը.

զ) Ազգային ժողովի նիստում օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի, ինչպես նաեւ Հանրապետության Նախագահի առարկությունների կամ առաջարկությունների քննարկման ժամանակ հանդես է գալիս հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով դրանց վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը:

37.1. Հանձնաժողովի ներկայացուցչի բացակայության դեպքում սույն կանոնանկարգի 37-րդ կետում սահմանված լիազորություններն իրականացնում է Հանձնաժողովի այլ անդամը կամ Հանձնաժողովի նախագահը:

38. Եթե սույն կանոնակարգով այլ բան նախատեսված չէ, ապա Հանձնաժողովի նիստում հարցերի քննարկումը տեղի է ունենում հետեւյալ հաջորդականությամբ.

ա) հիմնական զեկուցողի ելույթ (մինչեւ 10 րոպե).

բ)  հարցեր հիմնական զեկուցողին (մինչեւ 3-ական րոպե).

գ) հարակից զեկուցողի ելույթ (մինչեւ 10 րոպե).

դ) հարցեր հարակից զեկուցողին (մինչեւ 3-ական րոպե).

ե) մտքերի փոխանակություն (մինչեւ 5-ական րոպե).

է) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթ (մինչեւ 5 րոպե).

ը) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթ (մինչեւ 5 րոպե).

38.1. Որպես հիմնական զեկուցող՝ ելույթ է ունենում տվյալ հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցող՝ Հանձնաժողովի ներկայացուցիչը։

38.2. Եթե օրենքի նախագծի հեղինակը պատգամավոր է, ապա վարչապետի լիազորած անձը կարող է Հանձնաժողովի ներկայացուցչից հետո հանդես գալ հարակից զեկուցմամբ, իսկ նրա եզրափակիչ ելույթից առաջ՝  եզրափակիչ ելույթով:

38.3. Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա այդ ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից ընդմիջվել էր:

39. Հարցեր տալու ցանկություն ունեցող պատգամավորները դիմում են Հանձնաժողովի նիստը վարողը։ Հարցերը տրվում են ըստ դիմելու հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ հարց տվողի անունը, ազգանունը:

40. Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողին հարցեր չեն տրվում: Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունենալու ցանկություն ունեցող Հանձնաժողովի անդամները դիմում են Հանձնաժողովի նիստը վարողին։

40.1. Մտքերի փոխանակության ընթացքում արտահերթ ելույթի իրավունք ունեն Կանոնակարգի 58-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսված անձինք։

40.2. Հարցի քննարկմանը ներկա կամ հրավիրված անձանց ելույթի իրավունք կարող է տրվել Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի նիստը վարողի թույլտվությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ։ Հանձնաժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման:

40.3. Ելույթ ունեցողները հանդես են գալիս ըստ դիմելու հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ ելույթ ունեցողի անունը, ազգանունը:

41. Հանձնաժողովի ներկայացուցիչը եւ հիմնական զեկուցողն իրենց ելույթներում հայտնում են իրենց դիրքորոշումը մտքերի փոխանակության ընթացքում Հանձնաժողովի եւ Կառավարության անդամների ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ:

42. Իր եզրափակիչ ելույթում Հանձնաժողովի ներկայացուցիչը կարող է սահմանված կարգով առաջարկել՝

ա) հարցի վերաբերյալ Ազգային ժողովին ներկայացնել դրական եզրակացություն.

բ) օրենքի նախագիծը այլընտրանքային համարել միեւնույն ոլորտը կարգավորող եւ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող կամ ընդգրկված՝ դեռեւս չքննարկված  օրենքի նախագծի նկատմամբ.

գ) հետաձգել օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկվելը հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգերում.

դ) հարցն Ազգային ժողովում քննարկելու համար սահմանել հատուկ ընթացակարգ.

ե) երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքի նախագծում առաջին ընթերցմամբ ընդունված հոդվածի բովանդակությունը համարել ամբողջությամբ փոփոխված.

զ) փոփոխել երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի կամ նախագծերի փաթեթի՝ Ազգային ժողովում քննարկման ժամկետները.

է) օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերն Ազգային ժողովում քննարկել երկու ընթերցմամբ։

42.1. Հանձնաժողովի ներկայացուցչի առաջարկությունները քվեարկության են դրվում նրա սահմանած հաջորդականությամբ: Եթե սույն կանոնակարգի 42-րդ կետի «ա» ենթակետի համաձայն Հանձնաժողովի ներկայացուցչի արած առաջարկը քվեարկության արդյունքում չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, կամ Հանձնաժողովի ներկայացուցիչն այդ առաջարկը չի արել, ապա համարվում է, որ Հանձնաժողովը հարցի վերաբերյալ Ազգային ժողովին դրական եզրակացություն չի ներկայացրել:

43. Հանձնաժողովի ն իստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո: Հանձնաժողովի նիստը վարողը քվեարկությունից առաջ կրկնում է քվեարկության դրվող բոլոր առաջարկությունները, ճշտում է դրանց ձեւակերպումները։ Քվեարկությունն իրականացվում է ձեռք բարձրացնելու միջոցով։ Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ, ձեռնպահ, կամ սահմանված կարգով հրաժարվում է քվեարկությանը մասնակցելուց:

Քվեարկության ընթացքում ձայները հաշվում է նիստը վարողը։ Քվեարկության պահին Հանձնաժողովի նիստը վարողին դիմելն արգելվում է:

43.1. Քվեարկության ավարտից անմիջապես հետո Հանձնաժողովի նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները: Եթե քվեարկության ընթացքում թույլ տրված խախտումներն ազդում են որոշման ընդունման վրա, ապա Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ նիստը վարողի հայտարարությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ քվեարկությունը կրկնվում է։

44. Առանձին հարցի քննարկման համար օրենքի եւ (կամ) Ազգային ժողովի որոշման նախագծի հեղինակի եւ Հանձնաժողովի ներկայացուցչի առաջարկությամբ Հանձնաժողովը կարող է սահմանել հատուկ ընթացակարգ: Այդ ընթացակարգը սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է զեկուցման ընթացքում, եւ Հանձնաժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման:

Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների եւ ելույթ ունեցողների թիվը:
 

ԳԼՈՒԽ IX

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՂ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՄ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ

45. Կանոնակարգի 51-րդ հոդվածի առաջին կետի «բ» ենթակետով սահմանված կարգով Հանձնաժողով ուղարկված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթը ներառում է`

ա)  օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը շրաջանառության մեջ դնելու մասին դրա հեղինակի դիմումը.

բ) օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը եւ դրան կից ներկայացվող`

1) օրենքի ընդունման հիմնավորումը.

2) օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը.

գ) օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կցվող տեղեկանքը, որտեղ ներկայացվում է գործող օրենքի փոփոխվող հոդվածը.

դ) օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության եզրակացությունը.

ե) պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացությունը.

զ) օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Աշխատակազմի եզրակացությունը.

է) օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքը.

ը) առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը.

թ) առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ պատգամավորների եւ Կառավարության ներկայացրած առաջարկությունները.

ժ) առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ պատգամավորների եւ Կառավարության ներկայացրած առաջարկությունների հիման վրա հեղինակի կողմից փոփոխված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը եւ այդ առաջարկությունների ամփոփաթերթիկը.

ժա) երկրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով Ազգային ժողովի նախագահին ներկայացված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերջնական տարբերակը եւ ամփոփաթերթիկը.

ժբ) երկրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով Ազգային ժողովի նախագահին ներկայացված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքը.

ժգ) երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը.

ժդ) երրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով Ազգային ժողովի նախագահին ներկայացված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը եւ դրանում կատարված փոփոխությունների ամփոփաթերթիկը.

ժե) Ազգային ժողովի ընդունած օրենքը.

ժզ) Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով Ազգային ժողով վերադարձված օրենքը.

ժէ) Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով Ազգային ժողով վերադարձված օրենքի վերաբերյալ Հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը.

ժը) Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան կամ Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը.

ժթ) Հանրապետության Նախագահի ստորագրած եւ հրապարակած օրենքի պատճենը.

ի) օրենքի ռուսերեն թարգմանված տարբերակը.

45.1. Սույն կանոնակարգի 45-րդ կետի`

ա)  «ա» - «զ», «ը», «թ», «ժգ», «ժե», «ժզ» եւ «ժը»-ից «ի» ենթակետերում նշված փաստաթղթերը պաշտոնապես, իսկ Ազգային ժողովի էլեկտրոնային էջում դրանց տեղադրված չլինելու դեպքում՝ նաեւ էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստով Հանձնաժողովի նախագահին է ուղարկում Աշխատակազմը.

բ) «ժ», «ժա» եւ «ժդ» ենթակետում նշված փաստաթղթերը պաշտոնապես, ինչպես նաեւ էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստով Հանձնաժողովին է ներկայացնում օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի հեղինակը.

գ) «է», «ժբ» եւ «ժէ» ենթակետերում նշված փաստաթղթերը  Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կազմում եւ նրան է ներկայացնում Հանձնաժողովի փորձագետ (մասնագետը), իսկ դրանց էլեկտրոնային տարբերակները սույն կետի «ա» ենթակետում սահմանված կարգով Աշխատակազմից ստանալու դեպքում ` դրանք նաեւ էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստով ուղարկում է Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանում:
 

ԳԼՈՒԽ X

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ

46. Կանոնակարգի 32-րդ հոդվածի առաջին կետին համապատասխան՝ Կանոնակարգով իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով յուրաքանչյուր հերթական նստաշրջանում առնվազն մեկ անգամ կազմակերպում է խորհրդարանական լսումներ` այդ մասին տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին:

47. Հանձնաժողովին լսումներ կազմակերպելու մասին առաջարկություն կարող  են ներկայացնել Հանձնաժողովի անդամը եւ ենթահանձնաժողովը:

47.1. Լսումներ կազմակերպելու մասին Հանձնաժողովի նախագահի կամ ենթահանձնաժողովի առաջարկությունն առանց քվեարկության ընդգրկվում է Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում  եւ քննարկվում է արտահերթ:

48. Լսումներ կազմակերպելու մասին Հանձնաժողովի որոշման նախագծում նշվում են լսումների թեման, օրը, ժամը, անցկացման վայրը եւ ընթացակարգը, ինչպես նաեւ զեկուցողների ու հրավիրվածների նախնական ցանկը:

49. Լսումների ընթացակարգով սահմանվում են զեկուցելու, ելույթ ունենալու, հարցեր տալու կարգը եւ ժամկետները, որոնք ապահովում են քննարկվող հարցի վերաբերյալ տարբեր տեսակետների ներկայացման, դրանց քննարկման, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ հասարակայնության կարծիքը որոշելու հնարավորությունը:

50. Լսումներ կազմակերպելու մասին տեղեկատվությունը դրա անցկացման օրից առնվազն 4 օր առաջ տրամադրվում է Աշխատակազմին, որն այդ տեղեկատվությունը 24 ժամվա ընթացքում տրամադրում է զանգվածային լրատվության միջոցներին:

51. Հանձնաժողովի նիստում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանցից բացի, լսումներին մասնակցելու կամ ներկա գտնվելու ցանկություն ունեցող այլ անձինք կարող են լսումների անցկացման օրից 2 օր առաջ գրավոր դիմել Հանձնաժողովի նախագահին՝ ներկայացնելով իրենց ելույթի տեքստը կամ ներկա գտնվելու հիմնավորումը: Դիմողը կարող է մասնակցել կամ ներկա գտնվել լսումներին, եթե Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ դրա մասին նրան նախապես տեղեկացվում է:
 

ԳԼՈՒԽ XI

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

52. Հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, տեղեկատվական, վերլուծական եւ մասնագիտական գործունեությունն ապահովում է Հանձնաժողովի քարտուղարությունը, որը Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է եւ գործում է Հանձնաժողովի ու Աշխատակազմի կանոնադրություններով սահմանված կարգով՝ Հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ:

53 . Համաձայն Կանոնակարգի 21-րդ հոդվածի 7-րդ կետի, Հանձնաժողովն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար (օգնական) եւ 3 փորձագետ (մասնագետ)։

53 .1. Հանձնաժողովի փորձագետները (մասնագետներն) Աշխատակազմի պետական ծառայողներ են: Նրանք աշխատանքի ընդունվում եւ աշխատանքից ազատվում են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական  ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

53 .2.  Հանձնաժողովի փորձագետ (մասնագետը) կատարում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները, ինչպես նաեւ նրա հանձնարարությամբ աջակցում է Հանձնաժողովի անդամների աշխատանքին:

53 .3. Հանձնաժողովի փորձագետի (մասնագետի) աշխատանքն իրականացվում է պետական ծառայության պաշտոնի անձնագրի համաձայն:


ԳԼՈՒԽ X II
 
ԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

54. Կանոնակարգի 7-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներն ու պաշտոնատար անձինք պարտավոր են 10-օրյա ժամկետում, բացառությամբ Կանոնակարգով նախատեսված դեպքերի, քննարկել Հանձնաժողովի նախագահի եւ Հանձնաժողովի անդամների հարցումները եւ առաջարկները, գրավոր պատասխանել դրանց, ինչպես նաեւ ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ, նրանց գրավոր տեղեկացնել իրենց բարձրացրած հարցի քննարկման մասին :

54.1 Հանձնաժողովի նախագահի հարցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ Հանձնաժողովի անվանմամբ  ձեւաթղթով:

55. Հանձնաժողովն ուղարկված դիմումները եւ առաջարկությունները քննարկում են օրենքով սահմանված կարգով:

56. Աշխատակազմն Ազգային ժողովի նստավայրում քաղաքացիների ընդունելության նպատակով Հանձնաժողովին հատկացնում է կահավորված սենյակ ամսական 2 օր: Պատգամավորների ամենամյա արձակուրդի ընթացքում (12 աշխատանքային օր ձմռանը, 24-ը՝ ամռանը) քաղաքացիների ընդունելություն չի անցկացվում:

56.1. Ազգային ժողովի նստավայրում քաղաքացիների ընդունելությանը՝ Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամանակացույցով մասնակցում են Հանձնաժողովի մեկական անդամ եւ փորձագետ (մասնագետ):  Ընդունելությանը կարող է մասնակցել նաեւ Հանձնաժողովի անդամի օգնականը:
 

ԳԼՈՒԽ X III

ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒՄԸ

57. Սույն կանոնակարգն ընդունվում կամ դրանում փոփոխությունները կատարվում են  Հանձնաժողովի նախագահի կամ անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ:

58. Սույն կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունն առանց քվեարկության ընդգրկվում է Հանձնաժողովի նիստի օրակարգում եւ քննարկվում է արտահերթ։
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS