National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմանններ, ժողովրդագրություն եւ հայրենադարձություն
Էլ. փոստ social@parliament.am
Հեռ. (374-11) 513263




Կանոնակարգ


ՀԱՍՏԱՏՎԵԼ Է
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
22.06.2012թ. N 10 ՈՐՈՇՄԱՄԲ


   
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սահմանադրության 73-րդ հոդվածին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի (այսուհետ` Կանոնակարգ) 21-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ստեղծվում է օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու նպատակով:

2. Կանոնակարգի 21-րդ հոդվածի 3-րդ կետին եւ 25-րդ հոդվածում սահմանված սկզբունքներին համապատասխան` Հանձնաժողովի կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

3. Հանձնաժողովի աշխատանքային լեզուն գրական արեւելահայերենն է` Եթե Հանձնաժողովի նիստին հրավիրված անձը ելույթ է ունենում օտար լեզվով, ապա նախապես ապահովվում է դրա հայերեն թարգմանությունը:

4. Կանոնակարգի 27-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Երեւան քաղաքում, Ազգային ժողովի նստավայրում` Բաղրամյան 19: Այլ վայրում Հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել հանձնաժողովի որոշմամբ, որի մասին հանձնաժողովի նախագահը տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

5. Կանոնակարգի 21-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են` սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմաններ, ժողովրդագրություն եւ հայրենադարձություն:

6. Կանոնակարգի 21-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` Հանձնաժողովը գործում է սույն կանոնակարգին համապատասխան` նիստերի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի եւ անդամների աշխատանքի միջոցով:

7. Հանձնաժողովի գործունեության սկզբունքներն են`

ա) Կանոնակարգով սահմանված պահանջների, այդ թվում` օրենքների, Ազգային ժողովի որոշումների նախագծերը շրջանառության մեջ դնելու եւ Ազգային ժողովի նստաշրջանների եւ նիստերի օրակարգերում ընդգրկելու, դրանց վերաբերյալ եզրակացություն, առաջարկություն ներկայացնելու եւ քննարկելու համար սահմանված ժամկետների եւ կարգի պահպանումը.

բ) «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների, այդ թվում` օրենքի, Ազգային ժողովի որոշման նախագծերի նախապատրաստմանը, մշակմանը, փորձաքննությանը ներկայացվող պահանջների եւ օրենսդրական տեխնիկայի կանոննների պահպանումը.

գ) օրենքի նախագծում եւ դրա հետ ներկայացվող փաստաթղթերում օրենքի ընդունման հիմնավորվածության եւ նպատակահարմարության, ինչպես նաեւ հասարակական պահանջի առկայությունը.

դ) օրենքում` դրա արդյունավետ կենսագործմանն ուղղված իրավական լուծումների ամրագրումը.

ե)  հարցերի ազատ քննարկումը.

զ) Հանձնաժողովի անդամների գործունեության` օրենքով սահմանված երաշխիքների պահպանումը.

է) հրապարակայնության եւ տեղեկատվության մատչելիության ապահովումը.

8. Հանձնաժողովը սահմանված կարգով`

ա) Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է եզրակացություն` չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի, Ազգային ժողովի որոշման նախագծի եւ (կամ) այլ առաջարկությունների վերաբերյալ.

բ) Ազգային ժողովի նախագահին  ներկայացնում է եզրակացություն` օրենքների նախագծերը (դրանց փաթեթները) եւ (կամ) Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եւ (կամ) չորսօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու մասին.

գ) Ազգային ժողովի նախագահին  ներկայացնում է առաջարկություն` հերթական նստաշրջանի եւ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերի վերաբերյալ.

դ) կարող է օրենքի նախագիծն այլընտրանքային համարել միեւնույն ոլորտը կարգավորող եւ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող կամ ընդգրկված` դեռեւս չքննարկված  օրենքի նախագծի նկատմամբ.

ե) կարող է Ազգային ժողով եզրակացություն ներկայացնել հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկումը հետաձգելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշում ընդունելու մասին.

զ) Ազգային ժողովի նիստում ներկայացնում է եզրակացություն` քննարկվող օրենքի, Ազգային ժողովի որոշման նախագծի եւ այլ առաջարկությունների վերաբերյալ.

է) կարող է հարցումներով եւ առաջարկություններով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին.

ը) կարող է հրապարակել Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենքի եւ (կամ) Ազգային ժողովի որոշման նախագիծը, կազմակերպել խորհրդարանական լսումներ.

թ) Ազգային ժողովի նախագահին  ներկայացնում է եզրակացություն` նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված եւ անավարտ մնացած օրենքների նախագծերը հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության մասին.

ժ) կարող է Ազգային ժողովի նախագահին  ներկայացնել առաջարկություն` առանձին հարցի քննարկման համար հատուկ ընթացակարգ սահմանելու մասին.

ժա ) Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկելու նպատակով իր եզրակացության հետ միասին Ազգային ժողովի նախագահին  ներկայացնում է օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերջնական տարբերակը եւ ամփոփաթերթիկը.

ժբ) Ազգային ժողով ներկայացնում է եզրակացություն` երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքի նախագծում    առաջին ընթերցմամբ ընդունված հոդվածի բովանդակության ամբողջական փոփոխման վերաբերյալ.

ժգ ) կարող է օրենքի նախագծի հեղինակի հետ համատեղ երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծում կատարել խմբագրական փոփոխություններ.

ժդ) կարող է Ազգային ժողովին ներկայացնել առաջարկություն` երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի կամ նախագծերի փաթեթի քննարկման ժամկետների փոփոխման վերաբերյալ Ազգային ժողովի որոշում ընդունելու մասին.

ժե) Ազգային ժողովի նախագահին  ներկայացնում է եզրակացություն` Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով վերադարձված օրենքի վերաբերյալ.

ժզ) անցկացնում է պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներ եւ դրա վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

ժէ) Ազգային ժողովի նիստում ներկայացնում է  պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ իր եզրակացությունը.

ժը) կարող է Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությանը   ներկայացնել առաջարկություններ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների անցկացման, դրա վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամանակացույցի, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամանակացույցի վերաբերյալ.

ի) Կանոնակարգի 28-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ Հանձնաժողովի որոշմամբ կարող է հրավիրել անձին` ներկա գտնվելու Հանձնաժողովի դռնփակ նիստին.

լ) կարող է Ազգային ժողովի մյուս Հանձնաժողովների հետ անցկացնել համատեղ նիստեր եւ (կամ) խորհրդարանական լսումներ:

9. Կանոնակարգի 30.1-րդ հոդվածին համապատասխան` Հանձնաժողովը` իր որոշմամբ, կարող է իր քննարկմանը ներկայացված օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի վերաբերյալ հարցումներով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներն ու պաշտոնատար անձանց, որոնք  պարտավոր են`

ա) 20-օրյա ժամկետում քննարկել Հանձնաժողովի գրավոր հարցումները եւ առաջարկները եվ  գրավոր պատասխանել դրանց,

բ) ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ,  գրավոր տեղեկացնել Հանձնաժողովին իրենց բարձրացրած հարցի քննարկման մասին:

10. Հանձնաժողովի նախագահի հարցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ Հանձնաժողովի անվանմամբ ձեւաթղթով:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼԸ ԵՎ ՓՈԽԱՐԻՆՈՂԸ

11. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է եւ նրա լիազորությունները դադարում են Կանոնակարգի 26-րդ հոդվածով սահմանված կարգով:

12. Հանձնաժողովի նախագահը սահմանված կարգով:

ա) ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը.

բ) ապահովում է Հանձնաժողովի աշխատանքային ծրագրի կազմումը.

գ ) նախապատրաստում եւ վարում է Հանձնաժողովի նիստերը.

դ) գումարում է Հանձնաժողովի արտահերթ նիստ.

ե) Հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.

զ) համակարգում է ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի աշխատանքը.

է) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները եւ ապահովում է դրանց կատարումը.

ը) ներկայացնում է հանձնաժողովը

թ) օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Հանձնաժողովին եւ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու նպատակով նշանակում է Հանձնաժողովի ներկայացուցիչ.

ժ) Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում հերթական նստաշրջանի ընթացքում հանձնաժողովի նիստերից Հանձնաժողովի անդամների բացակայության մասին տեղեկանք.

ժա) կարող է Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենքի նախագիծն ուղարկել փորձաքննության.

ժբ) մասնակցում է Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցություններին.

ժգ) ընթացք է տալիս եւ (կամ) պատասխանում է Հանձնաժողովին ուղղված դիմումներին եւ առաջարկություններին.

ժդ) ղեկավարում է Հանձնաժողովի  փորձագետների (մասնագետների)   աշխատանքը.

ժե) կարող  է Հանձնաժողովի նիստերում հարցերի քննարկումներին մասնակցելու համար հրավիրել մասնագետների.

ժզ) իրազեկում է Հանձնաժողովին Հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքի մասին.

ժէ) համակարգում է Հանձնաժողովի աշխատանքները մյուս հանձնաժողովների եւ Ազգային ժողովի աշխատակազմի  հետ:

13. Հանձնաժողովի նախագահի տեղակալն ընտրվում է Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ` Հանձնաժողովի որոշմամբ:

14. Հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ` Հանձնաժողովի որոշմամբ:

15. Կանոնակարգի 26-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան` Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում` Հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

16. Կանոնակարգի 25-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հանձնաժողովում Ազգային ժողովի պատգամավորներն ընդգրկվում են իրենց դիմումի համաձայն:

16.1. Կանոնակարգի 25-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Ազգային ժողովի խմբակցության անդամները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են խմբակցության ներկայացմամբ:

17. Հանձնաժողովի անդամը պարտավոր է սահմանված կարգով` ա) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին, մասնավորապես` Հանձնաժողովի նիստերին, իսկ դրանց ներկայանալու անհնարինության դեպքում այդ մասին նախօրոք տեղյակ պահել Հանձնաժողովի նախագահին. բ) կատարել Հանձնաժողովի որոշումները եւ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները:

18. Հանձնաժողովի անդամը սահմանված կարգով կարող է`

ա) Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել Հանձնաժողովի որոշման նախագծեր եւ Հանձնաժողովի իրավասությանը վերապահված այլ առաջարկություններ.

բ) ունենալ ելույթներ, տալ հարցեր եւ անել առաջարկություններ   Հանձնաժողովի, դրա ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում.

գ) Ազգային ժողովի նիստում ներկայացնել Հանձնաժողովի եզրակացությունը եւ (կամ) առաջարկությունը.

դ) ծանոթանալ Հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաեւ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկատվության, որին իրավասու չէ իրազեկ լինել:

ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

19. Կանոնակարգի 23-րդ հոդվածին համապատասխան` Հանձնաժողովը կարող է իր կազմից ստեղծել ենթահանձնաժողովներ, ինչպես նաեւ ձեւավորել աշխատանքային խմբեր` սահմանելով դրանց խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը եւ ընտրելով դրանց ղեկավարներին:

20. Ենթահանձնաժողով  ստեղծելու եւ (կամ) աշխատանքային խումբ ձեւավորելու մասին Հանձնաժողովի որոշման նախագծում սահմանվում են ենթահանձնաժողովի եւ (կամ) աշխատանքային խմբի խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը:

21. Ենթահանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել միայն Հանձնաժողովի անդամները` Հանձնաժողովի նախագահին ներկայացրած իրենց դիմումի համաձայն:

22. Ենթահանձնաժողովի կամ աշխատանքային խմբի ղեկավարն ընտրվում է Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ` Հանձնաժողովի որոշմամբ:

23. Ենթահանձնաժողովի  կամ աշխատանքային խմբի ղեկավարը կատարում է մշտական հանձնաժողովի նախագահի հանձնարարականները:

24. Աշխատանքային խմբի կազմում կարող են ընդգրկվել Ազգային ժողովի պատգամավորը, ինչպես նաեւ Ազգային ժողովի հանձնաժողովի, խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետ (մասնագետը), պատգամավորի օգնականը, այլ մասնագետ, գիտնական եւ հասարակական գործիչ:

25. Աշխատանքային խմբի կազմում Ազգային ժողովի պատգամավոր չհամարվող այլ անձնանց ընդգրկելու մասին առաջարկություն կարող է Հանձնաժողովի նախագահին ներկայացնել միայն Հանձնաժողովի անդամը:

26. Աշխատանքային խմբի ղեկավարին Հանձնաժողովի անդամների կազմից նշանակում է Հանձնաժողովի նախագահը` հաշվի առնելով Հանձնաժողովի անդամների ներկայացրած առաջարկությունները:

27. Իր գործունեության արդյունքների մասին ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը սահմանված ժամկետում զեկուցում է Հանձնաժողովի նիստում:

28. Ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել վաղաժամկետ` Հանձնաժողովի որոշմամբ:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ

29. Կանոնակարգի 27-րդ հոդվածին համապատասխան` Հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են ուրբաթ օրերին` ժամը 13-ին:

30. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Ազգային ժողովի նստավայրում: Այլ վայրում հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել հանձնաժողովի որոշմամբ, որի մասին հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:

31. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը կազմվում է հանձնաժողովին, որպես գլխադասային վերապահված շրջանառության մեջ դրված օրենքների եւ որոշումների նախագծերից, շրջանառության մեջ դրված օրենքների եւ որոշումների նախագծերից, ինչպես նաեւ հանձնաժողովի գործունեության ոլորտներին առնչվող այլ հարցերից:

32. Հանձնաժողովի արտահերթ նիստը գումարվում է նրա նախագահի կամ անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած ժամկետում: Հանձնաժողովի արտահերթ նիստը չի կարող անցկացվել Ազգային ժողովի նիստի ընթացքում: Արտահերթ նիստի օրակարգը հաստատվում է Հանձնաժողովի որոշմամբ:

33. Հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգի նախագծում չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի եւ (կամ) Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով վերադարձրած օրենքի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու մասին հարցերի առկայության դեպքում Հանձնաժողովի արտահերթ նիստը գումարվում է  առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 3 ժամ առաջ:

34. Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու մասին Հանձնաժողովի անդամների նախաձեռնությունն իրականացվում է պատգամավորի ձեւաթղթում իրենց անուն, ազգանունի դիմաց ստորագրելու եւ Հանձնաժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձեւաթղթում նշվում են արտահերթ նիստի օրակարգը եւ անցկացման ժամկետը, ձեւաթղթին կցվում են օրակարգային հարցերի նախագծերը:

35. Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ իր նախաձեռնության մասին Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներին տեղեկացնու մ է այդ նիստից առնվազն 1 ժամ առաջ:

36. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են եւ հրապարակային, բացառությամբ Հանձնաժողովի որոշմամբ  սահմանված դեպքի:

36.1. Կանոնակարգի 28-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հանձնաժողովի դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, կարող են ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, նրա լիազոր ներկայացուցիչը, վարչապետը, նրա լիազոր ներկայացուցիչը, ինչպես նաեւ Հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք: Հանձնաժողովի դռնփակ նիստում քվեարկությունն  արգելվում է:

37 Կանոնակարգի 28-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հանձնաժողովի դռնբաց նիստում, բացի սույն կանոնակարգի  կարող են ներկա գտնվել Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Հանձնաժողովի փորձագետները (մասնագետները) եւ գործավարը (օգնականը), Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի մեկական փորձագետ (մասնագետ), Հանձնաժողովի նախագահի հրավիրած եւ օրենքով նախատեսված այլ անձինք:

38. Կանոնակարգի 28-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի նիստում նախագծի կամ դրա վերաբերյալ առաջարկությունների քննարկմանն իրավունք ունեն մասնակցել տվյալ փաստաթղթերի հեղինակները:

39. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերի հեղինակները այդ հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացրած պատգամավորները, այլ շահագրգիռ մարմինները եւ պաշտոնատար անձինք տեղեկացվում են քննարկումներից առնվազն երեք օր առաջ:

40. Հանձնաժողովի նիստն իրավազոր է եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/ 4-ը, եւ այն վարում է հանձնաժողովի նախագահը կամ տեղակալը, կամ հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը:

41. Եթե Հանձնաժողովի նիստն իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 2 ժամ, որի ընթացքում Հանձնաժողովի նախագահը կարող է անցկացնել խորհրդակցություն` Հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացնելով նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերը: Նշված ժամկետում քվորումի` ա) ապահովման դեպքում նիստը վարողը Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին. բ) չապահովման դեպքում Հանձնաժողովի նիստը համարվում է չկայացած

42. Նիստն սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչեւ օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

43. Նիստում հարցերը քննարկվում են հետեւյալ հաջորդականությամբ`

ա) հիմնական զեկուցողի ելույթը (մինչեւ 10 րոպե).

բ) հարցեր հիմնական զեկուցողին( 3-ական րոպե).

գ) հարակից զեկուցողի ելույթը (մինչեւ 5 րոպե).

դ) հարցեր հարակից զեկուցողին (3 ական րոպե).

ե) մտքերի փոխանակություն (մինչեւ 7 րոպե)..

զ) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթը (մինչեւ 3 րոպե).

է) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը (մինչեւ 3 րոպե).

ը)  քվեարկություն:

44. Իր եզրափակիչ ելույթում Հանձնաժողովի ներկայացուցիչը կարող է սահմանված կարգով առաջարկել`

ա) հարցի վերաբերյալ Ազգային ժողովին ներկայացնել դրական եզրակացություն.

բ) օրենքի նախագիծը այլընտրանքային համարել միեւնույն ոլորտը կարգավորող եւ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող կամ ընդգրկված` դեռեւս չքննարկված  օրենքի նախագծի նկատմամբ.

գ) հետաձգել օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկվելը հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգերում.

դ) հարցն Ազգային ժողովում քննարկելու համար սահմանել հատուկ ընթացակարգ.

ե) երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքի նախագծում առաջին ընթերցմամբ ընդունված հոդվածի բովանդակությունը համարել ամբողջությամբ փոփոխված.

զ) փոփոխել երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի կամ նախագծերի փաթեթի` Ազգային ժողովում քննարկման ժամկետները.

է) օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերն Ազգային ժողովում քննարկել երեք ընթերցմամբ:

45. Հանձնաժողովի նիստում զեկուցման եւ ելույթի համար սահմանված տեւողությունները կարող են փոփոխվել նիստը վարողի կողմից:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

46. Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերը կամ նախագծերի փաթեթները ստանալուց հետո եռօրյա ժամկետում Հանձնաժողովի նախագահը նշանակում է Հանձնաժողովի ներկայացուցիչ, որը`

ա) ոչ շուտ, քան ԱԺ Կանոնակարգի 51-րդ հոդվածի առաջին կետով սահմանված կարգով շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության եւ Աշխատակազմի եզրակացություններն ստանալը կամ դրանց ստացման ժամկետի սպառվելը, Հանձնաժողովի նիստում հանդես է գալիս հարակից զեկուցմամբ` ներկայացնելով օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ իր առաջարկը.

բ) Հանձնաժողովի նիստում հանդես է գալիս հարակից զեկուցմամբ` ներկայացնելով չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ իր եզրակացությունը.

գ) Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված եւ հեղինակի կողմից ընդունելի առաջարկությունների հիման վրա փոփոխված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը, դրան կցված ամփոփաթերթիկով ստանալուց հետո 10 օրվա ընթացքում, հեղինակի հետ համատեղ կարող է այդ նախագծում կատարել փոփոխություններ եւ Հանձնաժողովի նիստում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերջնական տարբերակը` դրան կցված ամփոփաթերթիկով, եւ դրա վերաբերյալ իր եզրակացությունը.

դ) օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո հեղինակի հետ համատեղ կարող է նախագծում կատարել խմբագրական փոփոխություններ եւ դրանք ներկայացնել Հանձնաժողովի քննարկմանը.

ե) Հանձնաժողովի նիստում հանդես է գալիս հարակից զեկուցմամբ` ներկայացնելով Հանրապետության Նախագահի առարկությունների կամ առաջարկությունների վերաբերյալ իր եզրակացությունը.

զ) Ազգային ժողովի նիստում օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի, ինչպես նաեւ Հանրապետության Նախագահի առարկությունների կամ առաջարկությունների քննարկման ժամանակ հանդես է գալիս հարակից զեկուցմամբ` ներկայացնելով դրանց վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՂ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՄ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ

47. Կանոնակարգի 51-րդ հոդվածի առաջին կետի ,բե ենթակետով սահմանված կարգով Հանձնաժողով ուղարկված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթը ներառում է`

ա)  օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը շրաջանառության մեջ դնելու մասին դրա հեղինակի դիմումը. բ) օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը եւ դրան կից ներկայացվող`

1) օրենքի ընդունման հիմնավորումը.

2) օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը.

3) օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կցվող տեղեկանքը, որտեղ ներկայացվում է գործող օրենքի փոփոխվող հոդվածը.

4) օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության եզրակացությունը.

5) պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացությունը.

6) օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Աշխատակազմի եզրակացությունը.

7) օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքը.

8) առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը.

9) առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ պատգամավորների եւ Կառավարության ներկայացրած առաջարկությունները.

10) առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ պատգամավորների եւ Կառավարության ներկայացրած առաջարկությունների հիման վրա հեղինակի կողմից փոփոխված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը եւ այդ առաջարկությունների ամփոփաթերթիկը. ժա) երկրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով Ազգային ժողովի նախագահին ներկայացված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերջնական տարբերակը եւ ամփոփաթերթիկը.

11) երկրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով Ազգային ժողովի նախագահին ներկայացված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքը.

12) երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը.

13) երրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով Ազգային ժողովի նախագահին ներկայացված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը եւ դրանում կատարված փոփոխությունների ամփոփաթերթիկը.

14) Ազգային ժողովի ընդունած օրենքը.

15) Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով Ազգային ժողով վերադարձված օրենքը.

16) Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով Ազգային ժողով վերադարձված օրենքի վերաբերյալ Հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը.

17) Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան կամ Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը.

18) Հանրապետության Նախագահի ստորագրած եւ հրապարակած օրենքի պատճենը:

48. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը քննարկվում են Հանձնաժողովի նախագահի, իսկ արտահերթ նիստինը` դրա նախաձեռնողի կամ նախաձեռնողների ներկայացուցչի սահմանած հաջորդականությամբ:

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ

49. Կանոնակարգի 32-րդ հոդվածի առաջին կետին համապատասխան` Կանոնակարգով իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով յուրաքանչյուր հերթական նստաշրջանում առնվազն մեկ անգամ կազմակերպում է խորհրդարանական լսումներ` այդ մասին տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին:

50. Հանձնաժողովին լսումներ կազմակերպելու մասին առաջարկություն կարող  են ներկայացնել Հանձնաժողովի անդամը եւ ենթահանձնաժողովը:

51. Լսումներ կազմակերպելու մասին Հանձնաժողովի նախագահի կամ ենթահանձնաժողովի առաջարկությունն առանց քվեարկության ընդգրկվում է Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում  եւ քննարկվում է արտահերթ:

52. Լսումներ կազմակերպելու մասին Հանձնաժողովի որոշման նախագծում նշվում են լսումների թեման, օրը, ժամը, անցկացման վայրը եւ ընթացակարգը, ինչպես նաեւ զեկուցողների ու հրավիրվածների նախնական ցանկը:

53. Լսումների անցկացման օրը չպետք է վլինի ուրբաթ օրը կամ համընկնի Ազգային ժողովի նիստի օրվա հետ:

54. Լսումների ընթացակարգով սահմանվում են զեկուցելու, ելույթ ունենալու, հարցեր տալու կարգը եւ ժամկետները, որոնք ապահովում են քննարկվող հարցի վերաբերյալ տարբեր տեսակետների ներկայացման, դրանց քննարկման, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ հասարակայնության կարծիքը որոշելու հնարավորությունը:

55. Լսումներ կազմակերպելու մասին տեղեկատվությունը դրա անցկացման օրից առնվազն 3 օր առաջ տրամադրվում է Աշխատակազմին, որն այդ տեղեկատվությունը 24 ժամվա ընթացքում տրամադրում է զանգվածային լրատվության միջոցներին:

56. Հանձնաժողովի նիստում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանցից բացի, լսումներին մասնակցելու կամ ներկա գտնվելու ցանկություն ունեցող այլ անձինք կարող են լսումների անցկացման օրից 2 օր առաջ գրավոր դիմել Հանձնաժողովի նախագահին` ներկայացնելով իրենց ելույթի տեքստը կամ ներկա գտնվելու հիմնավորումը: Դիմողը կարող է մասնակցել կամ ներկա գտնվել լսումներին, եթե Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ դրա մասին նրան նախապես տեղեկացվում է:

57. Լսումների արդյունքում կարող է նախապատրաստվել լսումների արդյունքներն ամփոփող նյութեր, որոնք կարող են հրապարակվել հանձնաժողովի առաջարկությամբ` Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

58. Հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, տեղեկատվական, վերլուծական եւ մասնագիտական գործունեությունն ապահովում է Հանձնաժողովի փորձագետների(մասնագետների) միջոցով, որոնք  գործում են Հանձնաժողովի ու Աշխատակազմի կանոնադրություններով սահմանված կարգով` Հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ:

59. Համաձայն Կանոնակարգի 21-րդ հոդվածի 7-րդ կետի, Հանձնաժողովն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար (օգնական) եւ 3 փորձագետ (մասնագետ):

60. Հանձնաժողովի փորձագետները (մասնագետներն) Աշխատակազմի պետական ծառայողներ են: Նրանք աշխատանքի ընդունվում եւ աշխատանքից ազատվում են ,Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական  ծառայության մասինե ՀՀ օրենքով սահմանված կարգով:

61.  Հանձնաժողովի փորձագետ (մասնագետը) կատարում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները, ինչպես նաեւ նրա հանձնարարությամբ աջակցում է Հանձնաժողովի անդամների աշխատանքին:

62. Հանձնաժողովի փորձագետի (մասնագետի) աշխատանքն իրականացվում է պետական ծառայության պաշտոնի անձնագրի համաձայն:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

63. Հանձնաժողովն ուղարկված դիմումները եւ առաջարկությունները քննարկում են օրենքով սահմանված կարգով:

64. Աշխատակազմն Ազգային ժողովի նստավայրում քաղաքացիների ընդունելության նպատակով Հանձնաժողովին հատկացնում է կահավորված սենյակ ամսական 2 օր: Պատգամավորների ամենամյա արձակուրդի ընթացքում (12 աշխատանքային օր ձմռանը, 24-ը` ամռանը) քաղաքացիների ընդունելություն չի անցկացվում:

65. Ազգային ժողովի նստավայրում քաղաքացիների ընդունելությանը` Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամանակացույցով մասնակցում են Հանձնաժողովի մեկական անդամ եւ փորձագետ (մասնագետ): Ընդունելությանը կարող է մասնակցել նաեւ Հանձնաժողովի անդամի օգնականը:

ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒՄԸ

66. Սույն կանոնակարգն ընդունվում կամ դրանում փոփոխությունները կատարվում են Հանձնաժողովի նախագահի կամ անդամի առաջարկությամբ` Հանձնաժողովի որոշմամբ:

67. Սույն կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունն առանց քվեարկության ընդգրկվում է Հանձնաժողովի նիստի օրակարգում եւ քննարկվում է արտահերթ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS