ՀՀ Ազգային ժողովի
աշխատակազմի ղեկավար-Գլխավոր քարտուղարի
09.12.2019թ. թիվ 1492 հրաման
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈւՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
1. Վարչությունն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) իրականացնում է Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների, ինչպես նաեւ Աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստման եւ ատեստավորման նախապատրաստական, կազմակերպման եւ իրականացման աշխատանքները,
2) իրականացնում է Ազգային ժողովի պատգամավորների, Աշխատակազմի վարչական, հայեցողական, պետական ծառայության պաշտոն զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործերի վարումը,
3) նախապատրաստում եւ Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում Ազգային ժողովի նախագահի որոշումների, կարգադրությունների, ինչպես նաեւ Ազգային ժողովի, Խորհրդի որոշումների եւ այլ ենթաօրենսդրական ակտերի ու փաստաթղթերի նախագծեր,
4) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈւՐՍՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ՈւՍՈւՑՈւՄՆԵՐԻ ԵՎ ՄՐՑՈւՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
2. Մարդկային ռեսուրսների հավաքագրման, ուսուցումների եվ մրցույթների կազմակերպման բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) Պետական ծառայության պաշտոնների անձնագրերին համապատասխան որակյալ մարդկային ռեսուրսների ընտրության նպատակով կազմակերպում եւ իրականացնում է Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների հետ կապված աշխատանքները,
2) Կազմակերպում եւ իրականացնում է Աշխատակազմում ոչ պետական ծառայության պաշտոնների թափուր աշխատատեղերի համար անցկացվող հարցազրույցների անցկացման հետ կապված աշխատանքները,
3) Կազմակերպում եւ իրականացնում է Աշխատակազմի պետական ծառայողների ատեստավորման աշխատանքները՝ զբաղեցրած պաշտոնին պետական ծառայողի մասնագիտական գիտելիքների եւ ունակությունների համապատասխանության գնահատման նպատակով,
4) իրականացնում է Աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքները աշխատողների մասնագիտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով,
5) մասնակցում է Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկի եւ Աշխատակազմի հաստիքացուցակի կազմման աշխատանքներին.
6) ստորաբաժանման ղեկավարների հետ համագործակցությամբ կազմակերպում եւ ապահովում է նոր ընդունված կամ աշխատակազմում այլ հաստիքի տեղափոխված աշխատակիցների նոր աշխատատեղում հարմարման, ինչպես նաեւ փորձաշրջանների անցկացման գործընթացը.
7) ապահովում է կադրերի կողմից իրականացվող աշխատանքների, կատարողականների որակական եւ քանակական գնահատման համակարգի աշխատանքները,
8) մասնակցում է կադրերի մոտիվացման (շահադրդման) համակարգի չափանիշների ձեւավորման եւ բարելավման աշխատանքներին եւ ապահովում է դրանց կիրառման հիմքերը,
9) կազմակերպում եւ ապահովում է Աշխատակազմի հայեցողական, պետական ծառայության պաշտոն զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցների հոսունության գնահատումը, առաջացած խնդիրների վերհանում եւ առաջարկությունների տեսքով ներկայացում Աշխատակազմի ղեկավարին.
10) իրականացնում է Աշխատակազմում պետական ծառայողների կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունների ուսումնասիրություն եւ հաշվառում, ինչպես նաեւ ներկայացնում առաջարկություններ աշխատողների աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով,
11) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ԿԱԴՐԱՅԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
3. Կադրային գործերի փաստաթղթավորման բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) իրականացնում է Ազգային ժողովի նախագահի կարգադրություններով, Աշխատակազմի ղեկավարի հրամաններով նշանակվող պաշտոնատար անձանց, ԱԺ պատգամավորների անձնական գործերի նախապատրաստումը, վարումը, հաշվառումը, հաստիքացուցակում պետական ծառայողների գործակիցների փոփոխումը եւ պահպանումը,
2) իր գործառույթների սահմաններում ապահովում է Ազգային ժողովի նախագահի կարգադրությունների, Աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերի նախապատրաստումը եւ դրանց հաշվառումը եւ բնօրինակների պահպանումը,
3) իրականացնում է աշխատաժամանակի հաշվառում՝ օրենսդրական պահանջներին համապատասխան կարգավորումներն ապահովելու նպատակով,
4) ապահովում է Աշխատակազմում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով օգտվողների գրանցումը,
5) բարձրաստիճան պաշտոնատար անձնանց էթիկայի հանձնաժողովին է տրամադրում ՀՀ Ազգային ժողովի բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ օրենքով սահմանված տվյալներ,
6) կազմակերպում եւ ապահովում է Ազգային ժողովի պատգամավորների, Աշխատակազմի հայեցողական, պետական ծառայության պաշտոն զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործերի էլեկտրոնային բազայի ստեղծման, պարբերաբար թարմացման աշխատանքները.
7) կազմակերպում եւ ապահովում է Աշխատակազմի պետական, հայեցողական, քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների ժամկետային աշխատանքային պայմանագրերի ձեւակերպման, անաշխատունակության թերթիկների վարման եւ պահպանման, գործուղումների եւ արձակուրդների ձեւակերպման աշխատանքները, ծառայողական վկայականների, ժամանակավոր եւ տարեկան անցագրերի պատրաստման եւ հաշվառման աշխատանքները,
8) իրականացնում է էլեկտրոնային շտեմարանում սոցիալական փաթեթի շահառու աշխատողների վերաբերյալ անհրաժեշտ տվյալների մուտքագրումն ու թարմացումը,
9) համակարգում է Ազգային ժողովում բարձրագույն ուսումնական հաստատություններից գործուղված ուսանողների արտադրական եւ ուսումնական պրակտիկաների անցկացման աշխատանքները.
10) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գրանցամատյանների վարման աշխատանքները,
11) իրականացնում է վարչության գործառույթներից բխող այլ փաստաթղթերի նախապատրաստում,
12) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ: