ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 9-15-ն աշխատանքային այցով եղել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպել են ՉԺՀ ԱԳ փոխնախարար, Չինաստանի կուսկոմիտեի քարտուղար Չժան Եսուի հետ: Հերմինե Նաղդալյանը նշել է, որ հայ-չինական բարեկամական հարաբերությունները երկար դարերի պատմություն ունեն եւ երկու երկրների բարեկամական խմբերի համագործակցությունը խորհրդարանական դիվանագիտության կարեւոր ուղղություններից է: Բարեկամության խմբի ղեկավարի տեղեկացմամբ` Հայաստանում քաղաքական փոփոխություններ են կատարվել, նշանակված են խորհրդարանական նոր ընտրություններ: Նա համոզմունք է հայտնել, որ հայ-չինական հարաբերությունները իրենց շարունակությունը կունենան նաեւ նոր խորհրդարանի ձեւավորումից հետո եւս:
Ըստ ՉԺՀ ԱԳՆ կուսկոմիտեի քարտուղարի՝ Պեկինը բարձր է գնահատում Հայաստանի կայուն քաղաքականությունը Հարավ-չինական ծովի խնդիրների ու Թայվանի հարցում: Նա հույս է հայտնել, որ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններում ձեւավորված իշխանությունը կշարունակի նույն քաղաքականությունը եւ Պեկինը՝ ի դեմս Հայաստանի, գործընկեր կունենա իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության ակտիվ դերը միջպետական հարաբերություններում:
Այցի շրջանակում հայ խորհրդարանականները հանդիպել են ՉԺՀ Կոմկուսի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Ցզին Խունշանի հետ: Քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Հանդիպումներ են եղել նաեւ չինացի գիտնականների, ինչպես նաեւ Չինական ժողովրդական ինստիտուտի նախագահի տեղակալ Լիան Ցզիանցյուանի եւ Գուանդունի նահանգի արտաքին գործերի նախարարի հետ:
Պատվիրակությունն այցելել է նաեւ ՀՀ դեսպանատուն, որտեղ դեսպան Սերգեյ Մանասերյանը պատմել է Շանհայի էքսպո ցուցահանդեսում հայկական տաղավարի հաջողությունների ու չինական ընկերությունների՝ հայկական արտադրանքով հետաքրքրվածության մասին:
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Շուշան Սարդարյանը, Ջեմմա Բաղդասարյանը, Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը եւ Լենա Նազարյանը: