Ապրիլի 6-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Բոստոնի կույրերի դպրոցի տնօրեն Մայքլ Կոլինսի եւ խորհրդատու Դենիս Լոլլիի հետ: Հյուրերը տեղեկացրին, որ իրենց հաստատությունը կույրերի կրթության, բուժօգնության, հասարակությանը ինտեգրման հետ կապված միջազգային ծրագրեր է իրականացնում. նույն առաքելությամբ էլ Հայաստանում են եւ հույս ունեն գործադիր եւ օրենսդիր մարմինների աջակցությամբ ու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ համանման ծրագրեր իրականացնել մեր հանրապետությունում: Տիկին Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով հյուրերին մարդասիրական առաքելության համար, ծանոթացրեց մեր երկրում հաշմանդամների հիմնախնդիրների օրենսդրական լուծումներին, ներկայացրեց կույրերի կյանքի բարելավմանն ու հասարակությանը ինտեգրմանն ուղղված պետական եւ ոչ պետական կազմակերպությունների կատարած աշխատանքին, առկա դժվարություններին եւ պատրաստակամություն հայտնեց աջակցելնոր ծրագրի ներկայացուցիչներին` այդ մարդասիրական կարեւոր գործը Հայաստանում իրականություն դարձնելու համար: