Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը ապրիլի 6-ին խորհրդարանում հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող` Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Գեդեմինաս Կիրկիլասի գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Խորհրդարանի հանձնաժողովի նախագահը, ողջունելով հյուրերին, նշեց, որ Հայաստանի եւ Լիտվայի հարաբերությունները ձեւավորվել են դեռեւս պատմական ժամանակներում: Նա բարձրաստիճան հյուրի այցը հայկական խորհրդարան գնահատում է որպես կարծիքներ փոխանակելու եւ համագործակցության եզրեր գտնելու լավ հնարավորություն:
Լիտվայի ազգային պաշտպանության նախարարը գոհունակությամբ ընդգծեց Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու` հայկական կողմի ձգտումը:Նա նաեւ ողջունում է հայ խաղաղապահներին Իրաք ուղարկելու Հայաստանիքաղաքականությունը` նշելով, որ Լիտվան հակամարտության գրեթե բոլոր տարածքներում ներկայացված է իր խաղարարար ջոկատներով: Լիտվական կողմը պատրաստ էռազմական բնագավառում ունեցած իր ձեռքբերումներն ու փորձը կիսել հայ գործընկերների հետ, ասում է Գեդեմինաս Կիրկիլասը, հատկապես որ իր երկիրը գտնվում է զինված ուժերի համակարգը բարեփոխելու փուլում:
Մհեր Շահգելդյանը կարեւորում է պաշտպանության բնագավառում փորձի փոխանակման առաջարկը` հաշվի առնելով, որ Լիտվան ստեղծել է արեւմտյան եւ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող զինուժ: Պրն. Շահգելդյանը, որ հանդիսանում է նաեւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայկականպատվիրակության ղեկավար, գտնում է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ դերակատարություն պետք է ունենան նաեւ երկու երկրների խորհրդարանները, այս դեպքում` պաշտպանության հարցերով զբաղվող հանձնաժողովները: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը շարժվում է եվրաինտեգրման ճանապարհով եւ դա սոսկ ցանկության արդյունք չէ, այլ պայմանավորված է պատմական ու կրոնական իրողություններով: Զրույցի ընթացքում նաեւ անդրադարձ եղավ պաշտպանության համակարգի ֆինանսավորման ու դրա պլանավորման խնդրին, այս ոլորտի նկատմամբ քաղաքացիական եւ խորհրդարանական վերահսկողության հարցերին: Խոսելով ղարաբաղյան հակամարտության թեմայով` Մհեր Շահգելդյանը ընդգծեց, որ, ի տարբերություն ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունների, Հայաստանը խնդրի լուծումը տեսնում բանակցային գործընթացի արդյունքում ընդհանուր հայտարարի գալու մեջ: Լիտվայի ազգային պաշտպանության նախարարն այս առիթով նկատեց, որ քաղաքականության մեջ չկան անլուծելի խնդիրներ. լուծման համար պետք է կամք եւ ցանկություն:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ «Ընդլայնվող Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում համագործակցելու մասին: Լիտվան առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հարավկովկասյան երկրների վրա: Դրանով պայմանավորված` տարածաշրջանային երեք երկրների համար Թբիլիսիում շուտով կբացվի Լիտվայի Հանրապետության դեսպանատունը, որտեղ կաշխատի նաեւ ռազմական կցորդ:
Թեեւ մեր պատվիրակությունները համագործակցում են ՆԱՏՕ-ի ԽՎ շրջանակներում,հանդիպումները պետք է առավել հաճախ եւ հարաբերություններն ավելի բարեկամական դարձնել,ասում է Մհեր Շահգելդյանը ու հավելում, որ «մարդկային հարաբերությունները քաղաքականության մեջ մեծ տեղ ունեն»: