Ապրիլի 28-ին սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Վրաստան:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-վրացական հարաբերությունների լայն շրջանակ, որ ներառում էր եւ երկկողմանի, եւ տարածաշրջանային խնդիրները: Կողմերը փաստեցին, որ միմյանց հետ հարաբերություններում չկան պրոբլեմներ, այլ կան միայն քննարկման ենթակա հարցեր: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռքբերվեց Վրաստանի խորհրդարանում եւս ստեղծել Հայաստանի հետ համագործակցության հանձնաժողով, որը միջխորհրդարանական հարաբերությունների բարձր մակարդակ է վկայում: Երկու խորհրդարանների նախագահները պայմանավորվեցին նաեւ համատեղ հանդես գալ «Ընդլայնվող Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում: Պայմանավորվածություն ձեռքբերվեց նաեւ Կովկասյան քառյակի առաջիկա հանդիպման մասին: Փոխըմբռնման մթնոլորտում քննարկվեց նաեւ Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնությունը Հարավկովկասյան խոհրդարանական վեհաժողովի վերաճելու հնարավորությունների հարցը:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը բարձրացրեց Ջավախքի հայերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, ն որ աշխատատեղերի ստեղծման, հայերի իրավունքների պաշտպանության խնդիրները: Պարոն Սահակաշվիլին ասաց, որ արդեն իսկ մեկնում է Նինոծմինդայի շրջանի ամենամեծ գյուղը` Կանդիա, մասնակցելու հայկական դպրոցի շինարարությունը սկսելուն, որը աշնանը նախատեսված է շահագործման հանձնել: Պարոն Սահակաշվիլին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին խոստացավ անձամբ հատուկ ուշադրություն դարձնել Ջավախքի հայերի խնդիրներին` ճանապարհների շինարարությանը, գյուղատնտեսական ծրագրերի մշակմանը, վարկավորման հարցերի լուծմանը, աշխատատեղերի ստեղծմանը, հայերի իրավունքների պաշտպանությանը: Ռուսական ռազմաբազաների դուրսբերումից հետո տեղի հայ բնակչությանը կառաջարկվի աշխատանքի անցնել վրացական զինվորական ուժերում, իսկ եթե չցանկանան, կմշակվեն աշխատատեղերի ստեղծման այլ ծրագրեր: Պարոն Սահակաշվիլին ասաց, որ մայիսին Վրաստան է ացելելու նաեւ Շառլ Ազնավուրը: Նա կլինի Ախլքալակում իր պապերի գերեզմանին այցի գնալու համար եւ իբրեւ բացառություն` խոստացել է համերգ տալ տեղի հայերի համար: Աժ նախագահի Արթուր Բաղդասարյանի առաջարկով քննարկվեց նաեւ աբխազական երկաթուղու վերաբացման խնդիրը. պարոն Սահակաշվիլին խոստացավ, որ վրացական կողմից որեւէ խնդիր չի հարուցվի: Ռուսական կողմի հետ մի քանի տարբերակներ են քննարկվել եւ նկատի է առնվում նաեւ եվրոպացիների հետ կոնսորցիում ստեղծելու հնարավորությունները` երկաթուղին վերագործարկելու նպատակով: Վրաստանի նախագահի հետ քննարկվեցին նաեւ ռեգիոնալ համագործակցության խնդիրները` խթանելու տնտեսական համագործակցությունը:
Վրաստանի խորհրդարանի` Հայաստանի հետ հարաբերությունների մշտական պատվիրակության` Հայաստանի խորհրդարանի պատվիրակության հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում Ն. Բուրջանաձեն նշեց, որ Հայաստանի հետ բավական լուրջ հարաբերությունները հարկավոր է խորացնել, ինչին նման հանդիպումները կնպաստեն: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային խորհրդարանական կառույցներում երկու խորհրդարանների ներկայացուցիչների համագործակցության հարցերը:
Ա. Բաղդասարյանը նախ իր գործընկերոջը հրավիրեց Հայաստան: Նա նշեց, որ հանդիպումների ընթացքում կոնկրետ հարցեր են առաջադրվել, որոնց լուծումը ի նպաստ երկու երկրների է: Նա ընդգծեց երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ երկու երկրների մարզերի միջեւ համագործակցության անհրաժեշտության մասին: Խորհրդարանների նախագահները պատրաստակամություն են հայտնել նպաստել այդ կապերի զարգացմանը:
Պատասխանելով լրագրողների հարցերին` Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Վրաստանի նախագահի եւ խորհրդարանի նախագահի հետ հանդիպումներն անցել են լիարժեք փոխըմբռնման մթնոլորտում: Նշվել է, որ անհրաժեշտ է անպայման կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի աբխազական երկաթուղին աշխատի:
-Ես օրեր առաջ Ռուսաստանում էի: Այնտեղ վստահեցրին, որ կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու այդ խնդրի հետ կապված: Այսօր Վրաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Միխայիլ Սահակաշվիլին պաշտոնապես հայտարարեց, որ Վրաստանը պատրաստ է հարցը կոնկրետ ուսումնասիրել: Մենք դա կարեւոր քաղաքական հայտարարություն ենք համարում եւ կարծում ենք` այս հայտարարությունից հետո անհրաժեշտ է, որ մեր խորհրդարանները եւս հնարավորինս նպաստեն հարցի լուծմանը: Կարծում եմ` այս հանդիպումներից հետո մենք դականենք: Առաջիկա օրերին ես հեռախոսազրույց կունենամ մեր ռուսական գործընկերների հետ: Անհրաժեշտ է ինչ որ բանից սկսել: Կարեւորը քաղաքական որոշման առկայությունն է:
Նինո Բուրջանաձեն ավելացրեց, որ Վրաստանը բազմիցս հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է իսկապես խոսել երկաթգծի բացման մասին: Երկու- երեք տարի առաջ Վրաստանի մերժողական դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ փոխվել է. «Հուսով եմ` երկաթուղագծի բացման շուրջ սկսվելիք բանակցությունները կօգնեն նոր հնարավորություններ գտնել` կարգավորելուայդ բարդ հարցը»:
Ն. Բուրջանաձեն նշեց, որ Հայաստանի եւ նախագահը, եւ ԱԺ նախագահը պաշտոնապես հայտարարել են, որ ռուսական ռազմաբազաների խնդիրը Վրաստանի ներքին խնդիրն է եւ Հայաստանը չի խառնվելու դրան: Հայաստանը հետաքրքրված է, որ հարցերն այնպես լուծվեն, ինչպես բխում է միասնական վրացական պետության շահերից:
Ա. Բաղդասարյանն ավելացրեց,որ Ջավախքի խնդիրը Հայաստանի համար նախեւառաջ այդ տարածքի սոցիալ-տնտեսական վիճակն է. «Ես ուրախ եմ, որ Վրաստանի նախագահն այսօր հայտարարեց, որ զարգացման ծրագիր է իրականացվելու այդ տարածքի սոցիալ-տնտեսական հարցերը լուծելու նպատակով: Կարծում եմ` միասնական վրացական պետության քաղաքացիները անկախ ազգությունից պետք է ապրեն երկրում, հարգեն երկրի օրենքները, բայց յուրաքանչյուր հասարակության մեջ որոշակի տրամադրություններ կան, եւ մենք պարտավոր ենք դրան հանգիստ վերաբերվել: Մեզ համար խիստ կարեւոր է, որ մեր հայրենակիցները Վրաստանում ապրեն նորմալ պայմաններում: Հանրապետության նախագահն այսօր նշեց, որ հատուկ ծրագիր է իրականացվելու նաեւ պետական օղակներում հայերին ընդգրկելու ուղղությամբ: Բարեկամությունը կարող է արարողակարգային կամ իրական լինել: Ես կողմնակից եմ մեր միջեւ իրական գործերով բարեկամությանը»:
Ն. Բուրջանաձեի խոսքով` Ջավախքն այսօր ավելի վատ վիճակում չէ, քան Վրաստանի մյուս շրջանները: Ներկայումս արդեն կոնկրետ ծրագրեր եւ գումարներ կան Ջավախքի զարգացման համար: Այնտեղ հնարավոր է ստեղծել արտադրական ձեռնարկություներ:
Անդրադառնալով ռուսական ռազմաբազաների դուրսբերման հարցին` Նինո Բուրջանաձեն ասաց, որ դրա վերջին ժամկետը կարող է լիներ 2008-ի հունվարը: