ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 12-ին խորհրդարան են այցելել Սեւան քաղաքի հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:
Հյուրերին Ազգային Ժողովում ընդունել եւ «Բաց դաս» են անցկացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը:
Աշակերտները մասնավորապես հետաքրքրվել են դատական համակարգի բարեփոխումներով, իրենց մարզի բնապահպանական՝ հատկապես հանքաարդյունաբերության առաջացրած խնդիրներով:
Պատգամավորները տեղեկացրել են, որ խորհրդարանում ստեղծվել է քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրում է վերոնշյալ ոլորտի խնդիրները:
Անդրադառնալով դատական բարեփոխումներին՝ նշվել է, որ արդեն ձեւավորվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը շուտով կիրականացնի իր գործառույթները:
Նույն օրը խորհրդարանում հյուրընկալվել են նաեւ Երեւանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Նրանց հետ «Բաց դաս» են անցկացրել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը, Նիկոլայ Բաղդասարյանը եւ Սերգեյ Մովսիսյանը:
Դպրոցականների հարցերը վերաբերել են ճանապարհաշինությանը եւ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում քննարկվող օրինագծերին:
Նշվել է, որ 2019թ-ին ճանապարհաշինությունն ակտիվացվել է, վերանորոգվել են միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներ եւ շեշտվել, որ այդ գործընթացը լինելու է շարունակական:
Այցի շրջանակում հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի արտահերթ նիստի աշխատանքին, թանգարանում ծանոթացել խորհրդարանի պատմությանը, այցելել են նաեւ գրադարան: