Մայիսի 4-ին արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը` քննարկելու նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համավարակի` սոցիալական եւ առողջապահական ոլորտներում բացասական հետեւանքների եւ դրանց մեղմման միջոցառումների տեսլականն ու ճանապարհային քարտեզը:
ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների պատասխանատուները ներկայացրել են հանրապետությունում տիրող իրավիճակը, անդրադարձել օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը, ինչպես նաեւ նշել այն աշխատանքները, որոնք ուղղված են հիվանդության հաղթահարմանն ու դրա տարաբնույթ հետեւանքների մեղմացմանը:
Բանախոսները նաեւ պատասխանել են պատգամավորների հարցերին:
«Օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը` համավարակին դիմագրավելու արդյունավետության բարձրացման տեսանկյունից» թեմայով զեկույց է ունեցել ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Ըստ նրա` համավարակով պայմանավորված` աշխարհում 3,3 մլրդ անձանց վրա հիվանդությունն ազդել է տնտեսապես, 7 տոկոսով նվազել են գումարային աշխատաժամերը, որը կազմում է շուրջ 100 մլն դրույք աշխատատեղ:
Հայաստանում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ խոցելի խմբերում աշխատել է մոտ 209 հազար մարդ, որը կազմում է ընդհանուր աշխատուժի 35 տոկոսը, ռիսկային գոտում են նաեւ 45000 բուժաշխատողներ: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ հիվանդությունն ի հայտ է բերել Հայաստանում չգրանցված աշխատողներին, որոնք նույնպես աղքատացման վտանգի տակ են:
Անդրադառնալով անելիքներին` նա կարեւորել է աշխատատեղերի պահպանումն ու նորերի ստեղծումը` հիմքում ունենալով զբաղվածության ծրագրերի վերանայումն ու դրանց հարմարեցումը փոփոխվող աշխարհին:
Ըստ օրենսդրի` անհրաժեշտ է վերաբաշխումներ եւ փոփոխություններ կատարել ինչպես պետական բյուջեում, այնպես էլ մի շարք օրենքներում: Նշվել է, որ հանձնաժողովը մշակել է կորոնավիրուսի ներթափանցման հետեւանքով առաջացած հնարավոր ռիսկերի կառավարման եւ հակազդման գործողությունների երկու փաթեթ, որոնք ուղարկվել են Կառավարություն եւ պարետատուն, ինչպես նաեւ օրենքների մի քանի նախագծեր, որոնք դրվել են շրջանառության մեջ:
«Նոր կորոնավիրուսի համավարակի եւ դրան հաջորդող ժամանակաշրջանում բնակչության բժշկական օգնության եւ սանիտարահամաճարակային միջոցառումների բնականոն ընթացքի, ինչպես նաեւ բուժաշխատողների պաշտպանության ապահովման հիմնական մոտեցումների վերաբերյալ» թեմայի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա հայտնել է, որ այսօր արձանագրվել է հիվանդության 121 նոր դեպք, կա 35 ծայրահեղ ծանր հիվանդ, 36 նոր բուժված, 4 նոր մահ, այս պահին 1393 մարդ գտնվում է բուժման փուլում, ընդհանուր առմամբ թեստավորվել է 25000 քաղաքացի: Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը կազմում է 2507, բուժվածների թիվը` 1071: Մինչ այժմ կորոնավիրուսից մահացել է 39 մարդ, եւս 4-ը մահացել են այլ հիվանդություններից` ունենալով նաեւ կորոնավիրուս:
Ազատ մահճակալները հիվանդանոցներում 350 հատ են, որոշ հիվանդներ «բուժվում են» հյուրանոցներում:
«Համավարակը հաղթահարել մեզ ու որեւէ երկրի չի հաջողվել, բայց մեզ հաջողվել է առողջապահական համակարգի վրա բեռը կառավարելի դարձնել»,- ասել է նա եւ նշել, որ համակարգի վրա ծանրաբեռնվածությունն ավելանում է, եւ այն դեռեւս կառավարելի է: Նախարարի խոսքով` բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին պետք է չմնա առանց բուժօգնության: Բուժսարքերի, դեղորայքի եւ անհրաժեշտ պարագաների պակաս չկա, սակայն անհրաժեշտ է լրջորեն պահպանել բոլոր կանոնները` չվերադառնալու համար խստագույն սահմանափակումներին:
Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել` կապված կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ, ուսումնասիրման փուլում են նաեւ պատգամավորների հեղինակած օրինագծերը:
Նախարարը նշել է, որ Հայաստանը հիվանդությունից պաշտպանիչ միջոցների պակաս այս պահին չունի. աշխատանքներ են տարվում մերմ երկրում դիմակներ եւ արտահագուստ կարելու գործում, քանի որ կորոնավիրուսը շուտ չի հեռանալու:
Արսեն Թորոսյանը հանրությանը կոչ է արել միշտ եւ ամենուր պահպանել հիգիենիկ վարքագծի կանոնները` այսօր եւ հետագայում եւս խուսափելու համար հիվանդությունների տարածումից: Ի պատասխան հնչած հարցի` նախարարն ասել է, որ կասկածներ կան հիվանդության կրկնվելու վերաբերյալ:
Անդրադառնալով տարածված որոշ տեսակետներին, թե կորոնավիրուս հիվանդություն չկա, նա պարզապես կարեւորել է նման կարծիք հայտնողների կրթական ցենզի բարձրացումը` նման անհեթեթություններ չտարածելու համար:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը քննարկվող թեմայի շրջանակում անդրադարձել է զբաղվածության եւ սոցիալական աջակցության հարցերին` նշելով, որ ապրիլի 30-ի դրությամբ 14 մլրդ 511 մլն դրամի աջակցություն է տրամադրվել շուրջ 1 մլն 264 հազար մարդու:
Հիվանդությունն աշխատաշուկայի վրա շատ բացասական ազդեցություն է ունենալու, որոշ կանխատեսումների համաձայն` գործազրկությունը մեր երկրում հասնելու է գրեթե 19 տոկոսի, ինչն այժմ շուրջ 17,7 տոկոս է: Կանխատեսվում է, որ գրանցված գործազուրկների թիվը, որն այժմ 85900 է, կավելանա շուրջ 40000-ով: Նախարարությունը խնդրի լուծման համար որոշ քայլեր է ձեռնարկել` զբաղվածության ապահովման երկու նոր ծրագիր է մշակել, մյուս երկուսն էլ մշակման փուլում են:
Սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողության նոր ռազմավարությունը եւ գործնական միջոցառումները նոր կորոնավիրուսի համավարակի եւ դրան հաջորդող ժամանակաշրջանում կատարված եւ կատարվող աշխատանքներին է անդրադարձել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը: Հարցերի փուլում պատգամավորներն անդրադարձել են բժիշկների` այլ վայրում աշխատելու, նրանց իրավական պաշտպանվածության հարցին, որի առնչությամբ պարզաբանումներ է տվել նախարար Արսեն Թորոսյանը: Նա վստահեցրել է, որ որեւէ բուժաշխատողի իրավունք չի խախտվելու: