ՀՀ Ազգային ժողովը մայիսի 12-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրինագծերը, ինչից հետո շարունակվել է «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման եւ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցի քննարկումը:
Պատգամավորները շարունակել են հնչեցնել փաստաթղթերի վերաբերյալ իրենց տեսակետները, անդրադարձել դրանցում կանանց իրավունքների վերաբերյալ ձեւակերպումներին, սոցիալական հարթակներում նրանց հասցեին հնչող հայհոյանքներին, նրանց իրավունքներին, ինչպես նաեւ այլ` քաղաքական, հարցերի: Պաշտպանին ուղղվել են նաեւ քննադատական խոսքեր. որոշ պատգամավորներ նրան մեղադրել են կողմնապահության մեջ` նշելով նաեւ զեկույցի թերությունները: Անդրադարձ է եղել երեկ խորհրդարանի կողմից վավերացված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիային եւ նշվել, որ այն ուղղված է երեխաների պաշտպանությանն ու նրանց բռնությունից պաշտպանելուն, եւ հնչեցված որոշ տեսակետներ առնվազն տարակուսանք են հարուցում:
Անդրադարձ է եղել նաեւ այլ հարցերի, ինչպիսիք են, օրինակ, մինչեւ Թավշյա հեղափոխությունը տարիներ շարունակ տեղի ունեցած պետական բյուջեի մսխումը, երբ որոշ պետական գերատեսչություններ վճարել են զանգվածային լրատվության որոշ միջոցների` տվյալ վճարողի վերաբերյալ միայն դրական նյութեր հրապարակելու կամ հակառակը` լռելու նպատակով:
Իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունները:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Նաիրա Զոհրաբյանը: Նա անդրադարձել է կանանց իրավունքների պաշտպանության հարցին եւ որոշ ընտանիքներում կանանց նկատմամբ իրականացվող ֆիզիկական բռնություններին` անհրաժեշտ համարելով ձեռնարկել քայլեր` փոխելու որոշ կանանց մտածելակերպը, ինչն իր հերթին կմեծացնի նրանց պաշտպանվածությունն ընտանեկան բռնությունից: Խմբակցության անդամը դրական է գնահատել կանանց նկատմամբ բռնությունների վերհանումը ՄԻՊ զեկույցում: Ըստ նրա, հակառակ պարագայում չէր արտացոլվի իրական վիճակագրությունը:
Նաիրա Զոհրաբյանը նույնպես, ինչպես պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, անհրաժեշտ է համարել քայլեր ձեռնարկել` ավելացնելու քաղաքացիների, մասնավորապես նաեւ` լրագրողների մեդիագրագիտությունը:
«Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումը քննարկվող փաստաթղթերի վերաբերյալ հայտնել է Վլադիմիր Վարդանյանը: Պատգամավորը կարեւորել է ՄԻՊ ինստիտուտի առկայությունը` նշելով, որ այն մեր երկրում առավել ազատ եւ անկաշկանդ սկսել է գործել Թավշյա հեղափոխությունից հետո:
Պատգամավորն արժեւորել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների արծարծումը զեկույցում, անդրադարձել Պաշտպանի` ազատազրկման վայրեր այցերին:
Վլադիմիր Վարդանյանը նույնպես անդրադարձել է երեկ վավերացված խնդրահարույց կոնվենցիային` ցավալի համարելով դրա շուրջ ստեղծված աղմուկը: Նա դրական է գնահատել ՄԻՊ գրասենյակի եւ ԱԺ-ի համագործակցությունը` վստահություն հայտնելով, որ այն շարունակական եւ արդյունավետ է լինելու:
ՄԻՊ գրասենյակի աշխատանքին անդրադարձել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա մասնավորապես արժեւորել է ՄԻՊ գրասենյակի կատարած աշխատանքն ու Պաշտպանի համակողմանի զեկույցը, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված նվաճումները:
Արարատ Միրզոյանը ԶԼՄ-ներին հորդորել է պաշտպանել մարդկանց իրավունքներն ու լուսանկարներ հրապարակելիս ծածկել դեմքերը, որպեսզի հնարավոր չլինի նույնականացումը:
Ի դեպ, այս կոչն ԱԺ նախագահն արել է, քանի որ իր ելույթում պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ցուցադրում էր բռնության ենթարկված կանանց լուսանկարներ:
Եզրափակիչ ելույթ է ունեցել ՄԻՊ Արման Թաթոյանը` անդրադառնալով պատգամավորների հարցադրումներին եւ քննադատություններին: Նշենք, որ նա նույնպես կարեւորել է վերոնշյալ կոնվենցիայի վավերացումը: Պաշտպանն ընդգծել է խորհրդարանի հետ առկա արդյունավետ համագործակցությունն ու վերջինի կողմից մեծաթիվ խորհրդարանական լսումների անցկացումը:
Նիստի ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ օրակարգային հարցերից չքննարկված են մնացել երկու օրենսդրական նախաձեռնություններ, որոնք հեղինակել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները: Եվ, քանի որ խմբակցությունը ՀՀ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ մայիսի 8-ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից հետո բոյկոտել է ԱԺ նիստերը, ապա այդ նախագծերի քննարկումն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն հետաձգվում է մինչեւ երկու ամսով:
Այսպիսով, սպառելով օրակարգային հարցերի քննարկումը` խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: