Մայիսի 25-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հրավիրած ասուլիսում անդրադարձել են ապագա անելիքներին:
Էդմոն Մարուքյանը, դատապարտելով մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը, նշել է, որ գործող իշխանությունը շեղվել է որդեգրած ժողովրդավարական արժեքներից: Նա նաեւ անընդունելի է համարել միջադեպի վերբերյալ ՀՔԾ-ի տարածած հայտարարությունը, ըստ որի՝ միջադեպն առնչվում է հանրային տիրույթին, ոչ թե մասնավորին: Խմբակցության ղեկավարի հավաստմամբ՝ տեղի ունեցածը բռնություն է: «Իշխանություններն արդարացնում են ծեծկռտուքը, մարդուն հետեւից հարվածելը»,- ասել է նա եւ հավելել՝ «Որեւէ մեկը թող հույս չունենա, թե «Լուսավոր Հայաստանին» կարող է շեղել քաղաքական օրակարգից»: Պատգամավորը շնորհակալություն է հայտնել կուսակցության համակիրներին, հետեւորդներին եւ ազատամարտիկներին՝ զորակցության համար:
Մանե Թանդիլյանի հավաստմամբ՝ ժողովրդավարությունը նահանջ է ապրում մեր երկրում: Նա նաեւ տեղեկացրել է, որ խմբակցությունը շարունակելու է օրենսդրական եւ քաղաքական գործունեությունը խորհրդարանում:
Պատգամավորները նաեւ պատասխանել են լրագրողների հարցերին: