ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 22-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ՀՀ կառավարության հեղինակած ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
Առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը՝ նախատեսելով, որ գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ նշված վերահսկողությունը մշտադիտարկման միջոցով իրականացնելու է Պետական եկամուտների կոմիտեն:
Նշված պահանջը վերաբերելու է վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի, շահումով խաղերի եւ խաղատների գովազդների համար սահմանված պահանջների խախտումներին:
Օրինագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:
ԱԺ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Հայկ Կոնջորյանի, Համազասպ Դանիելյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի եւ Սարգիս Խանդանյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց երկամսյա ժամկետով: