Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 22-ի նիստում ներկայացրեց Կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ընթացքի արդյունքները:
Համայնքներում իրականացվել են շուրջ 26 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր: Գումարի 14 մլրդը հատկացվել է պետական բյուջեից, 11 մլրդը՝ համայնքի սեփական միջոցներից: Համայնքներում շուրջ 700 մլն դրամի ներդում կատարվել է մասնավոր սեկտորից:
Վաչե Տերտերյանը ներկայացրեց մանրամասներ «Տարածքային զարգացման» հիմնադրամի հետ համայնքներում իրականացրած աշխատանքներից: Անդրադառնալով ԱՄՆ ՄԶԳ ծրագրին՝ նա նշեց, որ Հայաստանում ներկայացված գրեթե բոլոր միջազգային կառույցները հետաքրքրությամբ եւ շահագրգիռ աշխատում են ՏԻՄ ոլորտում: Համայնքային էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումը շարունակական փուլում է: 52 խոշոր համայնքներում գործում են քաղաքացիների սպասարկման եւ տեղական նշանակության ծառայություններ մատուցող գրասենյակներ:
Պատասխանելով հանձնաժողովականների հարցերին՝ զեկուցողը ներկայացրեց մանրամասներ ճանապարհաշինության ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ, անդրադարձավ ջրամատակարարման եւ ջրահեռացման, ներդրումային միջավայրի բարենպաստ պայմանների ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: