«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Իրականացված փոփոխություններով բուհի ռեկտորն ընտրվելու է խորհրդում եւ հրամանագրվելու է 5 տարի ժամկետով:
Նախագծով ռեկտորին ներկայացվող պահանջ էր միայն գիտական աստիճանի առկայությունը, լրացուցիչ պահանջների սահմանումը վերապահված էր բուհին: Այստեղ եւս կատարվել է փոփոխություն. գիտական աստիճան ունենալուց բացի` 5 տարվա գիտական եւ ակադեմիական գործունեության պահանջ է դրվել:
Ամբիոնի վարիչի պաշտոնը համարվում էր վարչական: Կատարված փոփոխությամբ այն կհամարվի ակադեմիական:
Զգալի աշխատանքներ են տարվել՝ կապված բուհերի ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրում անցնելու մեխանիզմների հետ: Ինստիտուցիոնալ հավատարմագրում չունեցող բուհերը մինչեւ 2023 թ. նոյեմբերի 1-ը պարտավոր են անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրում: Չանցնելու պարագայում վերջիններս այլեւս չեն կարող կազմակերպել ընդունելության գործընթաց:
2027 թվականից բուհերն ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու գործընթացին զուգահեռ կանցնեն նաեւ ծրագրային հավատարմագրում: Այն բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման ժամկետը կերարաձգվի մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը, որոնց հավատարմագրման ժամկետները լրանում են 2022, 2023 եւ 2024 թվականներին: «Դրանից հետո բոլոր բուհերը, անկախ իրենց իրավակազմակերպական ձեւից, պետք է անցնեն եւ՛ ինստիտուցիոնալ, եւ՛ ծրագրային հավատարմագրում: Մեր առջեւ դրված խնդիրն է՝ ինչ-որ պահից սկսած՝ բոլոր բուհերը աշխատեն նույն կանոններով»,-ասաց նախարարը:
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հստակեցրեց ռեկտորների ընտրության կարգին վերաբերող դրույթը. ռեկտորին այժմ ընտրելու է խորհուրդը: Նախկին կարգավորմամբ 3 թեկնածուներից մեկին նշանակելու էր նախարարը:
Հարակից զեկույցում հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ այն մտահոգությանը, թե ռեկտորների համար տարիքային բարձր շեմ սահմանելը հակասահմանադրական է: Նա հիշեցրեց, որ Սահմանադրությունը տարբեր պաշտոնների համար տարիքային տարբեր շեմեր է սահմանում:
«Ուսանողական խորհուրդ» հասկացությունը փոխարինվել է «Ուսանողական միավորումներ»-ով: Ըստ զեկուցողի՝ ուսանողական խորհուրդները տարիներ շարունակ հիմնականում կուսակցականացվել են, եւ այս փոփոխությամբ ուսանողներին ինքնարտահայտվելու հնարավորություն կտրվի: Նշվեց, որ պատգամավորների առաջարկների մեծ մասը վերաձեւակերպված ներառվել է օրինագծում:
Այն հարցին, թե ուսանողը ինչ դիպլոմ պետք է ստանա, եթե ընդունվելիս իր նախընտրած բուհը հավատարմագրված է եղել, սակայն հետագայում չի անցել ինստիտուցիոնալ հավատարմագրում, նախարարի դիտարկմամբ` ընդունված ուսանողները կավարտեն այն հիմունքներով, որով ընդունվել են եւ իրողություններով պայմանավորված` նոր կարգավորումները չեն ազդի նրանց վրա:
Հանձնաժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց նախարարությանը բարձր որակի համագործակցության համար. «Փոխզիջումներով, իրար լրացնելով՝ հասել ենք այս կետին»: Մխիթար Հայրապետյանը գոհունակությամբ արձանագրեց նաեւ, որ օրինագծի վերաբերյալ եղել են բազմաթիվ քննարկումներ, որոնց արդյունքում այն վերամշակվել է. «Ռոտացիայի վերաբերյալ առաջարկը եղել է ռեկտորների հետ հանդիպման ժամանակ: Բերված փաստարկներն այնքան համոզիչ էին, որ օրենքի դրույթը փոփոխվեց»:
Պատգամավորների ներկայացրած մի քանի տասնյակ առաջարկներ քվեարկությամբ ընդունվեցին, մյուս մասը պատգամավորները հետ վերցրին, մի քանիսն էլ մերժվեցին:
Քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: