ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում մարտի 22-ին քննարկվեց 2020-ի կատարողականի վերաբերյալ Կառավարության զեկույցը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ Covid-19 համավարակն ու պատերազմն ամբողջովին փոխել են կառույցի բնականոն աշխատանքը, եւ որոշ ծրագրեր չեն իրականացվել ամբողջովին կամ մասամբ: Մասնավորապես, չեն իրականացվել Հայաստան-Սփյուռք համաժողովը, որի անցկացումը հետաձգվել է, մասամբ՝ «Քայլ դեպի տուն» ծրագիրը: Վերջինս որոշ չափով իրականացվել է հեռավար:
Իրականացվել է «Ի գործ» ծրագիրը, որի 51 մասնակից արդեն աշխատում է Հայաստանի պետական հիմնարկներում: «Մեր այս հայրենակիցներից 6-ը մտադիր է հետագա կյանքը շարունակել հայրենիքում»,- նշեց Զարեհ Սինանյանը:
Բեյրութում տեղի ունեցած հայտնի աղետից հետո Լիբանանի հայ համայնքին օգնելու նպատակով օգոստոսի սկզբին Հայաստանից եւ Արցախից 3 օդանավով Բեյրութ օգնություն է ուղարկվել:
Հայաստան է ժամանել շուրջ 1500 լիբանանահայ: Նրանք աջակցություն են ստացել բնակարանի, կրթական եւ առողջապահական հարցերով:
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կառույցը գործակցել է Սփյուռքի կազմակերպությունների հետ: Խորհրդարանի հետ որոշակի աշխատանքներ են տարվել Սփյուռքի մասին օրենք ունենալու համար:
Վերանայվել է կառույցի բյուջեն, ինչի արդյունքում այն 40 տոկոսով կրճատվել է:
Այս համատեքստում Զարեհ Սինանյանը նշեց, որ փոքր են իր ղեկավարած կառույցի թե՛ բյուջեն, թե՛ աշխատակազմը, ինչն էլ ազդում է աշխատանքների իրականացման վրա: