ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի «Ներդրումների խթանման հարցերով» աշխատանքային խումբը մարտի 22-ին առցանց ձեւաչափով աշխատանքային քննարկում անցկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եւ գերատեսչության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների հետ: Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Ծովինար Վարդանյանը, Գեւորգ Պապոյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ներդրումային ծրագրերին վերաբերող մի շարք խնդիրների, որոնց լուծման համար անհրաժեշտ է ստեղծել որոշակի բարենպաստ պայմաններ: Կարեւոր համարվեցին Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան տրանսպորտային միջոցների առուվաճառքի կազմակերպումը, լիցենզավորման հետ կապված խնդիրների կանոնակարգումը, նոր ու հարմարավետ ավտոշուկաների կառուցումը:
Քննարկվեցին էլեկտրոմոբիլների վաճառքի խթանմանը, համապատասխան լիցքավորման կայանների բացմանը, ինչպես նաեւ Երեւանի համայնքներում կայանատեղեր կազմակերպելու համար մրցույթի կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Մասնակիցները կարեւորեցին նաեւ յուղի մշակման գործարանի կառուցումը՝ նշելով, որ անհրաժեշտ է հնարավորություններ ստեղծել տեղական արտադրողի համար:
Նշվեց, որ օրենսդրական կարգավորում են պահանջում նաեւ տնտեսավարող սուբյեկտներին պետական հողի հանձնման հետ կապված խնդիրները:
Աշխատանքային խմբի քննարկումները կլինեն շարունակական: