Խորհրդարանը մարտի 24-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ՝ առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը՝ նախատեսելով, որ գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում: Վերահսկողությունը մշտադիտարկման միջոցով իրականացնելու է Պետական եկամուտների կոմիտեն:
Օրինագիծը գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում արժանացել է դրական եզրակացության:
Բաբկեն Թունյանի խոսքով՝ վերջին մեկուկես տարում խաղադրույքների ծավալը Հայաստանում աճել է: Այն կանխելու ամենաարդյունավետ ճանապարհը սահմանափակումներով կանոնակարգելն է: Նա ընդգծեց, որ գովազդի սահմանափակումն անխուսափելի է եւ խիստ անհրաժեշտ: