Ապրիլի 6-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցով հանդես եկան ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Ավագ Ավանեսյանն անդրադարձավ կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետեւանքներին հակազդելու նպատակով իրականացված միջոցառումներին, որոնք ուղղված էին համավարակից տուժած տնտեսության գրեթե բոլոր ոլորտների, ինչպես նաեւ հանրության առավել անապահով հատվածի աջակցությանը:
Փոխնախարարը կարեւորեց հատկապես գյուղատնտեսությանն ուղղված միջոցառումները, որոնց նպատակն էր թույլ չտալ, որ որեւէ պարագայում Հայաստանի պարենային անվտանգությունը եւ գյուղատնտեսությունը վտանգվեն. «Այս ոլորտը շարունակեց աշխատել եւ շատ խնդիրներ չունեցավ»:
Եղել է նաեւ ՓՄՁ-ներին ուղղված միջոցառում: Տրամադրվել են վարկեր՝ կախված շրջանառության չափից: «Մեր նպատակն էր նաեւ աջակցել այն կազմակերպություններին, որոնք, չնայած ռիսկերին, պահպանել են աշխատատեղերը»,- ասաց Ավագ Ավանեսյանը:
Ավանեսյանը նշեց, որ սկսել են ուսումնասիրել իրականացրած միջոցառումները՝ հասկանալու համար դրանց արդյունավետության աստիճանը: