Ապրիլի 7-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկեց ««Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնությունը միտված է չափումների միասնականության ապահովման ոլորտում անվտանգության եւ օրենսդրության պահանջների պահպանմանը, ՀՀ տարածք ներմուծված չափման միջոցների նկատմամբ սահմանված չափագիտական կանոնների եւ նորմերի խախտումների կանխարգելմանն ու չափագիտական վերահսկողության ուժեղացմանը:
Քննարկման արդյունքում նախագիծն ստացավ դրական եզրակացություն:
Առաջին ընթերցմամբ քննարկվեց նաեւ Կառավարության հեղինակած ««Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի` այն ուղղված է ՀՀ պետական սահմանի անցման կետերում մաքսային հսկողության տարբեր ձեւեր ներդնելուն: Օրինագծով հնարավորություն կտրվի քննչական գործողություններ իրականացնելու դեպքում ընդլայնել կինոլոգների եւ ծառայողական շների մասնակցությունը:
Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն: Այն կընդգրկվի ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:
ՊԵԿ նախագահն առաջին ընթերցման ներկայացրեց նաեւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Դրանով կապահովվեն «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի դրույթների կիրարկումն ու հետագծելիության մեխանիզմի կարգավորումները:
Օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ առաջարկվեց ընդգրկել նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում: