ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում քննարկման ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ստացավ դրական եզրակացություն:
Օրենսդրական կարգավորումը պայմանավորված է ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի անարդյունավետ եւ անխնա օգտագործումը կանխելու, պատշաճ պահպանություն ապահովելու, իրավախախտումների նկատմամբ կանխարգելիչ քաղաքականություն վարելու անհրաժեշտությամբ:
Կսահմանվի վարչական պատասխանատվություն տարափային (հեղեղային) ջրահեռացման եւ ցամաքուրդային (դրենաժային) համակարգեր կեղտաջրեր արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային ու ցամաքուրդային ջրեր ընդունելու եւ ոռոգման համակարգերի աղտոտման համար: Փոխնախարարը պարզաբանեց, որ սա Սեւանա լիճ մոտորանավակների մուտքն ու ելքը կանոնակարգող նախագիծ է:
Կարգավորումների սահմանման նպատակը լողափերում հանգստացողների եւ լողացողների անվտանգությունն ապահովելն ու Սեւանա լճում արդյունագործական որսի ընթացքում թույլատրված ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ մակարդակով հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելն է: