ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Լեւոն Բունիաթյանի թեկնածությունը: Հարցը քննարկվեց ապրիլի 13-ի նիստում: ՀԾԿՀ անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վահագն Հովակիմյանը նշեց, որ ընտրությունն անցկացվելու է այսօր 13:20-ից 14:20-ն ընկած ժամանակահատվածում:
Արտակ Մանուկյան. Ի հակադրություն հնչող տեսակետների՝ ՀԾԿՀ-ն գործող հարթակ է, որտեղ սպառողի եւ խոշոր կազմակերպություների հնարավոր շահերը պետք է քննարկվեն: Բացի այդ, այն պետք է ունենա մասնագիտական դիտարկումներ, հետեւաբար միտված չէ որեւէ կողմի շահին? ՀԾԿՀ-ի շահերի կենտրոնում կանգնած է ռազմավարական եւ հետագա շահագործման բալանսավորված շահը: Սա ակնհայտ է, դա այդպես է ողջ աշխարհում:
Թագուհի Թովմասյան. Ռիսկը, թե թեկնածուն ում շահն է սպասարկելու ընտրվելու դեպքում, առաջացավ կենսագրությունը կարդալիս, որովհետեւ աշխատել է էլեկտրական ցանցերում, այսինքն՝ եղել է հակառակ բեւեռում: Դժվար է պատկերացնել՝ ինչպես է գոնե մարդկային առումով հակադրվելու նախկին գործատուներին:
Սերգեյ Բագրատյան. Մենք ստեղծարար աշխատողի կարիք ունենք, ոչ թե կատարողի: Մեր հարցերը նպատակաուղղված են այն բանին, որ թեկնածուն պատրաստվի ռազմավարական պլաններ մշակելուն: Եւ իմ հարցադրումները հենց դրա համար են: Սա դժվար աշխատանք է, եւ եթե Դուք պատրաստ եք այդ առաքելությանը, ես մաղթում եմ, որ ընտրվեք եւ ծառայեք Հայաստանի Հանրապետությանը:
Գեւորգ Պապոյան. Մենք նվազագույնը երկու պահանջ պետք է ներկայացնենք ՀԾԿՀ անդամին: Առաջինը պրոֆեսիոնալիզմն է, երկրորդը՝ պետության, հասարակության եւ ժողովրդի շահերը պաշտպանելու կարողությունը: Սրանցից մեկը առնվազն պետք է լինի: Բայց լավագույն տարբերակը կլինի, որ ունենա երկուսն էլ:
Արման Բաբաջանյան. Մենք առաջարկում ենք, որ այստեղ հիմնարար խնդիրներից խոսենք: Ունենք մի իրավիճակ, որ պետք է հասկանանք՝ Հայաստանի՞ շահն է պաշտպանում այդ հանձնաժողովը, թե օլիգարխիայի, որը հեղափոխությունից հետո էլ շարունակում է տիրապետել շատ կոնկրետ ենթակառուցվածքների եւ տնտեսական շահի, նաեւ եկամուտներ ապահովելուց բացի քաղաքական խնդիրներ է լուծում:
Սոֆիա Հովսեփյան. Ուզում եմ իմանալ՝ այսքան հարցերից հետո, որ հնչեցին, հասկացա՞ք՝ որքան անպատրաստ եք եկել որպես թեկնածու այս կարեւոր պաշտոնին նշանակվելու համար: Դա բավականին լուրջ պաշտոն է, եւ բոլորս դա գիտենք: Չորս-հինգ ամիսն արդյո՞ք չի բավարարել, որ Դուք տիրապետեք՝ ուր եք գնում: Վերանայեք Ձեր թեկնածության հարցը եւ Ձեզ հարվածների տակ մի դրեք:
Միքայել Մելքումյան. Այս Կառավարությանը չի հաջողվել մեղմացնել այն ռիսկերը, որոնք գոնե կարող էին: Էներգետիկան տնտեսության ողնաշարն է: Հայաստանը պետք է պատկերացնենք էներգետիկ առումով մրցունակ երկիր, որովհետեւ դա այն ոլորտն է, որը կարող է արդյունավետ աշխատել նույնիսկ շրջափակման պարագայում:
Թեկնածու Լեւոն Բունիաթյանի եզրափակիչ ելույթը. Ես երբեւէ աշխատանքի չեմ ընդունվել ծանոթի միջոցով: Որտեղ աշխատել եմ, դա արել եմ մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ: Ես միշտ պատրաստ եմ սովորել: Չեմ աշխատել ՀԾԿՀ-ում եւ ձեր պահանջած ինֆորմացիային չէի կարող տիրապետել: