««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ ապրիլի 13-ի նիստում:
Ըստ նախագծի՝ ծրագրի հետ կապված եկամուտները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվելու: Ծախսերն էլ շահութահարկով հարկման նպատակով ծախս չեն համարվելու: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ դա ավելի կանխատեսելի եւ խնդիրներից զերծ հարկային միջավայր կապահովի ծրագիրն իրականացնող կազմակերպությունների համար:
Հաջորդ կարգավորմամբ հարկային պարտավորությունները կհաշվարկվեն հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգավորումների տրամաբանությամբ, եթե ծրագրի շրջանակում ստեղծված ակտիվները ծրագրից դուրս իրականացվող գործարքի շրջանակում կվաճառվեն: Այս դեպքում արտոնությունները կիրառելի չեն լինի:
Կարեն Համբարձումյանը ներկայացրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Միքայել Մելքումյանն անդրադարձավ արտոնությունների տրամադրմանը, համայնքների խոշորացման համատեքստում հաստատության համար հատուկ միջավայրի ձեւավորմանը: «Ի՞նչ եք կարծում, Դիլիջանում այսքան տարի հետո այդ միջավայրը ձեւավորվե՞լ է»,-հարց հնչեցրեց պատգամավորը:
Մխիթար Հայրապետյանը հորդորեց գործընկերներին կողմ քվեարկել նախագծին՝ հետագայում ամբողջական լուծումներ գտնելու ակնկալիքով: