Ապրիլի 13-ի հերթական նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում գյուղատնտեսական կոոպերատիվները կազատվեն շահութահարկից: Գյուղատնտեսական կոոպերատիվները եւ սպառողական կոոպերատիվները նույնպես կհամարվեն գյուղատնտեսական արտադրանք արտադրող եւ մինչեւ 2024-ի դեկտեմբերի 31-ը ազատված կլինեն շահութահարկից՝ իրենց անդամների կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով:
Գործող Հարկային օրենսգրքով սահմանված է, որ հարկման նպատակով գյուղատնտեսական արտադրանք արտադրող են համարվում եւ շահութահարկից ազատվում են միայն գյուղատնտեսական արտադրանքի անմիջական արտադրողները: Այսպիսի կարգավորման պայմաններում իրենց անդամների կողմից արտադրված գյուղատնտեսական ապրանքն իրացնելու դեպքում գյուղատնտեսական կամ սպառողական կոոպերատիվները չեն համարվում գյուղատնտեսական ապրանք արտադրողներ եւ չեն օգտվում շահութահարկից ազատման արտոնությունից:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էականորեն բարելավել գյուղատնտեսական եւ սպառողական կոոպերատիվների գործունեության հարկային միջավայրը՝ նախադրյալներ ապահովելով վերջիններիս ստեղծման եւ զարգացման համար: